Ապրիլյան պատերազմի ութերորդ տարելիցն է այսօր... իսկ դիրքերում կրկին բացվել են կակաչները:
«Միշտ էլ պարտվել են այն ազգերը, որոնք ունեցել են մեկ հենարան` քանակը: Կռվադաշտը միշտ էլ պատկանել է որակին: Նրան են պատկանում վաղվա հաղթանակները»:
Գարեգին ՆԺԴԵՀ
Մեծ զորավարի և փիլիսոփայի խոսքերի այս ճշմարտությունը հայ զինվորն ապացուցել է պատմական բոլոր ժամանակներում, երբ թշնամին մեզ նորից պատերազմ է պարտադրել: Նրանք կռվել են, և հայ զինվորի տեսակը երբեք չի պարտվել:
Եվ մի անանցյալ պետություն, որ աշխարհի քաղաքական քարտեզին ընդամենը տանամյակներ առաջ է հայտնվել, տարբեր միջազգային հեղինակավոր հարթակները ծառայեցնում է պատմության խեղաթյուրմանը, պետական մակարդակով զբաղված է իր իսկ սերնդին հայատյացության քարոզչությամբ դաստիարակելով, աշխարհի ու միջազգային հանրություն կոչվածի «արդարությունը» 9 միլիարդ եվրոյի դիմաց գնելով, մարդանման հրեշից «խիզախի» կերպար կերտելով (միայն նրա համար, որ Հայ է սպանել), 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական էսկալացիա սանձազերծեց մեր երկրի սահմանի երկայնքով:
Նրանց զինակիցներն ահաբեկչական խմբավորումներն էին, ինչպես դրանից տարիներ առաջ՝ Արցախյան պատերազմի ժամանակ:
Իսկ մեր զենքը ոգին էր:
…Թշնամու արկերի պայթյունների և հրանոթների ձայնը մի ակնթարթում ոտքի հանեց համայն հայությանը՝ թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում: Աշխարհի բոլոր կողմերից նրանք կամավորագրվում էին Հայաստանի և Արցախի պաշտպանությանը:
ՈՒթ տարի է անցել Ապրիլյան պատերազմից: Մեր անմահ հերոսներից յուրաքանչյուրը թողել է մի սխրանքի պատմություն:
Նրանցից մնացին նոր դյուցազնավեպ ու բազում անիրական երազանքներ:
Մեր քաջերի թափած արյամբ նորից սրբացավ մեր հողը:
Ապրիլյան պատերազմի օրերին Հայոց զինուժը թշնամու ու նրա դաշնակից երկրների` մեզ նույնքան թշնամի ուժերի աշխարհաքաղաքական ծրագիրը տապալեց ամբողջ տարածաշրջանում, և մենք կարողացանք պահպանել մեր հայրերի սերնդի կերտած հաղթանակը` ազատագրված Արցախն ու երկու հայկական պետականությունները։
ՈՒթ տարի առաջ հենց այս օրը իր անմահության ուղին բռնեց Հայաստանի զինված ուժերի զինծառայող, կրտսեր սերժանտ, Արցախի հերոս (հետմահու) Ռոբերտ Աբաջյանը, ում բոլորիս հայտնի խոսքերը դարձել էին անպարտելիության ու պատվախնդրության բանաձև։ Սրանք են եղել մարտական գործողության ժամանակ իր հրամանատարի հետ հերոսի զրույցի վերջին խոսքերը.
- Էս դիրքում, իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել… էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի…
Միայնակ դիրքը պահելով` անմահացավ Մարտակերտի հերոսը։
Նույնը` բոլոր-բոլոր` իրենց վստահված բարձունքներում:
Եվ այդ ու՞մ մտքով պիտի անցներ թշնամուն զիջել հազարավոր քաջերի արյամբ պահած Հողը...
...Ապրիլյան պատերազմի 8-րդ տարելիցն է այսօր։
Մեր երկրի գարունները մնացին ձյան տակ։
Դուք երկնքում մենակ չմնացիք, մեր անմահ հերոսներ։
Ձեր հայրերի սերունդը կռվեց, որ պետություն ունենանք։ Դուք կռվում էիք` ձեր թիկունքին արդեն ամուր պետություն ունենալով։
Իսկ ձեր պաշտպանած հայրենիքը զավթած ապազգային խմբակը նոր պատերազմ բերեց մեր Տուն, որը չի էլ ավարտվել։
Հիմա հայոց երկինքը հազարավոր մեր եղբայրների լուսեղեն պատկերներն ու անուններն են ծածկում:
Արցախը հայաթափված է։
Իսկ Հայաստանի սահմանապահ բնակավայերն էլ դեռ «անկլավ» են անվանում, այդ հողերի բնիկ տիրոջը սպառնում նոր պատերազմով:
Մեր գոյապայքարն ավարտված չէ:
Մեր անմահացած հերոսներ, դուք այլևս Վարդանանց սուրբ ասպետների շարքը համալրած երկնային զորքն եք, և ձեզ սրբադասելու օրը դեռ գալու է։
Բարեխոս եղեք, օգնեք մեզ, որ կազմակերպենք պատմական արդարության վերականգնումը, հոգում հայրենիք չունեցողների դարձի գալը։
Իսկ մեզանից հայրենիքն ու ձեզ խլող օտարահպատակ խմբակի պատասխան տալու ժամը դեռ գալու է։
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուսանկարները հայրիկիս՝ Գագիկ ՊՈՂՈՍՅԱՆԻ արխիվից