«ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու օրենքը լեգիտիմացնում է պորտաբուծությունը»
13.12.2019 | 00:15
«Սահմանադրական դատարանի մասին» օրինագծին, որ նախատեսում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկել, կողմ էր միայն խորհրդարանական մեծամասնությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունը: ԱԺ ընդդիմությունը, ի դեմս «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի», կտրականապես դեմ էր դատավորներին ոչինչ չանելու դիմաց «կլորիկ» գումար տալուն: «Սահմանադրական դատարանի դատավորներին ո՛չ իշխանությունը, ո՛չ պետությունը կլորիկ գումար չի տալիս,-հակադարձում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ և շարունակում,- նախագիծը վաղաժամ կենսաթոշակի անցնելու մասին է, որ կիրառվել է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Դանիան, Ռուսաստանը, ՈՒկրաինան, Վրաստանն ու Ավստրիան»: Հավելում է, որ այս մեթոդն անցումային արդարադատության գործիքակազմի անբաժանելի ու բաղկացուցիչ մաս է, որ իրականացնում են դատաիրավական բարեփոխումների տրամաբանության մեջ: Վենետիկի հանձնաժողովն էլ հղում անելով, որ վաղաժամ կենսաթոշակի ուղարկելը պարտադիր բնույթ չի կրում, դրական եզրակացություն է տվել այս ինստիտուտի ներդրմանը:
«Իհարկե, կարելի էր դատարանների ավելի լայն շրջանակ վերցնել ու չսահամանափակվել միայն ՍԴ-ով, քանի որ, այո՛, բոլոր դատարաններում էլ կան դատավորներ, որ այդքան էլ լավ չեն աշխատում, բայց այստեղ ոչ թե անհատի, այլ սխալ կազմավորված ինստիտուտի հետ գործ ունենք: Մեզ հակադարձում են, թե դատավորներ կան, որոնց վարքագիծը նույնպես կասկածելի է, բայց նրանց բարեվարքության նորմերով կարելի է ստուգել կամ գնահատական տալ, ինչը չենք կարող անել ՍԴ-ի դեպքում: ՍԴ կազմավորման այն ընթացակարգը, որ գրված է Սահմանադրության մեջ, չի գործել: Ներկա Սահմանադրությամբ դատավորները պաշտոնավարում են 12, նախագահը՝ 6 տարի, վերջինիս ընտրում են ՍԴ անդամները: Բայց քանի որ Սահմանադրական դատարանի ներկա կազմն անցումային դրույթների հիման վրա է կազմավորվել, ընթացակարգերը խախտվել են, ու այժմյան ղեկավարին ընտրել է Ազգային ժողովը, ՍԴ դատավոր-անդամներն ու նախագահն էլ ցմահ են պաշտոնավարելու: Սա տրամաբանությունից դուրս է, ցո՛ւյց տվեք մեկ այլ երկիր, որ նման մոդել ունի»,- նշում է Բաղդասարյանը:
Իմքայլականը բացատրում է՝ եթե իշխանության որևէ ճյուղ, այս դեպքում՝ դատական համակարգը, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները վերազանցում է, ապա մյուս երկու ճյուղերը վերահսկման մեխանիզմներ պետք է գտնեն: Հետևաբար այս նախագծով իրենք ՍԴ-ին ձեռք են մեկնում: Մեծամասնության ներկայացուցիչն արձանագրում է՝ ՍԴ-ի ճգնաժամը նոր չէ, իսկ սխալների համար թանկ են վճարում: Ըստ նրա՝ թեև առաջարկվող մեխանիզմը կարող է և չաշխատել, բայց այն, որ օրինագիծն իրավական հիմքերից է բխում, հակաօրինական չէ, կասկածից վեր է: Տիկին Բաղդասարյանը դժվարանում է պատասխանել՝ ինչից հետո երկու ինստիտուտների՝ Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի ղեկավարների հարաբերությունները լարվեցին, ու առաջացավ «ՍԴ ճգնաժամը»: Նշում է՝ նրանք կարող են լավ հարաբերություններ ունենալ, հարցը ՍԴ-ում առկա խնդիրն է. «ՍԴ-ի բնականոն գործունեության հարցը փոխկապակցված է ցանկացած այլ հարցի ու խնդրի հետ: Այնտեղ առկա ճգնաժամը լուծելու համար բոլոր ճանապարհները սպառելուց հետո մնում է միայն սահմանադրական փոփոխությունների գնալու տարբերակը, բայց Սահմանադրությունը չի կարող փոփոխվել զուտ հարցի կամայական հանգուցալուծման համար: Ինչ վերաբերում է ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի այն պնդմանը, թե վիրավորական է, երբ ոչինչ չանելու դիմաց վարձրատրվելու է, ապա նա այժմ էլ փաստացի ոչինչ չի անում, բայց վճարվում է: Ավելին, այդ կառույցում գրեթե բոլորը ոչինչ չեն անում, բայց վճարվում են: ՍԴ անդամները վախենում են քաղաքական պատասխանատվություն ստանձնելուց ու հաճախ խուսափողական մոտեցումներ են ցուցաբերում: Եթե որևէ մեկին թվում է, թե իշխանությունը պայմանավորվածություն ունի այս կամ այն մարդկանց հետ, այդ պատճառով է առաջարկվող մեխանիզմն ընդունում, ապա չարաչար սխալվում է, որովհետև ինքս էլ վստահ չեմ, որ այս մեթոդով որևէ մեկը պատրաստ է ու հաստատ որոշել է վաղաժամ կենսաթոշակի գնալ»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ գնահատմամբ՝ ընդունված օրենքը ՍԴ հին անդամներին հեռացնելու ու նրանց իշխանության համար նոր և վստահելի անդամներով փոխարինելու նպատակ ունի: Սամսոնյանն ասում է, որ ժողովրդի գրպանի հաշվին իշխանությունների կողմից չսիրված դատավորներին թոշակի ուղարկելով՝ փորձում են քաղաքական խնդիր լուծել:
«Եթե ՍԴ դատավորները որևէ իրավախախտում են արել, ապա ըստ իրավական պետության տրամաբանության, հարցին պետք է բացառապես իրավական լուծում տալ, բայց իշխանությունը ճիշտ հակառակն է անում ու խրախուսում, իրենց իսկ բնորոշմամբ, իրավախախտում կատարած դատավորներին: Կարգազանց դատավորներին հեռացնում են պաշտոնից, ոչ թե էլիտար թոշակառու դարձնում: Մի կողմից ասում են, թե ՍԴ դատավորները չեն նպաստել ժողովրդավարությանը, չեն համապատասխանել ժողովրդավարության պահանջներին, վնասել են մեր պետականությանը, մյուս կողմից պետությունը նրանց ձեռք է մեկնում և թողնում պատվով հեռանալ: Բայց ես վստահ եմ, որ եթե նմանօրինակ իրավիճակում հայտնվեր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, չէր հեռանալու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե այն մարդիկ, որոնց ուզում են թոշակի ուղարկել, ստանալու են այն նույն գումարը, ինչ հիմա ստանում են: Բայց հարց է առաջանում՝ ՍԴ-ն համալրող նոր դատավորներն աշխատավարձ չե՞ն ստանալու: Ստացվում է՝ պետությունը կրկնակի բեռ է վերցնում իր ուսերին ու դա անում է ի հաշիվ հարկատուների,- բարձրաձայնում է ԼՀԿ-ականն ու հավելում. մինչև հիմա հարցական է մնացել՝ եթե ՍԴ դատավորներին հին համակարգի մարդ են համարում, ապա ինչու՞ չեն բարեփոխում նաև մյուս «հին» համակարգերը: Օրինակ՝ գլխավոր դատախազի հարցն օրակարգ չեն բերում կամ բացառապես բոլոր դատավորներին տուն չեն ուղարկում, քանի որ «նրանցից ոչ ոք չի վայելում ժողովրդի և քաղաքացիների վստահությունը»:
Սամսոնյանը հիշեցնում է՝ Սահմանադրության առաջին գլուխն ասում է՝ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ ընդունված օրենքը խախտում է պետության սոցիալական արդարությունը և համերաշխությունը, որովհետև ստացվում է՝ ժողովրդի կողմից ոչ վստահելի դատավորները ստանալու են բարձր կենսաթոշակ, քան որևէ մեկը Հայաստանում երբևէ ստացել է: Շեշտում է՝ «Իմ քայլի» կողմից ընդունվածը ՍԴ-ի բարեփոխմանը չնպաստող, մի քանի անձանց հարց լուծող և սոցիալապես անարդար օրինագիծ է: Որպես ՀՀ քաղաքացի՝ ընդդիմադիր պատգամավորը դեմ է, որ իր վճարած հարկերից դատավորները բարձր թոշակ ստանան: Իսկ որպես պատգամավոր ընդգծում՝ այո՛, ՍԴ-ն ունի բարեփոխման անհրաժեշտություն, բայց դրա միակ ճանապարհը սահմանադրական փոփոխություններն են:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ համեմատություն է անցկացնում. «Ավերակ հիշեցնող դպրոցների համար կառավարությունը գումար չունի, բայց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու համար գումար կա»: Ըստ նրա՝ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծն ամբողջովին՝ վերից վար, հյուսիսից հարավ, աջից ձախ, բացարձակ քաղաքական էր, ինչի մասին բաց ու հրապարակայնորեն ասել է նաև ՀՀ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ընդգծում է՝ այնպես չէ, որ ԲՀԿ-ի ուշքը գնում է «Հրայր Թովմասյան+վեցյակ»-ի համար, բայց գործընթացները պետք է բացառապես իրավական ու քաղաքական լինեն:
«Դիմում եմ Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներին, սիրելինե՛րս, մեզ ու ձեզ առաջարկվում է, որ մեր ու ձեր հարկերից 630 մլն դրամ վճարենք «Հրայր Թովմասյան և ընկերներ» ընկերությանը, որպեսզի նրանք գնան տուն, նստեն թախտին, Թովմասյանն ամսական 1375712 դրամ, իսկ 6 դատավորներից յուրաքանչյուրը 1035784 դրամ ստանա: Եվ դա միայն նրա համար, որ իշխանությունների դուրը չի գալիս այդ «կանտորան», ու նրանք ուզում են այդ «կանտորայի» դատավորներին փոխել իրենց քիմքին հարիր այլ դատավորներով: Մենք՝ հարկատուներս, մարդկանց գումար չպետք է տանք անգործության համար: Իսկ ՍԴ այն դատավորները, որ կգայթակղվեն ու կցանկանան օգտվել օրենքից, թող հիշեն՝ որևէ իշխանություն հավերժ չէ, ու իշխանության փոփոխությունից հետո ոչ միայն վերադարձնելու են ոչինչ չանելու դիմաց ստացած գումարները, այլ նաև քրեական պատասխանատվության են ենթարկվելու: ՈՒզում եմ հիշեցնել, որ իշխանության ներկայացուցիչ իմ գործընկերները ՍԴ անդամներին հանցագործ էին անվանում, անգամ միջնադարյան ինկվիզիցիայի դարաշրջան էին վերադարձել, երբ նման մարդկանց այրում էին: Հիմա, փաստորեն, հանցագործներին կրակի վրա այրելու փոխարեն (ինչպես, օրինակ, պատկերացնում եմ՝ Հրայր Թովմասյանը Ջորդանո Բրունոն է, Արևիկ Պետրոսյանը՝ Ժաննա դþԱրկը), ասում են՝ եկե՛ք պարգևատրենք ձեզ ու տուն ուղարկենք»,- պատկերավոր ներկայացնում է տիկին Զոհրաբյանն ու ընդգծում՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված «էպոպեայի» ընթացքում այդպես էլ իրավական որևէ հիմնավորում չի բերվել, թե ինչու պետք է ՍԴ դատավորներն ուղարկվեն «վաստակած հանգստի»:
Խիստ է արտահայտվում՝ օրենքը լեգիտիմացնում է պորտաբուծությունը, այն ամբողջապես քաղաքական «պրեսինգ» է մի կառույցի նկատմամբ, որի հետ իշխանությունն իրավական ճանապարհով հաշվեհարդար տեսնել չի կարողանում ու գնում է քաղաքական գործարքի ճանապարհով:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ