Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Արցախի հանձնումը որպես աշխարհաքաղաքական տրիգեր

   Արցախի հանձնումը որպես աշխարհաքաղաքական տրիգեր
20.09.2023 | 20:26

Մոսկվայում պետք է հասկանան, որ Արցախի հանձնումը Բաքվի ռեժիմին լրջագույն ռիսկեր է ձևավորում հենց ռուսական գեոռազմավարության, ինչպես նաև ներքին կայունության համար:

Հայաստանի առջև այժմ դրված են շատ հստակ պահանջներ, այն է ՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, ինչպես նաև դուրս բերել ռուսական ռազմական բազան: Բազմիցս ասվել է այն մասին, որ ձևավորվող ռազմավարական վակուումը շատ արագ լցվելու է թուրքական ազդեցությամբ: Թվում է, թե խնդիրն այս տեսքով գոյություն է ունենալու միայն Հայաստանի համար: Սակայն՝ միայն առաջին հայացքից:

ՈՒժերի այսպիսի դասավորվածությունը լուրջ հիմքեր է ստեղծելու Անկարայի համար Հյուսիսային Կովկասում հակառուսական քարտը խաղարկելու համար: Դա կարող է ունենալ երկու դրսևորում.

1. Անկարան կփորձի նոր լիցք հաղորդել «Իչկերիայի հանրապետություն» ահաբեկչական-անջատողական նախագծին, ինչի փորձերն արվում էին դեռևս 1990-ականներին: Նախագծի հետևորդներն ու շահառուները դեռևս խաղի մեջ են՝ շարունակելով փոքր ճամբարներով պարտիզանություն անել հյուսիս-կովկասյան անտառներում:

2. Անկարան կաջակցի Բաքվի ռեժիմին Դաղստանի հանդեպ իր տարածքային պահանջները բավարարելու նպատակով: Եթե պայթի Հյուսիսային Կովկասը, ապա պետք չէ բացառել, որ ահաբեկչական խմբավորումներին աջակցելու դիմաց Անկարան կարող է բարձրացնել նաև «պատմական ադրբեջանական հողերի» վերադարձի հարցը:

Այսօր կան բոլոր նախադրյալները Հյուսիսային Կովկասում բացասական զարգացումների համար: Կառուցելով այդ ռեգիոնի անվտանգային համակարգը բացառապես մեկ մարդու՝ Ռամզան Կադիրովի վրա, Մոսկվան այսօր հայտնվել է բավականին բարդ կացության մեջ՝ հաշվի առնելով չեչենական առաջնորդի առողջական խնդիրները, իսկ որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ կոմայի մեջ գտնվելը: Կադիրովի մահը կամ խաղից դուրս գալը քանդելու է հյուսիս-կովկասյան անվտանգության ողջ համակարգը՝ այլընտրանքային առաջնորդի բացակայության պայմաններում: Փաստենք, որ Մոսկվային դեռևս չի հաջողվել սանձել այդ խնդրահարույց ռեգիոնը, ինչի ուղղությամբ աշխատանք է տարվում 1817-ից ի վեր (Կովկասյան պատերազմի սկիզբը):

Տնօրինելով Հայաստանն ու Արդբեջանը՝ Անկարան դառնալու է հյուսիս-կովկասյան քաղաքականության առանցքային դերակատար:

Այսպիսին է Արցախի հանձնումը որպես աշխարհաքաղաքական տրիգեր:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2569

Մեկնաբանություններ