«Վարչապետն անգրագետ ու պրիմիտիվ ձևով ոչ թե իր թերթը, այլ երկիրն է խմբագրում»
27.09.2019 | 00:48
«Մեծ գավառական թատրոնում ենք ապրում, որտեղ խաղացվող բեմադրությունը լի է պաթոսով ու տարբեր էմոցիաներով, բայց առանձնապես բովանդակություն չունի, ու որևէ մեկը չի կարող ասել՝ ինչով է ավարտվելու»,- «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ: Ինչ վերաբերում է գլխավոր դերակատարին, ասում է, թե Նիկոլ Փաշինյանին անընդհատ հետապնդում է առաջինը, միակը և աննախադեպը լինելու մոլուցքը: Աճեմյանը համերաշխ է Փաշինյանի՝ աննախադեպության սինդրոմի հետ, որովհետև վարչապետի արած բոլոր քայլերն իսկապես աննախադեպ են. «Աննախադեպ էր, օրինակ, հանգամանքը, երբ ԱՄՆ-ում Հայ առաքելական եկեղեցուն ու նրա սպասավորներին ծնկի բերելու մասին հայտարարեց, այն դեպքում, երբ գիտենք՝ դարերի ընթացքում ովքեր են ցանկացել ծնկի բերել եկեղեցին: Դրանք մեր թշնամիներն են եղել, մեր պետության ու հավատքի դեմ: Կամ հայտարարում է, թե ադրբեջանցի ժողովրդի համար էլ պիտի ընդունելի լինի Արցախի հիմնահարցի կարգավորումը: Ինչպե՞ս կարելի է նման բան ասել տարիներ ի վեր հայատյացության քարոզ տանող ադրբեջանական իշխանությանը, երբ Արցախի ժողովուրդը վաղուց ինքնորոշվել է: Աննախադեպ է նաև այն, որ վարչապետ Փաշինյանն իշխանության գալուց հետո հանրահավաք է նախաձեռնում, ինչը, ըստ տրամաբանության, ընդդիմության մեթոդիկան է: Պայքարում է նախկինների, իր բերած մարդկանց ու բոլորի դեմ: Աննախադեպ եմ համարում Բակո Սահակյանին Անկախության տոնին ինչ-որ մեկի շուրթերով մարզպետ հայտարարելը: Այդպիսի հայտարարություն մեր որևէ ղեկավարի դեպքում չէր կարող լինել, իսկ դա հստակ ազդակ է»:
Կարինե Աճեմյանի համար աննախադեպ է նաև, երբ երկրի վարչապետը հայտնվում է մեծ երկրում ու, վարկաբեկելով նախկին նախագահին, ասում, թե նրա նկատմամբ քրեական գործեր են հարուցված, այնինչ, հետո ՀՔԾ-ն հայտարարություն է տարածում, որ Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի նկատմամբ որևէ քրեական գործ չի հարուցվել:
«Պատասխանատվության զգացում չունենալ ու նման բան հայտարարել՝ առաջինի, միակի ու աննախադեպի մոլուցքով տարված լինելու վկայություն է: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անազատության մեջ է, և հարցը որևէ ձևով լուծում չի գտնում: Սա վրեժխնդրության, քաղաքական սպառնալիքների հետևանք է: Մյուս կողմից՝ մեծ երկրների համար մենք այսօր որևէ արժեք չենք ներկայացնում, նույնիսկ մեր անունը չի տրվում կարևոր միջոցառումների ժամանակ, մենք մեկուսացվել ենք: Բայց տարիներով աշխատել ենք մեր հեղինակությունը բարձրացնելու վրա, ինչն այսօր սրընթաց կերպով անկում է ապրում: Անգրագետ ու պրիմիտիվ ձևով վարչապետը խմբագրում է ոչ թե իր թերթը, այլ երկիրը, ինչը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ: Այն մարդիկ, որ անտեղյակ են, շատ չեն կարդում, պակաս տեղեկացված են, չգիտեն իրականությունը, իմ ասածների հետ կարող են չհամաձայնել, հոռետես անվանել ինձ, բայց իմ բոլոր ասածներն իրական մտահոգություն են: Մենք մտահոգված ենք թե՛ մեր երեխաների ապագայով, թե՛ Արցախի ապագայով, թե՛ այն ամենով, ինչ կատարվում է Հայաստանում»,- ընդգծում է նա:
Ըստ ՀՀԿ-ականի՝ աննախադեպության շարքին է դասվում Ազգային ժողովի՝ ընդդիմություն չունենալու հանգամանքը: Շեշտում է՝ «ընդդիմությունը» ծառայում է Նիկոլ Փաշինյանին ու նրա շահերին: Իսկ իրենց ժամանակ, հիշում է, ընդդիմության խոսքը լսելի է եղել, ընդդիմադիրները բոլոր հարցերում անխտիր իրենց հետ ձեռք չեն բարձրացրել ու համաձայնել, մինչդեռ այսօր խորհրդարանում որևէ մեկը որևէ բանի չի ընդդիմանում. «Կենդանիների իրավունքներն են քննարկում՝ այն դեպքում, երբ մարդկանց իրավունքները խախտվում են զանգվածային կերպով, հայտարարություն են անում՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի: Ձևական էլ չէ այդ ընդդիմությունը, ուղղակի ընդդիմություն էլ չեն: Չնայած չեմ բացառում` հնարավոր է, վախ ունեն, թե կարող է ինչ-որ ռեպրեսիվ գործողությունների ալիք սկսվել, ու հայտնվեն անազատության մեջ: Նիկոլ Փաշինյանն անկանխատեսելի, հախուռն, էմոցիոնալ գործիչ է, որ պահին ինչն իրեն դուր չի գալիս, ինչ ձևով ուզում՝ արձագանքում է: Իսկ «թավշյա հեղափոխությունը» ոչ թե նրա, այլ նախկին իշխանության, նախկին ղեկավարի մեծ իմաստության ձեռքբերումն է»:
Շարունակելով խորհրդարանականների աշխատաոճի թեման՝ հավելում է, որ տեղեկատվական ու քաղաքական այս մեծ խառնաշփոթում, վրեժխնդրության ու թշնամանքի տարրերի ակնհայտ դրսևորման այս շրջանում իշխանությունները մեղմորեն փորձում են այնպիսի օրինագծեր ընդունել, որոնք վտանգում են մեր ինքնությունը: Բայց մինչ իշխանությունները փորձում են հարցականի տակ դնել ազգայինն ու մնայունը, ԱՄՆ-ը հայտարարություն է անում՝ ապագան ոչ թե գլոբալիստներինն է, այլ հայրենասերներինը. «Իսկ մենք, փաստորեն, «թավշյա հեղափոխությամբ» ու «ժողովրդավարությամբ» հետ ենք մնում աշխահից: Ավելին՝ ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ պատգամավորներ կան, որ զբաղված են այլընտրանքային կրթության ներմուծմամբ, որում տեղ չի գտնելու, օրինակ, Հայոց ցեղասպանությունը, սեռական դաստիարակությունն էլ տարիքային սահմանափակում չի ունենալու: Այսինքն՝ ամեն բան արվում է Ստամբուլյան կոնվենցիայի համար պարարտ հող նախապատրաստելու համար: Ասում են՝ ՀՀԿ-ն վավերացնելու էր կոնվենցիան, ուզում եմ հստակորեն արձանագրել՝ ոչ ոք չէր պատրաստվում վավերացնել այն. միջազգային բազմաթիվ պարտավորություններ կան, որոնց շրջանակներում ստորագրվել է կոնվենցիան, ստորագրելն ու վավերացնելը տարբեր բաներ են: Իսկ եթե Փաշինյանն ասում է, որ մենք ստորագրել ենք, ապա իրեն ոչ ոք չի խանգարում ստորագրությունը հետ վերցնել: Այսօր պատգամավորների մեծ մասը լծվել է այն վավերացնելու գործին: Հասկանում եմ՝ նրանք տարբեր շահեր ունեն, տարբեր կողմերից են ֆինանսավորվում: Անգամ լսել եմ, որ ադրբեջանական ֆոնդերից ֆինանսավորվողներ կան: Սոցիալական հարցերի ու աշխատանքի նախարարությունը գիշերօթիկ դպրոցներ է փակում, պետությունն այդ երեխաներին բախտի քմահաճույքին է հանձնում՝ խուսափելով նրանց նկատմամբ որևէ պատասխանատվություն կրելուց: Այս ամենը հաշվի առնելով է, որ ասում եմ՝ կոնվենցիան վավերացնելու հող է նախապատրաստվում»:
ՀՀԿ-ական նախկին պատգամավորը վստահ է՝ երկրի վարչապետը կոնկրետ թիրախներ է ընտրել, նրա քայլերը միտված են մեր ինքնությունը խաթարելուն ու, որպես հայ, մեզ ոչնչացնելուն: Շեշտում է՝ գույները չի խտացնում, ու մարդիկ ժամանակի ընթացքում տեսնելու են այնպիսի բաներ, որ այժմ չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել: Նաև փակագծեր է բացում՝ պատգամավորներ գիտի, որ ընդամենը 8 ամիս է՝ մանդատ են ստացել, բայց արդեն տարածքներ են գնել, ռեստորաններ են սարքում: Հռետորական հարց է հնչեցնում՝ ինչպե՞ս այդ մարդիկ այդպես արագ հարստացան:
Վերադառնալով Փաշինյանի՝ ԱՄՆ-ում անցկացրած հանրահավաքին՝ կոչ-հորդորով դիմում է հայաստանյան «հեղափոխությամբ» ոգևորված հայրենակիցներին, որոնք, ըստ Փաշինյանի, 2018-ի ապրիլ-մայիսին եղել են Հանրապետության հրապարակում. «Կարիք չկա այլ երկրում ապրել ու մեծ պաթոսով բղավել՝ Հայաստան: Այդ մարդիկ, որ մեծ պաթոսով սիրում են Հայաստանը, հանգիստ կարող են վերադառնալ, որովհետև դռները, դարպասները բաց են, ոչ ոք նրանց չի խանգարում: Եթե Նիկոլ Փաշինյանը նրանց երազանքների ղեկավարն է, պարտավոր են վերադառնալ Հայաստան ու տնտեսական, քաղաքական կյանքում ունենալ իրենց ակտիվ դերակատարումը: Բայց ես գիտեմ, որ այս օրերին մի շարք ամերիկահայեր վաճառում են երևանյան բնակարանները»:
ՀՀԿ-ական նախկին պատգամավորն ընդգծում է, որ արտախորհրդարանական դաշտի միակ նպատակը երկիրը վտանգներից զերծ պահելն է: Մտահոգությամբ է արձանագրում՝ հետագայում գուցե հնարավոր է տնտեսությունը, քանդածը կարգի բերել, բայց բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը, թշնամանքն ու չարությունը, որ պատուհասել է մեր հասարակությանը, երկար ժամանակ հնարավոր չի լինելու բուժել:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ