«Սեփական ձախողումները քողարկելու համար մասնավորին պայմաններ առաջադրելն իրավաչափ չէ»
17.12.2019 | 01:31
Մայրաքաղաքի կառավարումը ստանձնած քաղաքային իշխանության գործունեության, գործարարներից նվեր ստացած «Կամազ»-ների, ամանորյան գերշքեղ ծախսերի ու հարակից այլ հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԻ հետ:
-Մեկ տարուց ավելի է՝ Երևանի կառավարումը քաղաքական նոր ուժ է ստանձնել, որ իշխանության է եկել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերադասավորումներից անմիջապես հետո: Դուք՝ որպես «Լույս» խմբակցության ղեկավար, ի՞նչ փոփոխություններ եք նկատել մայրաքաղաքում։
-Նախ` պետք է հասկանանք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել քաղաքում առհասարակ, հետո փորձենք գնահատական տալ դրանց։ Տեղային, փոքր խնդիրները միշտ էլ լուծում են ստացել թե՛ նախկինում, թե՛ վերջին մեկ տարվա ընթացքում։ Որպես ավագանու անդամի՝ ինձ համար կարևոր են տեղի ունեցած փոփոխությունների ծավալները, դրանց համակարգային բնույթը կամ պլանավորման գործընթացը։ Քաղաքային տնտեսության հիմնախնդիրներից է տրանսպորտի խնդիրը, ինչը որևէ կերպ լուծում չի ստանում: 2017-ից ի վեր, երբ ընտրվել եմ ավագանու անդամ, կարևորում եմ տրանսպորտային նոր ցանցի ներդրման անհրաժեշտությունը։ Անգամ եթե իշխանությունները միջոցներ գտնեն ինչ-որ քանակությամբ ավտոբուսներ գնելու համար, ապա, միևնույնն է, խնդիրն արդիական կմնա, քանի որ համակարգը հիմնովին պետք է բարեփոխվի, ու կայուն չվացուցակներով նոր և արդյունավետ տրանսպորտային ցանց ներդրվի: Այն պետք է լինի ֆինանսապես կայուն, որպեսզի կարողանա պատշաճ կերպով ապահովել շարժակազմի՝ ավտոբուսների ամորտիզացիան։ Այս ամենը անհնար է իրագործել առանց մրցակցության, այսինքն, առնվազն երկու օպերատոր պետք է ներգրավել, որոնք էլ կստանձնեն մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի կառավարման պարտավորությունը, իսկ քաղաքապետարանը երաշխավորի վերջինիս գործունեությունը և վերահսկի այն։ Ես՝ ո՛չ, իսկ մեր քաղաքացիներն այս մասով փոփոխություններ տեսե՞լ են, իրականացված քայլեր նկատե՞լ են։ Նույնը կարող եմ ասել մնացյալ բոլոր ոլորտների մասին, որտեղ համակարգային բարեփոխումներ չեմ տեսնում: Բացառությունը կարծես միայն աղբահանության հարցն էր, որ երկար ժամանակ անց, բարեբախտաբար, կարգավորվեց:
-Ձեր խմբակցությունը հաճախ է տարբեր խնդիրների, խախտումների մասին բարձրաձայնում։ Օրինակ՝ քաղաքապետարանին նվեր տված «Կամազ»-ների թեման բավական բուռն քննակումների տեղիք տվեց։ Ըստ Ձեզ` ինչու՞ են բիզնեսով զբաղվող մարդիկ նման նվիրատվություն անում։
-Ժամանակն է, որ «նվիրատվություն» բառը փոխարինենք «գործարք» բառով, քանի որ բիզնեսով զբաղվող մարդիկ հարկադրված են գնացել այս քայլին։ Վարկային միջոցներով շինարարություն իրականացնող բիզնեսմենն ի՞նչ տրամաբանությամբ պետք է առաջնորդվեր, որ հարյուր-հազարավոր դոլարներ չներդներ իր բիզնեսի մեջ ու դրանք տրամադրեր քաղաքապետարանին ինչ-ինչ գործառույթներ իրականացնելու համար։ Տրամաբանությունը մեկն է. եթե չգնային նման գործարքի, ապա չէին ստանա իրենց համար ցանկալի շինարարական թույլտվությունները։ Պատկերացրեք՝ գործարարը մի քանի բազմահարկ շենք է կառուցում, և նրան, այս կամ այն նկատառումներից ելնելով, սկսում են սահմանափակել շինարարության մակերեսով, հարկերի քանակով և այլ չափանիշներով։ Բայց հետո, ինչ-որ պահից սկսած, ասում են, որ եթե ցանկանում ես շինարարության ընթացքը քո սրտով լինի, քո ուզած ձևով, ապա պետք է որոշակի չափով ֆինանսական միջոցներ հատկացնես քաղաքապետարանին։ Գործարարն էլ հաշվում է ու տեսնում, որ եթե շինթույլտվությունը ձգձգվի կամ էական սահամանափակումներով իրականացվի, ապա տուժողը միայն ինքն է լինելու: Հետևաբար մտածում է, որ արժե քաղաքապետարանի հետ գործարքի գնալ ու համաձայնում է քաղաքը կառավարողների «փոխշահավետ առաջարկին»: Սա է ամբողջ եղելությունը, որը ես կոչում եմ համայնքային ռեկետ: Այս ամբողջ պատմությունը վնասում է ներդրումային միջավայրը, քանզի իրավաչափ չէ սեփական ձախողումները քողարկելու համար մասնավորին այնպիսի պայմաններ առաջադրել, որոնք օրենքից չեն բխում և դուրս են պաշտոնյաների լիազորություններից։
Շատերը կարծում են, թե այս գործարքներից շահել է քաղաքը, բայց պարզից էլ պարզ է, որ շինարարության ավարտից հետո գործարարը մեխանիկորեն բարձրացնելու է վաճառվող բնակարանների գները, որպեսզի կարողանա ապահովել իր շահույթն ու ծախսածը հետ բերել։ Իսկ ովքե՞ր են լինելու գնորդները. իհարկե, մեր քաղաքացիները, որ ամեն օր զարմանում են նորակառույց շենքերի բնակմակերեսի գումարի չափից։ Սա է ներդրումներին խոչընդոտելու և համայնքային ռեկետի հետևանքը։
-Ամանորի միջոցառումների համար բավական կլորիկ գումար է տրամադրվելու՝ մոտ 900 հազար դոլար։ Ի՞նչ եք կարծում, ինչու՞ է Հայկ Մարությանն այդքան շռայլորեն ուզում կազմակերպել Ամանորը։
-Միշտ էլ այդպես է եղել, երբ քաղաքի կառավարիչները չեն կարողացել լուծել համակարգային խնդիրներն ու շոու են կազմակերպել՝ փորձելով քողարկել իրենց ձախողումները։ Հույս ունեմ՝ մեր քաղաքացիները լավ կնշեն Ամանորը, ու եթե որոշեն գնալ Հանրապետության հրապարակ, ապա կազմակերպված շոուն գոնե մի պահ մոռանալ կտա առկա բոլոր խնդիրներն ու ուրախություն կպարգևի նրանց: Բայց պարզից էլ պարզ է, որ տոնական միջոցառումից հետո մայրաքաղաքի հիմնախնդիրները չեն լուծվելու:
-Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ասում է, թե մեծ գումարներ են ներդնում, որ նպաստեն զբոսաշրջիկների Հայաստան գալուն։ Վարչապետն էլ բոլորին հորդորում է Ամանորն ազգովին հրապարակում դիմավորել: Նա նաև մտածում է ամանորյա հիթային ու նմանը չունեցող երգ ունենալու մասին։ Ի՞նչ եք կարծում, վարչապետը պե՞տք է նման հարցերով զբաղվի։
-Զբոսաշրջությունը կարելի է զարգացնել՝ ենթակառուցվածքները զարգացնելով ու քաղաքը զբոսաշրջիկների համար հարմարավետ դարձնելով։ Թբիլիսին, օրինակ, երբևէ չի առանձնացել ամանորի տոնական ծրագրերով, բայց այն գրավիչ է զբոսաշրջիկների համար, քանի որ լիարժեք ու բազմատեսակ հանգստի բոլոր պայմանները ստեղծված են։ Դա է նաև պատճառը, որ հայաստանցիներից շատերն ամանորյան արձակուրդներին մեկնում են Վրաստան։ Այս հարցերի շուրջ է, որ պետք է մտածեն կառավարությունն ու քաղաքապետարանը։ Իսկ վարչապետի՝ հիթային երգերով ու նման հարցերով զբաղվելը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա պաշտպանում է քաղաքապետի գործունեությունն ու փորձում իր վրա վերցնել Մարությանին ուղղված հարվածը. այլ պատճառաբանություն ես չեմ տեսնում:
-Ամանորյան միջոցառման համար տարբեր թաղապետարաններ պետբյուջեից գումարներ են հատկացրել։ Հին բարքերը շարունակվու՞մ են:
-Ընդհանրապես, եթե փորձենք վերլուծել քաղաքային իշխանությունների գործելաոճը, ապա կտեսնենք՝ գումարների ծախսման տրամաբանության մեջ քիչ բան է փոխվել։ Ամեն ինչ գեղեցիկ և ընդունելի է չափի մեջ, սակայն կազմակերպված միջոցառումների թե՛ ձևը, թե՛ չափը հաճախ հարցեր են առաջացնում, որ մնում են օդում կախված։ Նույնն էլ վերաբերում է թաղապետարանների պարգևավճարներին։ Ամիսներ շարունակ մենք պնդում էինք, որ աշխատավարձերը պետք է վերանայվեն և համաչափորեն բարձրանան։ Դրա փոխարեն իշխանությունները պահպանում են պարգևատրումների ուռճացված ֆոնդը, ինչը նրանց հնարավորություն է տալիս հայեցողաբար տնօրինելու այդ գումարները: Ստացվում է այնպես, որ առանց հաշվի առնելու տվյալ աշխատակցի աշխատանքի գնահատումն ու, միայն ըստ հայեցողության, մեկին շատ են գումար հատկացնում, մյուսին՝ քիչ։ Չկա պարգևատրումների հիմնավորման համակարգ, որով շատ աշխատողը շատ կվարձատրվի, քիչ աշխատողը՝ քիչ։
-Շեյխերի հայտնի պատմության, ինչպես նաև քաղաքապետարանում ավագանիների ջինսերով ու բոթասով հագուկապի մասին ի՞նչ կասեք։
-Քանի դեռ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները ոչ ներկայացուցչական տեսքով ավագանու նիստերի են մասնակցում, քաղաքապետը չպետք է կենտրոնանա այլոց կեցվածքի վրա և խոշոր ներդրողների հետ կիրակնօրյա հանդիպումներից չդժգոհի։ Դեռ ոչինչ, որ ավագանու նիստերի ժամանակ քաղաքապետն առանց փողկապի է, բայց պաշտոնական ընդունելությունների և հանդիպումների ժամանակ գոնե վատ չէր լինի մայրաքաղաքի քաղաքապետին վայել տեսքով ներկայանալ:
-80 տոկոս վստահության քվեով քաղաքապետ դարձած Հայկ Մարությանի վարկանիշն այսօր, ըստ Ձեզ, որքա՞ն է։
-Դժվարանում եմ պատասխանել։ Սոցիալական ցանցերում ֆեյքերն այնքան շատ են, որ իրական աջակիցներին դժվար է տարբերակել հատուկ նպատակներով բուծված կեղծ օգտատերերից։ Բնական է, որ Մարությանի աջակիցները քիչ չեն, քանի որ նա շարունակաբար մաշում է տարիների կուտակած դրական վարկանիշը։ Բայց մարդիկ ակնկալում են իրական փոփոխություններ, իսկ այդ ակնկալիքներն ունեն ողջամիտ ժամկետ, որից դուրս քաղաքապետն առերեսվելու է այն խնդիրների հետ, որոնց մասին մենք շարունակաբար ահազանգում ենք։
-Արթուր Մեսչյանն ասում էր, թե մինչև տարեվերջ Երևանի ճոպանուղու սյուները գոնե պատրաստ կլինեն, բայց տարին ավարտվում է, իսկ սյուները չկան։ Քաղաքը կառավարողների էլ ինչ խոստումներ անկատար մնացին։
-Իսկ որո՞նք են կատարվել։
Զրուցեց
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ