Երեկվանից ուժի մեջ են ԱՄՆ պատժամիջոցներն Իրանի դեմ, ամբողջ երկրով բողոքի ալիք է սկսվել:
Թրամփի վարչակարգը վերականգնել է նախկինում Իրանի դեմ գործած բոլոր պատժամիջոցները, որ բեկանվել էին 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագրից հետո: Պատժամիջոցները վերաբերում են և Իրանին, և Իրանի հետ առևտուր անող ընկերություններին: Կիրակի օրը հազարավոր մարդիկ լցվել էին Իրանի քաղաքների փողոցները` «Մահ Ամերիկային» վանկարկումներով: Իրանի զինված ուժերը հայտարարեցին, որ երկուշաբթի ու երեքշաբթի զորավարժություններ են անցկացնելու` ցույց տալու երկրի պաշտպանունակությունը: Ցույցերը համընկան Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման 39-րդ տարեդարձի հետ:
Վաշինգտոնը վերսկսեց պատժամիջոցները, երբ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ 2015-ի միջուկային համաձայնագրից: Վաշինգտոնը նաև հայտարարում է, որ ձգտում է հասնել Իրանի «թշանամական» գործողությունների դադարեցմանը, այդ թվում` կիբեռհարձակումների, բալիստիկ հրթիռների փորձարկումների և Մերձավոր Արևելքում արմատական խմբավորումների աջակցությանը:
ԱՄՆ-ը պատժամիջոցները վերականգնում էր աստիճանաբար, վերլուծաբանների գնահատականով` այս անգամ առավել լուրջ քայլեր են արվել: Պատժամիջոցների ցանկում են 700 անձինք, կազմակերպություններ ու ընկերություններ, այդ թվում` հիմնական բանկերը, նավթ արտահանող ու նավագնացության ընկերությունները: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքով` 100 միջազգային մեծ ընկերություններ արդեն հեռացել են իրանական շուկայից` պատժամիջոցների սպառնալիքների պատճառով, նավթի արտահանումը օրական 1 միլիոն բարել նվազել է` կտրուկ սահմանափակելով տարադրամի մուտքը երկիր: Սպասվում է, որ Բրյուսելից գործող միջբանկային կապերի միջազգային ընկերությունը` SWIFT-ը, կդադարի համագործակցել պատժամիջոցների տակ հայտնված իրանական բանկերի հետ, որը կմեկուսացնի Իրանը միջազգային ֆինանսական համակարգից: Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգը հայտարարել է, որ 8 երկրներ կարող են առաջվա պես իրանական նավթ ներմուծել` չնշելով որ երկրները: Որքան հայտնի է` 8 երկրներից են Իտալիան, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թուրքիան, Չինաստանն ու Հնդկաստանը: Մայք Պոմպեոյի խոսքով` այդ երկրներն արդեն նշանակալից կրճատել են իրանական նավթի ներմուծումը, բայց նրանց լրացուցիր ժամանակ է պետք ներմուծումը 0-ի հասցնելու համար:
BBC
Հ.Գ. Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները վերաբերում են Էներգետիկայի ու բանկային ոլորտներին: Արգելափակվելու են Իրանի կառավարության, իրանական էներգաընկերությունների՝ Iranian Oil Company-ի, Naftiran Intertrade Company-ի, Իրանի Կենտրոնական բանկի հետ կապված բոլոր անձանց եւ ընկերությունների ակտիվները: Պատժամիջոցները կներառեն 600 ընկերությունների եւ ֆիզիկական անձանց, կտրուկ կսահմանափակվի նավթի արտահանումը:
Իրանի հետ միջուկային համաձայնագրի 5 մասնակիցները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը դեմ են ԱՄՆ-ի քաղաքականությանը: Թրամփը հայտարարել է, որ պատժամիջոցները մտցվելու են այնպես, որ Իրանին սահմանակից բարեկամ երկրները չտուժեն և չի բացառել Իրանի հետ բանակցությունների հնարավորությունը:
Ի՞նչ հետևանքներ կունենան պատժամիջոցները Իրան-Հայաստան հարաբերությունների ու Հայաստանի համար: Փորձագետները նշում են, որ ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանում կզգացվի զբոսաշրջության ոլորտում: Այս տարի իրանցի զբոսաշրջիկների թիվը պակասել է Իրանում դրամի կտրուկ արժեզրկման ու ելքի թույլտվությունների թանկացման պատճառով: Մյուս ոլորտներում ազդեցությունը զգալի չի կարող լինել, քանի որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ծավալն այնքան էլ մեծ չէ: Համենայն դեպս` Հայաստանը շարունակում է օրական 1,6 միլիոն խորանարդ մետր իրանական գազ ստանալ ու էլէներգիա փոխանցել Իրանին: Ադրբեջանը դեռ հոկտեմբերի 1-ից էր դադարեցրել գազի գնումն Իրանից: Իրանի դեմ պատժամիջոցները Հայաստանի դերն ու արժեքը Թեհրանի համար կարող են բարձրացնել` ի վերջո ցանկացած ճգնաժամ նաև նոր հնարավորություններ է բերում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ