Բրիտանական Economist intelligence unit -ը, վերլուծելով աշխարհում անցած տարվա ժողովրդավարական զարգացումները, Հայաստանը դասել է հաղթողների և ամենամեծ առաջընթացն արձանագրած երկրների շարքում: Կենտրոնը նշել է. «2018-ին՝ խաղաղ իշխանափոխությունից հետո, Հայաստանը միանգամից ութ կետով բարելավել է դիրքերը և այժմ զբաղեցնում է 103-րդ հորիզոնականը 167 երկրների շարքում»:
Ժողովրդավարության գնահատականը փորձագետները տալիս են` հաշվի առնելով 5 հիմնական չափորոշիչ` ընտրությունների արդարությունը, բազմակարծությունը, քաղաքական մշակույթը, կառավարման արդյունավետությունն ու հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտում։ «Բոլոր այս ոլորտներում Հայաստանը անցած տարի զգալիորեն բարելավել է դիրքերը, առաջընթացի այդ տեմպն ամենամեծն է եղել Արևելյան Եվրոպայի հիբրիդային պետությունների շարքում», - արձանագրում է Economist intelligence unit -ը: Անցած տարվա առաջընթացը աննախադեպ է Հայաստանի համար և ամենամեծը այս ուսումնասիրության սկզբից` 2006-ից: 10 բալանոց համակարգով անցած տարի Հայաստանը ստացել է 4,79 միավոր՝ նախորդ տարվանից գրեթե մեկ միավորով ավելի, երբ տարիներ շարունակ կամ դոփում էր տեղում, կամ՝ նահանջ արձանագրում: «Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի աթոռին նստելով իշխանությունը պահելու փորձի դեմ սկսված թավշյա հեղափոխությունը հանգեցրեց Նիկոլ Փաշինյանի նշանակմանը վարչապետի պաշտոնում, -արձանագրում է բրիտանական վերլուծական կենտրոնը՝ հավելելով,- Փաշինյանի դաշինքը ջախջախիչ հաղթանակ տարավ Երևանի ավագանու ընտրություններում, և ձայների գերակշռող մեծամասնություն ստացավ խորհրդարանական ընտրություններում: Այս զարգացումները, Փաշինյանի հակակոռուպցիոն արշավը բարելավեցին Հայաստանի գնահակատանները կառավարության հաշվետվողականության և թափանցիկության ոլորտներում: Այդ փոփոխությունների արդյունքում էապես բարելավվել է նաև կառավարության ու քաղաքական կուսակցությունների հանդեպ Հայաստանի քաղաքացիների վստահությունն ու կոռուպցիայի ընկալման ցուցիչը», - նշում է բրիտանական հանդեսի վերլուծական կենտրոնը:
Հետազոտության թվերը փաստում են, որ ամենամեծ առաջընթացն արձանագրվել է կառավարության արդյունավետ աշխատանքի ոլորտում. այստեղ Հայաստանը 2018-ի հեղափոխությունից հետո ստացել է նախորդ տարվանից գրեթե երկու անգամ ավելի բարձր գնահատական: Անցած տարեվերջին բրիտանական Economist-ը Հայաստանը ճանաչել էր տարվա երկիր՝ 12 ամիս շարունակված բարեփոխումների համար: «Պուտինյան դրածոն արտաքսվեց՝ առանց գեթ մեկ զոհի: Անհանգիստ տարածաշրջանում գտնվող այս հնագույն և հաճախ վատ ղեկավարներ տեսած ազգը այժմ ժողովրդավարության և արդիականացման հնարավորություն է ձեռք բերել», - արձանագրել էր հանդեսը։ Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը անցած տարի ժողովրդավարության անկում է արձանագրել, անկման տեմպն ամենամեծն է եղել Արևելյան Եվրոպայում: Բրիտանացի փորձագետները փաստել են, որ մայիսին երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին վերադարձավ մեծ քաղաքականություն, ու թեև պաշտոն չէր զբաղեցնում, բայց կուլիսներից էր ուղղորդում կառավարության քաղաքականությունը:
Ադրբեջանը որևէ փոփոխություն չի արձանագրել՝ Բելառուսի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ մնալով բռնապետական երկրների շարքում:
Ժողովրդարության ինդեքսով աշխարհի առաջատարներն են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան, վատթարագույնները՝ Հյուսիսային Կորեան, Սիրիան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը: