Մեծամասամբ, տեղական ապրանքները ներմուծված ապրանքներից ավելի թանկ են:
Խոսքը գյուղմթերքի, պարենի, խմիչքի, հագուստի մասին է: Սպառողների տեսանկյունից, նման իրավիճակն առնվազն տարակուսելի է:
Օրինակ, ինչո՞վ է պայմանավորված, որ տեղական տոմատի մածուկն ավելի թանկ է ներմուծվածից:
Կամ` արդյոք անհնա՞ր է ձևավորել մրցունակ հագուստի շուկա: Ինչ էլ ասեն, անհասկանալի է, թե ինչու են վրացական հավերը տեղական հավերից էժան:
Վստահ եմ` եթե Հայաստանում բանան աճեր, ապա այն շատ ավելի թանկ կլիներ Էկվադորից ներմուծվող բանանից:
Ժամանակին մտածում էի, որ դա պետության տնտեսական և հարկային սխալ քաղաքականության արդյունք է: Սակայն, տարիների ընթացքում հասկացա, որ խնդիրը հայերի (հայաստանաբնակների) բնավորության մեջ է:
Յուրաքանչյուր հայ (հայաստանաբնակ) ապրանք վաճառելուց, ապրանքի գնագոյացման հաշվարկներ անելու փոխարեն, որպես ապրանքի գին հիմք է վերցնում հարևանի (բարեկամի, ծանոթի) կողմից վաճառվող նույն կամ նույնանման ապրանքի գինը: Օրինակ, անհնար է, որ ի պատասխան ձեր հարցման, գյուղացին նշի 1 կգ լոլիկի հստակ ինքնարժեքը և իր եկամուտը: Նա շատ երկար կպատմի, որ ջուր չկա, սերմ չկա, շուկայում տեղի գումար են վերցնում, սակայն ինքնարժեքի հստակ թիվ երբեք չի ասի, քանզի ինքն էլ չգիտի այդ թիվը: Փոխարենը` գյուղացին գիտի, որ հարևանի հորեղբոր տղու բաջանաղը լոլիկը վաճառել է X գումարով և մտածում է, որ ինքը վերջինից ոչնչով պակաս չէ:
Այսօր մամուլում կարդացի, որ առևտրականները ՀՀ Կառավարությանը բողոքում են Wildberries-ից, ասելով, որ այն «վնասում է Հայաստանի տնտեսությանը»:
Նախ` տնտեսություն պետք է լինի, որ կարողանաս վնասել:
Եվ, հետո` առևտրականները հո պետության կամ չեղած տնտեսության համա՞ր չեն անհանգստանում:
Wildberries-ը վերջինների «հացն է կտրում»:
Այնտեղ ամեն բան շատ էժան և անհամեմատելի է հարևանի հորեղբոր տղու բաջանաղի ապրանքի գնի հետ:
Դե՛, իսկ հայ առևտրականներն անհաշվարկ գերեկամուտների են սովոր:
Իսկ ՀՀ Կառավարությունը ...
Չնայած, ի՞նչ իմաստ ունի ՀՀ Կառավարությունից խոսել: Այստեղ ամեն ինչ վաղուց պարզ է:
Դեռևս 2018-ից:
Ի դեպ, Wildberries-ը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ