Ես` որպես ՀՀ քաղաքացի, հայտարարություն եմ տալիս ժամանակին հորդ կատարած հանցագործության մասին
08.10.2019 | 00:15
ՀՀՇ-ն, ի դեմս իր հայտնի խմբակի, Հայաստանը ղեկավարեց 1990 թվականի օգոստոսից մինչև 1998 թվականի փետրվարյան հայտնի դեպքերը, երբ Հայաստանում Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եռյակը խայտառակ ձևով իշխանազրկեց ՀՀՇ-ի զոռբաներին, մեզ ազատեց հանցավոր այդ խմբակի ութ տարվա ողբալի կառավարումից, որը երկիրը հասցրել էր կատաստրոֆիկ վիճակի: Հանուն ճշմարտության պետք է նշել նաև, որ ժողովուրդը այդ նույն ժամանակ պատվով էր դուրս եկել Հայաստան(Ղարաբաղ)-Ադրբեջան պատերազմից: Չառանձնացնեմ անուններ, որովհետև հիմնական հերոսը հայ ժողովուրդն էր: Բայց հանուն ճշմարտության պիտի փաստել. «Զինվորն առանց խելոք հրամանատարի ոչխարի հոտ է»,- եթե չեմ սխալվում, Նապոլեոնն է ասել. «Ավելի լավ է ոչխարի հոտը առյուծի գլխավորությամբ, քան առյուծի հոտը՝ ոչխարի»: Փա՜ռք Աստծո, այդ պատերազմում ո՛չ մեր բանակն է ոչխարի հոտ եղել, ո՛չ էլ այդ բանակը ղեկավարել են ոչխարները:
Այսօր չկա ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, բայց կա նրա անունը:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ: Այսօր նա մեղադրյալի աթոռին է: Ես այստեղ ինչ-որ ողբերգություն չեմ տեսնում: Աշխարհում հարյուրավոր օրինակներ կարելի է բերել, որ երկրի առաջին դեմքը հերոսից վերածվել է հակահերոսի: Չեմ փորձի վերլուծել այդ կերպարանափոխությունը, բայց կարող եմ ասել, որ Քոչարյանին մեղսագրվող արարքը հնարավոր չէ: Բոլոր դեպքերում, նա հաղթանակած երկրի նախագահն է եղել և միանգամայն ճիշտ է նրա վերջին հայտարարությունը՝ եթե փախչող մարդ լինեի, ադրբեջանցիներն այսօր Ստեփանակերտում թեյ կխմեին: Վիրավորական է, որ կռված մարդուն նշավակում են ամենաայլանդակ բառերով, որից ամենավիրավորականը՝ թուրքի լամուկ, թուրք և այլն: Եվ այդ հերոսական մարդը Հայաստանում աստիճանաբար վերածվեց հակահերոսի:
Հանուն ճշմարտության պիտի ասել նաև, որ Լևոնից սկսած այլանդակ սեփականաշնորհումը էլ ավելի այլանդակ դրսևորում է ստացել Քոչարյանի օրոք: Կառավարությունը որոշել է, նախագահը հաստատել է: Չբացեմ փակագծերը, որովհետև իմ ասելիքը բոլորովին ուրիշ է:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ: Նրա մասին խոսելն ավելորդ է: Ասածիս վառ ապացույցն են հենց նրա իսկ բառերը. «Նիկոլը ճիշտ է, ես՝ սխալ»: Այսինքն՝ այդ նախադասությամբ նա ոչ միայն իր վրա խաչ քաշեց, այլև մի ամբողջ երկրի... Սակայն այս իրողությունը ներկա հրապարակման թեման չէ:
Ինձ հուզող թեման է` ո՞վ թքեց Սահմանադրության վրա և դատարանի որոշում տվեց Քոչարյանին, որ նա տասը տարի եղել է ՀՀ քաղաքացի, և մեր երկրում ճանապարհ բացեց երկրորդ հերթի այլանդակությունների (առաջին այլանդակությունների հիմքը դրել է Լևոնը) շարանի համար, որը շարունակվում է մինչ օրս:
Դատարանի այդ այլանդակ վճռի հիմնադիրը դատավոր ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ է, ՀՔԾ ներկայիս պետ Սասուն Խաչատրյանի հարազատ պապան:
Այսինքն, Մհեր Խաչատրյանը այն եզակի մարդկանցից է, որ, ներողություն արտահայտությանս` թքել է ՀՀ Սահմանադրության վրա:
ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, քեզ հիշեցնում եմ այդ մասին, մնացածը դու գիտես: Բայց որպեսզի քեզ համար ամեն ինչ ավելի հստակ լինի, պատմեմ հորդ պատմությունն այս առիթով:
Նախ ասեմ` նրա ուսանողն եմ եղել: Իմ դիպլոմի ղեկավարը ևս նա է եղել: Նրա հետ ունեցել եմ ազնիվ, մարդկային հարաբերություններ, անգամ այն բանից հետո, երբ նա պատվեր կատարեց և Արդարադատության խորհրդի նիստին 1996 թվականին դեմ քվեարկեց ինձ, և ես` որպես ոչ պիտանի, դուրս մնացի դատախազության աշխատողների պիտանիության ցուցակից: 2,5 տարի հետո վերականգնվեցի: Դա չէ կարևորը: Ես հորդ հարցրի.
-Ընկեր Խաչատրյան, այդ ո՞նց հաջողացրիր Քոչարյանին դարձրիր ՀՀ քաղաքացի:
Նա ժպտալով, անգամ հպարտորեն ասաց.
- Իմ ձեռը չի՞, ոնց նպատակահարմար էր, այնպես էլ արեցի:
Հասկացա, որ Էդվարդ Եգորյանից, Գագիկ Ջհանգիրյանից, Մհեր Խաչատրյանից սկսած բոլորն էլ իրավաբանությանը նայել են ոչ թե որպես արդարադատության, մարդու իրավունքների, նրանց քաղաքացիական, հասարակական, քաղաքական, տնտեսական շահերի ոլորտը կարգավորող կարևոր գիտության, այլ որպես նպատակահարմարությունից բխող գիտություն: Այսօր էլ շարունակվում է նույնը: Վառ օրինակ. Վահե Գրիգորյանը ՍԴ-ի անդամ է, բայց իրեն հռչակում է դատարանի նախագահ, և իշխանությունները լռում են, որովհետև այդպես նպատակահարմար է: Մինչև ու՞ր երթալ, հա՛յ հասարակություն:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ. Մհեր Խաչատրյանը ապօրինի ծառայություն մատուծեց Ռոբերտ Քոչարյանին: Փաստորեն դատավոր Խաչատրյանը իր ապօրինությամբ կանխորոշեց Ռոբերտ Քոչարյանի հետագա բացասական քայլերը: Ասեմ, որ առանց համապատասխան «դոբրոյի» Մհեր Խաչատրյանը նման քայլի չէր գնա: Գնաց և երևի ակնկալում էր, որ այդ ծառայությունը պիտի գնահատվի Քոչարյանի կողմից, և ինքը պիտի դառնա ՀՀ-ի իրավական հիերարխիայի գլխին նստած իրավական անձը: Բայց չդարձավ: Ինչու՞: Եթե սխալ կլինեմ իմ դատողություններում, ապա հայցում եմ բոլորի ներողամտությունը: Ասեմ` որպես իրավաբան Մհեր Խաչատարյանը գրագետ էր: Քոչարյանը նրան հանձնարարեց արդարացնել մի օլիգարխի, որի կենսագրության մեջ կար մի սև էջ «Ծանր հանցագործության մեղադրանքով»: Քանի որ Խաչատրյանը և նրա նմանները գործել են «պրոբլեմ չկա, շեֆ» , սկզբունքով` անցավ գործի: Եվ այդ օլիգարխը արդարացվեց:
Հ. Գ. 2. Արդարացման կապակցությամբ, ժամանակին այդ գործը քննած ՀԿԳ քննիչ Վարդան Մարտիրոսյանը, որն արդեն աշխատում էր ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում (հետագայում այդ վարչությունը վերանվանվեց նախաքննության, հետաքննության նկատմամբ վերահսկողական վարչության) զանգահարեց Մհեր Խաչատրյանին և բառացիորեն ասաց հետևյալը.
- Ա՛յ… էն չորսին (բռնաբարությունը կատարել էին հինգ հոգով-Ս.Հ.) ինչու՞ չարդարացրիր: Ի՞նչ է, այդ օլիգարխը ընդամենը. .. է՞ր բռնել:
Մհեր Խաչատրյանը հեռախոսն անջատեց:
Հ. Գ. 3. Ես չգիտեմ այդ օլիգարխը նյութական վերաբերմունք ցույց տվե՞ց Խաչատրյանին, թե՞ ոչ: Թեպետ չար լեզուներն ասում են, որ օլիգարխը պարտքի տակ մնացող մարդ չէ, և չեմ էլ կարող ասել` Քոչարյանն այդ մասին իմացա՞վ ինչ-որ բան, թե՞ ոչ:
Իսկ ես հաճախ եմ մտածել` ինչու՞ Խաչատրյանը չբարձրացավ իրավական հիերարխիայի սանդուղքներով:
Հ. Գ. 4. Սասուն Խաչատրյան, ես` որպես ՀՀ քաղաքացի, հայտարարություն եմ տալիս ժամանակին հորդ կատարած հանցագործության մասին: Արձագանքի՛ր:
Հ. Գ. 5. Այսօր երկիրը լցված է քրեական գործերով: Չեմ կարող ասել, վարչապետի ընտրած ճանապարհը ճի՞շտ է, թե՞ սխալ: Հանրության մեջ այնքան մեծ է ատելությունը նախկինների նկատմամբ, որ մարդիկ հիպնոսի տակ ոչինչ չեն ուզում նկատել: Իսկ Նիկոլը դեռ մի հիսուն տարի էլ կարող է նվագել (իհարկե Աստված չանի-խմբ.) այդ լարի վրա: Իսկ ժողովուրդը վրեժխնդրությամբ լցված (վրեժը նման պարագաներում վատ խորհրդատու է և չար առաջնորդ-խմբ.) կգոռա.
- Կեցցե՜ Նիկոլը:
Ես էլ եմ ասում.
- Կեցցե՜ս, Նիկոլ, որ հաջող ես տիրապետում կառավարման գործիքի միայն ՄԵԿ ԼԱՐԻՆ:
Հ. Գ. 6. Եթե չեմ սխալվում, Մաքսիմ Գորկին է ասել` եթե խստագույնս դատելու լինենք այն ամենը, ինչ արժանի է դատի, ապա աշխարհում ապրելու իրավունք ոչ ոք չի ունենա:
Իսկ Գորկուց հարյուրավոր տարիներ առաջ մեր հանճարն է ասել` հոգիս էությամբ մեղք է մակարդված:
Հ. Գ. 7. Նիկոլ, շնորհակալություն նախկիններին տապալեու, երկրին նոր լիցք հաղորդելու համար: Բայց թույլ տուր հարցնել` երբևէ կընդունե՞ս, որ Նարեկացու խոսքերը նաև քեզ են վերաբերվում, թե՞…
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ