«Մի Նիկոլով Ռուսաստանը հակահայկական հարց չի բարձրացնի»
13.09.2019 | 00:32
Դեռ ամիսներ առաջ քաղաքական գործիչ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ չորս նպատակի համար է Նիկոլ Փաշինյանը իշխանության եկել։ Այսօր նրա հետ զրույցում փորձեցինք պարզել, թե նրա հայտարարություններից որն է իրականացել և ինչպես։
-Պարոն Եղիազարյան, ամիսներ առաջ Դուք հայտարարեցիք, որ Փաշինյանին իշխանության բերելը 4 նպատակ ունի՝ Արցախի հետ հարաբերությունների ոչնչացում, ԼԳԲՏ-ի, մարիխուանայի վերաբերյալ օրենքների ընդունում և Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում։ Ըստ Ձեզ, որո՞նք են իրականացել։
-Արցախի հետ հարաբերություններն արդեն պայթեցված են։ Արցախն այսօր անորոշության մեջ է։
-Ի՞նչ ասել է՝ անորոշություն։
-Խնդիրներ իշխանական մակարդակում, հասարակության մեջ, պատերազմի վտանգ։ Մի անհասկանալի բան ևս. Նիկոլն Արցախում հարթակից գոռաց՝ միացում, հետո էլ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Հաջորդ իսկ օրը Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ իշխանությունը մնում է իր որդեգրած քաղաքականության շրջանակում, այսինքն, ոչ մի ծպտուն «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունից։ Այս տղան մի բանից է խոսում, որից գաղափար անգամ չունի, մի տեղ մի բան է ասում, հաջորդ պահին մոռանում է։
-Գուցե դա ներքին օգտագործման համար արված հայտարարությու՞ն էր, ինչպես նկատել էր նաև ՌԴ ԱԳՆ-ի խոսնակը։
-Այո, միմիայն ներքին օգտագործման համար, որովհետև «ժող ջանն» արդեն չկա, հպարտ քաղաքացու հետքը` ևս։ Դա վերջին ճիչն էր, որը բանակցային գործընթացը դարձրեց փակուղի։
-Ձեր հաջորդ դիտարկումն առնչվում էր Ստամբուլյան կոնվենցիային, այս հարցը կարծես օրակարգից փորձում են առայժմ հանել։
-Հարցը հետաձգեց, քանի որ տեսավ, որ թույլ է, չի կարող դրա տակ մտնել, վավերացնել։ Ես հիշում եմ նաև, թե ընտանեկան բռնությունների ժամանակ նիկոլականներն ինչպես էին իրենց պահում` երկու ձեռքով ԼԳԲՏ-ի կողքին էին։ Իհարկե, այն ժամանակ՝ փողոց փակելիս, չէր երևում, որ ԼԳԲՏ-ն լինելու էր առաջին օգնականը։ Նա այդ օրերին ուներ երկու օգնող ձեռք՝ սորոսական թիմը և ԼԳԲՏ-ն։ Իսկ այս երկուսը տակից համաձայնեցված են գործում, քանի որ ֆինանսավորվում են նույն աղբյուրից։ Այսօր նրանց բացահայտ միացան նաև «Սասնա ծռերը», որը Սորոսի զինվորական թևն է՝ սկսած Գարեգին Չուգասզյանից, որը Հայաստանում առաջին պաշտոնական սորոսականն է և նրանց ղեկավարը։ Իսկ երբ սորոսականները ռազմական թև են ունենում, ամեն ինչ ավարտվում է Սիրիայի, Իրաքի, Լիբիայի օրինակով։
-Դուք օդում քաղաքացիական բախման հո՞տ եք զգում։
-Ըստ օդում կախված լուրերի, երբ ռեսուրսները սպառած կլինի Նիկոլը (ռեսուրսներից մեկը Ամուլսարն է, որի շահագործման ներքին համաձայնությունը տվել է) և իշխանությունը կհանձնի, հույսը լինելու է հանցագործ աշխարհը։ Նիկոլի հետ Գարեգին Չուգասզյան-Ժիրայր Սեֆիլյան հանդիպումը հանգեցրեց նրան, որ ստեղծվեց ռազմական թև, որը կարող է գործի դրվել պլան «բ-ի» դեպքում, երբ տարբեր քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ ոտնձգություններ կլինեն։ Ստեղծվեց իշխանության զինվորական թևը, և Աստված ոչ անի, որ Հայաստանը հայտնվի Լիբիայի վիճակում։
-«Սասնա ծռերը» կանխելու են ռևանշիստների վերադարձը, իրենք ասացին։
-Ով ձեռք տա Նիկոլի աթոռին, անմիջապես կդառնա ռևանշիստ, 5-րդ շարասյուն, ու մնացածներին կկոչեն ի զեն։ Վերջին միտինգները ցույց տվեցին, որ հպարտ քաղաքացին այլևս նրա կողքին չէ, հանրության զահլան տարել էր՝ Հանրապետության հրապարակում շաբաթը 3-4 հանրահավաք անելով։ Հետո էլ` ճղճղալու բան չունի, որովհետև պարզվեց` Սաշիկը ճիշտ էր, ինքը՝ ծայրից ծայր սխալ։ Բաղրամյան ճանապարհվող ճամպրուկով փողերն էլ չբացահայտեց. կարո՞ղ է այնտեղ մի քանի ճամպրուկ արդեն դրված էր, ու գրպանել է։ Կարող է, հակառակ դեպքում կբացահայտեր։ Այսօր Նիկոլը մեկ խնդիր ունի՝ ամեն գնով պայքարել իր աթոռի համար։ Նրան ոչ ներքին, ոչ էլ արտաքին հարցերը չեն հետաքրքրում։ Աթոռն ատամներով է պահելու։
-Բայց հայտարարել է, որ եթե ժողովուրդը չուզեց, մեկ օր էլ չի մնա։
-Ժողովուրդը 20 հազար մա՞րդն է, որոնց կարող է մի տեղ հավաքել ու հայտարարել, թե ժողովուրդը չի ուզում հեռանամ։ Սա է իր հույսն ու հավատը։ Մեկ այլ հայտարարություն էլ է արել, թե մեզանից յուրաքանչյուրը վարչապետ է։ Բայց վերջերս այդ հպարտ վարչապետներից մեկին Գյումրիում թևից բռնած շպրտեցին, ինչ է, թե Նիկոլը կնոջ հետ պարի։ Իսկ այդ «վարչապետը» գնացել էր Նիկոլին ասելու, որ որդին պատերազմի մասնակից է ու այսօր աշխատանք չունի։ Իսկ իր պար գալու համար պետք էր, որ այդ հպարտ «վարչապետներից» մեկին ոստիկանները մեկուսացնեին։ Այնպես որ, այդ 3 մլն «վարչապետներին» նա էլի խաբեց, ստեց։
-Կարծես թե մարիխուանայի օրինականացման մասին ոչ մի խոսքուզրույց չկա։
-Մարիխուանայի օրինականացման հարցը ամիսներ առաջ բարձրացրին այս իշխանության անդամները, հայտարարելով, թե դա նորմալ բան է, իրենք էլ դրանից օգտագործել են։ Միայն մի բան կարող եմ ասել. 1954-ին Թիմերսոնն օրենք ընդունեց՝ թույլատրելով մարիխուանայի օգտագործումը Հյուսիսային Կորեայում։ Թմբիրի տակ պատկերները նյութական չեն, անհասկանալի վիճակ է, բողոքի ալիք նման հասարակություններում չեն կարող լինել։
-Ձեր օրինակն ի՞նչ է ցուցանում։
-Նիկոլը նպատակ ունի հասարակությանը պահելու թմբիրի մեջ, թմրանյութի ազդեցության տակ՝ թքած ունենալով, թե ինչ սերունդ հետո կլինի։ Գլխավորն այն է, որ ինքը մնա իր աթոռին կպած։
-Անցնենք հայ-ռուսական հարաբերությունների խզմանն առնչվող Ձեր դիտարկմանը. կարծում եք` Փաշինյանն իր այդ խզումն իրագործե՞լ է, ո՞րն է դրա նպատակը։
-Ընդամենը երկու ապացույց ներկայացնեմ՝ փաստելով, որ այս հարաբերությունները փչացնելու հստակ հրահանգ է ստացել` առանց հաշվի առնելու, որ Ռուսաստանում չհաշվառված 3 մլն հայ կա, որոնք պահում են Հայաստանում ապրող 2,5 միլիոնին։ Սկզբում Հանրային հեռուստատեսությունը փորձում էր հանրային կարծիք ձևավորել, թե հայ-ռուսական հարաբերությունները երբևէ եղած ամենափայուն հարաբերություններն են։ Ի դեպ, Հ1-ը շատ արագ Սերժի ալիքից վերածվեց Նիկոլի ալիքի։ Եթե Սերժի ժամանակ մեկումեջ «ստից» ընդդիմադիր գործչի էին եթեր տալիս, օրինակ` Նիկոլին, հիմա դա էլ չի թույլատրվում։ Տոտալ վերահսկողություն է և գովերգվում է մի բան, որը գովերգելու չէ։ Սրա հիվանդ երևակայության ցանկացած արգասիք գովերգվում է և խմբագրվում հենց առաջին ալիքով։ Ժողովրդին պիտի ցույց տան, որ իր թիմով նվիրված են Կրեմլին, բայց ովքե՞ր են այդ նվիրյալները։ Նիկոլը 102-րդ ռուսական ռազմաբազայի դիմաց ճղում էր կոկորդը, թե պիտի հանել այն, Դավիթ Սանասարյանը կոշիկը հանել, ասում էր, թե դրա միջի արյունը պիտի թափի ՌԴ դեսպանատան պատին, ԱԱԽ քարտուղարը և ԿԳՄՍ նախարարը, որ բանակում էլ չեն ծառայել, ՌԴ դեսպանատան դիմաց հակառուսական միտինգներում կոկորդ էին պատռում։ Մեկ էլ հանկարծ այս հակառուսիզմով վարակված երևույթները ջերմագին ընդունում են Պատրուշևին, նույնիսկ գրկախառնվում են։ Ի՞նչ է սա, քաղաքականությու՞ն, թե՞ ստորություն։ Երկուսի սիմբիոզը։ Արտաքինից ցույց տալ մի բան, տակից պայքարել Ռուսաստանի դեմ։
-Ինչպե՞ս են պայքարում։
-Իրենց լրատվամիջոցներով կարճ հաղորդում են տալիս, թե ովքեր դեմ են խոսում Նիկոլին, Կրեմլի մարդիկ են։ Ովքեր ասում են, թե Նիկոլի գործողություններն ադեկվատ չեն, անմեղսունակ վարքագծի դրսևորումներ են, ուրեմն Պուտինի հետևորդներն են։ Բոլոր սրիկաներին ու բանսարկուներին ասում եմ՝ գործ չունեք Վլադիմիր Պուտինի հետ։ Երկրորդեմ, ՌԴ-ում ապրող 3 մլն մարդիկ են այստեղ ապրող հայերին պահում։ Տխմարներ, հասկանու՞մ եք, թե ինչի է հանգեցնելու մեր հարաբերությունների վատացումը, ի՞նչ կլինի հայ-թուրքական սահմանին, Նախիջևանի հատվածում։ Մեր իրական թշնամիներին կավելանա Եվրոպայի ամենահզոր բանակ ունեցող երկիրը, նույն վայրկյանին մեզ կգցեն Կիպրոսի օրը։ Խելքի եկեք։
-Ռուսաստանի արձագանքը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է լինելու։
-ՌԴ-ն երկրագնդի ռազմաքաղաքական խոշորագույն կենտրոններից մեկն է, այնտեղ որոշումները չեն կարող լինել ստրկամտի, պարզամտի մոտեցմամբ, ամեն ինչ անում են կշռադատված, հանպատրաստից որոշումներ երբևիցե չեն կայացվում։ Զորօրինակ, 2014-ից մինչ այսօր ՌԴ-ի հանդեպ կիրառվող պատժամիջոցներով հանդերձ, այսօր Ռուսաստանին հրավիրում են G7-ին մասնակցելու։ Մի Նիկոլով Ռուսաստանը հակահայկական հարց չի բարձրացնի։ Նիկոլն այն դեմքը չէ, որ նման հարց բարձրացնի։ Հայ ժողովուրդը ռուս ժողովրդի բարեկամն է, 2-3 տասնյակ ապիկարով հարց չի որոշվում։ Նրանց համար Նիկոլը եղած-չեղած մի հաշիվ է։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ