«ՍԴ-ում ճգնաժամ չկա, ճգնաժամն իշխող ուժի քաղաքական բովանդակության լիակատար բացակայությունն է»
14.02.2020 | 01:21
Հասարակական-քաղաքական գործիչ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՅԱՆԻ հետ «Իրատեսը» զրուցել է ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հարաքվեի մասին, որով առաջարկվում է լուծարել Սահմանադրական դատարանի ներկայիս կազմն ու պատոնանկ անել ՍԴ նախագահին ու դատավորներին:
-Ի՞նչ կարծիք ունեք Սահմանադրությունում կատարվող փոփոխությունների նախագծի առնչությամբ, որն ապրիլի 5-ին հանրաքվեի է դրվելու։
-2015-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ինձ համար միանշանակ լեգիտիմ չէր: Նոր խմբագրությամբ Սահմանադրությունն ընդունվել էր անօրինական ճանապարհով: Եվ այժմ ոչ լեգիտիմ ճանապարհով ընդունված Մայր օրենքի մեջ ցանկացած փոփոխություն առաջարկելն ու հանրաքվեի դնելը նշանակում է լեգիտիմացնել 2015-ի Սահմանադրությունը։ Բացի այդ՝ առաջարկվող փոփոխությունը բացառապես անձնային խնդիր է լուծում: Նիկոլ Փաշինյանին դուր չեն գալիս Սահմանադրական դատարանի որոշ դատավորներ, և նա ուզում է գործող անձերին փոխարինել այլ մարդկանցով, ասել է թե՝ իր կամակատարներով: Ինձ համար ընդունելի միակ ճիշտ տարբերակը նոր Սահմանադրություն գրելն ու ընդունելն է։
-Իշխանությունները պնդում են՝ ՍԴ-ում ճգնաժամ կա, դրանով են բացատրում օր առաջ հանրաքվե նախաձեռնելը:
- Ի՞նչ ասել է ՍԴ ճգնաժամ: Համոզված եմ՝ որևէ ճգնաժամ էլ չկա: Ճգնաժամն ուրիշ տեղ է պետք փնտրել: Ճգնաժամն իշխող ուժի քաղաքական բովանդակության լիակատար բացակայությունն է ու նրանց անհասկանալի, մեր կողմից անընդունելի ցանկությունը` սահմանադրական փոփոխությունը վերածել ՍԴ կազմի փոփոխության: Այդ քայլը, սակայն, պետական շահերի տեսակետից որևէ դրական արդյունք տալ չի կարող: Հակառակը՝ Ազգային ժողովի ներկա կազմի կամ Հանրային խորհրդի նախագահի օրինակների նման կհամոզվենք՝ ՍԴ-ի ձևավորվելիք կազմը ավելի վատն է լինելու, քան նախկինում էր:
-Որքանո՞վ է տրամաբանական մեկ տարվա ընթացքում երկու հանրաքվե իրականացնել:
-Տրամաբանության բացակայությունը նոր իշխանությունների գործելաոճի մեջ է։ Սակայն անտրամաբանականն այստեղ ոչ այնքան հաճախակի հանրաքվեներն են, որքան հանրաքվեի դրվող թեման: Ինչ վերաբերում է սպասվող սահմանադրական փոփոխություններին, տեսնելով ներկայիս իշխանության գործելաոճը և հաշվի առնելով այն հանգամանքը, թե ովքեր են ներգրավված սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խմբում, ապա միայն բացասական սպասումներ ունեմ հանրաքվեից:
-Իշխանություններն ասում են նաև, որ հանրության պահանջն է` լուծել ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը: Ըստ ձեզ՝ մարդկանց առհասարակ հետաքրքրու՞մ է՝ ով կլինի ՍԴ կազմում, ով՝ ոչ:
-ՍԴ գործունեությունը քաղաքացիների առօրյա կյանքի հետ չի առնչվում, ու ՍԴ-ն վերջին շրջանում չի կայացրել որևէ որոշում, որը հանրային բողոքի ալիք է բարձրացրել, հետևաբար հիմք չկա իշխող ուժի պահանջը որպես հանրային պահանջ ներկայացնելու: ՍԴ կազմը փոխելու պահանջ կա ընդամենը, ինչն ընդունելի է նրանց համակիրների կողմից, ու դա ներկայացվում է որպես հանրային պահանջ: Սա Նիկոլ Փաշինյանի հերթական էժանագին մանիպուլյացիան է: Երբ նա հայտարարում է, թե շատ քրեական գործեր իրենց տրամաբանական ավարտին չեն հասնում ՍԴ-ի պատճառով, պարզ է, որ այս «մեսիջն» ուղղված է պողոսներին, որովհետև իրավագիտակից յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ ՍԴ-ն ոչ մի կապ չունի անձնային քրեական գործերի հետ ու անդրադառնում է բացառապես սահմանադրական ակտերին, հոդվածներին ու դրույթներին:
-Հե՞շտ է լինելու իշխող ուժի համար մոտ 650 հազար քվե հավաքել, որ կյանքի կոչվի փոփոխությունը:
-Հաշվի առնելով ԿԸՀ-ի «փորձառությունը», ամենայն հավանականությամբ, «փորձառու» Մուկուչյանն այդ քանակը կապահովի ցանկացած դեպքում:
-Սա գուցե իշխանություններին վստահություն տալու հանրաքվե՞ է, ոչ թե սահմանադրական փոփոխությունների:
-Հետաքրքիր տակտիկա է, երբ երկրորդական հարցին ցանկալի լուծում տալու համար քվեարկությունը նույնացվում է վստահության քվեի հետ: Այո, կարելի է ասել և այդպես, քանի որ հասարակությունը դեռ ծայրահեղ բևեռացված է, և մեծամասնությունը նորից քվեարկելու է «բոբո» նախկիններին հեռացնելու օգտին: Սա կարելի էր կապել իշխող ուժին վստահության քվե տալու հետ, եթե չլիներ կեղծարարություն անելու ԿԸՀ-ի գերհարուստ փորձը: Մի բան ակնհայտ է. իշխանության համակիրների շարքերը նոսրանում են օրեցօր, և այդ նոսրացումը նաև խիստ որակական տիրույթում է: Երևի նկատած կլինեք, որ Փաշինյանի գրառումներն ու ելույթները վերջերս չափազանց անբովանդակ ու անտրամաբանական են դարձել, դրանց մեջ գերիշխում է զգայական տարրը: Նա հասկանում է, որ իր համակիրների ճնշող մեծամասնությունը պողոսներն են, հետևաբար վարչապետի «մեսիջները», նախ և առաջ, ուղղված են պողոսների սրտերը գրավելուն:
-ՍԴ-ի խնդրի առնչությամբ բազմաթիվ հայտարարություններ եղան։ Խոսքը ԵԽԽՎ համազեկուցողների, Վենետիկի հանձնաժողովի նախագահի ու ԵԺԿ հայտարարությունների մասին է։ Ավելին՝ ԵԽԽՎ-ն կոչ է արել իշխանություններին նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկել, նոր միայն հանրաքվե իրականացնել:
-Իշխանությունը չանսաց եվրոպացի իր գործընկերների՝ նախագիծը հանրաքվեի դնելուց առաջ դրանք Վենետիկի հանձնաժողով ուղարկելու առաջարկ-հորդորին, բայց և չկարողացավ լիովին արհամարհել այն, հակառակ դեպքում առավել անօրինական քայլի կդիմեր ու փոփոխությունները կընդուներ հենց ԱԺ արտահերթ նիստի ժամանակ:
-Իրականում ի՞նչ ազդակ են տալիս եվրոպացիները, ու եթե իշխանությունները, այնուամենայնիվ, չանսան ԵԽԽՎ-ին, դա ինչպե՞ս կարող է ազդել պետության միջազգային վարկի վրա:
-Դժվար է միանշանակ ասել, բայց Հայաստանը որոշակի պարտավորություններ ունի, ԵԽԽՎ-ն էլ իրավասու է պահանջելու այդ պարտավորությունների կատարումը: Ցավոք, իշխանությունների կողմից արկածախնդիր գործողությունների պակաս չկա, իսկ դրանց շարունակական լինելու դեպքում եվրոպացիների վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ խիստ բացասական կդառնա:
-Ի դեպ, ԱԺ-ում նախագծի քննարկումից և իր ելույթից հետո Փաշինյանը գրել էր, թե կեցցեն իմ պատգամավորները, լավ մաստեր-կլաս ցույց տվեցին: Դուք տեսա՞ք վարպետության դաս:
-ՈՒզում եք՝ մեկնաբանեմ անմեկնաբանելի՞ն: Թերևս ասեմ՝ սպասելի էր Փաշինյանի թիմի նման անբովանդակ ու բացարձակապես անգաղափար վակխանալիան, որովհետև առաջարկվող փոփոխություններն էլ, որոնց պաշտպանությամբ նրանք հանդես էին գալիս, գաղափարական որևէ բովանդակություն չունեին, իսկ փետրվարի 6-ի ելույթների ծաղկաբույլի տրամաբանական ավարտը «շնաբարո դուրսպրծուկների» մասին Փաշինյանի աբսուրդային ելույթն էր: Փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցության «մաստեր կլասը» նույնպիսին էր, ինչպիսին Փաշինյանի բանաստեղծական «տաղանդի» դրսևորումն է՝ չափածո «ստեղծագործության» տեսքով, այսինքն՝ թե՛ մաստեր-կլասն էր բացակայում, թե՛ ստեղծագործությունը:
Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ