«Հայաստանում Փաշինյանին չեն ենթարկվում ՍԴ-ն, լրատվամիջոցները, հայ առաքելական եկեղեցին»
14.01.2020 | 03:33
Չնայած Նիկոլ Փաշինյանը սեփական լրատվամիջոցով փորձեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին կապել նախկինների հետ, համարել դավադիր սխեմայի անդամ, բայց ինչպես ասում են` черный PR тоже PR! Այս ամենը հիմք դարձավ, որ Վանեցյանի՝ ընդդիմության հավանական լիդեր լինելու խոսակցություններն ակտիվանան և նրա ապաքաղաքական կերպարից քաղաքական մրցակից կերտվի։ Սակայն մեջտեղում, ինչպես միշտ, հարվածի տակ հայտնվեցին որոշ լրատվամիջոցներ, որոնց համարեցին այդ սխեմային սպասարկողներ, ավելին` կոտրեցին նրանց կայքէջերը։ Այս և այլ թեմաների շուրջ զրուցեցինք քաղաքագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ։
-ԱԱԾ նախկին պետի հետ դիմակայությունում Փաշինյանը կրկին թիրախավորեց որոշ լրատվամիջոցների, ինչու՞ է մամուլը մշտապես լրագրող վարչապետի հարվածի տակ։
-Այս անգամ լրատվամիջոցները հարված ստացան այնքանով, որքանով առնչություն ունեին այս ողջ պատմության հետ։ Այսինքն, այս անգամ հարվածի հիմնական թիրախը ԱԱԾ նախկին տնօրենի վարկանիշն էր։ Լրատվամիջոցները, այսպես ասած, ձեռքի հետ օգտագործվեցին այս պրոյեկտի մեջ։
-Ինչու՞ է Փաշինյանը ցանկանում վարկաբեկել Արթուր Վանեցյանին։
-Իրանցի ազդեցիկ գեներալի սպանությունից հետո ՀՀ-ում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում գրառում անելու համար կառավարությունից գնաց ոչ թե արտաքին գործերի, այլ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, և պատգամավորներից մեկը, որը հանձնաժողովի նախագահ էլ չէր։ Փոխարենը Իրանի դեսպանատուն էր այցելել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որի քայլը քարոզչական տեսանկյունից շատ լավ մատուցվեց։ Սրանով ակներև եղավ, որ այս սպանությունը կառավարության համար երկրորդական նշանակություն ունի, իսկ Վանեցյանը, որ կարող էր և չգնալ, հարգել էր իրանցի գեներալի հիշատակը։ Ասել է՝ անգամ կարգավիճակ չունեցող Վանեցյանի քայլն ավելի կարևորվեց, քան իշխանության որոշ ներկայացուցիչների։ Սա առիթ դարձավ, որ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցում Վանեցյանի մասին հոդված հրապարակվի, որտեղ նրան կապում են նախկին իշխանության ներկայացուցիչների հետ։ Սրա նպատակն այն էր, որ նրա վարկանիշին հարված հասցվի, քանի որ գաղտնիք չէ, որ Վանեցյանը լիդերին բնորոշ կերպար ունի։ Կապելով Վանեցյանին նախկինների հետ, փորձում են նրան դարձնել շարքային ընդդիմադիր։ Իսկ Փաշինյանի աղջկա գրառումն ու այս գործընթացին մաս դառնալու նպատակն էլ այն էր, որ ցույց տան, թե ԱԱԾ նախկին տնօրենի բանավիճելու մակարդակը վարչապետի աղջկա մակարդակին է ձգում։ Իմա՝ փորձում են վարչապետին բարձրացնել՝ Վանեցյանին նսեմացնելու գնով։ Սակայն ԱԱԾ նախկին տնօրենի հակադարձումը հակառակ պատկերը ստեղծեց։ Նա բավական դիպուկ ասաց, որ իրենից վախեցողը սեփական ընտանիքի անդամներին է խաղի մեջ մտցնում՝ հայտարարելով, որ այս գործողություններն իրականացնողն իրենից վախենում է։ Վանեցյանը չիջավ բանավեճի այդ մակարդակին և իր հակաքայլով կարողացավ բարձրության վրա մնալ։ ԱԱԾ նախկին տնօրենի հանդեպ իրականացվող «սև» քարոզչությունն այս պահին չաշխատեց։ Քաղաքական տեխնոլոգիայում ընդունված է, որ եթե դու որևէ տեխնոլոգիա ես փորձում կիրառել, պետք է մինչև վերջ հաշվարկես։ Սխալի դեպքում քո իրականացրած հակաքարոզչությունը քեզ է վնասելու։
-Բացի Ձեր նշած առիթից, որ Վանեցյանն այցելել էր Իրանի դեսպանատուն, ո՞րն է հիմնական պատճառը, ինչը ստիպում է Փաշինյանին քաղաքական ասպարեզից հեռացնել ԱԱԾ նախկին պետին։
-Վարչապետն արդեն հասկանում է, որ ինչ էլ անի, այլևս հեղափոխության լիդեր չի ընկալվում։ Մի քանի օր առաջ, երբ նրա մամուլի խոսնակն աշխատանքից հեռացավ, լուր տարածվեց, թե վարչապետը նրանից դժգոհել է այն պատճառով, որ իր ֆեյսբուքյան էջով շատ ավելին է անում, քան խոսնակը, այսինքն, իրեն, որպես լիդերի, չի կարող մամուլի խոսնակը ներկայացնել։ Փոխարենը ԱԱԾ նախկին պետն է սկսում որպես լիդեր ընկալվել։ Հիմա Վանեցյանի լիդերությունը չեզոքացնելու խնդիր է դրված։ Առջևում սահմանադրական բարեփոխումներ կան, ու նոր իշխանությունը դեռ չի ասել, որ վերադառնալու է կիսանախագահական համակարգին։ Եթե կիսանախագահական համակարգի վերադարձանք, իսկ Փաշինյանի վարկանիշը գնալով նվազեց, իսկ Վանեցյանինը կամաց-կամաց բարձրացավ, պարզ է, չէ՞, թե ինչ գործընթացներ են լինելու։ Ավելին, անկախ հանգամանքից` սահմանադրական փոփոխություններ կլինեն, թե ոչ, երբ Փաշինյանի վարկանիշն ընկնի, նրա շրջապատը հեռանալու է նրանից ու նոր տերեր է փնտրելու։
-Այլ խոսքով, Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանին իրեն քաղաքական մրցակի՞ց է տեսնում։
-Այո, մրցակից, որին չի կարող մեղադրել նախկին 30 տարվա թալանի, կոռուպցիայի, կեղծված ընտրությունների համար։ 1,5 տարի էլ Վանեցյանը կոռուցպիայի դեմ պայքարով հանրության շրջանում լուրջ վարկանիշ է ձեռք բերել։ Մի կողմ թողնենք` դա իրակա՞ն, թե՞ կեղծ պայքար էր, բայց դրա արդյունքում նա վարկանիշ է վաստակել։ Եթե Փաշինյանը երկրորդ, երրորդ նախագահիներին, առաջին նախագահի շրջապատում չի տեսնում լուրջ մրցակիցներ, Վանեցյանը միանշանակ այդ հարթության մեջ դիտարկվում է։ ՈՒնենալով քաղաքական բանավեճի ցածր մակարդակ, չկայացած կուսակցական համակարգ, մեզանում դեռ լիդերների պայքար է ընթանում, որտեղ այսօր երկու հիմնական դերակատարներ կան՝ Փաշինյանը և Վանեցյանը։
-Լինելով 1 տարուց ավելի ԱԱԾ տնօրեն, Վանեցյանը նաև այս իշխանության մասին կոմպրոմատների է տիրապետում։ Սա Փաշինյանի համար մտավախության առիթ չէ՞, ի՞նչ եք կարծում, Վանեցյանը դրանք ջրի երես կհանի՞։
-Նախ պիտի համոզված լինենք` Վանեցյանը կոմպրոմատներ ունի՞, թե՞ ոչ։ Դրանից հետո միայն կարելի է քննարկել` դրանք կօգտագործվե՞ն, թե՞ ոչ։
-Այս ամենին զուգահեռ ՍԴ-ի շուրջ իրավիճակը նոր երանգներ է ստանում։ Լրատվամիջոցները գրեցին, որ ուժային կառույցների ղեկավարների հետ փակ հանդիպում է եղել, և ՍԴ դատավորներին հեռացնելու հնարավոր ու անհնար ձևեր են մշակվել, ընդհուպ արտամուսնական կապերի հրապարակում։ Ի վերջո, իշխանության վերջին «անառիկ» կառույցը կհանձնվի՞ իշխանությանը, թե՞ պայքարը կշարունակվի։
-Չեմ կարող գուշակել, թե ՍԴ դատավորներն ինչպես կվարվեն, բայց այս ամենում տեսնում եմ հստակ քաղաքական գիծ։ 2018-ից հետո Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգն իր տեղը զիջեց անձնիշխանությանը։ Վարչապետն ամեն ինչ անում է, որ այդ համակարգը լիարժեք դարձնի։ Այսօր խորհրդարանը, կառավարությունը, ուժային կառույցները, դատական իշխանությունը, բացառությամբ ՍԴ-ի, ենթարկվում են վարչապետին։ Հայաստանում այս պահին Փաշինյանին չեն ենթարկվում երեք ինստիտուտ՝ ՍԴ-ն, լրատվամիջոցները, հայ առաքելական եկեղեցին։ Այս երեք ինստիտուտները դեռ չեն սպասարկում անձնիշխանության համակարգի շահերը։ Հիմա ՍԴ-ի դեմ գրոհը նոր թափով է շարունակվում։ Տարին սկսվեց հերթական կալանավորման լուրով, որը կապվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անձի հետ։ Գալիս ենք այն եզրահանգման, որ վարչապետի՝ ՍԴ-ն ամեն գնով իրեն ենթակա, գրպանային դատարան դարձնելու փորձերը շարունակվելու են։ Իսկ փակ ժողով եղել է, թե ոչ, դժվար է ասել, բայց կա հստակ քաղաքական գիծ, որը շարունակվում է, իմա՝ ամեն գնով ՍԴ-ն դնել Փաշինյանի գրպանը։ Արդարադատության նախարարությունը սահմանադրական բարեփոխումների հետ կապված մրցույթ հայտարարեց, և այս գործընթացում ՍԴ-ի դերը շատ կարևոր է։ Բնականաբար անձնիշխանական համակարգը չի կարող լիարժեք լինել, եթե չեն վերահսկվում բոլոր ինստիտուտները։ Չի կարող անձնիշխանական համակարգ լինել, եթե կա իշխանության այլընտրանք՝ ՍԴ-ն, չորրորդ իշխանությունը, հայ առաքելական եկեղեցին։ Քանի դեռ այս այլընտրանքային ինստիտուտները կան, անձնիշխանությունը չի կարող լիարժեք լինել։ Այս պարագայում վարչապետը չի կարող իր ցանկացած որոշում կյանքի կոչել։ Կհաջողվի՞ այս ինստիտուտներն էլ իրեն ենթարկել, չեմ կարող ասել, բայց այս պահի դրությամբ դա նրան չի հաջողվում։
-Ժամանակին Փաշինյանի այդքան շատ քննադատած «կոստյումը» այսօր ոչ միայն նրան դուր է գալիս, այլև ամեն ինչ անում է, որ այդ համակարգից չհրաժարվի։ Ի՞նչ եք կարծում, ՍԴ-ի առնչությամբ Փաշինյանն ամեն դեպքում տեղի չի՞ տա Վենետիկի հանձնաժողովի նախազգուշացումներին, մասնագիտական շրջանակների քննադատությանը և ի վերջո, ՍԴ դատավորների դիմադրությանը։
- Կախված է դիմադրության աստիճանից։ Եթե բարձր եղավ, կզիջի։
-Այս ողջ գործընթացում Ձեզ համար հասկանալի՞ է նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը։ Խնդրահարույց հարցերի պարագայում նա միշտ Փաշինյանի «թելն» է թելում։ Ինչու՞։
-Եթե ժողովրդավարական երկրում լինեինք, նորմալ չէի համարի նման դիրքորոշումը։ Շատ դեպքերում հնարավոր էր անգամ նրա հրաժարականի, իմպիչմենտի գործընթաց սկսել։ Բայց ժողովրդավարական երկրներում տեղի չէր ունենա այն, ինչ մեզ մոտ է։ Անձնիշխանական համակարգ հնարավոր չէ պատկերացնել ժողովրդավարական երկրներում։ Մեր պարագայում Արմեն Սարգսյանի առնչությամբ հարցեր են առաջանում՝ ի՞նչն է նրան ստիպում զոհել անձնական վարկանիշը՝ կատարելով նման գործողություններ։ Իհարկե, վարչապետը կարող է օրենքներ փոխելով հասնել նախագահի հրաժարականին, բայց Սարգսյանն այն գործիչը չէ, որ այդ աթոռից հրաժարվելով, պիտի մտածի, թե ինչպես է ընտանիք պահելու։ Եթե նա մնում է նախագահի պաշտոնում և հանդուրժում է փորձագիտական, մասնագիտական շրջանակների խիստ քննադատությունը, միաժամանակ ամեն ինչ անում է, որ վարչապետի դեմ դուրս չգա, նշանակում է նա ինչ-որ խնդիրներ ունի լուծելու։ Դրա համար էլ նրան դեռ պետք է նախագահի պաշտոնը։ Բայց հաստատապես դա այն բանի համար չէ, որ նախագահի աշխատավարձ ստանա, տարբեր երկրներ շրջագայի։ Թե ինչ խնդիր է լուծում, այլ թեմա է։ Բայց ակնհայտ է, որ այս ողջ քննադատությունների գնով նա մնում է նախագահ ու փորձում լուծել այդ խնդիրը։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ