«Բարեկամություն» նավթատարով Եվրոպա է մատակարարվել աղտոտված նավթ։ Պուտինը զայրացած է։ Բայց կա ենթադրություն, որ դա քաղաքական հաշվարկ է՝ գրում է Մաթիաս Բրյուգմանը Handelsblatt-ում։ Խողովակաշարը, որ ձգվում է Արևմտյան Սիբիրի նավթահանքերից մինչև գերմանական Լոյնայի ու Շվեդտի, խորվաթական Ռիեկեի նավթավերամշակող գործարաններ, կոչվում է «Բարեկամություն», սակայն այսօր հիմնականում վեճեր է սերմանում։ Այդ գազատարով՝ աշխարհում ամենաերկարներից մեկով, մեծ ծավալի աղտոտված նավթ է մատակարարվել։ Խոսքը միլիարդների վնասի մասին է։ Коммерсант-ի տվյալներով՝ աղտոտված է 5 միլիոն տոննա նավթ՝ 2,6 միլիարդ դոլարի։ Բելառուս փորձագետը ասել է, որ խողովակաշարի բելառուսական հատվածով անցել է 850 000 տոննա աղտոտված նավթ, իսկ ուկրաինականով՝ 1,8 միլիոն։ Աղտոտված նավթի ռուսական սկանդալի մեջ են հայտնվել և Շվեդտի ու Լոյնայի նավթավերամշակող գործարանները։ Լոյնայի նավթավերամշակող գործարանը ամեն տարի վերամշակում է 11 միլիոն տոննա հում նավթ և բենզին ու դիզել է մատակարարում 1,3 հազար լիցքավորման կայանների։ Եթե Ռուսաստանը չկարողանա արագ մաքրել խողովակաշարը և վերականգնել նավթի մատակարարումները, գերմանական նավթավերամշակող գործարաններն արդեն ստուգում են Ռոստոկ նավահանգստով նավթի ներկրումն ապահովելու հնարավորության մասին։
Աղտոտման պատճառները հետաքննում են ՌԴ դատախազությունն ու Անվտանգության դաշնային խորհուրդը: Բայց կասկածելի է, որ այդ գործում Մոսկվայում կարող են մեղավորներին գտնել։ Երկու հարց է ծագում՝ աղտոտված նավթի մատակարման մեջ կա՞ մարդկային գործոն։ Թե՞ դա նպատակային քաղաքական քայլ է։ Սկոլկովոյի Մոսկովյան դպրոցի էներգետիկայի կենտրոնի փորձագետ Եկատերինա Գրուշևենկոն մատնանշում է, որ ռուսական նավթի աղտոտումը համընկավ Ռուսաստանի ու Բելառուսի լարված հարաբերությունների պահին։ Ռուսաստանի կառավարությունը հարևան երկրին միավորման առաջարկ արեց, Բելառուսի նախագահը մերժեց և ցուցադրաբար Եվրամիության հետ մերձեցում է որոնում։ Իբրև ճնշման միջոց՝ Մոսկվան մի քանի ամիս օգտագործում է նավթի նշանակալից բարձր գինը Մինսկի համար, որ ապրում է նավթապրանքների արտահանման հաշվին, այսինքն՝ ռուսական էժան նավթի վերամշակման։ Коммерсант-ի կարծիքով՝ Ռուսաստանը նպատակ ունի ապակայունացնել նաև Ուկրաինայի նավթային շուկան։ Վերջերս Ռուսաստանն արգելել է Ուկրաինա նավթի ու ածխի արտահանումը։ Ռուսաստանը սկսել է նաև լարման նոր փուլ, որ ԶԼՄ-ներն անվանել են «անձնագրային պատերազմ»՝ Ուկրաինայի քաղաքացիներին առաջարկում են հեշտությամբ ստանալ ՌԴ անձնագիր։
«Այն ժամանակից, երբ Ռուսաստանը սկսել է մեծ քանակությամբ հում նավթ արտահանել Չինաստան, Եվրոպա արտահանվող նավթի ծավալը նվազում է ու որակը վատանում»՝ ասում է փորձագետ Գրուշևենկոն: Չինաստանը պահանջում է նավթ, որի մեջ 1% -ից ավելին չէ ծծումբը, այդ պատճառով ստանում է ավելի թեթև նավթ Սիբիրից։ Եվրոպային մատակարարվող նավթն ավելի ծանր է, այսինքն՝ ավելի շատ ծծումբ պարունակող։ Ուրալից Եվրոպա վաճառվող նավթը, Գրուշևենկոյի խոսքով, հաճախ պարունակում է ծծմբի առավելագույն թույլատրելի չափ՝ 1,8%։ Ռուսական նավթի որակի վատացման պատճառով «Բարեկամություն» խողովակաշարով մատակարարումները 2016-ի 52 միլիոն տաննայից 2017-ին կրճատվել են 49,5 միլիոն տոննայի։ Նավթավերամշակող շատ գործարանների խնդիրն այն է, որ հաճախ կարող են վերամշակել միայն ծանր կամ թեթև նավթ։ Ռուսաստանի օգտին են Իրանի նավթի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները՝ Իրանի նավթի մեջ, ինչպես ռուսականի, համեմատաբար շատ է ծծումբը և ոչ ամեն տեղ է հնարավոր փոխարինել ավելի թեթև նավթով Սաուդյան Արաբիայից կամ ԱՄՆ-ից։ Սահմանափակումները հավանաբար կհանգեցնեն նավթի գնի հետագա բարձրացմանը։
Մաթիաս Բրյուգման, Handelsblatt
Հ.Գ. Փաստացի՝ չափազանց շատ են «պատահական» համընկնումները, որ ռուսական նավթի աղտոտումը մարդկային գործոնով բացատրվի։ Քաղտեխնոլոգիա՞, թե՞ բնական աղետ՝ ինչո՞վ ՌԴ դատախազությունը կբացատրի ռուսական նավթի աղտոտումը: Ինչ բացատրություն էլ տրվի, գործն արված է՝ ով որ պետք է, վնասներ է կրում, ով որ պետք է՝ եզրակացություններ կանի։ Իսկ եթե չանի, կլինեն նոր «պատահականություններ»՝ կյանքն այնքան բազմազան է ու այնքան անակնկալներ ունի։ Բնական ու արհեստական։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ