2018-ի քաղաքական իրադարձություններից հետո, ցավոք, նոր որակի խորհրդարան չունեցանք, ինչն ունի թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ: Հիշում ենք՝ ինչ պայմաններում անցավ նախընտրական պայքարը, երբ մարդկանց պարտադրվեց արհեստական ընտրություն սև ու սպիտակի միջև, իսկ սպիտակի անվան տակ խորհրդարանում հայտնվեցին պետական ու ազգային շահերից հիմնականում հեռու և ոչ արհեստավարժ մարդիկ,- «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հասարակական, քաղաքական գործիչ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՅԱՆԸ:
-Խորհրդարանում նաև ընդդիմություն չկա: Երկու ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, ընդդիմության իմիտացիա ստեղծելու համար են ԱԺ-ում հայտնվել, իսկ խորհրդարանական մեծամասնությունն ուղղակի կոճակ սեղմող է: Մեկուկես տարվա ընթացքում արմատական որևէ բարեփոխում չի արվել, վստահ եմ, որ չի էլ արվելու: Փաշինյանն իշխանության է եկել զուտ նրա համար, որ նախկին վարչակարգի խիստ աղճատված դեմքը «տանելի» դարձնի: Իրական հեղափոխական ուժն առաջին իսկ օրվանից պետք է իրավական, քաղաքական գնահատական տար նախկին վարչակարգին: Եվ այդ գնահատականը ուղղակի օդում խոսելով չպետք է լիներ, այլ կոնկրետ պատասխանատվությամբ: Պետք է Սահմանադրությունը փոխվեր, բալանսավորվեին իշխանության երեք ճյուղերը, ժողովրդին վերադարձվեր «Անկախության հռչակագրով» նրան պատկանող, բայց նրանից խլված սեփականությունը` հողը, ընդերքը, ջուրը, բնական և մշակութային ռեսուրսները: Բայց դա չի արվել կամ չի արվում, իրեն «հեղափոխական» հորջորջող ուժն էլ այնպիսի օրենքներ է ընդունում, որ ամրապնդում է օլիգարխիկ համակարգը, իսկ Նիկոլ Փաշինյանը հաստատել է միահեծան իշխանություն,-փաստում է Լուսինե Հարոյանը:
-Ի՞նչ քայլեր են արել, որ չպետք է անեին իշխանությունները, որոնք անդառնալի կամ կոպտագույն սխալ եք համարում:
-Ամենամեծ ու անդառնալի սխալը ժողովրդի հաղթանակի և վստահության մսխումն է: Օրեցօր ականատես ենք լինում Փաշինյանի վարկանիշի անկմանը, մարդկանց տրամադրությունների փոխվելուն: Ինչքան էլ կեղծ գրառումներով ու նկարած տնտեսական աճով փորձեն մարդկանց մոլորեցնել, միևնույն է, փուչիկը պայթում է: Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքերի, ապա օրինակները շատ են: Այս պահին հենց համայնքների խոշորացման գործընթացն է գնում, որ կործանարար է ոչ միայն գյուղերի, այլև ամբողջ Հայաստանի համար: Խոշորացման պատճառով լիովին կազմալուծվում է տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտը, երբ համայնքը փորձում են զրկել սեփականությունից՝ այն դարձնելով վարչական կենտրոնի սեփականություն, որը կառավարվում է վերևից: Փաստորեն, իշխող ուժը փորձում է վերահսկողություն հաստատել ամենափոքր համայնքում անգամ: Իշխող ուժը չի պատրաստվում փոխելու Սահմանադրությունը, իսկ այս Սահմանադրությամբ մենք երբևէ չենք կարող առաջ գնալ: Գնալով ավելի շատ ենք ճահճի մեջ խրվում: Չեմ ընդունում նաև սարսափելի այն արշավը, որ սկսվել է մայրենի լեզվի ու պատմության, ազգային մշակույթի ու արժեքների դեմ: Հայտնի փաստ է՝ եթե ուզում ես երկիրը ներսից քանդել, խարխլիր ազգային արժեքները, լեզուն, մշակույթը, պատմությունը, իրական հերոսներին փոխարինիր նոր ու անսեռ «հերոսներով»: Իսկ նրանք, ովքեր կհամարձակվեն չհամաձայնել քեզ հետ, պիտակավորիր որպես խավարամիտների ու հետամնացների: Ցավոք, այժմ մենք այս գործընթացի ականատեսն ենք, ու պարզից էլ պարզ է՝ ինչ կործանարար հետևանքներ կարող է ունենալ այս ամբողջ գործընթացը, եթե չկարողանանք դիմակայել սրան:
-Այսօր ակնհայտ է, որ իշխանության ներսում կան թևեր, հակասություններ ու անհամաձայնություններ։ Ձեզ համար սա սպասելի՞ էր, ինչո՞ւ է թիմն այդքան արագ ճաքեր տալիս։
-Այնքան էլ համաձայն չեմ, որ իշխանության ներսում կան հակասություններ ու անհամաձայնություններ, ավելի շուտ գզվռտոց է, և դա միանգամայն սպասելի էր, որովհետև թիմում շատ են պատեհապաշտները, որոնք խորհրդարանում են հայտնվել զուտ անձնական նպատակներ իրագործելու համար: Իսկ այդ ճանապարհին բնական է, որ մեկի անձնական շահերը կարող են հակասել մյուսին: Փաշինյանն էլ, կրկնում եմ, իր կլանով հանդերձ, եկել է վարչաօլիգարխիկ համակարգի շահերը պաշտպանելու: Հայաստանում իրականում երկրին տիրող կլանների բախման և սեփականության վերաբաշխման գործընթաց է գնում: Ցավոք, սա է մեր քաղաքական դաշտը և իրականությունը:
-Հանրային տրամադրություններն ուղղված են արժեքային համակարգին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ հայագիտական առարկաների հետ կապված խնդիրներին։ Այս իշխանությունն արժեհամակարգի հետ կապված խնդի՞ր ունի: Հիշեցնեմ, որ Փաշինյանն ասում էր, որ՝ մենք «իզմեր» չունենք:
-Ինձ համար դա ամենացավոտ հարցերից է: Աշխատանքիս բերումով օտարներին ծանոթացնում եմ մեր մշակույթին, պատմությանը, աշխարհայացքին, ազգային արժեհամակարգին ու այժմ տեսնում եմ, թե ինչպես է մեզ մոտ այն խարխլվում: Ինչպես արդեն նշեցի, գիտակցված արշավ է գնում մեր արժեհամակարգի դեմ, որը խարխլում է մեր գոյության հիմքը, մեր ինքնագիտակցությունը: Մենք փրկվել ենք Մաշտոցի շնորհիվ, մեզ ճանաչել ու մեր դիմագիծը կերտել ենք Նարեկացու, Թումանյանի, Կոմիտասի շնորհիվ: Հենց նրանք են իրական հեղափոխականները, իսկ ի՞նչ է կատարվում հիմա. իրական արժեքներին գալիս են փոխարինելու սեռերի հավասարությունը, Ստամբուլյան կոնվենցիան, «Հուզանք ու Զանգ» և այլն: Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ «իզմեր» չունենալու մասին հայտարարությանը, ապա դա պատահական չէ, որովհետև եթե դու «իզմեր» չունես, ուրեմն պատկերացում չունես արժեքների, ազգային գաղափարախոսության մասին: Այս համատեքստում հասկանալի է, թե ինչու է արշավ տարվում հայագիտական առարկաների դեմ՝ որպեսզի ազգից խլեն ինքնագիտակցությունը, արժեհամակարգն ու տեղը լցնեն կեղծ կատեգորիաներով: Իսկ այն ազգը, որը չգիտի իր լեզուն, պատմությունը և մշակույթը, նման է հիշողությունը կորցրած մարդու և դատապարտված է կործանման:
-Այսօր, Ձեր տպավորությամբ, մարդիկ դեռ էյֆորիայի մե՞ջ են: Հասարակության քանի՞ տոկոսն է թմբիրից արթնացել։
-Մարդիկ ոչ թե էյֆորիայի մեջ են, այլ չեն ուզում տեսնել իրականությունը: Իհարկե, դժվար է ընդունել հերթական անգամ խաբվելու հանգամանքը: Միանգամայն հասկանալի մարդկային թուլություն է, երբ պատրաստ ես անգամ գլուխդ թաղելու ավազի մեջ, միայն թե չտեսնես տհաճ իրականությունը: Նախկինում, երբ քննադատական գրառում էի անում Փաշինյանի սոցցանցային գրառումների տակ, օգտատերերն անմիջապես հարձակվում էին ու վիրավորանքներ գրում իմ՝ «ծախված» լինելու մասին: Բայց այժմ այդ մարդկանց թիվը նվազել է, նրանք մեկ կամ երկուսն են հիմա: Դա ուրախացնող է ու ցուցիչն է այն բանի, որ մարդիկ սկսել են սթափ դատել:
-Նիկոլ Փաշինյանը մի ուշագրավ հայտարարություն ևս արեց. «Ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, այնպես, ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ սկսած 1996 թվականից, երբ որ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանության և փորձել են պահել այդ իշխանությունը»։ Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանի երբեմնի դաշնակից Փաշինյանը նրան էլ չարիք համարեց:
-Իրականում շատ լուրջ հայտարարություն է և մի քանի խորքային ասպեկտներ ունի: Այն ի հայտ է բերում մեր երկրի առաջին դեմքի, մեղմ ասած, ոչ հաճելի անձնական որակական հատկանիշները: Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա էլ Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, և դա անկասկած է: Նա, իր իսկ բնորոշմամբ, «չարիքի տարիներին» եղել է Տեր-Պետրոսյանի աջ ձեռքը: Հիմա ի՞նչ է ստացվում, նա ամեն ինչ արել է, որ չարիքը գա իշխանությա՞ն, եթե այդպես է, ապա բարոյական ի՞նչ իրավունքով է հանդես գալիս ժողովրդի անունից: Չարիք նախագահներն ու նրանց աջակցողները պիտի պատասխանատվության ենթարկվեն, իսկ նրանց գործունեությանը քաղաքական գնահատական պետք է տրվի: Իսկ եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը չի նկատել իր հոգևոր հոր չարիք լինելը և միայն հիմա է դա տեսել (ինչն, իհարկե, անհավանական է), ուրեմն Նիկոլ Փաշինյանը բացարձակապես անհեռատես, անողնաշար, անալիտիկ և սթափ դատողությունից լիովին զուրկ անձնավորություն է: Նման հատկանիշներով մարդուն երկրի ղեկ վստահելն ուղղակի ինքնասպանություն է: Իսկ թե ինչու՞ Փաշինյանը որոշեց «հանձնել» իր հոգևոր հորը, կարծում եմ՝ շատ պարզ բացատրություն ունի և մեծապես կախված է նրա մեկ այլ հատկանիշից՝ Փաշինյանը դեմագոգ պոպուլիստ է և իր լսարանին հաճոյանալու համար հաճախ ցայնտոտի մեջ է ընկնում ու այնպիսի բաներ ասում, որոնց համար ոչ մի պատասխանատվություն չի կրում: Դրա վառ օրինակը պատերին ծեփելու, գողացածը հետ բերելու խոստումն է, բայց, ինչպես տեսնում ենք, ոչ ոք դեռ չի ծեփվել, ու ոչինչ հետ չի տվել, պոտենցիալ ծեփվողները հանգիստ լքում են Հայաստանը ու վայելում գողացածը: Այդ նույն փանջունիական շարքից են «աննախադեպ տնտեսական աճը», «ներդրումների տարափը», «աշխատատեղերի ստեղծումը», Արցախի հարցում «բանակցային լուրջ տեղաշարժերը» և բոլոր մյուս հեքիաթները, որոնցով լի են նրա ելույթները:
-Իշխանությունը ՍԴ անդամներին առաջարկում է կլորիկ գումար՝ վաղաժամ թոշակի անցնելու դիմաց։ Կարծում եք՝ այս ձևով հնարավոր կլինի՞ լուծել ՍԴ-ի շուրջ առկա խնդիրը։ Հարցը, ի դեպ, արդեն ԱԺ-ում է: Ինչպե՞ս եք վերաբերվում կառավարության ներկայացրած այդ նախագծին:
-Արդարադատության համակարգը, իհարկե, ունի լրջագույն խնդիրներ, արմատական փոփոխություններն անհրաժեշտություն են, բայց այն, ինչ արվում է հիմա, ուղղված է ոչ թե այդ համակարգի առողջացմանը, այլ այն մեկ անձի` Նիկոլ Փաշինյանի կամքին ենթարկեցնելուն: Դատավորներին ցմահ աշխատավարձ տալու նախագիծը կաշառքի ու կոռուպցիայի քողարկված փորձ է: Դատավորներին, կոպիտ ասած, ասում են՝ դու նստիր տանը, մենք մեր ուզածին բերենք, նշանակենք, բայց դու նախկինի պես կշարունակես աշխատավարձ ստանալ: ՈՒ մեկ անձի այս քմահաճույքի իրագործումը նորից ընկնում է բյուջեի ու հարկատուների ուսերին: Օրենքի նախագիծը մեկ նպատակով է բերվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, գործադիր ու օրենսդիր իշխանությունից հետո, այժմ էլ դատական համակարգն իր գրպանը դնի: Այս «բարեփոխումները» է՛լ ավելի կխորացնեն ճգնաժամը, որը կա դատական համակարգում, և եթե նախկինում ունեինք մեկ քաղաքական կլանին ենթարկվող դատական համակարգ, ապա այժմ մեկ անձին ենթարկվող համակարգ կունենանք:
-Տեսակետ կա, որ այսօր Հայաստանում ընդդիմությունը չի կարողանում ձևավորվել, հակակշռել իշխանությանը, դրա համար ավելի շատ լսելի է դառնում նախկին գործիչների ձայնը։ Համամի՞տ եք այս տեսակետին։
-Որոշակի ճշմարտություն կա այն կարծիքի մեջ, որ ընդդիմությունը չի կարողանում միավորվել: Նախկիններին վերակենդանացրեց և նրանց գոյության մասին շարունակ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանը, որ օդի ու ջրի պես նախկինների կարիքն է զգում, նրանց հիշում է իր բոլոր ելույթներում: Նախկիններն էլ հետ չեն մնում, նույն փութաջանությամբ հիշում են Նիկոլ Փաշինյանին: Սա երկու նպատակ ունի: Առաջինը, որ մարդկանց մեջ արհեստական պատկերացում ստեղծվի, որ որոշիչ դեր են խաղում միայն ներկաներն ու նախկինները, երկրորդ՝ որպեսզի մարդկանց մեջ համոզմունք ձևավորվի, որ ներկաների այլընտրանքը միայն նախկիններն են: Իրականում չկա նախկին և ներկա, այս հակադրությունը արհեստական է: Կա տարբեր «կլանների» կռիվ իշխանության գալու համար, իսկ երկրի հարստությունները տնօրինողը վարչաօլիգարխիկ համակարգն է, Նիկոլ Փաշինյանը` նրանց կողմից բերված խամաճիկ: Եկեք նաև չմոռանանք, որ լրատվականների ճնշող մեծամասնությունը նույնպես պատկանում է վարչաօլիգարխիկ համակարգին, այդ պատճառով միանգամայն հասկանալի է՝ ինչու է լսելի միայն նախկինների ու ներկաների ձայնը: Բայց իրական ընդդիմություն կա և գործում է, ազգային ուժերն իսկապես միավորվում են և շուտով հանդես կգան:
-«Կուսակցությունների մասին» օրենքը և Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու նախագծերն են այժմ քննարկվում: Ի՞նչ սպասելիքներ ունեք, դրական տեղաշարժեր կլինե՞ն:
-Արմատական բարեփոխումներ չեմ սպասում Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններից, որովհետև չեմ տեսնում ամենակարևորը՝ քաղաքական դաշտը կապիտալի գերիշխանությունից ազատելու կամքը: Ընտրությունները նույնիսկ հիմա լիովին կախված են կուսակցությունների ֆինանսական հնարավորություններից: Իսկ ովքե՞ր կարող են հսկայական միջոցներ ծախսել ընտրությունների վրա, նույն վարչաօլիգարխիկ համակարգը: Այսինքն՝ փակ շղթայի մեջ ենք, համակարգը շարունակ վերարտադրվում է նոր կուսակցությունների ու նոր անձերի կերպարով: Եթե երկրի հիմնական հարստությունները վարչաօլիգարխիկ համակարգի ձեռքում են, ապա նույնիսկ արդար ու թափանցիկ ընտրությունները ոչինչ չեն փոխի, և ժողովուրդը չի լինի իշխանության տերը, որովհետև իշխանությունը երկրի հիմնական հարստությունների սեփականատեր լինելն է, ինչից մարդիկ զրկված են: Պարզ օրինակ բերեմ. պատկերացնենք՝ դուք վարձով եք բնակվում, օգտագործում եք տարածքը, քայլում եք, ուտում եք, քնում եք, մուծումներ եք անում, բայց դուք այդտեղ ոչինչ չեք որոշում, որովհետև տան սեփականատերը չեք: Հիմա մեր ժողովուրդը նման է վարձով ապրող տնվորի, նա ոչինչ չի որոշում, որովհետև երկրի հիմնական հարստությունների սեփականության իրավունքը նրանը չէ:
Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ