ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որն այժմ հանրային քննարկման փուլում է: Այդ նախագիծը խիստ քննադատության է արժանացել մասնագետների ու հանրության կողմից։ Մասնավորապես‚ գրականության ուսումնառության հայեցակարգում, ներառված չեն 5-րդ դարի հայ պատմագրությունը, առակագրությունը, Մաշտոցը, Խորենացին, Նարեկացին, Շնորհալին, Քուչակը, Սայաթ-Նովան։ Թեմայի շուրջ մեր զրուցակիցն է գրականագետ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ։
-Պարոն Գասպարյան‚ այն տպավորությունն է‚ թե կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունում որտեղ տեսնում են «հայ» բառը‚ հանում են։ Նույնը և «Հայ գրականություն» առարկայի պարագայում. ցանկանում են այս առարկայից հանել «հայ» բառը։
-Եթե հայ մարդն է «հայ» բառից խրտնում‚ ապա մտածել է տալիս այդ մարդու հայ լինելու վերաբերյալ։ Հայ մարդը պետք է մտածի հայությունը բազմապատկելու մասին‚ ուժեղացնի‚ ընդարձակի և՛ ոգեպես‚ և՛ գաղափարապես։ Եթե դեմ է այդ արժեքներին‚ ուրեմն իր տեղում չէ։ Գուցե նաև դա է պատճառը‚ որ վերջին տարիներին այսքան արտագաղթ եղավ‚ և նրանք‚ որոնք իրենց գուցե և արժանի չէին համարում հայ լինելու‚ փոխեցին իրենց բնակավայրը‚ ինչը նշանակում է‚ որ մեկ սերունդ հետո արդեն նրանց զավակներն ազգային պատկանելությունը կփոխեն։ Սա խայտառակություն է։ Այս ամենը մենք պետք է կանխենք։ Մենք հայ ժողովրդի ոգեղեն սահմանների պահապաններն ենք‚ մենք հպարտանում ենք‚ որ բանակը‚ հրամանատարները‚ զինվորներն ամուր կանգնած են դիրքերում և դիրքեր են նվաճում‚ որպեսզի ամուր պահեն մեր հայրենիքը։ Բայց մենք ներսում մեր գաղափարական դիրքերը զիջում ենք։ Քայլ առ քայլ‚ անուն առ անուն նահանջում ենք հայությունից։ Այո՛‚ մենք հայտնվել ենք բաց հասարակարգ կոչված համակարգում‚ խորհրդայինը փակ համակարգ էր‚ բայց դա չի նշանակում‚ որ պետք է հեռանանք ազգային արժեքներից։ Ազգային արժեքներն ամեն կերպ պետք է պահպանվեն։ Եթե հեռացանք ազգային արժեքներից‚ ուրեմն և՛ սահման պահելն է իզուր‚ և՛ դպրոցում աշակերտին կրթության տալը‚ և՛ այս դասագրքերի շուրջ վեճն է իզուր։ Հիմնական հարցերը եթե ճիշտ դնենք‚ լրացումները ճիշտ կանենք։
-Գրականության ծրագրից ցանկանում են հանել մի շարք հեղինակների՝ Մաշտոց‚ Խորենացի‚ Նարեկացի‚ Սայաթ-Նովա և այլն…
-Ձեր թվարկած հեղինակներն իրենց տեղն ու նշանակությունն ունեն դպրոցում հայ երեխային հայեցի դաստիարակելու գործում։ Ազգային արժեքների վրա է սերունդը դառնում հիշողության կրող։ Եթե այդ հիշողությունը ջնջում ենք‚ սերունդը դառնում է անտարբեր իր անցյալի ու արժեքների հանդեպ։ Հարցն այն չէ‚ որ «հայ» բառն է ջնջվում դպրոցի դասագրքի վրայից‚ ջնջված է հայ գրականությունը‚ դրա համար էլ «հայ» բառը բացակայում է։ Սոդոմ-Գոմոր են դարձրել ամեն ինչ‚ խառնել իրար՝ արտասահմանյան գրականություն‚ որոշ հայ հեղինակներ‚ ժամանակակից գրողներ։ Դպրոցում ամեն ինչ պետք է համակարգված լինի։ 10-12-րդ դասարանների դասագրքերը կոչվում են «Հայ գրականություն»‚ և երեխան ուսումնասիրում է հայ գրականության պատմության զարգացման օրինաչափությունները՝ իր նշանավոր դեմքերի երկերի միջոցով։ Դա կլինի Կորյունի «Վարք Մաշտոցի»-ն‚ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» կամ այլ ստեղծագործություն։ Այն թյուր գիտակցության են‚ թե դա պատմագրություն է։ Ո՛չ‚ որքան դա պատմագրություն է‚ այնքան էլ գրականություն է‚ առասպելաբանություն։ Գրականությունը միայն գեղարվեստական գրականությունը չէ‚ բանահյուսական արժեքներ կան‚ այն‚ ինչ Խորենացին գրի է առել։ Այս ամենը հույժ կարևոր է հային հայ պահելու համար‚ և դրանով է‚ որ հայ գրականությունը տարբերվում է այլ գրականություններից։ Մեր գրականությունն ամենակարևոր մի բան ունի‚ և դա կոչվում է պատմական հիշողություն։ Եթե այդ պատմական հիշողությունը ջնջվի‚ մեզ համար շատ վատ կլինի։
-Սա դեռ նախագիծ է։ Ովքե՞ր են մշակել այդ նախագիծը։
-Այո՛‚ նախագիծ է‚ սակայն նախագիծը հեշտ չի ստեղծվում‚ երկու տարի շարունակ այդ խումբը շատ մեծ հոնորարներ է ստացել։ Սա պետական‚ ազգակերտիչ ծրագիր է‚ որի հետ խաղալ չի կարելի։ Իրավունք չունեն։ Դուք ասում եք‚ որ սա դեռ նախագիծ է‚ սակայն նախագծերը‚ ըստ էության‚ կրում են ապագա որոշման ամբողջ ծանրությունը։ Տեսնելով‚ որ ընդդիմախոսները շատ են‚ ասացին‚ թե դա սևագրություն է։ Լավ‚ չե՞ք ամաչում‚ սևագրությունը հրապարակել եք որպես քննարկման նյու՞թ։ Սևագրությունը պահեք ձեր գզրոցներում։ Այստեղ մեղքը խմբինը չէ։ Խումբը գումարը ստացել է‚ իր գործն արել է իր հասկացածության‚ «փչացածության» չափով։ Այստեղ կարևորը նախարարությունն է‚ իսկ նախարարությունը հակաքայլեր է կատարում կրթության համակարգի դեմ։ Էդ նախարարությունը չէ՞ր‚ որ փակեց կրթության ազգային ինստիտուտը‚ էդ նախարարությունը չէ՞ր‚ որ փակեց 10 անուն ամսագիր՝ հասցեագրված դպրոցին‚ էդ նախարարությունը չէ՞ր‚ որ այն այլասերվածի մասին ֆիլմի համար գումար տրամադրեց‚ էդ նախարարությունը չէ՞ր‚ որ «Հուզանք ու զանգը» բեմադրելու համար գումար հատկացրեց‚ հետո ասաց՝ տեղյակ չէինք։ Հիմա կարող են ասել՝ այս նախագծին էլ տեղյակ չենք։
-Իսկ մասնագետները պատրաստվու՞մ են համախմբված խոսքով‚ առաջարկներով հանդես գալու այս նախագծի դեմ։
-Մասնագետներն առայժմ քննարկում են‚ արտահայտում են իրենք կարծիքը։ Այն‚ ինչ ներկայացվել է‚ խոտելի է։ Պետք է ամբողջովին մերժել‚ նորը ստեղծել։ Հակառակ դեպքում մասնագետները պատրաստ են հանդես գալու բաց նամակով՝ հարյուրավոր ստորագրություններով պաշտպանելով ազգային արժեքներն ընդդեմ այս ոտնձգությունների։
Զրուցեց
Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ