«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն արդեն երկրորդ անգամ անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնելու պահանջով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Երկու դեպքում էլ վարչապետի գրասենյակից արձագանք չկա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ եթե վարչապետն առաջին կոչին չի արձագանքել, ապա չի նշանակում՝ երկրորդ անգամ չէին դիմելու: Հարցեր ունենք, ասում է Սամսոնյանը, ու դրանք պետք է պատասխան ստանան. «Հասկանում ենք՝ աշխատանքը շատ է, ժամանակի սղության հարց կա, բայց մեզ հասնող տեղեկատվությունն ամբողջական չէ: Խորհրդարանն իրավունք ունի ռազմավարական և մարտավարական բաղադրիչ պարունակող ինֆորմացիայի տիրապետելու, ծանոթանալու, թե ինչպիսի աշխատանքներ են այս պահին տարվում դիվանագիտական ճակատում, ինչպիսի իրավիճակ է ռազմաճակատում։ Եթե մեզանից պահանջում են միասնականություն, ինչը մենք բոլոր ձևերով ցուցաբերում ենք, ապա հենց այդ միասնականությունից ելնելով, պետք է ամբողջական տեղեկությանը տիրապետենք, որպեսզի ավելի ռեալ գնահատենք իրավիճակը»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն է շարունակում Սամսոնյանի միտքը: Ռազմական դրության պայմաններում, պատերազմական իրավիճակում, ասում է, երբ յուրաքանչյուր վայրկյանին սահմանին իրավիճակ է փոխվում, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների՝ խորհրդի նիստ հրավիրելու կոչին արձագանք, այդուհանդերձ, պետք է լիներ. «Նախորդ մեր գրությունից անցել է երկու շաբաթ, ու նախկինում ունեցած մեր հարցերն այդպես էլ պատասխան չեն ստացել, դրանց գումարվել են նաև բազմաթիվ այլ հարցեր։ Այսօր առավել քան անհրաժեշտ ենք համարում նմանատիպ ձևաչափով հանդիպում անցկացնելու հրամայականը։ Այս պահին վարչապետից որևէ արձագանք չենք ստացել, այն լինելուն պես, բնականաբար, կներկայացնենք հանրությանը և լրատվամիջոցներին»:
Ինչ վերաբերում է խորհրդարան ներկայացվելիք նախագծին, ըստ որի՝ ռազմական դրության պայմաններում օրենքը խախտող հրապարակումների համար քրեական պատասխանատվություն, ընդհուպ՝ ազատազրկում է նախատեսվում, ապա նախկին լրագրող Տոնոյանն ընդգծում է. «Ինձ համար բացարձակ անընդունելի է խոսքի ազատության սահմանափակման ցանկացած դրսևորում։ Կարծում եմ՝ մեր բոլոր լրատվամիջոցները, քաղաքացիներն ունեն բավականաչափ պետականամետ գիտակցություն։ Մենք օրինագծի հետ կապված հարցը դեռևս չենք քննարկել, կքննարկենք և մեր տեսակետը կհայտնենք»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ