Պրոֆեսորի հետ ծանոթացա Դոնի Ռոստովում:
Գործընկերներիս հետ մեկնել էի Նոր Նախիջևան՝ ծանոթանալու հայկական վայրերին և բնակչությանը:
Պրոֆեսորն ավելի վաղ էր եկել: Նա ուսումնասիրում էր տեղացի հայերի բանահյուսությունը: Եվ անշուք հյուրանոցի ավելի անշուք սրճարանում գործընկերներս ծանոթացրին պրոֆեսորի և Չալտիրի հայկական թերթի խմբագրի հետ:
Երկուսն էլ հրաշալի մարդիկ էին: Զրուցեցինք մինչև կեսգիշեր, հետո հրաժեշտ տվեցի նրանց, որովհետև առավոտյան վաղ
պիտի վերադառնայի հայրենիք:
Անցան օրեր, գուցե՝ ամիսներ: Ես ապրում և աշխատում էի
հայրենի Ալավերդիում, սակայն հաճախ էի լինում
մայրաքաղաքում: Եվ մի օր էլ պատահաբար հանդիպեցի
պրոֆեսորին: Նա հրավիրեց իր աշխատավայր, ծանոթացրեց գիտական աշխատանքներին, կոլեկտիվի հետ, հետո
անսպասելիորեն հրավիրեց տուն՝ միասին ճաշելու: Կարծելով, թե պրոֆեսորի կինը և երեխաները քաղքենի կլինեն, իսկ ինքս՝ շրջանում ապրողի բարդույթներով, հրաժարվեցի:
Սակայն պրոֆեսորը համառեց, և մենք ուղևորվեցինք իրենց տուն: Տանը ոչ ոք չկար: Պրոֆեսորը հրավիրեց իր
աշխատասենյակ: Ամենուր գրքեր էին, ձեռագրեր: Նա արդեն պատմել էր հրատարակած գիտական աշխատանքների, ծրագրերի, դժվարությունների, մի խոսքով, ամեն-ամեն ինչի մասին, բայց չէր պատմել իր ծանր կյանքի պատմությունը՝ գաղթական ծնողների, ահեղ պատերազմի, աղքատ երիտասարդության:
Այս կենսասեր, ազնիվ, աշխատասեր, մարդասեր գիտնականը շատ, անչափ շատ դժվարություններ էր հաղթահարել կյանքում. մեկ անգամ չէ, որ կյանքն անախորժ անակնկալներ էր
մատուցել նրան, գցել անչափ ծանր կացության մեջ:
Նա պատմում էր միայն լուսավոր դրվագների մասին: Երևի խնայում էր իր երիտասարդ բարեկամին: Ես լսում էի ուշադիր աշակերտի նման, հիանում նրանով:
Հետո ընդհատեց զրույցը և առաջարկեց նստել մաշված
բազկաթոռին, ինքն էլ գնաց խոհանոց կամ ճաշասենյակ:
Չգիտեմ: Առաջին անգամ էի պրոֆեսորի բնակարանում և
չգիտեի, թե որ դուռն ուր է տանում: Սակայն նա շատ արագ
վերադարձավ, ներողություն խնդրեց, որ ինձ մենակ է թողնելու մի քանի րոպեով: Ես կարծեցի՝ գուցե հաց է հարկավոր կամ
որևէ սննդամթերք, և առաջարկեցի՝ ինքս իջնեմ գնելու:
– Ո՛չ: Ոչինչ հարկավոր չէ. տանն ամեն ինչ կա: Ծանուցագիր են բերել: Պիտի իջնեմ փոստ՝ ծանրոց ստանալու: Դու զբաղվիր ընթերցանությամբ կամ միացրու հեռուստացույցը, ես հիմա կգամ, փոստը մեր շենքի առաջին հարկում է,- ասաց նա և ինձ
թողնելով մենակ՝ իջավ փոստ:
Մտածում էի՝ մի անծանոթ գիրք փնտրեմ, ծանոթանամ, թե՞
գուցե հեռուստացույցը միացնեմ: Որոշեցի՝ ավելի լավ է
հանգիստ նստեմ, մինչև պրոֆեսորը կգա: Անչափ ճնշող է
ուրիշի տանը մենակ մնալը: Բայց մենա՞կ էի արդյոք:
Ոտնաձայներ լսվեցին: Անցել էր ընդամենը մեկ կամ
ամենաշատը՝ երկու րոպե: Բնականաբար, պրոֆեսորն այսքան շուտ չէր կարող վերադառնալ:
Իսկ ո՞վ է…
Եթե տանը լիներ որևէ մեկը, պրոֆեսորը կծանոթացներ մեզ: Գուցե շու՞ն ունեն: Բազմոցը և բազկաթոռներն անչափ քրքրված էին: Երևի հենց այդ շնիկն է քրքրել: Ո՛չ, եթե տանը շուն լիներ, երբ ներս մտանք, կմոտենար կամ… ի՞նչ՝ կամ շունն անպայման կհաչար: Գուցե խորամանկ կատու՞ է:
Ո՛չ, կատվի ոտնաձայն չէ:
ՈՒրեմն՝ գող կա տանը:
Ի՞նչ անել:
Վախից քրտնել էի և սարսափում էի շարժվել:
– Բարև Ձեզ: Հայրիկը Ձեզ մենա՞կ է թողել: Ոչի՛նչ, ես Ձեզ կզբաղեցնեմ մինչև նրա գալը: Իմ անունն Արևիկ է…
Ներկայացողը պրոֆեսորի դուստրն էր՝ տարօրինակ
արտաքինով, ավելի տարօրինակ հագուստով մի աղջիկ, որի տարիքը բացարձակապես հնարավոր չէր որոշել: Սկզբում
տատիկի էր նմանվում, հետո՝ տիկնոջ, բայց երբ ավելի
մոտեցավ, կարծես դեռահաս օրիորդ էր, ուղղակի՝ տարօրինակ ու գուցե հիվանդ: Րոպեներն անցնում էին: Րոպեներն ինձ նման վախեցած չէին և նորմալ անցնում էին: Պրոֆեսորը չկար:
Անհետացել էր նաև նրա տարօրինակ դուստրը: Այս ամենն ինձ սարսափելի երազ էր հիշեցնում, և, ինչպես սարսափելի
երազում, աշխատում էի որքան հնարավոր է շուտ արթնանալ, սրբել ճակատիս քրտինքը, լվացվել սառը ջրով, մոռացության տալ այդ երազը: Քիչ անց օրիորդը վերադարձավ:
Վերադարձավ` ձեռքին սև զգեստ ու ծրար:
– Դուք ֆրանսերեն գիտե՞ք,- հարցրեց ու մեկնեց ծրարը,- Ալեն Դելոնն է ուղարկել, հրավիրել է Փարիզ, ինքն անձամբ է
դիմավորելու Օրլիի օդանավակայանում, սա էլ իմ զգեստն է, ինքս եմ կարել, այս զարդերն էլ հայրիկն է բերել, սրանք ոսկի չեն, բայց չեք տարբերի: Այս զգեստով կմեկնեմ, որ Ալենը
հիանա: Կներեք, ամենակարևորը չհայտնեցի. ես Ալենի
հարսնացուն եմ…
– Օ՜, լավ է, որ Արևիկս քեզ մենակ չի թողել, կներես, փոստում հերթ էր,- սա արդեն պրոֆեսորն էր վերադարձել: Նա մոտեցավ դստերը, համբուրեց և խնդրեց, որ գնա իր սենյակը՝
խոստանալով, որ զրույցը կշարունակենք ճաշից հետո:
Քաղցած էինք և՛ ես, և՛ պրոֆեսորը: Բայց ոչնչից չօգտվեցինք: Իմ ու պրոֆեսորի համատեղ ճաշը չի ստացվում: Դոնի Ռոստովում էլ մեր ընկերներից մեկն այնքան տգեղ էր ուտում, որ անհնար էր նույն սեղանից օգտվել: Խեղճը կարծես ծնված օրից քաղցած էր մնացել, չէր ծամում, կուլ էր տալիս: Բայց Դոնի Ռոստովում այլ էր, հիմա՝ այլ: Մենք նայում էինք միմյանց ու խոսք չէինք գտնում զրուցելու:
– Դե լավ, գոնե սուրճ խմենք…
Թողեցինք ճաշասենյակը: Պրոֆեսորի առանձնասենյակում սուրճ խմեցինք լուռ, կարծես ինչ-որ մեկի հոգեհացից էինք
վերադարձել:
Նայեցի ժամացույցին: Իմ գնացքի մեկնելուն դեռևս երեք ժամ կար, բայց ստեցի, որ ուշանում եմ, հրաժեշտ տվեցի
պրոֆեսորին և ուզում էի հեռանալ, երբ Արևիկը մոտեցավ մեզ.
– Գնու՞մ եք: Չէ՞ որ խոստացել էիք մնալ: Ես դեռ բոլորը
չպատմեցի Ձեզ…
– Մյուս հանդիպմանը կպատմես, մեր հյուրն ուշանում է
գնացքից,- հայրն էր:
– Բարի՛ ճանապարհ Ձեզ: Կսպասեմ: Աշխատեք մինչև մեկնելս գալ Երևան և հանդիպել:
– Անպայման կգամ, Արևի՛կ,- հրաժեշտից առաջ խոստացա ես:
Պրոֆեսորն ինձ հրաժեշտ էր տվել, սակայն որոշեց
ճանապարհել մինչև կանգառ:
Կարծում էի դարձյալ լուռ ենք քայլելու: Սակայն…
– Գիտե՞ս՝ նա ոչ մեկի հանդեպ այդքան հետաքրքրություն չի տածել, տասնյակ բարեկամներ, ծանոթներ, գործընկերներ են այցելել, սակայն ոչ մեկի հետ այսպես չի զրուցել, չի կիսել
մտքերը: Նա հոգեկան հիվանդ է: Իհարկե, այդպես չի ծնվել,
սակայն… Լա՛վ, քեզ բարի ճանապարհ: Երբ Երևանում լինես, խնդրում եմ անպայման այցելես. քո այցելությամբ Արևիկն էլ կուրախանա:
Ցավոք, այլևս բախտ չվիճակվեց հանդիպել Արևիկին:
Հայրենիքում մի գրքույկ հրատարակելու համար ինձ խիստ պատժեցին, հետո էլ շրջկոմի առաջին քարտուղարը խորհուրդ տվեց ընդհանրապես հեռանալ: Կոմունիստական հիմար
կարգեր էին: Խոստովանեմ, որ հրատարակածս գիրքն էլ
հակախորհրդային չէր, պարզապես չկար գրաքննիչի
թույլտվությունը: Ինչևիցե:
Մեկնեցի Վիլնյուս՝ տեղի պետական համալսարանում
ուսումնասիրելու հայ-լիտվական գրական-մշակութային
կապերը: Լիտվացիները սիրով աջակցեցին, բայց խնդրեցին մի քանի երաշխավորագիր ներկայացնել: Իրենց Գրողների
միության քարտուղարի ու Գիտությունների ակադեմիայի լեզվի և գրականության ինստիտուտի տնօրենի երաշխավորագրերը ներկայացրի անմիջապես: Ինձ ճանաչում էին: Հոդվածներ էի տպագրել իրենց մամուլում, զեկուցումով հանդես եկել…
Հարկավոր էր նաև՝ Հայաստանից: Զանգահարեցի պրոֆեսորին: Ընդամենը երկու օր անց նա հայտնեց, որ երաշխավորագրերը ուղարկել է մի լիտվուհու հետ, հարկավոր է նրան դիմավորել
օդանավակայանում և վերցնել ծրարը: Անչափ ուրախացա, հայտնեցի երախտագիտությունս: Ծրարը բացեցի
հյուրանոցում: Երկու երաշխավորագրերի արանքում հարյուր ռուբլիանոց էր: Զարմացա: Չէ՞ որ մենք հին բարեկամներ չենք. մարդուն հանդիպել եմ ընդամենը երկու անգամ: Նոյեմբերին հրամանագրեցին և ապահովեցին հանրակացարանով, որի
բոլոր բնակիչներն աղջիկներ էին՝ բանասիրական ֆակուլտետի ուսանողուհիներ: Նրանց դռներին փակցված էին իրենց
անուն-ազգանունները, ներքևում՝ երկրները: ՈՒսանողուհիներ կային Վրաստանից, Էստոնիայից, Լեհաստանից,
ՈՒզբեկստանից:
Ես էլ մեր ճանաչված նկարիչներից մեկի նկարի
վերատպություն փակցրի, որը խորհրդանշում էր իմ Երկիրը, և հայերեն, ապա լիտվերեն գրեցի անուն-ազգանունս ու Երկիրս: Առանց չափազանցության՝ կարելի է ասել, որ ամենագեղեցիկն ու աչքի ընկնողն իմն էր: Հիշում եմ, երբ վաղամեռիկ Ռաֆայել Իշխանյանը տիկնոջ և տղայի հետ այցելեց, գիտնականն
անմիջապես սենյակ չմտավ, մի քանի րոպե կանգնեց դռան մոտ, որից հետո հայտնեց իր հիացմունքը:
Ամանորի նախօրյակին հեռագիր ստացա Երևանից: Պրոֆեսորը հայտնում էր, որ ինքը և մեր ընդհանուր ընկերը միասին գալիս են Վիլնյուս՝ գործուղման, և խնդրում էր հյուրանոց ապահովել: Հյուրանոց, իհարկե, դժվար էր խոստանալ, բայց
հանրակացարանում ինձ երկու սենյակ էին հատկացրել՝
մտածելով, որ ընտանիքիս էլ եմ տանելու: Որոշեցի մի սենյակը հատկացնել ավագ ընկերներիս՝ իհարկե, նախապես տեղյակ պահելով մեր անչափ խիստ պարետին:
ՈՒշ գիշեր էր, երբ Երևան-Վիլնյուս ինքնաթիռը վայրէջք
կատարեց: Հյուրերիս դիմավորեցի, և միասին մեկնեցինք
հանրակացարան: Բարձրացանք իմ հարկը և քայլերս
ուղղեցինք դեպի մեր ապաստարանը: Պրոֆեսորն ավելի
դանդաղ էր քայլում, հիացած էր հանրակացարանի
մաքրությամբ, կարգ ու կանոնով: Ես ու բանաստեղծ ընկերս
արդեն մոտեցել էինք իմ դռանն ու պատրաստվում էի բացել սենյակի դուռը, երբ.
– Անմիջապես պոկի՛ր սա, արա՛գ,- ասաց բանաստեղծը, և
չսպասելով՝ ինքը պոկեց դռանս փակցրած նկարը,- պրոֆեսորը կվիրավորվի: Լա՛վ, հետո կբացատրեմ:
Բանաստեղծի արարքը և շշուկով ասածն ինձ անչափ
տարօրինակ թվացին, և, ճիշտն ասած, խիստ վիրավորվեցի: Սակայն լուռ տարա վիրավորանքը: Բանաստեղծը դատարկ էր եկել, բայց դատարկ չվերադարձավ: Պարզվեց՝ եկել է Ամանորի գնումների: Իսկ պրոֆեսորն ինձ համար մի պայուսակ նվերներ էր բերել՝ նոր հրատարակված գրքեր, հայկական կոնյակներ,
գինիներ, քաղցրավենիք: Ի միջի այլոց, պրոֆեսորի բերած
բարիքներով էլ դիմավորեցի Ամանորը, որովհետև
կրթաթոշակիցս ընդամենը երկու ռուբլի էր մնացել մոտս, որը սրբությամբ պահում էի տրանսպորտի համար:
Պրոֆեսորն այցելեց համալսարանի լիտվական գրականության ամբիոն, ծանոթացավ գիտական ղեկավարիս հետ, միասին
եղանք Լեզվի և գրականության ինստիտուտում, այցելեցինք հայ գրականության քաջ գիտակ, թարգմանչուհի Ռիտե
Յանաուսկայտեին (ով թարգմանել էր պրոֆեսորի գիրքը) և մեր մեծ բարեկամ Էդուարդաս Մեժելայտիսին:
Բանաստեղծին հետաքրքրում էին իր գնումները: Երբ երեկոյան գնում էինք լիտվական շոկոլադներ գնելու, նա պատմեց, թե
ինչու պոկեց դռանս վրա փակցված նկարը: Նա պատմում էր, անկեղծ ասած, պատմում էր անտարբեր, ուղղակի ինձ
իրազեկում էր, տեղյակ պահում, որպեսզի ես չնեղանամ իր
արարքից և իրենից: Նա պատմում էր, իսկ ես հիշում էի, թե
ինչպես պրոֆեսորի հետ գնացինք իրենց տուն, ինչպես
հանդիպեցի նրա դստերը: Այդ բոլոր տեսարաններն աչքիս
առաջ են: Ես լսում եմ բանաստեղծին: Գուցե՝ չեմ լսում: Չգիտեմ: Իմ առջև Արևիկի դեմքն է:
Պարզվեց՝ Արևիկն իմ հասակակիցն է: Իզուր էի հանդիպման ժամանակ նրան տատիկի նմանեցնում: Դպրոցը երկուսս էլ նույն թվականին պիտի ավարտեինք: Պարզապես նա ուսումը չի շարունակել՝ հիվանդության պատճառով: Նոր էր սկսել
ֆրանսերեն ուսումնասիրել, երբ տարեց բարեկամը, որ նոր էր վերադարձել Փարիզից, հրավիրում է Արևիկին իր
արվեստանոց՝ նկարելու նրա դիմանկարը և պատմելու
Ֆրանսիայի մասին: Բանաստեղծ ընկերս մի պահ դադար տվեց և ապա շարունակեց.
– Արևիկը դպրոցական էր, սակայն ստույգ չեմ կարող ասել նրա տարիքը, ուղղակի չեմ հիշում, բայց փոքրիկ էր, երբ…
Բարեկամը… Այդ օրն Արևիկը կորցնում է ամեն ինչ ու ձեռք է բերում մի հիվանդություն, որն այդպես էլ հնարավոր չեղավ
բուժել: Նա փոքր հասակից հիացած էր Ալեն Դելոնի խաղով և
մտածում էր, որ միայն ճանաչված դերասանը կարող է արդարացնել իր երազանքը: Եվ սկսում է նամակներ ուղարկել նրան: Հայրը, որ տանջվում էր աղջկա ապրումներից, երկար
խորհելուց հետո գտնում է ճարը: Ինչպե՞ս օգնել աղջկան, ի՞նչ անել: Ամեն գիշեր Արևիկը մի նամակ է գրում Ալեն Դելոնին, ծրարում և տալիս հորը, որ գցի փոստարկղը: Հայրը
տրանսպորտում բացում է ծրարը, կարդում, հուզվում, հաճախ չի նկատում, որ անցել է իր կանգառը: Երբ գալիս է
աշխատավայր, առաջին գործը, որ անում է, հրավիրում է իր
երիտասարդ ասպիրանտին և խնդրում, որ նա Ալեն Դելոնի
անունից պատասխան նամակներ գրի Արևիկին:
Եվ այսպես՝ ամեն օր, բացի հանգստյան օրերից:
Արևիկի գզրոցում հավաքվում են հարյուրավոր նամակներ,
սակայն ոչ մեկով հրավեր չի գալիս: Ալեն Դելոնը, ճիշտ է, շատ ջերմ է գրում պատասխանները, սակայն միշտ որևէ
պատճառաբանություն է գտնում՝ խիստ զբաղված եմ, հիվանդ եմ, մրսած եմ, նկարահանվում եմ, գործուղման մեջ եմ: ՈՒ խեղճ Արևիկն սպասում է: Նույնիսկ զգեստն է կարել, հարսանեկան զգեստը՝ շքեղ, ոսկեգույն և արծաթագույն զարդերով… Բայց
չգիտես ինչու՝ սև զգեստ:
* * *
Անցյալ տարի Արևիկին հենց այդ հարսանեկան սև զգեստով՝ զարդարված ոսկեգույն և արծաթագույն զարդերով, թաղեցին ծնողների կողքին:
Տեսնես՝ որևէ մեկը լուր տվե՞ց Ալեն Դելոնին, որ Ֆրանսիայից հեռու՝ բարեկամ Հայաստան երկրում, մեռավ իր
բարեկամուհին, որը քառասուն տարի սպասում էր ֆրանսիացի դերասանի՝ իր ասպետի հրավերին, ու հազարավոր
նամակներից և ոչ մեկով Ալեն Դելոնը չհրավիրեց նրան:
Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ