Կալիֆոռնիայում ծրագրավորողների F8 համաժողովի ժամանակ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոսել է սոցցնացի լրահոսում արված փոփոխությունների, Facebook-ում ծանոթությունների համար նախատեսված Secret Crush գործառույթի, Marketplace առցանց խանութի և այլ նորամուծությունների մասին: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ իրենց հերթին հղում անելով սոցցնացի պաշտոնական կայքին:
«Նոր դիզայնը պարզ է ու արագ: Ջանք չենք խնայել այնպես անել, որ հեշտ լինի փնտրել ու գտնել ձեր որոնածը, ունենալ այնպիսի գործառույթներ, որ ամենից շատն եք կիրառում»,- ասել է նա:
Ցուկերբերգը հայտարարել է նաև, որ առաջին ակնհայտ փոփոխությունն այն է, որ գրեթե ամբողջապես հրաժարվել են ներկայիս տարբերակում գերակշռող կապույտ գույնից:
«Նոր տարբերակում սպիտակն է գերակշռում, հին Facebook-ից գրեթե բան չի մնացել: Օգտատերերը թարմացումների մի մասը կտեսնեն միանգամից: Փոփոխությունները կանդրադառնան նաև ընկերության Facebook Messenger, Instagram ու WhatsApp ծառայությունների վրա նույնպես»,- ամփոփել է Ցուկերբերգը: