(սկիզբը` նախորդ համարներում)
Որքան էլ հիմնավոր ու առաջադիմական լինեն ազգային տնտեսության զարգացման հեռանկարային ծրագրերը, և որքան էլ կատարելագործվեն տնտեսական զարգացման արդիական մոդելները, այնուհանդերձ, որոշիչ նշանակություն են ձեռք բերում կառավարման մեխանիզմների կենսունակությունն ու երկրի ղեկավարության կողմից տարբեր իրավիճակներում ցուցաբերվող նախաձեռնողականությունն ու ճկուն, արդյունավետ քաղաքականություն իրականացնելու կարողությունը: Հենց այս տեսանկյունից առանձնանում է Ղազախստանի տնտեսությունից քաղած մեկ այլ դաս.
ԴԱՍ ՏԱՍՆԵՐՈՐԴ. Ղեկավարության նախաձեռնողականություն:
Հաճախ, խոսելով ժամանակակից Ղազախստանի մասին, օգտագործվում է «նախաձեռնություն» հասկացությունը. սկսած նոր մայրաքաղաքի` Աստանայի կառուցումից, որը դարձավ ժողովրդի և պետության ապագայի հավատի խորհրդանիշը, խիզախ և ոչ ստանդարտ որոշումներից, ստեղծագործական մոտեցումներից, ավարտած նոր միջազգային նախագծերի առաջքաշումով և մեծ ջանքերով 21-րդ դարի նոր մտածելակերպի օգնությամբ համատեղ ուժերով ճգնաժամը հաղթահարելու համար:
Երկրում նախաձեռնվել են մի շարք ստրատեգիական նախագծեր.
l «Ղազախստան-2030» հանրապետության տնտեսական առաջընթացի համար` առաջարկված 1997-ին։
l Ղազախստանի մուտքը 50 առավել մրցունակ երկրների շարք` առաջարկված 2006-ին երկրի նախագահի կողմից։
l Ինդուստրիալ նորարարական ծրագիր։
l 152 ձեռնարկությունների շահագործում, որը կապահովի ղազախստանցիներին 24-ժամյա մշտական աշխատանքով:
Երկրում ստեղծված են շուրջ 800 տարբեր արտադրություններ: Նման նախաձեռնությունը թույլ է տալիս սկսել քիմիական և թեթև արդյունաբերության զարգացման և վերականգնման ակտիվ ընթացքը, կատարել թռիչք գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման գործում: Մինչև 2014-ը պլանավորվում է իրացնել 294 նորարարական նախագծեր 8,1 տրլն տենգե գումարի: Շինարարության ընթացքում կստեղծվեն 161 հազար մշտական և 207 հազար ժամանակավոր աշխատատեղեր:
Խոսելով միջազգային ասպարեզի մասին, չի կարելի մոռանալ երկրի ղեկավար Նազարբաևի կյանքի կոչած նախաձեռնությունը` շրջանային միությունների ստեղծման մասին: Ժամանակը հաստատեց Եվրասիական միության ստեղծման գաղափարի արդիականությունը, որի մասին Նազարբաևը խոսում էր դեռևս 1994-ին: Այս նախագծով նա առաջարկում էր ստեղծել անկախ հավասարազոր պետությունների միավորմամբ Եվրասիական միություն` յուրաքանչյուր մասնակից երկրի ազգային պետական շահերը համատեղ սպասարկելու նպատակով: Տարիներ պահանջվեցին, որպեսզի համագործակցող երկրների քաղաքական վերնախավը հավատար այս գաղափարի կենսունակությանը: Եվրասիական տնտեսական միությունը հաստատվեց միայն 2000-ի հոկտեմբերին Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի կողմից: Ստեղծված է նաև Մաքսային միություն Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև, որը հնարավորություն է տալիս ապրանքների տեղափոխումը բելառուսա-լեհական սահմաններից մինչև ղազախա-չինական սահմանները:
Ֆինանսական ոլորտում միավորվելու Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությունը, ինչը նշանակում է ստեղծել նոր արժութաֆինանսական միավորում և նոր միջպետական վերազգային հաստատուն արժույթ ԵվրԱսՏՀ շրջանակներում, արձագանք գտավ ինչպես ԱՊՀ-ի, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Նոր հաստատուն հաշվարկավճարային միավոր ստեղծելու Նազարբաևի գաղափարը նրա ինտեգրացիոն նախաձեռնության շարունակությունն է: Երկրի առաջնորդի ձևակերպած գաղափարները «Российская газета»-ում տպագրված «Ճգնաժամի բանալիները» հոդվածում հանգեցնում են նրան, որ ներկայիս միջազգային արժութային համակարգի գործունեությունը չի համապատասխանում մարդկության զարգացման նպատակներին, այն ակնհայտ հնացել է և համարժեք չէ ժամանակի կանչին: Նախագահ Նազարբաևը կոչ արեց տարբեր երկրների քաղաքագետներին ստեղծելու արժութաֆինանսական ինտեգրացիոն միավորում: Նրա ներսում կարող է կիրառվել սեփական միասնական միջպետական վերազգային անկանխիկ հաստատուն հաշվարկավճարային միավոր, որի փոխարժեքը չի կարող կախված լինել համաշխարհային արժույթի տատանումներից: Նոր հաշվարկավճարային միավորը պետք է ապահովի հաստատուն և ռիթմիկ անկանխիկ գործառնություններ պետական սուբյեկտների, ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև ինչպես ներքին, այնպես էլ ԵվրԱսՏՀ երկրների շրջանակներում: Նոր արժութային համակարգը, չջարդելով արդեն գործող համակարգը, թույլ կտա հաստատուն, երկարատև և ենթակառուցվածքային ներդրումներ կատարել Համագործակցության երկրներում:
Հատկանշական է, որ Ղազախստանի ներկայացրած արժութավճարային ինտեգրացիայի միավորման և հարակից այլ առաջարկներ աշխույժ քննարկման առարկա են դարձել տարբեր երկրների և միջազգային ֆինանսական ու տնտեսական կազմակերպությունների կողմից: Դրանք արժանացել են մի շարք առաջատար երկրների ղեկավարների հավանությանը: Ավելին, քիչ չեն նաև միջազգային հեղինակավոր փորձագետների և գիտնականների դրական արձագանքները: Մասնավորապես, տնտեսագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռ. Մենդելը Նազարբաևի գաղափարը համարում է «բազմախոստումնալից»: Նա նշել է, որ նույնատիպ տնտեսական համակարգ ունեցող երկրները կարող են ստանալ մեծ առավելություններ` ունենալով միասնական արժույթ:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր