Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Շնող. Կյանքեր ու ճակատագրեր

Շնող. Կյանքեր ու ճակատագրեր
30.04.2019 | 02:51

ՀԱՄԱՅՆՔԸ ԴԱՐՁԱՎ ԿԵՆՏՐՈՆ


Լոռու մարզում համայնքների խոշորացման ծրագրով Շնող համայնքը դարձավ կենտրոն` իր կազմում ներառելով Թեղուտ և Քարկոփ վարչական տարածքները, բնակչության ընդհանուր թիվը կազմում է 4136: Հողագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ զբաղվող 2800 շնողցիներից շուրջ 220-ը աշխատում էին Թեղուտի հանքավայրում, սակայն հանքավայրում աշխատանքների դադարեցման պատճառով անորոշ վիճակում հայտնված բնակիչներից ոմանք մեկնեցին արտագնա աշխատանքի, ոմանք էլ հույսով սպասում են, քանի որ նոր ներդրողը՝ ռուսաստանաբնակ Նորիկ Պետրոսյանը, խոստացել է վերագործարկել հանքավայրը: Համայնքի կենտրոնում գտնվող բացօթյա տաղավարում հավաքված մի քանի տղամարդկանց հետ փորձեցի զրուցել:


-Անասուն չունենք, որ գոնե անասնապահությամբ զբաղվեմ, հողամասում էլ կինս ինձանից լավ գիտի, թե ինչն ինչից հետո պետք ա ցանի, մտնեմ հողամաս ի՞նչ անեմ: Իմը հանքավայրում աշխատելն ա, վարորդ էի, հույս ունեմ, որ էլի կշարունակեմ աշխատել, բարձր էլ աշխատավարձ եմ ստացել,- ասում է 52-ամյա Վարազդատը:
-Չէ, իմը հողն ա, էդ էլ ա աշխատանք, էդ որ մենք գյուղմթերք չստեղծենք, գործից գալու ես ի՞նչ ուտես: Ամեն մեկն իր գործը պիտի անի, միասին պիտի շենացնենք տունն էլ, գյուղն էլ,- հողից կոշտացած մատներով ծխախոտը վառելով` խոսակցությանը միացավ նրանցից մեկը: Հետո խոսակցության ընթացքում անդրադարձան վարուցանքին, եղանակին ու բնության «խաղերին»՝ անկանխատեսելի ձյանը, հեղեղներին ու կարկուտին, վերջին շրջանում Շնողում տեղակայված երկար սպասված հակակարկտային կայաններին, որոնց շնորհիվ գյուղատնտեսությանը հասցված վնասը կտրուկ նվազել է: «Ապրի մեր գյուղապետի արևը, թե դրանք չէր բերել, մի թաք կարտոֆիլ էլ չէինք ունենալու»,- ասաց հողագործ խոսակիցս:
Ինչպես հետո տեղեկացա, Շնողում «Զենիթ» համակարգի հակակարկտային 5 կայան է տեղադրվել, ինչի արդյունքում գյուղում և հանդամասերում հինգ հարյուր հեկտար հողատարածք կարկուտից պաշտպանված է: Կայանները ձեռք բերելու համար համայնքի բյուջեից հատկացվել է 11 միլիոն դրամ, կայաններից չորսը տեղադրվել են գյուղի 120 հեկտար մշակվող այգիները պաշտպանելու համար: Նախատեսվում է կայանների թիվն ավելացնել ևս երկուսով, որոնցից մեկը կտեղադրվի Թեղուտ համայնքում, մյուսը՝ Շեկաղբյուր կոչվող հանդամասում:


«Իրատեսի» հետ զրույցում Շնողի համայնքապետ Դավիթ Ղումուշյանն անդարադարձավ համայնքի համար աշխատատեղ ապահովող Թեղուտի հանքավայրի վերագործարկման թեմային:
-Հույս ունենք, որ հուլիս-օգոստոս ամիսներին հանքավայրը նորից կշահագործվի: Հանքավայրի ղեկավարության հետ բանակցությունների ժամանակ պնդել եմ, որ ոչ միայն նախկին աշխատողները վերականգնվեն, այլև նորերին ընդունեն: Ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին, դրանք միշտ եղել են, նախկինում վթարներ եղել են, այս պահին պոչամբարի հետ կապված խնդիր չկա, արտահոսք չկա, քանի որ հիմա չի աշխատում, իսկ երբ աշխատի, հետևողական ենք լինելու, որ արտանետումների քանակը նորման չգերազանցի, արտահոսքը հիմնականում եղել է դեպի Շնող և Դեբեդ գետեր, բայց ոչ մեծ մասշտաբի: Չեմ ժխտում, բնության վրա ազդեցություն ունեցել է: Անձամբ ես, որպես բնակիչ և համայնքի ղեկավար, դեմ կլինեի հանքի շահագործմանը, սակայն քանի որ այն ավելի քան տասը տարվա պատմություն ունի, ուստի վատ կլինի, եթե հանքը չշահագործվի հիմա, ավելի աղետալի կլինի աշխատատեղերի փակման առումով,- ասում է Դավիթ Ղումուշյանը:
Համայնքապետի փոխանցմամբ` «Թեղուտ» ՓԲԸ-ի և համայնքապետարանի համագործակցության շնորհիվ լիովին վերանորոգվել է մանկապարտեզի շենքը, բարեկարգվել են ճանապարհները, հանքավայրի ղեկավարության կատարած ներդրման միջոցներով համայնքապետարանը ձեռք է բերել էքսկավատոր: Ոռոգման ջրի ներքին ցանցը խորհրդային տարիներից ի վեր չի վերանորոգվել: Համայնքապետը հույս հայտնեց, որ այն նույնպես կլուծվի «Թեղուտ» ՓԲԸ-ի աջակցությամբ: Համայնքի հիմնական խնդիրներից է ճանապարհների բարեկարգումը, թեև տարեսկզբից մինչ օրս շուրջ 300 մետր ճանապարհ բետոնապատվել է, սակայն զգալի թեքություններով փողոցներ կան, որոնք հնարավոր չէ բարեկարգել:
Շնող համայնքն ունի միջնակարգ հանրակրթական և յոթնամյա արվեստի դպրոցներ, մշակույթի տուն, 2 գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, 2 մսուր-մանկապարտեզ, հիվանդանոց, ամբուլատորիա, դեղատուն, հայրենագիտական թանգարան։ Հարակից բարեբեր, արգավանդ լեռնալանջերը, նախալեռնային տարածքները, գետահովիտները բնակչությանն ավանդաբար հնարավորություն են ընձեռել զբաղվելու հացահատիկների, տեխնիկական, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ և այգեգործությամբ։


Բնակիչներից շատերը զբաղվում են անասնապահությամբ, կաթի իրացման խնդիր չկա, արոտավայրերից լավագույնը համարվում է Ստեփանավանի Աղլաղանի սարը: Համայնքի բնակիչներից մեկի հավաստմամբ` այդ սարի խոտով սնված անասունների կաթն անմիջապես իրացվում է լիտրը 180 դրամով:
Դավիթ Ղումուշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղում կան սողանքներ, բայց դրանք վտանգավոր չեն, որ հանքում իրականացվող պայթեցումները գյուղում չեն լսվում, սակայն գյուղատնտեսական նշանակության հողերի որակի վրա պայթեցումից հետո առաջացած փոշու վնասակար ազդեցությունը անհերքելի է, բնակչության վրա` առավել ևս:
Շնող համայնքի ղեկավարն անդրադարձավ նաև Թեղուտ և Քարկոփ վարչական տարածքներում գազաֆիկացման խնդրին:
- Շնողի 80-85 %-ն արդեն գազաֆիկացված է, բոլորն էլ վճարունակ են, թեև գազն օգտագործում են միայն խոհանոցում կամ լողանալու համար: Մինչև հիմա Թեղուտն ու Քարկոփը գազաֆիկացված չեն: Մի ժամանակ հանքի ղեկավարության կողմից ցանկություն կար ներգրավվելու և աջակցելու այդ բնակավայրերի գազաֆիկացմանը: Տեսեք, գազ չլինելու պատճառով ժողովուրդը օրինական թե անօրինական ստիպված հատում է անտառները: Թեղուտում յուրաքանչյուր ընտանիքի կառավարության ծրագրով հատկացվում է տարեկան 8 խորանարդ մետր վառելափայտ, ինչը, բնականաբար, քիչ է, դրա համար էլ անտառային հատումները մեծ տոկոս են կազմում, քանի որ անտառը կա, բնակիչները գոմաղբը որպես վառելիք չեն օգտագործում: Քարկոփ գյուղն ընդհանրապես ընդգրկված չի եղել ծրագրում, եթե գազ լինի, հատումները կնվազեն: Բազմիցս դիմել ենք ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, «Գազպրոմ Արմենիա» կազմակերպությանը: Վերջինս հաշվարկեց ու եզրակացրեց, որ գազաֆիկացման համար կպահանջվի 200-220 մլն դրամ, ինչն իրենց ձեռնտու չէ, սակայն ինձ համար անհասկանալի էր այդ մոտեցումը, քանի որ հարկավոր էր մտածել բնակիչների, ոչ թե միայն սեփական շահույթի մասին,- ասաց Դավիթ Ղումուշյանը:

ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՕԳՈՒՏՆ ՈՒ ՎՆԱՍԸ


Շնող հնագույն բնակավայրը գտնվում է Դեբեդ գետի աջափնյա սարավանդի և հարակից ձորերի ու բլուրների տարածքում: Բնակչությունը 1831 թվականի 538 մարդուց 1989-ին դարձել է 3328, իսկ 2011-ին նվազել մինչև 2810 մարդ: Սեզոնային կամ մշտական միգրացիայի թվերի մասին օբյեկտիվ տեղեկատվություն չկա: Շնողը շրջապատող անտառները հարուստ են արժեքավոր ծառատեսակներով, վայրի պտուղներով, հատապտուղներով:
ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1N 1278-Ն որոշմամբ Շնողի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 146,736 հեկտար և Թեղուտ գյուղական համայքի 46,397 հեկտար անտառային հողերը փոխադրվել են արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա: Իսկ Շնողի ևս 5,368 հեկտար և Թեղուտի 17,770 հեկտար անտառային հողերը փոխադրվել էին էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա: Մինչդեռ բնապահպանների համոզմամբ` այդ անտառներին բնորոշ հարուստ կենսաբազմազանությունը տուժել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման պատճառով, այն բացասաբար է անդրադարձել Թեղուտ և Շնող գյուղերում բնակչության առողջական և սոցիալական վիճակի վրա: «Թեղուտ» ՓԲԸ-ն ընդգրկված չէ «Ընկերություննների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում, ինչը տեղի բնակչությանը հնարավորություն կտար օգտվելու բնապահպանական հարկերից և փորձելու հաղթահարել հանքի ազդեցության բացասական հետևանքները:


«Բնակչության կողմից մթնոլորտային օդին, ջրին, հողին հասցված ակնհայտ վնասները կապվում են հատկապես անտառային աղբյուրների անհետացման, ոռոգման ջրի աղտոտվածության հետ: Գյուղացիներից ոմանք այսօր արդեն զղջում են իրենց գյուղատնտեսության նշանակության հողերի, արոտավայրերի կորստի համար, որով պայմանավորված նրանք զրկվել են եկամտի աղբյուրից՝ նախկինում ունեցած անասնապահության, հացահատիկների, բանջարաբոստանային կուլտուրաների արտադրանքի հնարավորություններից»- կարդում ենք «Համայնքային փոխօգնություն» սոցիալական ՀԿ-ի 2019 թվականի հաշվետվության մեջ:

«ԳՅՈՒՂԸ ՀԱՐԱԶԱՏ Ա, ՈՐ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ՉԵՆՔ ՀԵՌԱՑԵԼ, ԷԼ ՉԵՆՔ ԳՆԱ»


Շրջում եմ գյուղամիջում: Ինձ հանդիպած երեք երիտասարդներից մեկը դպրոցական է, մյուսն աշխատում է Թեղուտ ՓԲԸ-ում որպես պահակ, երրորդը սովորում է Երևանի ագրարային համալսարանի հեռակա բաժնում: Գյուղից հեռանալու մտադրություն չունեն, «Գյուղը հարազատ ա, որ մինչև հիմա չենք գնացել, էլ չենք գնա»:
65-ամյա Վարդգեսի 4-հոգանոց ընտանիքն ապրում է իր 29 հազար դրամ թոշակով, երկու չափահաս տղաներն աշխատում էին անտառտնտեսությունում, հիմա անգործ են, սպասում են հանքավայրի վերաբացմանը: «Ես սիրում եմ մեր գյուղը, հին գյուղ ա, հին պատմություն ունի, հողը բերրի ա, բայց առաջ օդն ու ջուրն ավելի մաքուր էր, հիմա էն չի»:
Շնողի պատմության էջերը թերթելիս պարզվեց, որ գյուղի անվան ծագումը կապվում է «շեն հող» կապակցության հետ: Համաձայն այլ ենթադրության` գյուղի անվանումն առաջացել է «շինող» բառից՝ կառուցող, շինարար իմաստով:


Շնողի պատմությունը սերտորեն առնչվում է Կայծոն ամրոցի հետ ¥10-11-րդ-դդ.¤: Կայծոն-Շնող անվանափոխությունը կատարվել է ուշ շրջանում`18-րդ դարի կեսերից: Շնողի բնակչության նախնիները հիմնականում բնիկ են, ոմանք էլ վերաբնակեցվել են 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին: 1915 թ. Ախթալա կայարանից Շնող են հասցվել Մեծ եղեռնից փրկված 285 գաղթականներ` տեղահանված Արևմտյան Հայաստանի Բասենի, Էրզրումի նահանգի գյուղերից, որոնց չնչին մասն է ապրել Շնողում:
Ի դեպ, շնողցու հպարտությունը միայն գեղատեսիլ բնությունը չէ: Շնողի հարևանությամբ կան բազմաթիվ պատմամշակութային նշանակություն ունեցող վայրեր, հետաքրքիր բնություն, հանքային ջրի, սառնորակ աղբյուրներ, որոնց քանակը նվազել է, «Կայծոն» միջնադարյան բերդը, սակայն դրանք հանրաճանաչ չեն, քանի որ քիչ են ուսումնասիրված: ՈՒստի Շնողի բնության գրկում բացված «Կայծոն» կենտրոնի անդամները համայնքի առանձնահատկությունների, հուշարձանների մասին պատմող ճանաչողական պաստառներ են փակցրել, ցանկանում են համայնքում զարգացնել զբոսաշրջությունը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ