Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը «Առաջին ալիք»-ին հարցազրույցում ասել է, որ երկրաժամկետ ծրագրերում սահմանները բացելու հնարավորություն է տեսնում։ Ինչպես գտնել տնտեսության զարգացման բանաձևը հարցին ի պատասխան, էկոնոմիկայի նորանշանակ նախարարն ասել է, թե անգլերեն մեկ լավ արտահայտություն կա, ինչին հաջորդեց Պետրոս Ղազարյանի դիտարկումը` անգլերեն շատ կան լավ արտահայտություններ։ Միտքը շարունակելով նախարարն ասել է. «Աղետը չպետք է նետվի աղբանոց, մենք պետք է այն էներգիան, որ առաջացել է այս աղետի ժամանակ, պետք է վերափոխենք աճի ու օպտիմիզմի էներգիայի։ Ինձ ճանաչողները գիտեն, որ ես աճի մարդ եմ և Դուք կարճ ժամանակ անց կտեսնեք բեկումը»։
Հարցին, թե իրադարձությունները խոսում են, որ ինքն առնվազն վեց ամսվա նախարար է լինելու, այդ ընթացքում ինչպես է բեկում մտցնելու, Վահան Քերոբյանն ասել է, որ ինքը եկել է երկարաժամկետ, իր պլանը հինգ տարվա է և այսօրվանից սկսում է աշխատել։
Վահան Քերոբյանը նախանշել է այն հնարավորությունները, որոնք կստանա տնտեսությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում, որոնք նշված են Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Նախարարն ասել է, որ այսօր առաջին խնդիրը սպառման խթանումն է և տնտեսվարողներին պետք է տալ հնարավորություն լիարժեք գործունեության համար։
«Ցանկացած հայ բիզնեսմեն պետք է իր մտահորիզոնն ընդլայնի ՀՀ սահմաններից դուրս»,– ասել է Քերոբյանը, ինչին հաջորդել է Պետրոս Ղազարյանի դիտարկումը` հնչում է գեղեցիկ։
Հարցին, թե ինչպես դա անել, Վահան Քերոբյանը պատասխանել է, որ բազմաթիվ ռեսուրսներ կան։ Ի պատասխան հարցի, թե խոսում են, որ նախատեսվում է սահմանները բացել, Հայաստանն արդյո՞ք ունի ռազմավարություն, թե ինչ պետք է անել, նախարարն ասել է. «Իհարկե, տնտեսության համար բաց սահմանները շատ լավ են, քանի որ մրցակցության արդյունքում ավելի լավ ապրանքներ են ստեղծվում, այսինքն՝ մեր տնտեսությունը կարող ենք դարձնել աշխարհի մակարդակին հավասար։ Այսինքն, եթե մեզ մոտ էժան և որակյալ ապրանքներ են ներմուծվում, ապա մեր տեղական արտադրողը ստիպված է ավելի լավը դառնալ։ Բայց հունվարի 1-ից արգելվելու է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, այդ որոշումն ընդունվել է պատերազմի ժամանակ, նախորդ նախարարի օրոք, և արդյունքում ազատվելու է 200 մլն դոլարանոց շուկա Հայաստանում։ Ես կոչ եմ անում վերցնել այդ ցուցակը, և այնպես անել, որ հունվարի 1-ից մեր խանութներում թուրքականի փոխարեն հայտնվեն հայկական ապրանքները»։ Երկարաժամկետ ծրագրի մասին Վահան Քերոբյանն ասել է, որ դա սահմանների բացումն է. «Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Գուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»։ Ըստ նրա` պատրաստվում են ստեղծել նման ծրագիր, որը մեզ կպատրաստի քաղել այն բոլոր օգուտները, որոնք կարող են լինել տարածաշրջանի ապաշրջափակումից։