«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ռեսուրսների և կարողությունների միջնորդավորված պատերազմ

Ռեսուրսների և կարողությունների միջնորդավորված պատերազմ
15.11.2023 | 06:51

Ռուսաստան-Հավաքական Արևմուտք սուր գլոբալ հակամարտությունը, որը վերածվել է արյունահեղ պատերազմի Ուկրաինայում, արդեն բավական ժամանակ է, որ ընդունել է դիրքային պասիվ բնույթ: Կողմերի հաշվարկը հենվում է ռեսուրսների մաշման, մարդկային, նյութական և ռազմա-տեխնիկական կարողությունները սպառման կետին հասցնելու մարտավարության վրա: Կար տարածված մի կանխատեսում, որ Կրեմլը չի դիմանա իրենից բազմակի անգամ ավելի մեծ տնտեսական և ռազմական կարողություններ ունեցող Արևմուտքի մարտահրավերներին և կհեռանա Ուկրաինայից: Կար նաև ռուսական բանակի կայծակնային հաղթարշավի և Կիևում արագ իշխանափոխության մասին վարկածը, որին հավատում էին Կրեմլի ստրատեգները: Ինչպես տեսնում ենք, երկու կանխատեսումներն էլ չիրականացան: Փաստացիորեն ստացվել է ռեսուրսների և կարողությունների միջնորդավորված պատերազմ, որի նմանը չի եղել պատերազմների պատմության մեջ: Այս իրադրությունում որոշիչ է դառնում հակառակորդ կողմի դեմ երկրորդ, գուցե և երրորդ ճակատի բացման և ռեսուրսների բաժանման ու մասնատման գործի հաջողությունը: Ռուսաստանի դեմ երկրորդ՝ առավել հավանական ճակատը կարող էր դառնալ հարավկովկասյան հակամարտությունների արթնացումը և շղթայական տեղափոխումը դեպի ՌԴ հյուսիսկովկասյան հանրապետություններ, որտեղ առավել կենսունակ են հակառուսական անջատողական տրամադրությունները: Հույսեր կան նաև ղազախական նոր իշխանությունների արտաքին քաղաքական դիրքորոշումների փոփոխության հետ: Բայց օսական և աբխազական օջախները դեռ չի ստացվում արթնացնել, իսկ ղարաբաղյանի ծավալումը չստացվեց: Փոխարենը բախտը ժպտաց Պուտինին՝ արաբա-իսրայելական ամենաարյունահեղ պատերազմը տեղափոխել է Վաշինգտոնի ուշադրությունը Ուկրաինայից դեպի Մերձավոր Արևելք: ԱՄՆ-ը ստիպված է օգնություն ցուցաբերել Իսրայելին, այլ կերպ չի կարող լինել, հրեական լոբբին շատ հզոր Է և իր աքցանների մեջ է պահում համաշխարհային ֆինանսները: Լուրջ մարտահրավեր է նաև արաբա-մուսուլմանական համախմբումը, որի հակաիսրայելական բնույթը ստանում է նաև հակաարևմտյան երանգներ, իսկ սա արդեն լուրջ է: Իր խաղերն է տալիս նաև Էրդողանը, որն իր ուսերին է առել պաղեստինյան դրոշը: Ուստի բացառված չէ, որ մոտակա ամսվա ընթացքում Վաշինգտոնի և Բրյուսելի հորդոր-ճնշումով Զելենսկին ստիպված լինի գնալ զինադադարի: Դա չի նշանակի հաշտության կնքում, բայց կարող է ավարտին հասցնել ակտիվ ռազմական գործողությունների փուլը, և հավանաբար կսկսվի տարիներ ձգվող կարգավորման բանակցային գործընթացը, դա կավարտվի պուտինյան ժամանակշրջանից հետո: Կողմերը կարող են օգտվել Մինսկի խմբի երեսնամյա անփառունակ քաղաքական տուրիզմի հարուստ փորձից, որին այնքան շատ էին հավատում միամիտ հայերը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2593

Մեկնաբանություններ