Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական վերլուծությունն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հարձակումների պատճառների և արդյունքների վերաբերյալ:
«Գաղտնիք չէ, որ ոգևորվելով թուրք նախագահ Էրդողանի խոստումներով՝ Ալիևը նետվեց մարտի՝ չհաշվարկելով բոլոր տարբերակները: Նախ նա ցանկանում էր փոքր հաղթանակ տանել՝ երկու թուփ գրավելու սկզբունքով և հայտարարել, որ դա առաջին քայլն էր Ղարաբաղն ազատագրելու գործում: Սակայն 2016-ի օրինակով 2 թուփ գրավելու այդ հնարքը չաշխատեց: 2016-ի ապրիլին այդ հնարքը նրան հաջողվեց, և նա ևս 4 տարի մնաց իշխանության գլխին, սակայն հետո եկավ կորոնավիրուսը, նավթի գինն ընկավ: Բացի այդ, միջկլանային ճգնաժամ սկսվեց Բաքվում: Ինչ-որ կերպ պետք էր պայքարել քաղաքական գոյատևման համար»,- գրում է բլոգերը՝ մեկնաբանելով Արցախի դեմ պատերազմ սկսելու Ալիևի դրդապատճառները: Լապշինը նշում է՝ ադրբեջանցի ղեկավարը, հավանաբար, նախատեսում էր մի քանի օրում «հաղթանակ տոնել», սակայն մի քանի օրը վերածվեց մի քանի շաբաթի, և նրան «չօգնեցին ոչ Էրդողանի ահաբեկիչները Սիրիայից, ոչ իսրայելական անօդաչուները»: Ըստ բլոգերի՝ ադրբեջանական բանակում կորուստներն այնպիսի մակարդակի են հասել, որ զոհերի մասին տեղեկությունը գաղտնի է դարձել:
«Ադրբեջանի վարկածով՝ երեքշաբաթյա մարտերի ընթացքում ոչ մի ադրբեջանցի զինվոր չի մահացել, ոչ մի տանկ չի խոցվել, ինքնաթիռ չի ընկել: Խնդիրն այն է, որ Ալիևը վախենում է բացահայտել կորուստները: 6-10 000 սպանված զինվոր անուն հայտնելն ուղիղ ճանապարհ է պետական հեղաշրջման և Անթալիա փախուստի համար»,- շեշտում է բլոգերը: «Փակուղում հայտնված Ալիևը կավի նման մի բան է հմուտ քանդակագործի ձեռքում: Եթե ինչ-որ մեկը ցանկանում էր ճնշել Ադրբեջանին և խաղաղ համաձայնագիր պարտադրել Հայաստանի հետ՝ առանց Ղարաբաղի լիակատար վերադարձի, այժմ ճիշտ ժամանակն է: Ալիևը պատերազմը գործնականում պարտվել է և իր հեղինակությունն էլ կորցրել: Իսկ եթե խաղաղության համաձայնի, գուցե և Նոբելյան մրցանակի առաջադրեն: Փոխարենը Հայաստանը կստանա խաղաղության համաձայնագիր, ռուս խաղաղապահների և հարաբերական խաղաղություն առաջիկա տասնամյակի համար»,- գտնում է բլոգերը: Որպես այլ ելք Լապշինը նկարագրում է լիակատար հաղթանակը՝ թույլ չտալով Ադրբեջանին ոչ մի միլիմետր գրավել ղարաբաղյան հողից: «Այդ ժամանակ Ալիևը միանշանակ կընկնի: Արդյո՞ք դա պետք է Հայաստանին: Ալիևը կընկնի, կգա մեկ ուրիշը, որը կխոստանա վերադարձնել Ղարաբաղը և մի քանի տարի անց նոր պատերազմ կսկսի: Ո՞րն է ավելի լավ. թույլ տալ Ալիևին ապրել որպես երկրի ղեկավար և առաջ տանել բանակցությունները, թե՞ ամբողջական հաղթանակ տանել և պետական հեղաշրջում հրահրել Բաքվում»,- եզրափակում է Լապշինը: