Եղած տնտեսական անմխիթար վիճակը էլ ավելի է վատթարանալու առաջիկայում։ ԵԱՏՄ պայմանագրի շրջանակներում Հայաստան ներկրվող բազմաթիվ ապրանքների մաքսատուրքերը բարձրանալու են: Այս մասին այսօր հայտարարել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Սա ենթադրում է թանկացումների մեծ ալիք, իսկ Հայաստանի տնտեսությունը դրան դիմակայելու ոչ մի գործիք չունի։ Ցածր աշխատավարձ ու թոշակ, գործազրկության բարձր մակարդակ, ներդրումների բացակայություն և հարկային վիճելի փոփոխություններ։ Ահա այն համառոտ պատկերը, որն այսօր ներկայացնում է մեր տնտեսական վիճակը, որը ոչ մի հույս չի տալիս, որ շարքային քաղաքացին, որը աշխատավարձի ու թոշակի հույսին է կամ ավելի վատ՝ օպտիմալացման «տակ» է հայտնվել, կարող է այդ թանկացումներից գլուխ հանել ու սոված չմնալ։
Այլ խոսքով, ժողովրդի լեզվով ասած՝ «եղունգ ունես, գլուխդ քորի»։ Ասել է՝ կառավարությունից հույս չունենանք, գլխներիս ճարը տեսնենք։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ