«Հասարակությունը չի սպասելու, թե իշխանություններն ինչպես են իրենց գործած սխալների վրա կառավարել սովորում»
13.09.2019 | 00:49
Քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ կարծիքով՝ իշխող քաղաքական թիմը հետհեղափոխական էյֆորիայի տակ է մնացել ու անընդհատ նշում է, թե ժողովրդի վստահության 80 տոկոսն է վայելում. հավանաբար, նկատի ունեն մեկ տարի առաջ Երևանի ավագանու ու դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները: «Իրատեսի» հետ զրույցում նա իշխանության ներկայացուցիչներին խորհուրդ տվեց «պրիմիտիվությունը» չփաթաթել ժողովրդի վզին ու մաթեմատիկական պարզ հաշվարկ կատարել. եթե 2018-ի մայիսից մինչև 2018-ի դեկտեմբեր իշխանության վարկանիշը որոշակիորեն անկում էր ապրել, ապա այդ նույն չափանիշով՝ մինչև հիմա որքանո՞վ նվազած կլինի:
-Պարո՛ն Համբարյան, մի խումբ քաղաքական տեսաբաններ թեժ աշուն են կանխատեսում, իշխանության ներկայացուցիչներն էլ ասում են, թե դա կեղծ օրակարգ է: Դու՞ք ինչ եք կարծում:
-Ոչ միայն թեժ աշուն, այլև թեժ էր ամառը, և այդ գործընթացների մեղմանալու համար որևէ նախադրյալ չկա: Պարոն Փաշինյանի թիմակիցները ոչ թե պետք է ասեն, թե թեժ աշուն չի լինելու, այլ պետք է այնպես գործեն, որ թեժ աշուն իսկապես չլինի: Ամբողջ ամռան ընթացքում վարչապետը զբաղված էր իր ու իր թիմակիցների սխալների ուղղմամբ: Իշխանությունները, գլոբալ առումով, ոչ մի ոլորտում առաջընթաց չեն արձանագրել: Ընդամենը երկու ոլորտում մինի կամ լոկալ հաջողություն է նկատվել: Դրանցից մեկը զորամասերում սննդի կարգի փոփոխությունն է, որն այս պահի դրությամբ ներմուծվել է ընդամենը 16 զորամասում: Երկրորդն այն է, որ ամռան ընթացքում որոշ մարզերում ճանապարհաշինարարական լայնամասշտաբ աշխատանքներ էին տարվում: Բայց դա էլ կիսատ է մնացել, որովհետև վերջին շրջանում երթևեկել եմ ՀՀ մի քանի մարզերում ու արձանագրել՝ միջպետական ճանապարհների շինարարությունը գրեթե կանգնած է: Հետհեղափոխական երկրներում հասարակությունը չի նստում ու սպասում, թե իշխանություններն ինչպես են իրենց գործած սխալների վրա կառավարել սովորում: Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը, ապա այն շատ դեպքերում բլեֆ է: Փաշինյանը հայտարարեց, որ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձը 20 տոկոսով բարձրացրել է, բայց դա հեռու է իրականությունից, քանի որ մինչ այդ ոստիկաններն ամեն եռամսյակը մեկ իրենց աշխատավարձին համահավասար հավելավճար էին ստանում: Որևէ նշանակալի հաջողություն, խոշոր ձեռքբերում չկա արտաքին հարաբերությունների, ներդրումներ գրավելու, տնտեսության զարգացման և այլնի առումով: Նրանք իրավունք չունեն խոսելու ամբողջ ժողովրդի անունից, անընդհատ մեջբերելու 10 ամիս առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն ու դեռ մի բան էլ հայտարարելու, թե՝ քանզի ժողովուրդն է մեզ ընտրել, ապա իրավունք չունի անվստահություն հայտնելու: Օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողներին ասել էր, թե իրենք սկսել են լուրջ աշխատել. հետաքրքիր է՝ բա մեկ տարի ինչո՞վ էին զբաղված: Պարոն Մարությանին խորհուրդ կտամ դիտել իր նախընտրական տեսահոլովակն ու նշել, թե այնտեղ առանձնացվող խնդիրներից՝ աղբահանություն, վերելակների փոխարինում, հանրային տրանսպորտի բարելավում և այլն, քանիսի՞ն են լուծում տվել, ի՞նչ քայլեր ձեռնարկել: Եվ թող չփորձեն իրենց անգործությունը բացատրել քաղաքի մեծամասշտաբությամբ, ամոթ է: Տոկիոն ունի 36 մլն, Մոսկվան՝ 16 մլն, Լոնդոնը՝ 10 մլն բնակչություն, և այսպես շարունակ, բա որ այդ քաղաքների ենթակառուցվածքներն ու պահանջներն ուսումնասիրեն, ի՞նչ են անելու:
-Օրեր առաջ քաղաքական դաշտում ձևավորվեց նոր կուսակցություն՝ «ԱդեկվաԴը», մի քանի օր առաջ էլ «Սասնա ծռերն» էին հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ: Կարծես ինչ-որ գործընթացներ են սկսվել:
-Քանի որ իշխանությունները սիրում են թվերով խոսել, ապա նշեմ, որ վարչապետ Փաշինյանը հանդիպել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ 1,82 տոկոս ձայն հավաքած ուժի հետ և քննարկել պետության ներքին ու արտաքին քաղաքականության հետ կապված հարցեր: «Սասնա ծռերի» հետ հանդիպումով երկրի առաջին դեմքը մեխանիկորեն ու միտումնավոր ակտիվացրել է ռազմական տարրեր պարունակող քաղաքական ուժին: Նրանք հակառուսական ուժ են, ու այդ ուժի հետ հանդիպելով՝ Նիկոլ Փաշինյանը գուցե նաև ցանկանում էր ցույց տալ արտաքին ուժերին, որ բացահայտ հակառուսական դիրքորոշում ունի, իսկ ներքաղաքական դաշտի խաղացողներին էլ սպառնալ «ծռերով»: Այս համատեքստում պատահական չէ Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությունը, թե՝ «մենք այն ուժն ենք, որ թույլ չենք տալու ռևանշ տեղի ունենա»: Սա երկրի առաջնորդի կողմից կոնկրետ մեսիջ էր ներքաղաքական բոլոր ուժերին. երբ հայտնվում է դժվարին կացության մեջ, օգնության է կանչում «Սասնա ծռերին», որոնց ժամանակին ինքն է լավություն արել: Բայց երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը սխալվում է, որովհետև հայաստանյան թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերը շատ լավ գիտեն «ծռերի» հնարավորությունները, իսկ Ռուսաստանի հետ այդ լեզվով խոսելը ոչ թե վտանագավոր է, այլ ուղղակի ծիծաղելի, քանի որ նոր իշխանությունները շարունակում են այն նույն քաղաքական գիծը, որը ՀՀ-ն որդեգրել էր դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, հետագայում շարունակվել է թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի կողմից:
-Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է նաև, թե Կրեմլը որոշում ունի օր առաջ ազատվելու Փաշինյանից:
-Սեֆիլյանը, առաջին հերթին, մտածում է իր ղեկավարած քաղաքական ուժի մասին, որտեղ ինքն առաջին ջութակներից մեկն է: Նրա կարծիքով՝ դեկտեմբերից մինչ այժմ «Սասնա ծռերի» վարկանիշն այնքան է բարձրացել, որ կարող են հաղթահարել 5 տոկոսի շեմն ու հայտնվել խորհրդարանում: Դա նորմալ է, որովհետև քաղաքական բոլոր ուժերի նպատակն էլ ԱԺ-ում հայտնվելն է: Ինչ վերաբերում է հայտարարությանը, ապա դա մեսիջ է, որ Ռուսաստանը շարունակում է ղեկավարել Հայաստանը: Այստեղ մտածելու բան քաղաքական ուժերն ու որոշ չափով իշխանությունն ունի: Ինքս կերազեի «Սասնա ծռերի» պատկերացրած Հայաստանում ապրել, բայց, շատ լավ իմանալով մեր ժողովրդի պատմությունն ու լինելով ռեալիստ, չեմ պատկերացնում, որ մոտակա ժամանակներում Հայաստանն ի վիճակի է միայնակ ապահովելու իր սահմանների անվտանգությունը՝ ունենալով այնպիսի հարևաններ, ինչպիսիք են 80-միլիոնանոց Թուրքիան և դեյուրե 10-միլիոնանոց Ադրբեջանը, որոնք Հայաստանը դիտարկում են որպես թշնամի երկիր: Երբ պատմությունից դասեր առնենք, հասկանանք՝ ինչու ենք պատսպարվել մեր պատմական հայրենիքի ընդամենը 12-13 տոկոսի անկյունում, այդ ժամանակ կկարողանանք ձեռքբերումներ ունենալ: Եթե շարունակենք «Ռեմբո խաղալ» ու հաշվի չառնել մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև ներքաշվենք ինչ-ինչ ինտրիգների մեջ, ապա կկորցնենք նաև այս փոքրիկ տարածքը: Լավ կլինի՝ պարոն Սեֆիլյանն այդ հայտարարություններն անելուց առաջ ուսումնասիրի Թուրքիայի նորագույն շրջանի պատմությունը: ՆԱՏՕ-ի անդամ այդ երկիրը հարձակվեց մյուս անդամ Հունաստանի ու գրեթե անդամ Կիպրոսի վրա, և դաշինքի մյուս պետությունները չարձագանքեցին այդ իրողությանը: Նա թող պատկերացնի ու գիտակցի այն հետևանքները, թե ինչ կարող է լինել, եթե հանկարծ պուտինյան Ռուսաստանը համագործակցի էրդողանյան Թուրքիայի հետ: Ռուսական կողմը Հայաստանի հետ դեռևս խոսում է փափուկ դիվանագիտական լեզվով: Հակառուսական հռետորաբանությամբ հանդես գալուց առաջ Սեֆիլյանն ու նրա կուսակցությունը Հայաստանում նախ թող 200-250 հազար աշխատատեղ ստեղծեն, որպեսզի ամեն տարի ՀՀ-ից ՌԴ այդքան մարդ արտագնա աշխատանքի չմեկնի: Թող պայմաններ ստեղծեն այն 2-2,5 մլն բնակչության համար, որ մշտապես բնակվում է ՌԴ-ում, որ եթե հանկարծ հետ ուղարկվեն իրենց երկիր, այստեղ կարողանան գոյատևել: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե Ռուսաստանը պատժամիջոցների լեզվով խոսի, ապա Հայաստանում սոցիալական ինչ պայթյուն տեղի կունենա:
-Մյուս կողմից էլ տեսակետ կա, թե Փաշինյանը Ռուսաստանի համար ավելին է անում, շատ ավելի է սիրաշահում, քան նախկին իշխանությունները:
-Համակարծիք եմ տեսակետին, իսկ սիրաշահելու ամենակարևոր ապացույցը Սիրիա զորք ուղարկելն էր, թեև դրանից հետո երկու մեծ հարված ստացանք: Նախ՝ Մոսկվան չգնահատեց այդ քայլը, մենք փչացրինք մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ինչի պտուղները պարոն Փաշինյանը մինչև հիմա քաղում է. 1,5 տարի լինելով ՀՀ ղեկավար՝ նրան բարձր մակարդակով չեն ընդունել ոչ միայն Վաշինգտոնում, այլև ԱՄՆ-ի այլ բարձր հարթակներում: Համեմատության համար նշեմ, որ երկու-երեք ամիս առաջ ՈՒկրաինայի նախագահ ընտրված Վլադիմիր Զելենսկուն կընդունեն Սպիտակ տանը: Նշեմ, սակայն, որ սիրաշահելու քաղաքականությունը Հայաստանի իշխանությունները վարում են անչափ պրիմիտիվ կերպով՝ մտածելով, թե մի փոքրիկ բան զիջելով՝ Մոսկվայից կարող են ավելին կորզել: Մեր իշխանությունները կարծում են, թե իրենք «շուստրի» են՝ չմտածելով, որ Կրեմլում կամ Ռուսաստանի արտգործնախարարության շենքում նստածները բանից անտեղյակ միամիտներ չեն: Մեր դիվանագետները ցույց են տալիս, որ մեսիջային դիվանագիտությունը չեն հասկանում. ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության քվեարկությունը դրա վառ ապացույցն է: Ի՞նչ է նշանակում՝ սխալ կոճակ սեղմել ու պատահաբար դեմ քվեարկել: Մոսկվայում չեն մոռացել նաև կառավարական կաբինետի անդամներ Արայիկ Հարությունյանի, Արմեն Գրիգորյանի, Լենա Նազարյանի ամուսնու՝ ՌԴ դեսպանության դիմաց ի պաշտպանություն Նավալնու հանրահավաքը: Մոսկվայում շատ լավ գիտեն՝ պարոն Փաշինյանի թիմակիցներն ովքեր են և ժամանակին ու նաև հիմա որտեղից են ֆինանսավորվել և ֆինանսավորվում:
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ