«1,5 տարվա ընթացքում իշխանության ղեկի մոտ հայտնվածները ինքնաթիռներից չեն իջնում, վայելքներով են իրենց շրջապատում»
06.12.2019 | 00:13
«Վերնատուն» քաղաքական հարթակի առաջին հրապարակային նիստից հետո իշխանության արձագանքը բավական բուռն էր։ Սակայն այնտեղ հնչեց բավական առողջ քննադատություն, որի հետ պետք է հաշվի նստել, բայց այս իշխանությունը բոլոր «տեսակի» նախկիններին լսելու ցանկություն չունի։ Այս հարթակի, երկրի տնտեսական վիճակի մասին զրուցում ենք տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ։
-Պարոն Բոստանջյան, Դուք ևս «Վերնատան» անդամներից եք։ Այս հարթակի նպատակը ո՞րն է, ինչու՞ որոշեցիք լինել այնտեղ։
-Այնտեղ հավաքված են մարդիկ, որոնք ըստ էության, մտահոգ են, անաչառ, չապականված, մեր երկրի համար որոշակի վաստակ ունեն։ Իշխանափոխությունից հետո բոլորն էլ հակված էին տեսնելու երկրում ձևավորված հարաբերությունների արդիականացում, բարեփոխում, բայց շատ շուտով արձանագրեցինք, որ նման բան չկա։ Ավելին, միտումն անգամ չկա, որ վաղը լավ է լինելու։ Սա պայմանավորված է և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներով։ Օբյեկտիվն այն է, որ որոշում կայացնողները խորապես չեն տիրապետում այն ոլորտին, որտեղ հայտնվել են։ Սրանով են պայմանավորված անհաջող, ոչ հավասարակշռված, անարդյունավետ որոշումները։ Ելնելով այս իրավիճակից, «Վերնատուն» հարթակի հիմնադիր անդամները որոշեցին այն հարցերի շրջանակը, որոնք մեր երկրի համար և քաղաքական, և տնտեսական առումով պետք է դառնան օրակարգային։ Այս հարթակի նպատակը նաև այն է, որ որոշում կայացնողներն ականջալուր լինեն այդ մտահոգություններին, շտկեն սխալները և հասկանան խնդիրների խորությունը։
-Բայց կարծեք ներկա իշխանություններն այդ ամենը լսելու ցանկություն չունեն, ավելին, հարթակում հավաքվածներին բավական կոշտ ձևով էին բնութագրում։ Ինչո՞վ է պայմանավորված նման բուռն արձագանքը։
-Դա բնական է, որովհետև իշխանության ղեկին են հայտնվել մարդիկ, որոնք անգամ իրենց ամենավառ երազում նման բան չէին կարող պատկերացնել։ Որքան էլ հեգնանքով են վերաբերվում այն հարցին, որ իշխանությունը կորցնելու են, իրականում այդքան էլ դողէրոցքի մեջ են, որ այդ հեքիաթը կարող է հօդս ցնդել։ Բայց մենք ամենևին իրենց իշխանության մասին չենք խոսում, այլ մեր երկրին սպառնացող վտանգների։ Մեր երկիրն իր լավ ու վատ ավանդույթներով դարերով ձևավորվել ու մեզ է հասել։ Մեր կարևորագույն ինստիտուտներն են ընտանիքը, լեզուն, հավատքը, բարոյական նորմերը։
-Կարծում եք, այդ ինստիտուտներն այսօր վտանգվա՞ծ են։
-Չեմ ցանկանում խտացնել գույները, բայց ակնհայտ է, որ վտանգված են այս բոլոր ինստիտուտները, արժեքները։ Սրանք կարճ միացում են տալիս մեր հազարամյակներով ձևավորված ավանդույթների հետ։
-Ո՞րն է այսօրվա իշխանության արժեհամակարգը։
-Այսօր մենք գնահատումների դաշտում ենք։ Խոշոր առումով սա չարի և բարու կռիվ է, ընդ որում ոչ միայն Հայաստանում է այդպես, այլև ողջ աշխարհում։ Մի մասն իրեն համարում է գլոբալիստ, նեոլիբերալ, որոնք հակաքրիստոնեական հոգեբանություն ունեն, հակված են շուրջբոլորը տեսնելու միայն զոմբիների։ Բնականաբար նման ուժերի նպատակն այդ գաղափարները ողջ աշխարհով տարածելն է։ Կան մարդիկ, որոնք մեծագույն հաճույքով ծառայում են այդ գործին։ Անիմաստ բստրել են ինչ-որ մարդու իրավունքներ, իբր ժողովրդավարական սկզբունքներ, որոնք այնքան են միախառնվել, որ դրանց հորձանուտում իրական արժեքները կորել են։ Այս ամենի համատեքստում շատ դժվար է ասել, թե ինչ ծրագիր են երկրում իրականացնում, ինչ նպատակ են հետապնդում։
-Այսօր Ձեզ ո՞ր հարցն է ամենաշատը մտահոգում։ Ո՞ր ուղղությամբ եք լուրջ խնդիրներ տեսնում։
-Այսօր խոցելի են կառավարման բոլոր օղակները։ Արտաքին հարաբերություններում իրավիճակը շատ ցցուն է, տարբեր հարթակներում մեր պարտություններն ակնհայտ են։ Հասկանալի է, որ երիտասարդ երկիր ենք, միջազգային հարթակներում աշխատելու մեծ փորձ չունենք, բայց Արցախի հարցում սայթաքումներն աններելի են։ Սա լոկ տարածքի խնդիր չէ, այլ անվտանգության։ Իսկ այդ անվտանգությունը ոչ միայն Արցախին է վերաբերում, այլև ողջ Հայաստանին։ Սա չհասկանալ ու առաջնորդվել գույնզգույնությամբ, մանր վայելքներով, առնվազն վտանգավոր է երկրի համար։
-Մի կողմից իշխանությունը հայտարարում է, թե երկրում այլևս կոռուպցիա չկա, մյուս կողմից սեփական կադրերին բռնում են կոռուպցիոն գործարքների մեջ։ Հիմա, ի վերջո, կոռուպցիա կա՞, թե՞ չկա։
-Աստված անգամ չի կարող ասել, որ կոռուպցիա չկա, որովհետև մոլորակը ստեղծված է այնպես, որ անհնար է կոռուպցիան բացառել։ Լավագույն դեպքում երկրի կանոնակարգությունը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնելու կոռուպցիան։ Աշխարհում չկա մի երկիր, որտեղ կոռուպցիա չլինի։ Պատգամավոր եղած ժամանակ մի քանի անգամ ասել եմ, որ կոռուպցիան ծագել է Ադամից ու Եվայից և մարդկության հետ էլ վերանալու է։ Ողջ խնդիրն այն է, թե ինչ մեխանիզմներ ունենք այն զսպելու համար։ Բարիքը մեկն է, ցանկացողները հազարումեկը, այս պարագայում անհնար է նման բան չլինի։ Ոչ թե նպատակ ունեմ կոռուպցիան գովազդելու, այլ փաստելու, որ այն նվազագույնի հասցնելու համար պետք է մեխանիզմներ մշակել։ Գուցե այսօր նախորդ շրջանների համեմատ մի քիչ նվազել է կոռուպցիան, բայց... «Բայց» պատասխանն էլ այն է, որ արդեն 1,5 տարվա ընթացքում իշխանության ղեկի մոտ հայտնվածները` և՛ գործադիրում, և՛ օրենսդիրում, ողջ մոլորակով պտտվում են, ինքնաթիռներից չեն իջնում, տարբեր տեսակի վայելքներով են իրենց շրջապատում։ Այս ամենն ու՞մ հաշվին է։ Անշուշտ, հարկատուների, երբ սուղ ֆինանսական միջոցները հավաքվում են աղքատության պայմաններում հայտնված մարդկանցից։
-Այս իշխանությունն իր ողջ քարոզչությունը կառուցել է նախկին թալանչի, կոռուպցիայի մեջ թաթախված իշխանության վրա։ Մինչդեռ անցած 1,5 տարում այդ խնդրով ոչ մի գործ չի ապացուցվել։ Բացահայտումներ այսօր կան, վաղը լրիվ ուրիշ բան է պարզվում։
-Ենթադրենք, որ նախկիններն այդպիսին էին, բայց դու լավ աշխատիր, երկիրը ոտքի հանիր։ Կարող է 2-3 հազարամյակ էլ ասեն, որ նախկինները կոռումպացված էին։ Հետո՞։ Տվեք այս կամ այն հարցում ձեր տեսլականը։ Արցախի հիմնախնդիրը լուծու՞մ եք, թե՞ ոչ, տնտեսությունը զարգացնու՞մ եք, թե՞ ոչ։
-Անդրադառնանք տնտեսությանը, ի՞նչ է կատարվում այս ոլորտում։
-Հայաստանն աֆրիկյան ամենահետամնաց երկրի տնտեսության կառուցվածքն ունի։ 2020-ի տնտեսական աճի մեջ մեծագույն դեր է խաղում ծառայությունների ոլորտը։ Սա ոչ այլ ինչ է, քան առասպելաբանությամբ արձանագրված սիզիփոսյան անօգուտ աշխատանք։ Այսինքն, մենք նոր, արդիական արժեք չենք ստեղծում։ Ֆինանսական ռեսուրսներն աջ ու ձախ շպրտելով, շրջանառության մեծություն ենք ցույց տալիս, որը նշանակում է քվազի զարգացում։ 2020-ին նախատեսվում է չկիրառել 457 մլրդ դրամի հարկային ծախսեր (սրանք այն ծախսերն են, որոնք երկիրը կարող է անել, եթե հարկային արտոնություններ չկիրառվեն)։ Իմա՝ այդքան արտոնություններ են տրվում։ Եթե սա չլինի, մեր բյուջեն 1 մլրդ դոլարով կավելանա։ Խոսքն այն մասին չէ, որ այդ արտոնություններն ընդհանրապես չպետք է տրվեն, բայց պետք է հստակ չափորոշիչներ լինեն, որոնցով կհիմնավորվի տրվող արտոնությունը։ Ես իրավունք ունեմ մտածելու, որ սա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Մարդիկ մատների վրա հաշված աշխատողներ ունեն, զբաղվում են ծառայությունների ոլորտով ու նրանց տրված է արտոնություն։ Այլ բան է, եթե խոշոր ներդրումային ծրագիր ես իրականացնում, տեխնոլոգիական գծեր ես բերում ու քեզ արտոնություն են տալիս։ Բայց եթե պետք է ծխախոտ, գազավորված ըմպելիք վաճառես, քեզ արտոնություններ ինչու՞ են տալիս։ Ահա այս հանգամանքից ելնելով էլ, կարող ենք գնահատել` կոռուպցիա կա՞, թե՞ ոչ։ Պարզվում է` Երևանի, որտեղ ապրում է հանրապետության բնակչության կեսը, ղեկավարության միակ հաջողությունը աղբատար մի քանի մեքենաների նվիրատվությունն է։ Ինչքա՞ն բարեգործների, հուզվածների երկիր ունենք։ Քանի որ այդքան ուժեղ նվեր տվողներ են, թող մի քանի հատ էլ նվեր տան ուրիշ քաղաքներին։ Այսպիսի բան չի կարող լինել, ինչպե՞ս կարող է տնտեսավարող սուբյեկտն այդպես շռայլ լինել։ Եթե նրանք կարողանում են իրենց գործունեությունն ապահովել, էլ բունուգործ չունե՞ն, պիտի նվերնե՞ր տան։ Իսկ նվեր ընդունողն էլ շատ գոհ է, որ այդպիսի նվերներ է ստանում։ Բա չե՞ն հետաքրքրվում` ինչի՞ց ելնելով են այդ նվերները տվել, գեղեցիկ աչքերի՞ համար, թե՞ հուզվածության։
-Փաշինյանն իր տնտեսական ամենամեծ հաջողությունը համարում է եկամտահարկի շուրջ 130 տոկոս հավաքագրումն ու հաշվի առնելով այս փաստը, նշում է, որ 2020-ի բյուջեն հեղափոխական է։
-Ստացվեց այնպես, որ ԵԱՏՄ-ի անդամ հանդիսանալով, մեքենաների ներմուծման մաքսատուրքի առումով մեզ արտոնություն տրվեց մինչև տարվա վերջ, աշխատանք չունեցող մարդիկ սկսեցին մեքենաների առևտրով զբաղվել։ Սրանով պայմանավորված գումարը բյուջեում ավելացավ։ Սա առ ոչինչ է, քանի որ շարունակականություն չունի։ Եթե 2020-ի հունվարի 1-ից դա վերանում է, նշանակում է բյուջեի մուտքերն էլ են դադարում։ Թող այդ մուտքերով չհուզվեն, անգամ մեծ դժվարություններ ունենալով հանդերձ, երկիրը շնչում և արտաշնչում է։ Այս պարագայում հնարավոր չէ, որ մի փոքր անգամ բյուջե չգոյանա։ Եթե ասում են՝ հեղափոխական բյուջե, օխլոս զանգվածը (իհարկե, հիմա դրանք հայկական անուն են ստացել՝ պողոսներ) դրա տակ հասկանում է այն, որ ոչ թե ինքն է լավ ապրելու, այլ մնացածն են վատ ապրելու ու դրանից ուրախանում է։ Ինչից չեն հասկանում, դրանից ավելի շատ են ուրախանում։ Ասում են՝ տնտեսական հեղափոխություն, ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը, երբ տնտեսական աճը 4,9 % է, որն ավելի քիչ է, քան ընթացիկ տարում` 2018-ին էր։
-2020-ի բյուջեում նաև չկան գազի գնի հնարավոր բարձրացման դեպքում համապատասխան հաշվարկները։ Ի՞նչ կարող է դա արժենալ տնտեսության համար։
-Մի կողմ թողնելով հնարավոր թանկացումները, մեկ էական հանգամանք արձանագրենք. չկան այն հնարավորությունները, որոնք թույլ կտան մտածել, որ վաղն ավելի լավ է լինելու։ 2016-2018-ին փորձեցինք վերամշակող արդյունաբերությունը ոտքի հանել, հիմա 2020-ին այդ ոլորտում նահանջ է նկատվում։ Ոչինչ, թող գազը թանկանա, գազ չունես, մի օգտագործիր կամ ժամանակին ասել եմ՝ աթար վառեք։ Ո՞վ է ասել, որ պետք է անվճար օգտվենք բոլոր բարիքներից։ Սա չէ էականը, կարևորն այն է, որ կարողանանք մեր հասարակությանն ապահովել որակով աշխատանք, որպեսզի մարդիկ նոր արդյունք տան։
-Մարդիկ բողոքում էին նախկինների տնտեսական քաղաքականությունից, եկան նորերը, էլի բան չի փոխվում, ինչու՞ չի զարգանում տնտեսությունը։
-Օբյեկտիվ պատճառներ կան։ Բայց մենք միշտ պատճառները մեզանից դուրս ենք փնտրում։ Ամենամեծ պատճառը մենք ենք։ Չասենք՝ նոր, հին իշխանություններ։ Մենք ռացիոնալ աշխատողներ չենք։ 70 տարի ցանկացանք «Երազ» մեքենա ստեղծել, մի թիթեղ չկարողացանք ծռել։ ՈՒզում ես գերմանացու նմա՞ն ապրել, բարի եղիր, նրա պես աշխատիր, հետևողականություն, արդյունավետություն, արտադրողականություն ապահովիր։ Չգիտես՝ ինչու մենք չենք ցանկանում հասկանալ, թե ով ենք մենք, ինչքան արդյունավետ ենք աշխատում, ինչ ենք ստեղծում ու ինչ ենք վայելում։
Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ