«Երկրի ապագան իր ներքին ռեսուրսների հաշվին կառուցելու ունակությունն է ցանկացած պետություն դարձնում ուժեղ, ու Հայաստանը բացառություն չէ»
26.05.2020 | 00:55
ՄԵՆՔ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՆՔ
(Ասորեստանը կործանվեց ոռոգման ջրի, երաշտի պատճառով. Ի՞նչ է սպասում մեզ)
Հարգելի ընթերցող, նախորդ հրապարակումները երևի համոզեցին, որ մեր առաջարկած տեխնոլոգիայով և մեքենայով հնարավոր է ներքին ռեսուրսները, առաջնահերթության կարգով ջրայինը, արդյունավետ օգտագործելով ստեղծել անասնակերի կայուն բազա, ինչը ոլորտի զարգացման հիմնաքարն է:
Հաջորդ քայլը անասնապահության մեքենայացումը և ավտոմատացումն է, որը ոչ միայն կստեղծի նոր շահույթ, այլև աշխատանքը կդարձնի հրապուրիչ, ու մեր ջահելները աչքները հեռու կպահեն ռուսաստաններից, եվրոպաներից, ամերիկաներից. կմնան տատի, պապի, հարազատների հետ, կշենացնեն նախնիների բնօրրանը:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԱ ԱՆԵԼ… Ասեմ, որ ունենք այդ տիպի աշխատանքների դրական փորձը. մեր ինստիտուտում ստեղծված ֆերմա-ավտոմատը առաջինն էր ԽՍՀՄ-ում, այն արժանացավ կենտրոնական կառավարության ուշադրությանը, դրա մասին «Պրավդա»-ի առաջին էջում ընդարձակ հոդված տպվեց, կառուցվեցին 2 այդպիսի անասնաշենքեր` մեքենայացման և ավտոմատացման 90 տոկոս չափաբաժնով, շինարարական արժեքի 30 տոկոս կրճատումով, որոնք, ցավոք, վայրենաբար թալանվեցին հայտնի 90-ականներին: Այսօր էլ կարելի է վերականգնել այդ ամենը, դրանք մեր «շարիկների» հիշողություններում են. միայն թե ոչ մի կերպ չի ստացվում համագործակցությունը «վերևների» հետ, նրանք իրոք վերևներում են, ամպերին նստած, կյանքից կտրված, կառավարման ճիպոտը ձեռքներին աջ ու ձախ փոշիացնում են բյուջեն, թյուրիմացության մեջ գցում գյուղացուն ու, անձնական թերարժեքի բարդույթը փորձում են փոխհատուցել նոր, գյուղացու ականջին անսովոր, բայց մոդայիկ բառերով` «խելացի» գոմեր, էկոգոմեր, երբ իրականում ոչ մեկը կա ոչ էլ մյուսը: Լա՛վ, հո կրակը չընկա՞նք, հասկացանք`«քայլել եք»... Ես էլ 50 տարուց ավելի քայլել եմ արտադրագիտական ձեռնարկություններով, մոտ 20 տարի ղեկավարել «Գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ»-ն, ունենք պատրաստի աշխատանքներ, որոնք կարող են արմատապես բարելավել ոլորտը, բայց Ձեր ներկայացուցիչները, էկոնոմիկայի հարգելի պարոն նախարար, հարկ չեն համարում նույնիսկ լսել, հասկանալ:
Ես դառնացած եմ այս վերաբերմունքից։ «Իրատես»-ի վերջին համարներից մեկում, մեր հարգված, բազմափորձ, օրինակելի քաղաքացի, տեխնիկական գիտությունները դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը ստիպված է գրառել , որ «իրենց բանի տեղ» չեն դնում: Մի քանի օր առաջ, հեռուստատեսային հաղորդման ժամանակ, հանրապետությունում հայտնի «Ագրարագյուղացիական միության» նախագահ Հրաչ Բերբերյանը ցավով էր խոսում, որ իրեն մասնակից չեն դարձնում քննարկումներին, ու բազմափորձ մասնագետը ստիպված էր «ամոթ» բառով որակել համակարգի սիրած ԽԵԼԱՑԻՆ ՈՒ ԷԿՈՆ: Առավել արմատական, պահանջատեր էին ֆերմերի հարցադրումները: ՈՒ տարակուսում ես. մի՞թե հնարավոր չէ ոլորտի առանցքային հարցերը քննարկելիս բոլորին հրավիրել մի տեղ, լսել մարդկանց, հատկապես գյուղացուն, անասնապահին, շահառուից դիմում ստանալիս նրան հրավիրել զրույցի: Ինչու՞ չեք անում։ Ինչի՞ց եք վախենում… Պարզվում է, իրենք վախենում են իրենցից. կանոնակարգի համաձայն պաշտոնյան պետք է խուսափի շահառուի հետ անձնական շփումներից, որովհետև գերխելոք ղեկավարներից մեկը դրանում կոոռուպցիայի հզոր վտանգ է տեսնում: Մնացածը պարզ է… Չինովնիկին ձեռնտու չէ պատասխանի «այո»-ն կամ «ոչ»-ը: Ձեռնտուն ցրողական պատասխանն է և անհրաժեշտ կեցվածքը. հանգիստ նստիր տեղդ, հլու հնազանդ, անթարթ աչքերով նայիր շեֆիդ, հաճախակի կրկնիր` դուք ճիշտ եք, շեֆ, ու աշխատավարձի բարձրացումը, հավելավճարն էլ հետը, ապահովված են: Այս ամենը իրոք այսպես է, անհասկանալի է վարչապետի տրտունջը` չինովնիկը նախաձեռնող չէ:
ՈՒ այսպես էլ վերևների հետ ոչ մի հարց չի լուծվում. մնում է ենթադրել, որ պատճառը նաև «սևերի» ցուցակում մեր հայտնվելն է: Սա անարդար, անընդունելի մոտեցում է. մասնավորապես «Իրատես»-ի հեղինակիս նկատմամբ, որը հեղափոխության հենց սկզբից լոյալ էր կառավարությանը, փորձում էր իր հորդորներով, առաջարկություններով օգնել հատկապես տնտեսական հարցերում, և մեր մեղքը չէ, որ բազում առաջարկություններից ոչ մեկը նույնիսկ «չնկատվեց» հեղափոխականների կողմից:
Ինչևէ, փորձենք շարժվել առաջ… Հիմնավորենք և նախագծենք մեքենայացված նոր գոմը:
Ինչպես արդեն ասվեց, ոլորտը փոշիացված է. կրկնեմ` անասնապահությամբ զբաղվող 200 000 գյուղացիական տնտեսություններից 170 000-ը, ամբողջի 85 տոկոսը, ունեն միջին հաշվով 3 գլուխ տավար, ու ինչպես տեսանք, մի կերպ իրենց գլուխն են պահում` շահույթ չկա: Մինչդեռ ոլորտի ներքին ռեսուրսներում թաքնված է էական հարստություն, որը կիրացվի, եթե անասնապահությունը «մեքենայացվի»: Բայց մեքենայացումն էլ ունի իր պահանջները. 3 գլուխ տավարի դեպքում մեքենա չեն գնում. արտադրանքի` կաթ, միս, կաթնամսամթերք, ինքնարժեքը կբարձրանա: ՈՒրեմն, եթե մասնավորը ցանկանում է շարժվել առաջ, ավելացնել շահույթը արտադրության մեքենայացմամբ, անասնագլխաքանակը պետք է խոշորացնի, կենտրոնացնի: Ինչ չափո՞վ… Տարօրինակ կարող է թվալ, բայց այս հարցադրման ճիշտ պատասխանով է նաև պայմանավորված հասարակական կյանքի ներքին լարվածության թուլացումը, համայնքում ջերմ, փոխադարձ հարգանքի, միմյանց մասին մտածելու, որպես մի ընտանիք ապրելու մթնոլորտի ստեղծումը: Պետք է ընտրել խոշորացման այն չափը, որը թույլ կտա ստեղծել բարեկեցիկ ապրող, միջին շահութաբերություն ունեցող միջին խավ, որը, գտնվելով հարուստների և աղքատների միջակայքում, ներքին ցնցումների զսպանակի դեր կարող է կատարել: Մասնավորապես, հարկային և այլ օրենքներով կարելի է ձևավորել կաթնապրանքային ֆերմաների խոշորացման այն չափը, որը թույլ կտա գյուղացիական հասարակությունում շահութաբերության չափաբաժնով միջին խավը հասցնել 80-90 տոկոսի, հարուստներինը և աղքատներինը` 10-20-ական տոկոսի: Մեր դիտարկումներով այս հարաբերակցությունը համահունչ է մարդկանց «բան» ստեղծելու ունակություններին, և, հետևաբար, կարող է ներքին լարվածությունից զերծ, անցնցում հասարակություն ստեղծելու իրատեսական նախադրյալ լինել: Շատ կցանկանայի, որ այդպես լիներ, չէ՞ որ մենք նաև պատերազմող երկիր ենք:
Հասկանալի է, որ հասարակությունը դինամիկ կառույց է և պետք է թույլատրի խավերի շարժը աղքատությունից միջին խավ, ապա հարուստ և հակառակը: Բայց, հասկանալի է նաև, որ այս ամենի հիմքում, առաջնահերթության կարգով, տնտեսագիտության օրենքներն են, որոնք երբեք չի կարելի խառնել քաղաքականության հետ, այլապես տնտեսության, ոլորտի փլուզումը անխուսափելի է:
Այսօր հաճախ է խոսվում 90-ականների երկրի թալանի մասին, ակնարկելով նաև պետության ղեկավարի «կյանքից» կտրված մասնագիտական ունակությունները: Բայց չէ՞ որ նրա կողքին էին գյուղին «մոտիկ» կանգնած, այդ թվում գիտական կոչումներով կառավարության անդամները, որոնց քաջ հայտնի էին տնտեսության զարգացման օբյեկտիվ օրինաչափոթյունները: Ինչու՞ էին նրանք լռում և ինչու՞ թույլ տվեցին որ մեքենայացման բարձր մակարդակ և տավարի բարձր կենտրոնացվածություն (100-200 գլուխ) ունեցող, 1000-ի հասնող կոլեկտիվ սեփականություն կաթնապրանքային ֆերմաները փոշիացվեն, լուծարվեն:
Սա ոլորտի անկման սկիզբն էր, որն առայսօր չենք կարողանում կասեցնել, թեպետ միլիոններ ծախսեցինք կոոպերատիվների վրա, բայց դրանք չեն կայանում, էլի միլիոններ արոտները բարելավելու վրա, բայց դրանք վերածվել են անապատների, էլի միլիոններ տավարաբուծության զարգացման 2007-ի տասնամյա ծրագրի վրա, ու անասնապահը հայտնվեց դատարանում, որովհետև իրեն գեղեցիկ բառերով խաբեցին, ու նա չկարողացավ փակել վարկերը և այլն, և այլն:
Կարող եք ասել, որ այս ամենը անցյալում էր, իսկ հիմա՞…
Հիմա էլ հայտնվել են նոր, գեղեցիկ բառեր` խելացի գոմեր, էկոգոմեր… Քիչ էր մնում տոնական հագուկապով մտնեի գոմ, ողջագուրվեի «ԽԵԼԱՑԻ» տավարի հետ, շնորհակալություն հայտնեի խելոք մտքերի, անզուգական էկոմիջավայրի համար, ԲԱՅՑ շնորհակալ եմ վարչապետից, հեռուստացույցով, ի լուր հանրության, ես ևս տեղեկացա, որ գոմ մտնել չի կարելի. նախագծողների ինչ-որ սխալի պատճառով կովերը լող են տալիս թրիքի ու մեզի խառնուրդի մեջ: Սահմանամերձ շրջանի ծանոթներիցս մեկն էլ խորհուրդ չտվեց իրեն հյուր գնալ, որովհետև` «էս անաստված գիծ քաշողները ոնց որ ադրբեջանցիների օրթաղները լինեն, գոմի բարձրությունը հասցրել են 7,5 մետրի, առաջվա 2,5 մետրի փոխարեն. ու հիմա գոմը ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ է: Էդ էլ քիչ էր, գոմի ծածկը պլյոնկայից ա, մի հատ ուժեղ կարկուտ ու…գոմը չկա: Երկու օր առաջ, շարունակում է նա, փոշեխառն փոթորիկ էր, ու ամբողջ պլյոնկան ծածկվել ա էդ փոշով, մաքրելու հնար չկա. ո՞նց եմ բարձրանալու 7,5 մետր, ո՞նց եմ կանգնելու պլյոնկայի վրա, ստիպված գոմում օրը ցերեկով հոսանք եմ վառում»…
Ինձ համար դժվար էր լսել զրուցակցիս, ասել, որ ամռան շոգերին իրեն ավելի մեծ փորձություններ են սպասում, որ գոմի տանիքը ամբողջությամբ փլուզվելու է, որովհետև արևի ճառագայթները անցնելով փոշու մասնիկ-ոսպնյակի միջով, ֆիզիկայի հայտնի օրենքների համաձայն, սովորական մաղի կվերածեն տանիքը` դրանից բխող բոլոր հետևանքներով: Մինչդեռ ծանոթիս պարտքը արդեն 10 մլն վարկային դրամ է: ՈՒ արդեն հիմա պարզ է, որ նա այս երկրի պոտենցիալ արտագաղթողներից է: Երևի այս ամենը նկատի ուներ «Ագրարագյուղացիական միության» նախագահ Հրաչ Բերբերյանը, երբ հեռուստաեթերից ի լուր հանրության, խելացին ու էկոն բնորոշեց «բա ամոթ չի՞», արտահայտությամբ:
Ինչպես տեսնում եք, այսօր, ինչպես նախկինում. առանց խոր ուսումնասիրությունների, քննարկումների ընդունում են որոշումներ, ծրագրեր, հատկացնում միլիոնավոր դոլարներ, որոնց ճակատագիրը նախորդների հայելապատկերն է լինելու: ՈՒ այդ ծրագրերից մեկը «խելացի» էկոգոմերն են` 32,8 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:
Ինչևէ, շարժվենք առաջ, փորձենք գտնել հակաքայլը` նոր գոմի նախագիծը, որի հիմքում մի պարզ հարց է. քանի՞ գլուխ խոշոր եղջերավոր անասուն պետք է ունենա մասնավորը, որպեսզի բարեկեցության իր մակարդակով դառնա համայնքի, վերը նշված 80-90 տոկոսը կազմող, միջին խավի անդամ (այս թիվը անհրաժեշտ է նաև գոմը նախագծելու, շահույթը հաշվելու համար): Հարցի պատասխանը միանշանակ չէ. ցանկանու՞մ ենք որ համայնքի (երկրի) բնաարտադրական ռեսուրսները քիչ թե շատ հավասարաչափ բաշխվեն համայնքի անդամների միջև, որ ստեղծվի միջին շահույթի մակարդակով մոտավորապես հավասար խավ. ու այս դեպքում պիտի միջամտի համայնքը, որովհետև նա է սոցիալական հարցերի անմիջական ականատեսը, դատավորը, որ վերանա խիստ աղքատների և մեծահարուստների հակամարտությունը, որ երկրի ներքին կյանքը լինի համեմատաբար անցնցում, թե՞ հարցի լուծումը զուտ շուկայական է. ով որքա՞ն և ինչպե՞ս կարող է (ինչպես ջունգլիներում): Կարծում եմ` ընտրենք առաջին տարբերակը:
Այս հարցադրումները առաջին հայացքից կարող են թվալ անիմաստ` երկրի ռեսուրսները, նրա բնաարտադրական կարողությունները վաղուց մասնավորեցվել են: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ մասնավորեցվածները չեն «աշխատում» կամ անարդյունավետ են աշխատում, ու նրանց տերերի մի զգալի մասն էլ այստեղ չէ. իսկ երկրին զարգացման արդյունք է պետք: Ստացվում է, որ երկրի կարողությունների, ռեսուրսների վերաբախշման, տնտեսության մրցունակության բարձրացման անհրաժեշտություն կա:
Կարող են ասել, որ այդ խնդիրները լուծվում են, օրինակ, կոոպերատիվների միջոցով խրախուսվում է տնտեսությունների` այդ թվում անասնապահական, խոշորացումը, որ լուծվում են «լքված» հողատարածքները վարձակալությամբ մշակելու խնդիրները, որ միավորվում, խոշորացվում են գրեթե դատարկ բնակավայրերը և այլն, և այլն:
Բայց եկեք լինենք իրատես. տասնյակ տարիներով, այդ թվում այսօր էլ, քարոզել ու քարոզում ենք կոոպերատիվ աշխատանքը, հատկացնում զգալի գումարներ. բայց քանի՞ կայացած կոոպերատիվ ունենք: Մի քանի տարի առաջ ԱԺ-ն կոոպերացիայի մասին օրենք ընդունեց. նիստից մեկ օր առաջ «Շանթը» մի խումբ գյուղացիների մասնակցությամբ կազմակերպեց խնդրի քննարկում` ավելի քան 20 մասնակիցներից ոչ մեկը կողմ չխոսեց, բայց դա չխանգարեց, որ հաջորդ օրը օրենքը միաձայն ընդունվի: Ո՞վ շահեց, ո՞վ տուժեց… Դատեք ինքներդ: Մինչդեռ ակնհայտ է, որ հայը իր էությամբ այնքան էլ հակված չէ կոլեկտիվ աշխատանքի, կոլեկտիվ պատասխանատվության, և եթե համաձայնել է կոոպերատիվի անդամ դառնալու, ապա միայն էժան գնով գյուղմեքենայի կամ կոռուպցիոն մի այլ դրսևորման համար: Եվ երևի ժամանակն է, որ մենք վերաիմաստավորենք այս ամենը, որոշումն ընդունելուց առաջ էլ մի լավ խորհրդակցենք նրանց հետ, ում համար օրենք ենք ընդունում:
Հիմա դառնանք հողերի վարձակալման օրենքի նախագծին. այն ո՞ր խելոք գյուղացին է, որ վարձակալած հողը բերքատու հող դարձնելու համար էական ծախսեր կկատարի, գիտակցելով որ դա իրենը չէ, վաղը վերադարձնելու է: Ավելի հավանական է, որ նա մինչև վերջ կքամի այդ հողից օգտակարը ու հետո այն կվերադարձնի, կամ կլքի, կհեռանա. ու ինչ կմնա էդ հողի՞ց… Այս հարցերի փնտրտուքներով, հասկանալով նաև, որ անասնագլխաքանակի խոշորացումը պահանջում է նաև հողակտորների միավորում, եղա Ազգային ժողովում… Բայց այդ մասին հաջորդիվ:
Տնտեսագիտության առումով վիճահարույց է նաև կիսալքված գյուղերի խոշորացումը` կտնտեսեն համայնքի կառավարումը սպասարկող մի քանի հոգու աշխատավարձը: Մինչդեռ մոռացվում է, որ այդ քայլով կառավարող համակարգը ավելի է հեռանում արտադրության միջոցներից, ներքին ռեսուրսներից` հող, ջուր, տավար և այլն, ինչը զգալիորեն ազդելու է արտադրանքի մրցունակության վրա: Առերևույթ մի քանի կոպեկ տնտեսելով, մենք փաստորեն կորցնում ենք այդ համայնքի զարգացման հեռանկարը:
Շարունակենք գոմի օպտիմալ չափի մասին մեր դիտարկումները. այդ չափը պետք է տեղավորվի անասնապահի միջին խավ հասկացության մեջ, տվյալ պայմաններում, տվյալ ժամանակի համար երաշխավորված, ընդունելի շահույթի չափաբաժնով: Վերջինս հաշվարկվում է ոչ միայն կաթի, մսի, կաթնամսամթերքի, այլև նոր տեխնոլոգիաների, մեքենաների կիրառմամբ ի հայտ եկած նոր արտադրատեսակների իրացումից: Այդ արտադրատեսակներն են. գրանուլացված օրգանական, օրգանահանքային պինդ և հեղուկ վարակազերծված պարատանյութեր, անձրևորդերի աճեցման կեր, սպիտակուցային խտանյութ` այդ անձրևորդերից, բիոհումուս, գրանուլացված վառելանյութ` այրվող աղբից, դաշտավարության և անտառի թափուկներից, հիդրոպոնիկ աճեցված գարու կանաչ անասնակեր, կաթիլային ոռոգման օրգանական պարարտանյութ, վիտամինացված խոտալյուր և այլն:
Այս ամենն իրացնելու համար համայնքի որևէ կայացած ֆերմերի, համայնքի ավագանու, էկոնոմիկայի նախարարությունում ձևավորված գիտատեխնիկական խմբի համաձայնությամբ, մշակվում է գոմի (ֆերմայի) նախագիծը, որը հաստատում է նախարարությունը և այն համաֆինանսավորում: Այս ֆերման լինելու է արտադրացուցադրական և ապահովելու է հաշվարկված շահույթը` սեփականատիրոջ իրավասության տակ գտնվող ներքին ռեսուրսների իրացմամբ: Համայնքի մյուս` միջինը «3 գլուխ տավար ունեցող» անասնապահները, ժամանակավորապես, կհամագործակցեն նոր ստեղծված ֆերմայի հետ, ինչպես իրենց ներքին ռեսուրսները վերը նշված ապրանքների վերածելու, դրանով հավելյալ շահույթ ստանալու, այնպես էլ նոր տեխնոլոգիաներն ու մեքենասարքավորումները ուսումնասիրելու, բավարար եկամուտի առկայության դեպքում, իրենց նոր ֆերման մտովին «նախագծելու»:
Այս «նոր» արտադրատեսակների մասին մենք դեռ առանձին կխոսենք, այժմ փորձենք բացահայտել նոր գոմի էությունը, նրա ներքին կառուցվածքը, առավելությունները:
Այստեղ տավարը պահվում է անկապի և կապովիի համադրմամբ, ինչը հնարավորություն է տալիս կիսով չափ կրճատել ցամքարի ծախսը: Անկապը հանգստի գոտում է` խոր ցամքարի վրա, կապովին` ավտոմատ, կերակրվելիս և կթվելիս: Կենդանին ցանկացած պահի կարող է դուրս գալ անասնաբակ, նախընտրելի կլինի հաջորդող արոտը: Անասնակերը լցվում է երկայնական պատերից մեկին հարմարեցված կերամանի մեջ` դրսից: Այդ պահից կովերը մոտենում են կերամանին, ավտոմատ կապվում, կերակրվելիս կթվում` դույլային տիպի կթի ապարատներում: Կաթը կթվորը տեղափոխում է գոմին կից կաթնատուն, որտեղ այն վերամշակվում է կամ իրացվում: Տված կաթին համապատասխան տավարը ավտոմատ սարքերից ստանում է համակցված կերի չափաբաժինը: Ջրախմոցները տեղադրված են կերամաններին կից, գոլ ջրի խմոցները անասնաբակում են:
Նշված գործընթացներից յուրաքանչյուրն ունի իր հիմնավորումը. անկապ պահվածքը ապահովում է կենդանու շարժունակությունը, նպաստում առողջությանը: Խոր ցամքարը ապահովում է տաք պառկելատեղը. այստեղ գոմաղբը խառնվում է ցամքարի հետ, վերածվում օրգանական պարարտանյութի, ապա դաշտ տեղափոխվում տարին 2 անգամ: Դրսից կերը տալը թույլ է տալիս մեղմել սթրեսային աղմուկը մատուցող տեխնիկայի աշխատանքից, բացառել տրակտորի աշխատանքից առաջացած այրման թունավոր գազերի մուտքը անասնաշենք, և որ պակաս կարևոր չէ` 30 տոկոսի չափով կրճատվում է շինարարական ծախսը: Կերակրելիս և կթելիս (կապովի պահվածք) ստացվում է գոմաղբի օրվա ելքի մոտավորապես կեսը, որից անմիջապես, հարահոս գործընթացով պատրաստվում են վերը նշված արտադրատեսակները:
Այսպիսով տեխնիկական առումով առկա են բոլոր հնարավորությունները, որ կաթի ու մսի արտադրությունը դառնա մրցունակ, շահութաբեր։
Վիճարկելի կարող է լինել պահվող անասնագլխաքանակի օպտիմալ չափը` պայմանավորված համայնքում կերի բազայի առկայության չափի հետ:
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այսօրվա դրությամբ, համայնքների մեծ մասի համար գլխաքանակի սահմանափակման անհրաժեշտություն չկա. գյուղնախարարության պաշտոնական տվյալներով արոտներն օգտագործվում են 60 տոկոսի չափով, նրանց բերքատվությունը նորմատիվից ցածր է 2-3 անգամ, ինչը նշանակում է, որ մինչև 5 անգամ կարելի է ավելացնել գլխաքանակը: Բարեբախտաբար, լուծվել է նաև մսի (կաթինը լուծվում է տեղում) արտահանման շուկայի հարցը` հարավային ուղղությամբ ճանապարհները բաց են: Մնում է վերականգնել արոտային տնտեսությունը, կայունացել կերային բազան, ու Ծոցի երկրների նավթային հարստության մի մասը կտեղափոխվի Հայաստան։ Իսկ դա իրագործելու համար էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը պետք է բացի աչքերը և հասկանա, որ արոտի բարելավման մեր առաջարկած տեխնոլոգիայի և մեքենայի ներդրումը նպատակային առաջին քայլերն են, և ինքը պետք է զբաղվի դրանով։
Այսպիսով, անասնագլխաքանակի սահմանափակման խնդիր մեր համայնքների մեծամասնությունում, այսօր և մոտակա հեռանկարում, չկա:
Սակայն դեռևս խնդիր է 3 գլուխ տավար ունեցող տնտեսություններում կաթի ու մսի շուկայական մրցունակությունը, շահութաբերությունը բարձրացնելը:
Հիշենք, որ այդ տնտեսությունները եղածի 85 տոկոսն են կազմում, ընդգրկում են նվազագույնը 680 000 շունչ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հավաստմամբ, ունեն «ընտանիքի օրվա կարիքներին չբավարարող շատ ցածր եկամուտ»: Ի՞նչպես պետք է լուծվի այդ խնդիրը: Այդ մասին` հաջորդիվ:
(շարունակելի)
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ
Մեկնաբանություններ