«Դեռ ինչքա՜ն բան է բացահայտվելու, երբ ներկաները դառնան նախկին ու փորձեն վայելել «հեղափոխական ավարը»
09.06.2020 | 00:22
«Ցավով եմ նշում, բայց մեր գործընկերները քննադատություն լսելու և այն ճիշտ ընկալելու ունակություն չունեն: Երբ նրանց մատնացույց ենք անում սխալներն ու ասում, թե որտեղ ինչ խնդիր կա, փոխանակ մտածելու, թե հարցին ինչ լուծում տան, անցյալի անհասկանալի ինչ-ինչ դրվագների են հղում անում ու առաջնորդվում ռուսական հայտնի ասացվածքով. «Я про Ивана, ты про болвана»: «Իրատեսի» հետ զրույցում նման դիտարկում արեց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏՅՈՄ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ: Ըստ նրա՝ «Իմ քայլը» խմբակցության անդամները դիլետանտիզմն ու կառավարչական ունակությունների դեֆիցիտը քողարկելու «խելոք» տարբերակ են գտել՝ միատոն պնդելով, որ իրենց փորձի պակասը միայն կոռուպցիային է վերաբերում, այսպես ասած՝ իրենց հրեշտակ են հռչակում:
-Ամենևին չենք պնդում, որ գործող իշխանության մեջ մաքուր, օրինապաշտ պաշտոնյաներ չկան, պարկեշտ մարդիկ բոլոր իշխանությունների ժամանակ էլ եղել են,- ասաց մեր զրուցակիցը:- Բայց գործող իշխանությունն ընդամենը երկու տարվա ընթացքում հաջողեցրել է բավական հարուստ «կոռուպցիոն» պատմություն կերտել: Եթե անգամ այլ պատմություններ չլինեն, ապա պարգևավճարների «ինստիտուտը» համակարգային կոռուպցիայի ցցուն օրինակ է: Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեի` հարկատուներիս հաշվին հարստացնում է թիմակիցներին միայն նրա համար, որ քայլել են իր հետ։
Եվ քանի որ «ըստ օդում կախված լուրերի» ոճով հայտարարություններ անել Փաշինյանը շատ է սիրում, մենք էլ նույն կերպ կգործենք, թեև մեր ունեցած լուրերը Փաշինյանի շրջապատի մասին բավականին հավաստի են: Այսպես, «օդում կախված լուրերի» համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները բուքմեյքերական կոնկրետ գրասենյակներից ստացել են կլորիկ գումարներ՝ նրանց շահերի լոբբինգով զբաղվելու համար: Իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները շրջում են նոր գնված «Ռենջերներ»-ով ու «Մերսեդես S»-երով, որոնք, երևի «հալալ քրտինքով» են ձեռք բերել: Հեղափոխական «ջոջերը» Երևանի Շինարարների փողոցում տիրացել են Pent-House-ների, որոնք երևի իրենց «քյասիբ» պապերի ժառանգությունն են: «Էլիտար քայլողները» տներ են գնում կամ կառուցում ՊՆ-ի դիմացի ու «Երազ» էլիտար թաղամասերում, հեղափոխական «շուստրիներից» ոմանք արդեն տան բանալիներ ունեն Հյուսիսային պողոտայում: Նիկոլ Փաշինյանի թիկնապահի քրոջ անունով Կանադայում գնվել է երեք միլիոն դոլարանոց տուն, ու երևի պարզ է, թե որն է մեր վարչապետի «սրտի երկիրը»՝ իշխանությունից զրկվելուց հետո: Կոնկրետ պանսիոնատներ, հանքեր դարձել են «հեղափոխական էլիտայի» սեփականությունը: Կոռուպցիոն հստակ մեխանիզմներ են մշակվել գնումների ոլորտում, ու հեղափոխականների կողմից գրպանվող միլիոնավոր դոլարներն անտեսանելի են մնում հասարակությանը: Երևանի քաղաքապետարանում, ՋՕ-երում, ճանապարհաշինարարական, պետական վառելիքի ոլորտներում մշակվել են «ատկատների», «փողեր լվանալու» կոնկրետ մեխանիզմներ։ Սրան հավելենք, որ հասարակության շրջանում խոսվում է այն մասին, թե Փաշինյանն ու նրա շրջապատը թաթախված են ծխախոտի, ադամանդների և այլ մաքսանենգ գործունեության մեջ, իսկ իշխանության ներկայացուցիչները որևէ կերպ չեն հերքում այս լուրերը: Ընդամենը երկու տարում ձևավորվել է «հեղափոխական բուրժուազիա»՝ մեծ փողերով ու բիզնեսներով: Եվ դեռ ինչքա՜ն բան է բացահայտվելու, երբ ներկաները դառնան նախկին ու փորձեն վայելել «հեղափոխական ավարը»:
-«Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանն ասում է, թե հեղափոխությունից հետո քաղաքական որոշ ուժեր ոտքի տակ են ընկնում, ու այժմ իրենք զբաղվելու են «ճանապարհ մաքրելով»: ԲՀԿ՞-ն նկատի ուներ:
-ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որ հարյուրհազարավոր ընտրողներ ունի, եղել ու մնալու է ժողովրդի կողքին: Այո, ժողովրդի ցանկացած խնդրի մասին բարձրաձայնողն ու լուծում փնտրողը մենք ենք, իսկ եթե ոմանց դա դուր չի գալիս կամ ցավեցնում է, թող համապատասխան դեղորայք ընդունեն, «валерьянка» խմեն, օրինակ, կարգավորեն սրտի աշխատանքը, հոգեբանական վիճակը բարելավեն ու առաջ անցնեն: Ի վնաս ժողովրդի կատարվող ցանկացած քայլ մենք անարձագանք չենք թողնելու: Ի վերջո, պետք է հասկանան, որ մարդկանց երջանկություն են պարտք՝ տրված, բայց իրականություն չդարձած խոստումների տեսքով: Կառավարության ու պարետատան աշխատանքները, կապված համավարակի հետ, ինձ չեն բավարարում, քայլերի հաջորդականություն ի սկզբանե չի եղել, բավարար ուշադրություն չի դարձվել վարակին: Իսկ այժմ ամենասարսափելին այն է, որ հումանիտար աղետի շեմին ենք մոտենում, ինչին կարող է հաջորդել պետության անվտանգությանն ուղղված սպառնալիքը:
-Հապաղու՞մ ենք` միջազգային գործընկերներին կամ բարեկամ պետություններին դիմելու առումով:
-Նախ` մենք մեր ուժերը պետք է մոբիլիզացնենք, մեր գործողությունները ճիշտ հաշվարկենք, նոր միայն դիմենք դրսի օգնությանը:
-Կառավարության հրաժարականը ԲՀԿ-ի համար օրակարգայի՞ն է:
-Վարչության նիստի տեսագրությունը հասանելի է, այնտեղ կուսակցության ղեկավարը տվել է բոլոր հարցերի պատասխանները:
Զրույցը՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ