Նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է խեղդել Իրանի տնտեսությունը և պահպանել բենզինի գները ցածր մակարդակի վրա ի շահ ամերիկացի վարորդների: Բայց երբ պարզվեց, որ Ռուսաստանի արտահանած նավթի մեջ աղտոտվածություն է հայտնաբերվել, մեծացան հույսերը, որ նա կարող է անելը և առաջինը, և երկրորդը։ Այս շաբաթ Թրամփը վճռեց չերկարաձգել բացառությունների ժամկետը, որ որոշ երկրներին ժամակավորապես թույլ էր տալիս Իրանի նավթը գնել՝ չնայած Իրանի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների։ Դա վերաբերում է 8 պետությունների, որ բացառություն էին ստացել մինչև մայիսի 2-ը։ Նավթի գները բարձրացան, և այն պահին, երբ բենզինի գինն առանց այդ էլ բարձրացել էր։ Այդ վառելիքը տարեսկզբից թանկացել է 30 տոկոսով և հիմա բենզինի գին անցյալ տարվա պիկին զիջում է ընդամենը 10 ցենտով: Մինչդեռ ամառային վարորդական սեզոնն ԱՄՆ-ում դեռ չի էլ սկսվել։ Թերևս, պատժամիջոցային կոշտ ռեժիմը կպահպանվի: Թեպետ որոշ երկրներ փորձում են համոզել Թրամփին վերջին պահին երկարաձգել բացառությունների ժամկետը, Վաշինգտոնից հնչող հայտարարությունները լավատեսություն չեն ներշնչում։ Այն մեղմացումները, որ արվել էին նոյեմբերին, պատժամիջոցների առաջին ալիքի հետ, բավականին անսպասելի էին։ Իսկ եթե Թրամփի վարչակազմը, որ հայտարարում էր՝ ոչ մի բացառություն այլևս չի լինի, հանկարծ վերցնի ու հայտարարի մեղմացումների երկրորդ ռաունդը, բացահայտ հիմար տեսք կունենա։
3 երկիր նույնիսկ չեն փորձի Թրամփին համոզել նոր բացառություններ անել՝ Իտալիան, Հունաստանը, Թայվանը: Նրանք նախկինում էլ այդ մեղմացումներից չէին օգտվում, հիմա էլ հազիվ թե տխրեն, որ բացառության ժամկետն ավարտվում է։ Չինաստանն ու Թուրքիան դատապարտում են միակողմանի պատժամիջոցները և մեղադրում են ԱՄՆ-ին իրավասությունների գերազանցման ու ԱՄՆ-ի իրավական տարածքից դուրս գործողությունների մեջ: Սակայն հասկանալի չէ՝ որքան հեռու կգնան չինացիներն ու թուրքերը ԱՄՆ-ի պահանջներին չենթարկվելու մեջ։ Չինաստանի համար շատ կարևոր է երկկողմ առևտրական համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ, և դա կարող է ավելի ծանր կշիռ ունենալ, քան ցուցադրական անհնազանդությունը։ «Սիթիգրուպը» հաղորդում է, որ համաձայնությունը կարող է կայանալ հունիսի վերջին: Նախագահ Սի Ձինպինը գուցե չցանկանա հապաղման պատրվակ ստեղծել։ Թուրքիան լարված հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ ռուսական զենիթահրթիռային համակարգերը գնելու պատճառով։ Եթե շարունակի Իրանից նավթ գնել, հարաբերություններն ավելի կվատանան։ Եթե նույնիսկ Թուրքիայի կառավարությունը ցանկանա ընդդիմանալ պատժամիջոցներին, նավթի ամենամեծ վերամշակողը՝ ՙԹուփռաշ՚ ընկերությունը, հազիվ թե պատրաստ լինի միանալ դիմակայությանը, որովհետև ԱՄՆ պատասխան քայլերի ծանրությունը իր ուսերին է կրելու։ Մնում են Հնդկաստանը, Հարավային Կորեան ու Ճապոնիան, որ արդեն լոբբիստական աշխատանք են տանում Սպիտակ տան հետ։ Նույնիսկ եթե Թրամփը փոխի որոշումը, լիակատար կապիտուլյացիա չի պահանջվում։ Եթե նա համաձայնի 6 ամսով 25 տոկոսվ կրճատել նավթի ծավալը, որ թույլատրված է գնել Իրանից, նրա պատժամիջոցները նախկինից՝ ավելի խիստ են։ Եթե նախագահը հրաժարվի զիջել, 3 երկրները ավելի շուտ կդադարեցնեն նավթի գնումն Իրանից։ Նրանք արդեն սկսում են կատարել հրահանգները, որովհետև ապրիլին Իրանի արտահանման ծավալը կտրուկ կրճատվել է՝ Հարավային Կորեայի գնումների նշանակալից նվազման և Ճապոնիայի նավթի գնումներից լիովին հրաժարվելու պատճառով։ ԱՄՆ-ը գտնում է, որ կարող է խստացնել պատժամիջոցները, քանի որ նավթային շուկան լցված է արտադրանքով՝ ի տարբերություն անցյալ տարվա նոյեմբերի։ Իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ Բրիան Հուկն ասում է, որ բոլոր կանխատեսումներով՝ 2019-ին նավթի գլոբալ առաջարկը գերազանցելու է պահանջարկը։ Բայց դա այն դեպքում, եթե ՕՊԵԿ-ը կմեծացնի նավթի հանույթի ծավալները։ Էներգետիկայի նախարարության վերջին կանխատեսումով՝ կարտելը տարվա երկրորդ կեսին պետք է հանույթը մեծացնի օրական 250 000 բարելով՝ անցած ամսվա համեմատությամբ և դա կլինի շուկայում հավասարակշռության ապահովման համար։ ԱՄՆ-ը ակնկալում է, որ մյուս երկրները կփոխհատուցեն պատժամիջոցների խստացման հետևանքները։ Պետքարտուղարությունն անցյալ շաբաթ հրապարակեց հաշվետվություն, որի մեջ նշեց, որ Սաուդյան Արաբիան ու Արաբական Միացյալ Էմիրությունները խոստացել են մեծացնել հանույթը, որպեսզի փակեն իրանական արտահանման դադարեցման պատճառով ստեղծված դեֆիցիտը։ Բայց խաղը խոստումների վրա դնելը հաղթաթղթով քայլ է ռիսկային խաղում: Պետք չէ սպասել, որ ՕՊԵԿ-ի երկրները կմեծացնեն հանույթը, քանի դեռ Իրանից մատակարարումների նվազման հստակ ապացույցներ չունեն։ Նրանք հաստատ ստիպված կլինեն փոխհատուցել ՙանկայուն վեցյակի՚ հանույթի նվազումը։ Այդ խմբի ներսում հատկապես խոցելի են Վենեսուելան ու Լիբիան։ Խոստումները, որոնց վրա հղում է անում Պետդեպարտամենտը, տեսականորեն իրագործելի են։ Բայց նրանք կարող են տրոհել ՕՊԵԿ-ը, եթե նրանք համարեն, որ Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն գործում են ԱՄՆ-ի ցուցումով՝ ի վնաս կարտելի մյուս հիմնադիր երկրների։ Իրավիճակը բավականաչափ անկայուն է, իսկ ռուսական խնդիրն ավելի է բարդացնում։ Եվրոպական նավթավերամշակող գործարաններն անցած շաբաթ դադարեցին նավթ ընդունել Ռուսաստանից, երբ պարզվեց, որ նավթն աղտոտված է։ Նույնը վերաբերում է արտահանմանը, որ բալթյան տերմինալով ուղարկվում է Ուստ-Լուգա։ Դա նշանակում է օրական մեկուկես միլիոն բարել ծանր նավթի կորուստ։ Չաղտոտված նավթի մատակարարումները Ռուսաստանից կարող են վերականգնվել մայիսի 3-ից ոչ շուտ, խողովակաշարի հարավային հատվածին կհասնեն միայն մայիսի 10-ին՝ Ֆեյսբուքում հաղորդել է ուկրաինական օպերատորը։ Սաուդյան Արաբիան կարող է փոխհատուցել Իրանի արտահանման կորուստը կամ Ռուսաստանի մատակարարումների խափանումները: Բայց դա անել պարզապես ի վիճակի չէ և դրա համար արդեն վճարում են ամերիկացի վարորդները։
Ջուլիան Լի, Bloomberg
Հ.Գ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է իրանական նավթի արտահանման արգելքը, հաղորդում է Սպիտակ տունը։ Նա հայտարարել է, որ աշխարհում բավականաչափ նավթ կա, որ առանց խնդրի դադարեցվի այդ ոլորտում Իրանի հետ համագործակցությունը։ «Բացի Իրանից, աշխարհում բավականաչափ նավթ և նավթամթերք է արտադրվում, որպեսզի թույլ տանք օտարերկրյա ֆինանսական կազմակերպություններին կրճատել Իրանից նավթ և նավթամթերք գնելը»,-նշել է նա։
Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին՝ Իրանը կշարունակի նավթ վաճառել, հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստատեսությամբ:
«Առաջիկա ամիսներին ամերիկացիներն իրենք կտեսնեն, որ մենք շարունակելու ենք նավթի արտահանումը, - ասել է Իրանի նախագահը։ - ԱՄՆ պատժամիջոցները սխալ են, և մենք թույլ չենք տա, որ իրականություն դառնան»: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը CBS հեռուստաընկերությանն ասել է, որ ԱՄՆ-ը ընտրել է առճակատման ուղին: «Մենք հակամարտություն չենք ուզում, մենք դիմադրում ենք: Մենք չենք ենթադրում, թե Դոնալդ Թրամփը հակամարտության է ձգտում, սակայն գիտենք, որ նախագահին շրջապատող մարդիկ նրան դրդում են դա անել», - ասել է Զարիֆը: Նրա փոխանցմամբ, Վաշինգտոնը հետզհետե ավելի խիստ պատժամիջոցներ է սահմանում Թեհրանի նկատմամբ և ստիպում է պատասխան քայլերի դիմել: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Մոհամադ Բաղերին ասել է, որ «թշնամական գործողությունների շարունակման դեպքում Թեհրանը կարղ է փակել Հորմուզի նեղուցը»: Դա շատ լուրջ մարտահրավեր կլինի՝ նեղուցով է փոխադրվում Մերձավոր Արևելքում արդյունանավող հում նավթի զգալի մասը: «Մենք չենք ցանկանում, բայց եթե թշնամական գործողությունները շարունակվեն, մենք կարող ենք դա անել: Եթե մեր նավթը չի գնալու այդ նեղուցով, թող այլոց նավթն էլ չգնա», - ասել է գեներալը:
Թեհրանում համոզված են, որ ամերիկացիները կշարունակեն այդ քաղաքականությունը: Եթե Իրանը փակի Հորմուզի նեղուցը, դա անմիջապես մեծ խուճապ կստեղծի նավթի միջազգային շուկայում: Նախ անխուսափելիորեն կբարձրանա հումքի գինը, ինչը կարճատև հեռանկարում շահավետ կլինի Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի, աշխարհի այլ մայրցամաքներում նավթ արդյունահանող երկրների համար: Բայց նեղուցի փակումը կդառնա աշխարհաքաղաքական այնպիսի մի դրամատիկ զարգացում, որը տեսականորեն կարող է հանգեցնել նույնիսկ ռազմական առճակատման: «Մենք համոզված ենք, որ մեր նավթը պետք է փոխադրվի նեղուցով: Բաց նեղուց և ոչ մի խոչընդոտ՝ դա բխում է մեր ազգային անվտանգության շահերից: Սակայն եթե Ամերիկան փորձի խենթ քայլերի դիմել և մեզ զրկել մեր նավթը վաճառելու հնարավորությունից, պետք է գիտակցի, որ կլինեն հետևանքներ», - ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ