Հիմա էլ գլուխ են կտրում
20.03.2020 | 02:46
Ընդհանրապես այս իշխանությունը խոսքը կառուցելու, ճիշտ բառամթերք օգտագործելու հետ կապված խնդիր ունի, մեկ իրենց միտքը համեմում են փռել-ծեփելով, թաթիկներ կտրելով, ոտքեր լիզելով, երեկ էլ Երևանի քաղաքապետը Հայկ Մարությանը մարդկանց գլուխը կտրելով էր սպառնում:
«Գլուխն եմ կտրելու այն մարդու, ով կոռուպցիայով է զբաղվելու»,- երեկ ինքնավստահ ասաց Մարությանը: Բայց մինչ կոռուպցիայի դեմ նման «հումանիտար» պայքար մղելը, նախ սեփական գլուխը պիտի «ապահովագրել» այնպիսի խնդիրներից, որոնցից կոռուպցիայի հոտ է գալիս: Օրինակ, առանց մրցույթի ասֆալտապատում, Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի թերակատարում, որոնց մասին երեկ բարձրաձայնեցին Երևանի ավագանու ԼՀԿ խմբակցության անդամները, ինչպես նաև մի շարք անկատար խոստումների առկայություն: «Նախադպրոցական հաստատությունների՝ մանկապարտեզների հիմնանորոգման և վերանորոգման համար Երևանի ավագանին նախատեսել էր 1 մլրդ 397 մլն դրամ, ես ուզում եմ հասկանալ, թե մենք ի՞նչ սրտով ենք այս կատարողականին կողմ քվեարկելու, եթե կատարվել է նախատեսված գումարից ընդամենը 125 մլն դրամը, որը կազմում է տասը տոկոսը՝ տարեկան ճշտվածի և 8,97 տոկոսը՝ հաստատվածի: Այսինքն՝ մենք ունենք 90 և ավել տոկոս թերակատարում, ինչը նշանակում է, որ մեր հարկատուները վճարել են, որ 2019-ի համար մանկապարտեզներ վերանորոգենք, և մենք այդ գումարից ծախսել ենք ընդամենը 10 տկոսը, աշխատանքը մնացել է: Մանկապարտեզների գույքի համալրման աշխատանքի կեսից ավելին չի կատարվել, պետք է ծախսվեր 150 մլն դրամ, ձեռք բերվեր գույք, սակայն դրա կեսն է ձեռք բերվել»,- հայտարարեց Երևանի ավագանու ԼՀԿ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը` նշելով բյուջեի կատարողականների մյուս ցածր ցուցանիշները։
Ի դեպ, Հայկ Մարությանը, որ իրեն շատ լավ է զգացել նախկինների ժամանակ, այսօր հավատարիմ է օրվա իշխանության ոգուն, սեփական սխալների համար վահան է դարձնում քաղաքային նախկին իշխանություններին: Երբ ընդդիմախոսները հիշեցրին նրան առանց մրցույթի ասֆալտապատման մասին, վերջինս զայրացավ. «Պարոն Խաժակյան, այդպիսի բաներ տեղի էր ունենում Ձեր կողմից շատ սիրված Վահե Նիկոյանի, Տարոն Մարգարյանի ժամանակ և այլ տարբեր քաղաքապետերի և փոխքաղաքապետերի ժամանակ, այո, այդպիսի բաներ տեղի էին ունենում, դրա համար Ձեր մտքով անցնում է, որ հիմա էլ են կատարվում: էն ժամանակ կատարվում էր այդպիսի բաներ, հիմա այդպիսի բաներ չի կարող կատարվել: Միգուցե կուզեիք, որ Դուք լինեիք քաղաքապետ, որ այդպիսի բաներ կատարվեր, բայց քանի ես եմ քաղաքապետը, այդպիսի բաներ չի կարող կատարվել»: Բնականաբար, «տակ» չմնաց Դավիթ Խաժակյանը. «Դուք անտեղյակ եք խնդրից։ Ես որքան սիրում եմ Վահե Նիկոյանին և Տարոն Մարգարյանին, այդքան էլ հավաստիացնում եմ, որ Ձեզ եմ սիրում, խնդրում եմ, որևէ մեկի նկատմամբ խանդով չվերաբերվեք, հանրությունը և Դուք գիտեք, թե Ձեզ որքան շատ եմ համակրում: Եվ այս մասով, երբ համեմատում եք, միշտ իմացեք, որ ես հարթությունները հավասարաչափ եմ դնում՝ թե՛ պրոֆեսիոնալիզմի առումով, թե՛ ինչ-որ բաներ շրջանցելու առումով: Ես հասկացա որ դուք փոքր-ինչ սրտնեղեցիք, որ ակնարկեցի, թե գուցե ինչ-որ ոչ օրինական բաներ կան, բայց կարծում եմ՝ Ձեր հիշողությունը գոնե մեկ տարվա կտրվածքով թույլ կտա հիշել Ձեր կոմունալ վարչության պետին, ում Դուք էիք անձամբ բերել այս շենք և անձամբ էիք նշանակել, ում հայտարարած մրցույթները Դուք էիք հաստատել, ում քրոջ որդին հաղթել էր երկու մրցույթ, և Դուք ազատել էիք նրան աշխատանքից, երբ դա հասու էր դարձել մամուլին»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ