«Ցանկանում ենք ազգային հանգանակությամբ ստեղծել ազգային մեծ արքային ձոնված և շուրջ երեք դար առաջ գրված օպերան»
03.12.2019 | 02:58
Զրուցակիցս մշակութաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԳԱԳԻԿ ՄԱՆԱՍՅԱՆՆ է, որը «Տիգրան Մեծ» օպերայի գլխավոր պրոդյուսերն է։
«ՀՐԵԻՑ ԹԱԳՈՒՀԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԷՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԿԻՆԸ ԵՎ ՀՐԵԱՍՏԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՅՈՑ ԱՐՔԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ»
-Պարոն Մանասյան, աշխարհի նշանավոր կոմպոզիտորները շուրջ 40 օպերա են գրել ի նվիրումն «Ծովից ծով Հայաստանի» կնքահայր Տիգրան Մեծ արքայից արքային։ Ինչո՞վ է սա պայմանավորված։
-Նա չափազանց դրամատիկ պատմական կերպար է։ Արդեն հասուն տարիքում է նստել արքայական գահին, երկար ժամանակ պատանդ է պահվել, ամուսնացել է երևելի գեղեցկուհի Կլեոպատրայի հետ, որը Միհրդատ Պոնտացու դուստրն էր, նրան դավել է հարազատ որդին՝ Տիգրան Կրտսերը, ըստ էության, դառնալով կայսրության փլուզման պատճառներից մեկը։ Նա Արևելքի արքայից արքան էր, որը ժառանգվող կամ նվիրաբերվող տիտղոս չէ, այն նվաճում են հաղթելով մինչ այդ անհաղթ մեկ այլ արքայից արքայի։ Արքայից արքայի թագը տարբերվում է թագավորի թագից։ Այս ամենից բացի, Տիգրան Բ-ն այն եզակի նվաճողն էր, որին սիրով էին ընդունում նվաճված երկրում, քանզի նրանց բերում էր խաղաղություն և բարեկեցություն։
-Ձեր նախաձեռնությամբ սկսվել է մի մեծ շարժում Ադոլֆ Հասեի գրած «Տիգրան Մեծ» օպերան բեմադրելու համար։ Ո՞րն է նախընտրության շարժառիթը։
-Ադոլֆ Հասեն հռչակավոր կոմպոզիտոր է, նրա տուն-թանգարանը Գերմանիայում հսկայական է։ Նա պատահաբար հայտնվում է Սուրբ Ղազար կղզում, հյուրընկալվում է Մխիթարյան միաբանությանը և ապշում է, ծանոթանալով միաբանության մշակութային հարստության հետ։ Մինչ այդ բախտորոշ այցը նա հայության մասին առհասարակ տեղեկություն չի ունեցել։ Նա շուրջ երկու տարի ապրել է կղզում, ուսումնասիրել է պատմական արխիվները։ Եվ քանի որ Եվրոպայում բեմադրվել էին հայոց արքային նվիրված առաջին օպերաները, նրա ուշադրությունը բևեռվել է Տիգրան Բ-ի վրա։ Ինչպես մյուս շատ նշանավոր կոմպոզիտորների, այնպես էլ Հասեի համար Տիգրան Մեծը հետաքրքիր և անսովոր կերպար է։ Ասորիքը թախանձել է հայոց արքային, որ վերջինս թագավորի իրեն։ Ավելին, հրեից թագուհին պատրաստվում էր դառնալու Տիգրանի կինը և հանուն դրա պատրաստ էր Հրեաստանը ի տնօրինում հանձնելու հայոց արքային։ Ի դեպ, Տիգրան Մեծի առաջին մեծ հաղթանակից առաջ հայոց երկնքում փայլատակեց Հալլեի գիսաստղը։ Հալլեի գլխաստղը երևաց մեր երկրի երկնքում նաև Ղարաբաղյան շարժման նախօրյակին։ Սա պատահականությու՞ն է, թե՞ նախախնամություն։
«ԵՎ ՀԱԼԵՊՈՒՄ, ԵՎ ՀՈՄՍԻ ԲԵՐԴՈՒՄ ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐՆԵՐԸ ԱՆԽՏԻՐ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՄԱՍԻՆ»
-Հալեպի և Հոմսի բերդերը կառուցել է Տիգրան Մեծը։ Հոմսի մուտքի մոտ մի անտաշ ժայռ կա, վրան քարագրված, որ այս քաղաքը չի մտել ոչ մի նվաճող, բացառությամբ հայ արքա Տիգրան Մեծի։ Այսօր էլ Հոմսը ռազմական գործողությունների կիզակետում է, սակայն դարձյալ աննվաճ է։ Ե՛վ Հալեպում, և՛ Հոմսի բերդում էքսկուրսավարները անխտիր պատմում են Տիգրան Մեծի մասին։ Ինքս Հալեպի բերդում էի, և երբ էքսկուրսավարը նոր էր սկսել ներկայացնել բերդի պատմությունը, հարցրի՝ իսկ ո՞վ է կառուցել այս բերդը։ Էքսկուրսավարը իսկույն հարցրեց՝ հա՞յ ես։ Դրական պատասխան ստանալով, ասաց՝ մի շտապիր, ես մշտապես հանգամանալից պատմում եմ ձեր արքայի մասին։ Այդպես էլ եղավ։ Նա սիրված թագավոր էր, հպատակ երկրներից միայն պահանջում էր, որ օրինավոր կերպով հարկերը վճարեն։ Տիգրան Մեծի, որպես բարեպաշտ նվաճողի օրինակը, ըստ էության, եզակի է համաշխարհային պատմությունում։ Նա աշխարհակալ տիրակալ էր և արքա էր բարեպաշտ։ Մի՞թե նշվածը չափազանց գայթակղիչ չէ ստեղծագործողների համար, պատմական անհատի կերպարն ստեղծելու առումով։
Բացի վերոնշյալից, հայոց արքան շատ դրամատիկ պատմաքաղաքական իրադարձությունների կիզակետում էր։ Միհրդատ Պոնտացու հետ նրանք գերիշխանություն էին հաստատել Արևելքում, ընդդեմ Հռոմի աշխարհակալության։ Միհրդատ Պոնտացու և Տիգրան Մեծի միջև վավերացված էր ռազմաքաղաքական պայմանագիր։ Եվ այս պայմանագիրը է՛լ ավելի ամրապնդելու նպատակով Միհրդատը իր չքնաղագեղ աղջկան ¥որի ձեռքն էին խնդրում Արևելքի 22 թագավորներ¤ կնության է տալիս Տիգրանին։ Միհրդատ Պոնտացին պարտվեց հռոմեացիներից, ինչը դարձավ նրա անկման նախերգանքը։ Կլեոպատրան այդ պատմության մեջ մեղադրում է Տիգրանին։ Եվ սկսվում է մի ահռելի դրամատիկ խաղ, հակադրվում են հայոց արքունիքում ապաստանած Միհրդատն ու Տիգրանը, Տիգրան Մեծին դատապարտում է Կլեոպատրան` հոր պարտության մեղքը գցելով ամուսնու վրա։ Տիգրանի և Կլեոպատրայի որդին՝ Տիգրան Կրտսերը, իր հերթին չի ներում հորը։ Խնդիրն այն է, որ «Ծովից ծով Հայաստանի» տիրակալի ընտանիքը ինքնին ընտանեկան պատերազմի թատերաբեմ էր։ Այսպիսով, հայոց արքայի մասին չորս տասնյակ օպերա է գրվել, բայց գեթ մեկը Հայաստանում չի բեմադրվել, սա աններելի է։
«ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ» ՀՈՎԱՆԱՎՈՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է»
-Ի՞նչ փուլում է Ձեր նախաձեռնությունը։
-Մենք բեմականացնելու ենք Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերան, որը գրվել է 1727-ին, բեմադրվել է մեկ տարի անց, Վենետիկում։ Այսօր մեր թիվ մեկ խնդիրը ֆինանսական է, և ես գումարների ներհոսքը ձևավորում եմ մի գաղափարի շուրջ, որն արտացոլված է այս նշանաբանում. «Տիգրան Մեծ» օպերայի հովանավորը հայ ժողովուրդն է»։ Այսպիսով, ցանկանում ենք ազգային հանգանակությամբ ստեղծել ազգային մեծ արքային ձոնված և շուրջ երեք դար առաջ գրված օպերան։ Ձևավորել ենք գործընթացի փաթեթը։ Այսպես, Տիգրան Մեծի փողոցներում, Երևանում ու Վանաձորում կազմակերպելու ենք ֆլեշմոբ, որին մասնակցելու են Տիգրան անունով տղաներ։ Ստեղծելու ենք «Տիգրան Մեծ» կուտակային քարտ, այժմ բանակցում ենք մի քանի բանկի հետ։ «Տիգրան Մեծ» անվանումը կրող կոնյակը դարձնելու ենք բրենդային ապրանքանմուշ և նման այլ նախաձեռնություններով փորձելու ենք խնդրին հանրային լուրջ հնչողություն տալ։
Պայմանավորվել ենք ոսկերչական գործարանի հետ՝ պատրաստելու Տիգրան Մեծի ոսկեձույլ թագը, որն օպերայի պրեմիերայից հետո կդրվի աճուրդի։ Համացանցում բացել ենք «Տիգրան Մեծ» էջը, որը հայրենասիրական նշանակություն ունի, այս համազգային նախաձեռնությունից բացի, էջում ներկայացնելու ենք հայոց թագավորներին։ Անշուշտ, կա դրամահավաքի բաժին։ Նվիրատուի անունը, իհարկե, արձանագրվում է նվիրատուների ցանկում, արձանագրվում է նաև գումարի չափը և այս ամենը տեսանելի է օնլայն ձևաչափում։ Ամեն բան լինելու է հանրամատչելի և հասցեական։ Երիտասարդական հավաքներ ենք կազմակերպելու, «Տիգրան Մեծ» զբոսաշրջային երթուղի ենք բացելու և հայ մտավորականներին շուրջայցի ենք հրավիրելու Տիգրանի անցած հաղթական ճանապարհով, մինչև Հալեպ։
-Եթե չեմ սխալվում, «Տիգրան Մեծ» ներկայացման համար էլ եք նշանաբան երկնել։
-Այո, այն կոչվում է «Գտիր քո մեջ Տիգրան Մեծին»։ Այս նշանաբանը լայնորեն հանրահռչակվելու է։ Կասկած չունեմ, որ մեր նախաձեռնությունը համազգային ընդգրկում կունենա և ահա թե ինչու։ Մի երիտասարդ տղամարդ հանդիպեց ինձ և ասաց, որ նախ՝ շատ ոգևորված է «Տիգրան Մեծ» օպերայի բեմականացմամբ և պատրաստ է սատարելու։ Հետո ավելացրեց, որ ֆինանսական օգնություն ցուցաբերել անկարող է, քանզի նյութական խնդիրներ ունի, բայց կարող է սատարել թեկուզ մի քարը մյուսի վրա դնելով։ Սա ինձ շատ ոգևորեց։ Ես այս մարդուն կնքել եմ «ժողովրդի ձայն» տիտղոսով և համոզված եմ, որ նա իր նվիրման մեջ եզակի չէ։ Ամեն հայի մեջ նստած է Տիգրան Մեծը։
-Որպես երաժշտական մշակույթ բեմադրվելիք օպերան իրենից ի՞նչ է ներկայացնում։
-Արժանավոր գործ է։ Գնահատվել է ճանաչված մասնագետների կողմից։
-Պարոն Մանասյան, այնուամենայնիվ, ինչու մենք ո՛չ խորհրդային, ո՛չ էլ նորանկախական շրջանում չենք անդրադարձել այս օպերային։
-Հիմնական պատճառն այն է, որ այդ օպերաները գրված են «բարոկկո» երաժշտական ոճով, որը ժամանակակից երաժշտական աշխարհում ամենաընդգծվածներից է և ունի հստակ օրենքներ, նվագարանները՝ մետաղական լարեր, երկար աղեղներ և այլն։ Այս ամենը լրացուցիչ դժվարություն է ստեղծել «Տիգրան Մեծ» օպերայի բեմականացման համար։ Այժմ կամենում ենք հաղթահարել խոչընդոտները և բարոկկո երաժշտությունը տարածել ՀՀ-ում։ «Տիգրան Մեծ» օպերան կարող է դառնալ հիմնաքար նշյալ երաժշտության տարածման համար։
-Շնորհակալություն զրույցի համար։ Համազգային այս նախաձեռնությանը «Իրատեսը» մաղթում է համազգային զորակցում։
Զրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ