Ադրբեջանն ու Հայաստանը, 1988 թվականից սկսած, կանգնած էին ռազմավարական բարդագույն որոշման առաջ։ Ադրբեջանն իր որոշումը կայացրել էր, իսկ Հայաստանը կայացրել էր «կես որոշում»:
Այսօր Ադրբեջանը հստակ գիտի, թե ինչպիսի տարածաշրջան է ուզում և ինչ է անելու։
Հայաստանը պարտվել է իր կայացրած որոշման մեջ։
Իսկ այդ որոշումը շատ պարզ էր. «Տարածաշրջանում մեկ կենսունակ պետություն պետք է լինի և մեկ սպասարկող»: Ադրբեջանը որոշել է, որ Հայաստանը, որպես կենսունակ պետություն, չի կարող լինել և գործում է այդ ուղղությամբ։
Հայաստանի որոշումը 1988 թվականից ի վեր ռեակտիվ և կործանարար որոշում էր։
Արցախի ազատագրմամբ չէր կարող հարցը փակվել, Արցախի ազատագրումը միայն առաջին փուլն էր։ Հաջորդ փուլում Հայաստանը պետք է որոշում կայացներ կազմալուծել Ադրբեջանի կենսունակությունը և դրա փոխարեն հովանավորել այլ մանր պետությունների կամ ինքնավարությունների գոյություն։
Դա չարեց Հայաստանը և տրամաբանական էր, որ չի անի, քանի որ համապատասխան էլիտա չուներ, որը ի վիճակի կլիներ ռազմավարական որոշումներ կայացնել և իրագործել։ Եղած էլիտայի համար իշխանությունը ազդեցություն, հարստություն, հեղինակություն կուտակելու հնարավորություն էր, որը վատասերեց քաղաքական մթնոլորտը, արդարության մթնոլորտը, օրենքի գերակայության սկզբունքը:
Փոխարենը Ադրբեջանի էլիտան սերտաճեց թուրքականին և հանձն առավ ռևանշի ու իր կայացրած որոշման իրագործման` Հայաստանն առանց ազդեցության և կենսունակության։ Այսօր Ադրբեջանը հաջողել է, վաղն էլ կհաջողի, եթե Հայաստանում առաջ չգա «ռազմավարական էլիտա», որը կկայացնի որոշում ու կգնա այդ որոշման իրագործմանը` արդարության մթնոլորտը վերականգնելով, ներքին համերաշխության հասնելով, պետական համակարգը վերակառուցելով և լուռ հզորանալով, թշնամու թևերը կտրելով` որտեղ պետք է փողով, որտեղ պետք է զենքով, որտեղ պետք է խոսքով, որտեղ պետք է ժպիտով, որտեղ պետք է կաշառքով, հանուն բարձր նպատակի` հզոր և կենսունակ Հայաստանի և թույլ ու անատամ Ադրբեջանի։
Տոկա՛, որովհետև երանելի են Քո օրերը, որովհետև Քո աչքերը պիտի տեսնեն մոխիրներից երկինք հառնող թռչունի թռիչքը։
Արա Պողոսյան