«Մեր առաքելությունը ոչ թե հարաբերություններ պարզելն է, այլ երկիր շենացնելը»
02.06.2020 | 00:29
«Իրատեսի» զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ։
-Մամուլի ուշադրության կենտրոնում նորից Դուք եք ու Ձեր մանդատի չարչրկված հարցը: Այժմ էլ, ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում» եք հայտնվել, ու իրավապահները «դոսյե» են հավաքում Ձեր՝ Շիրակի փոխմարզպետ եղած ժամանակների վերաբերյալ: Ինչ-որ բան կարո՞ղ են գտնել:
-Վերջին մեկ ամսում, այո, նորից հայտնվել եմ մամուլի ուշադրության կենտրոնում: Կարելի է ասել` ամենօրյա ռեժիմով, բան ու գործ թողած քննարկվում է իմ՝ մանդատ դնել-չդնելու և խմբակցության ներսում, իբր, խնդիրներ ունենալու հարցը: Արդեն չեմ էլ հիշում, թե որերորդ անգամ ստիպված եմ հերքել՝ «Իմ քայլում» երբեք էլ խնդիր չեմ ունեցել ու չեմ ունենա, քանի որ երբևէ չեմ կեղծել ու չեմ ստել: Արտահայտվել եմ բաց, ունեցել եմ իմ կարծիքն ու առաջնորդվել եմ խղճով և այն արժեքներով, որոնցով կրթվել ու դաստիարակվել եմ: Եթե անգամ խմբակցության ներսում մարդիկ կան, ովքեր չեն կիսում իմ տեսակետը, ու այդ պատգամավորները մեծամասնություն են, միևնույն է, ես չեմ նեղսրտում, քանի որ գործս ու ընտրածս ուղին արդար են: Ազգային ժողով եկել եմ ներկայացնելու ու հնարավորության չափով լուծելու ինձ վստահած քաղաքացիների խնդիրներն ու պահանջները, ինչը անում եմ մաքուր խղճով: Դուք հարցնում եք՝ իրավապահները կարո՞ղ են ինչ-որ բան գտնել, որ կառնչվի իմ փոխմարզպետ եղած ժամանակահատվածին, ես էլ հստակ պատասխանում եմ՝ ոչ: Նրանք, ովքեր ճանաչում են ինձ, կհաստատեն ասածս, իսկ ովքեր չեն ուզում հավատալ խոսքերիս ճշմարտացիությանը, թող իրենք էլ իրենց հերթին դիմեն իրավապահներին ու պարզեն անհասկանալի բոլոր հարցերը:
-Ինչքան էլ հերքեք, ասեք, թե մանդատի հարց չկա, թիմում ամեն բան հարթ է, ակնհայտ է՝ ծուխն առանց կրակի չի լինում: Մի կողմ թողնելով մանդատ դնել-չդնելու հարցը՝ հստակեցնենք՝ ո՞վ է Ձեզ մանդատ տվել՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ ժողովուրդը:
-Նախ նշեմ, որ մանդատ դնել-չդնելու հարց չկա ու չի եղել, բայց եթե անգամ լիներ էլ, ապա բոլորը՝ թե՛ թիմի ներսում, թե՛ այդ շրջանակներից դուրս, լավ գիտեն՝ մանդատ կարող էի վաստակել կատարածս գործերով: 2006-ից քաղաքացիական պայքարի մեջ եմ, ու թե՛ 2017-ին «Ելք», թե՛ 2018-ին «Իմ քայլը» դաշինքների նախընտրական ցուցակներով առաջադրվելու ժամանակ մարդկանց առանձնապես ներկայանալու կարիք չեմ ունեցել: Ինձ հետ պայքարած մարդիկ լա՛վ են իմացել՝ ով եմ ու որտեղից եմ գալիս:
-Տիկին Հովսեփյան, Դուք «Իմ քայլը» խմբակցության ամենաանկաշկանդ պատգամավորներից եք (եթե ոչ ամենաանկաշկանդը), հստակ վերաբերմունք եք արտահայտում, երբեմն՝ սեփական թիմին դեմ գնում: Ձեր «ըմբոստ» կեցվածքը թիմակիցներին ըմբոստանալու առիթ հաճա՞խ է տալիս:
-Հեղափոխության որդեգրած արժեքը ժողովրդավարությունն է, ու մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ իշխանությունը ժողովուրդն է, հետևաբար՝ իմ թիմի լիարժեք անդամը ժողովուրդն է: Ցանկացած խնդրահարույց հարց ես նախ և առաջ քննարկում եմ քաղաքացիների հետ: Ազգային ժողով մուտք գործելու առաջին իսկ օրվանից առաջնորդվում եմ հենց այդ սկզբունքով՝ իմ թիմը ՀՀ քաղաքացին է: Ինչ վերաբերում է Ձեր՝ «ըմբոստանալ» որակմանը, ապա այդպիսի որակումներ լսելիս սովորաբար լուռ ժպտում եմ, քանի որ առանց վախենալու կարծիք արտահայտելը ըմբոստություն չեմ համարում:
-ՈՒզում եք ասել՝ «Իմ քայլ»-ում «արշալույսները խաղա՞ղ են»: Բայց չէ՞ որ պատգամավորներն ու կառավարության անդամները լուռ կամ բացահայտ «հակամարտության» մեջ են:
-Որևէ խումբ չի կարող առանց ջանքեր ներդնելու խաղաղ արշալույս ունենալ: Ցանկացած խմբում ամենատարբեր անհատներ են լինում՝ բնավորության տարբեր գծերով, տեսլականներով ու արժեհամակարգով: Եթե այդ խմբի նպատակն ի շահ պետության, այլ ոչ թե անձնական բարօրության ծառայելն է, ապա նրա անդամներից յուրաքանչյուրը պատասխանատու է խավար գիշերվանից հետո խաղաղ արշալույս ապահովելու հարցում: Հարաբերություններ պարզելու համար շատ ժամանակ չունենք, ու մեր առաքելությունը ոչ թե հարաբերություններ պարզելն է, այլ երկիր շենացնելը:
-Ինչո՞ւ բաց թողեցիք կրթության ոլորտի՝ Ձեր իսկ բնորոշած «անփոխարինելիներից» մեկին՝ հրաժարականի դիմում գրած ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին: Գաղտնի, դռնփակ նիստ գումարեցիք, ինչի հետևանքը, միևնույն է, այն է, որ Գոգյանը լքում է ձեր շարքերը:
-Գոգյանի հեռանալը, անկեղծ ասած, «բաց թողնել» կամ շարքերը լքել չեմ համարում: Անփոխարինելիները շարքերը երբեք չեն լքում, այլ, այսպես ասած, գտնում են իրենց տեղն ու սկսում արարել: Առավել քան վստահ եմ՝ Գոգյանի դեպքում ևս այդպես է լինելու: Նա գիտնական է, որի արժեհամակարգում մեծ տեղ ունեն նորը ստեղծելու զգացումն ու ցանկությունը, ինչը, վստահ եմ, չի նահանջելու, ավելին՝ ծառայելու է հանուն կրթության զարգացման:
-ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հանձնաժողովում, որի անդամ եք նաև դուք, հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները մտահոգված են Գոգյանի հեռանալով: Բայց միայն մտահոգվել և վե՞րջ:
-Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ: Սմբատ Գոգյանի և Գրիշա Թամրազյանի հետ հանձնաժողովի փակ հանդիպմանը բարձրաձայնել ենք մեզ հուզող բոլոր հարցերը: Հանդիպման ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը մեր ընդհանուր դիրքորոշումը հայտնել է կառավարությանը, որոշ հարցեր էլ մամուլի համար են պարզաբանվել: Մնացած մանրամասներն այս պահին, կարծում եմ, կարիք չկա հանրայնացնելու:
Զրույցը՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ