Նիկոլ Փաշինյանի կառավարման այս ժամանակահատվածում Արցախի հիմնախնդրի շուրջ անհասկանալի իրավիճակ է։ Ոչ կարող ենք միանշանակ պնդել, որ բանակցությունները շարունակվում են, ոչ էլ չեն շարունակվում, քանի որ Ադրբեջանի և միջնորդների կողմից մերթ ընդ մերթ հետաքրքիր շեշտադրումներ են ասպարեզ նետվում։ Վերջինը ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հանրայնացրեց։ Մինչ այդ որոշ դրվագներ հիշենք, թե այս 1,5 տարում Փաշինյանն ինչ է ասել Արցախի հիմնախնդրի հետ կապված։ Իր ընտրվելուց անմիջապես հետո Արցախ այցելած Փաշինյանը հայտարարեց, որ առանց Արցախի բանակցություններ չեն կարող լինել։ Հետո Երևանում հանրահավաքի ժամանակ նշեց. «Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է։ Եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե՞ չենք գնում»։ Արցախի անունից չխոսող Փաշինյանը սա ասում է մի հանրահավաքում, որտեղ հայաստանցիներն են, այսինքն որոշողը դարձավ Հայաստա՞նը։ Հետո սկսվեց խաղաղության արշավը, երբ Փաշինյանին միացավ Աննա Հակոբյանը և ամուսիներով սկսեցին Ադրբեջանը խաղաղության պատրաստել։ «Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար, և մեր ողջ ջանքերն ուղղված են փոխվստահության ամրապնդման շուրջ համաձայնությունների ձեռքբերման քայլերի խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար»,- հայտարարեց Փաշինյանը, իսկ ընդամենը մի քանի օր առաջ փաստեց, որ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելն անհեռատես քայլ էր իր կողմից։ Իտալիայում Հայաստանի վարչապետն ասաց, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակությանը պատրաստում են պատերազմի, հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա, բորբոքում են հակահայկական տրամադրություններ։ Էլ չենք խոսում բազմաթիվ հայտարարությունների մասին, որոնք միջազգային հարթակում տարատեսակ քննարկումների առիթ են տվել, ինչպես «Արցախը Հայաստան է և վերջ» միտքը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նոր «շիրմա» է գտել՝ հիմնախնդրի լուծումը պիտի ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Թե սա ինչ մոգական լուծում է, առայժմ ոչ մեկին հայտնի չէ։ ՌԴ արտգործնախարարի խոսնակի հայտարարության և հիմնախնդրին առնչվող այլ հարցերի շուրջ զրուցեցինք քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ։
-ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, օրերս անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, հայտարարել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում բազմիցս մատնանշվել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ծրագիրը պետք է համապատասխանի բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների իրավունքին՝ վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր»։ Ձեր դիտարկմամբ, ի՞նչ է փաստում փախստականների մասին հիշեցումը։
-Կարծում եմ, պետք է դիտարկվի ոչ միայն այն, թե ինչ է ասվում, նաև երբ է ասվում ու ինչի համար, այսինքն նման հսյտարարություններով ինչ ընթացիկ հարցեր են լուծվում։ Մեհրիբան Ալիևան Մոսկվա է այցելել, և Պուտինը նրան պարգևատրել է։ Ալիևան մեծ քաղաքականություն է մուտք գործում և, ըստ երևույթին, Զախարովայի այդ հայտարարությունը նրա հանդեպ ռևերանս էր, նրա հեղինակությունը Ադրբեջանի ներսում բարձրացնելու համար։ Դրանից առաջ էլ Լավրովը Երևանում ասել էր, որ Արցախի հարցն առանց Արցախի ժողովրդի չի կարող լուծվել։ Դրանով էլ Ադրբեջանին էր զգուշացնում՝ Բաքվում կայացած թյուրքական երկրների միության համաժողովի առիթով։ Պարզ ասած, ընթացիկ, մտրակի ու բլիթի քաղաքականություն է։
-Ադրբեջանի նախագահը մշտապես ընդգծում է «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասին՝ հավասարության նշան դնելով պաշտոնական Ստեփանակերտի հետ։ Այսինքն, եթե Արցախը պիտի մասնակցի բանակցություններին, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը»՝ ևս։ Ի՞նչ եք կարծում, մեր այսօրվա դիվանագիտությունը կարողանու՞մ է պատմական իրողություններով և փաստերով այս հարցում իրականությունը ներկայացնել։
-Պատմական իրողությունները ոչ մեկին չեն հետաքրքրում, կան ստրատեգիական ու տակտիկական շահեր։ Ոչ մեկին ոչինչ պետք չէ բացատրել, բոլորն էլ ամեն ինչ գիտեն։ Պետք է ճիշտ քաղաքականություն վարել և դաշնակիցներ ձեռք բերել։
-Ընդհանրապես Հայաստանի վարչապետը Արցախի խնդրում կարողանու՞մ է ճիշտ շեշտադրումներ անել և ներկայացնել հարցը ըստ էության։ Այս առումով Դուք ի՞նչ մտահոգություններ ունեք։
-Մտահոգությունները շատ են և դրանց մասին շատ է խոսվում։ Ամենամտահոգիչը վարչապետի սիրած բանաձևն է, որ բոլոր կողմերը պետք է բավարարված լինեն։ Մի կողմ դնենք դրա դեմագոգիկ բովանդակությունը, կամ, ավելի ճիշտ, անբովանդակությունը։ Փաստորեն, կասկածի տակ է դրել Արցախի ինքնորոշման իրավունքը։ Ինչ ինքնորոշման մասին կարելի է խոսել, եթե դրա հետ պետք է համաձայնվի այն սուբյեկտը, որից ինքնորոշվում են։ Փաստորեն, մեր ամենածանրակշիռ փաստարկը` ինքնորոշման իրավունքը, որ մեծ ջանքերի գնով ամրացվել է մադրիդյան սկզբունքներում, կասկածի տակ է դրվել։
-Միլանում նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքականությունը տանում էր Մեղրին հանձնելուն։ Նախ ինչու՞ է վերջին շրջանում անընդհատ Մեղրիի հանձնման մասին հիշեցվում, դավաճաններ փնտրվում, երբ Ադրբեջանի պատերազմահոտ բարձրաձայնումները` ողջ Զանգեզուրի գրավման մասին, չգիտես ինչու, իշխանությունն անտեսում է։
-Դա հերթական դեմագոգիան է։ Նախ, Քոչարյանին մեղադրում են ռուսամետ լինելու, մյուս կողմից էլ՝ Մեղրին հանձնելու մեջ, ինչն ռուսական շահերի դեմ է, այսինքն՝ Թուրքիա-Ադրբեջան ցամաքային կապ ստեղծվելուց հետո Ադրբեջանը վերջնականապես կկարողանար ջանքեր գործադրել Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալու համար։ Տրամաբանական հակասություն կա։ Բացի դրանից Նիկոլ Փաշինյանը ոչ Արցախի պատերազմի հետ կապ ունի, ոչ էլ«ոչմիմիթիթիզականի» համբավ ունի։ Իրեն նման մեղադրանքները չեն սազում, դա իր հագով չէի:
-Ի դեպ, Վենետիկում Նիկոլ Փաշինյանը մի ուշագրավ հայտարարություն ևս արեց. «Ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, այնպես ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները, սկսած 1996 թվականից, երբ որ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանության և փորձել են պահել այդ իշխանությունը»։ Ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանի երբեմնի դաշնակից Փաշինյանը նրան էլ չարիք համարեց, այն դեպքում, որ Տեր-Պետրոսյանը Փաշինյանի հոգևոր հայրն է համարվում։
-Այս հարցում ես Փաշինյանի հետ համաձայն եմ։ Մեր հիմնական դժբախտությունները 1996-ին են սկսվել, իսկ մնացածը դրա հետևանքներն են։ Ինչ վերաբերում է իր և Տեր-Պետրոսյանի հարաբերություններին, ապա դա իրենց ինտիմ հարաբերություններն են ու ինձ չեն հետաքրքրում։
-Եթե ներքաղաքական այսօրվա իրավիճակը համառոտ նկարագրեք, ի՞նչ որակումներ կտաք և ինչու՞։
-Այսօրվա իշխանությունները մեկ հիմնական առաքելություն ունեն` ապահովել ապագա ընտրությունների ազատ և արդար լինելը, իսկ մնացածը, թե ովքեր կընտրվեն, արդեն ժողովուրդը կորոշի, իսկ գործող իշխանությունների նյարդային արձագանքներն ընդդիմության դաշտում ընթացող խմորումներին, անհասկանալի ու մտահոգիչ են։ Դա իրենց չպետք է վերաբերի, իրենք թող այնպիսի քաղաքականություն վարեն ու այնպիսի արդյունքներ ունենան, որ մարդիկ իրենց օգտին քվեարկեն։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ