Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Այս պայմաններում գնալ ընտրությունների, նշանակում է վտանգել վաղվա օրը»

«Այս պայմաններում գնալ ընտրությունների, նշանակում է վտանգել վաղվա օրը»
28.09.2018 | 00:34

ԱՄՆ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանական արտահերթ ընտրությունների շուտափույթ անցկացումը կարևորելով, հայտարարեց, որ դա պետք է նաև ներդրումներ Հայաստան բերելու համար։ «Այսօր մեր ամենակարևոր խնդիրը նոր ներդրումներ ներգրավելն է: Այդ նպատակով գնում ենք հարկային օրենսգրքի բարեփոխումների, անկախ դատական համակարգի հաստատմանը, քաղաքական կայուն վիճակի պահպանմանը, ինչի համար պետք է մոտ ժամանակներս անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով բոլորին ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, և դրանք պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան»,- ասաց վարչապետը։
Հայաստանյան տնտեսական և քաղաքական իրավիճակի շուրջ զրուցեցինք ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։

-Նիկոլ Փաշինյանի խոսքից կարելի է ենթադրել, որ վերջին 4-5 ամիսներին Հայաստան ներդրումներ չեն գալիս, քանի որ կայունություն չկա։ Այս ընթացքում տնտեսական «հեղափոխության» նշաններ երևացի՞ն։
-Իրավիճակը դիտարկելու համար պետք է ընդամենն ուսումնասիրել ազգային վիճակագրական ծառայության տվյալները և եզրակացություններ անել։ Ամփոփվել են ութ ամսվա տվյալները, որոնք փաստում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տեղաշարժեր կան։ Տնտեսական ակտիվությունն աճել է 7,7 տոկոսով։ Այսինքն, 2017-ի հունվար-օգոստոս ամիսների համեմատ 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ունենք 7,7 տոկոս տնտեսական աճ։
-Ի՞նչի հաշվին է այդ աճն արձանագրվել։
-Շինարարության ծավալների շնորհիվ՝ շուրջ 12 տոկոս աճ, որը և՛ տպավորիչ է, և՛ ուրախացնող, ինչպես նաև առևտրի ծավալների աճ՝ 14 տոկոս, սպասարկման ծավալների աճ՝ 24 տոկոս։ Այս թվերը փաստում են, որ տնտեսությունը բնականոն հունով ընթանում է։ Գուցե ավելի ինտենսիվ աճ էր պետք։ Վերհիշենք վարչապետ Փաշինյանի բնութագրումը, թե հազվագյուտ դեպք է, որ հեղափոխությունից հետո տնտեսությունը ոչ թե կոլապս է ապրում, այլ բնական ձևով աճում է։ Հուլիս ամսին, նախորդ տարվա համեմատ, ունեցել ենք 11,1 տոկոս ակտիվության ցուցանիշ։ Ինֆլյացիան 2,4-2,8-ի սահմաններում է, արտահանման ծավալների աճը մոտ 16 տոկոս է, ներմուծման ծավալների աճը պահպանվում է՝ 32 տոկոս։ Սրանք ԱՎԾ-ի տվյալներն են, որոնցից զատ վերլուծության այլ հիմքեր չեն կարող լինել։ Եթե այս տվյալները փորձում ենք համեմատել նախորդ տարվա նույն ժամանկահատվածի հետ, մտահոգության առանձնապես հիմքեր չկան։ Ինչ վերաբերում է ներդրումներին, պետք է կրկին հիշեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Հետհեղափոխական սկզբնական փուլում Փաշինյանը հայտարարում էր, թե մեր բազմաթիվ հայրենակիցներ ճամպրուկներով սպասում են, թե երբ պիտի գան ու ներդրումներ անեն։ Ճիշտն ասած, ես չեմ հետևել, նրանք եկել են, թե ոչ, կամ գալիս են, թե չեն գալիս, բայց տեսնում ենք, որ այդ ուղղությամբ վարչապետն ու փոխվարչապետերը ջանքեր գործադրում են։ Ուզում եմ նաև ենթադրել, որ այս աճը դրա արդյունքն է, չնայած այդ մասին տվյալներ չունեմ։ Բայց խորապես համոզված եմ, որ այս աճն իրականում նախկին կառավարության ինստիտուցիոնալ քայլերի արդյունք է։ Խոսքը նախ ԵԱՏՄ-ի անդամակցության մասին է, որը ռեալ սեկտորում էական փոփոխություններ բերեց, մենք ունեցանք զբոսաշրջության զգալի աճ, որը խթանեց հյուրանոցային բիզնեսը։ Սա հանգեցրեց այն բանին, որ մարդիկ սկսեցին տներ կառուցել, որպեսզի դարձնեն տուն-հյուրանոցներ, այսինքն՝ շինարարությանը խթան հաղորդվեց։ Նախկինում ինստիտուցիոնալ քայլեր էին արվել զարգացումն անշրջելի դարձնելու ուղղությամբ, և հիմա դա տեսնում ենք։ Համոզված եմ, որ այդ ինստիտուցիոնալ քայլերն այնքան հիմնավոր էին ու ամուր, որ անգամ հեղափոխական զարգացումներն իրենց ազդեցությունը չթողեցին բնականոն ընթացքի վրա։ Մինչդեռ հեղափոխություններն այլ երկրներում հակառակ էֆեկտն են ունենում։ Հետևաբար, այսօր մտահոգությունն այն պետք է լինի, որ կարող էր մեզանում լինել երկնիշ աճ, բայց առայժմ մեզ դա չի հաջողվում։
-Նախորդ կառավարությունների դեպքում էլ, հիմա էլ միշտ մեկ հարց է առաջանում, երբ խոսում են տնտեսական աճի ցուցանիշների մասին։ Այսօր կառավարությունն այս տնտեսական աճը տպավորիչ է համարում, սակայն դա մարդկանց կենսամակարդակի վրա ոչ մի կերպ չի ազդում։ Ի վերջո, ի՞նչ անել, որ քաղաքացին իր կյանքում էլ զգա այդ աճը։
-Վերցնենք աշխատավարձի աճը. պետական սեկտորում աշխատավարձի աճը կազմել է 1,8 տոկոս։ Սա շատ ռեալ թիվ է, որովհետև պետական սեկտորում աշխատավարձի ստվերային շրջանառություն չունենք։ Ինֆլյացիան կազմում է 2,4 տոկոս, այսինքն, աշխատավարձի աճն ինֆլյացիայի հանդեպ նվազում է։ Ստացվում է՝ մեր պետական աշխատողի վիճակը վատացել է։ Մասնավոր սեկտորում հակառակն է. ունենք 3,7 տոկոս աճ, որն իրականում ավելին է, քանի որ այստեղ աշխատուժի ստվերային շրջանառություն ունենք։ Ասել է՝ մասնավոր սեկտորում իրավիճակն ավելի բարվոք է։ Բայց խնդիրը հետևյալն է՝ որտեղ են ավելի շատ աշխատողներ։ Եթե հիշողությունս չի դավաճանում, գյուղատնտեսությունը հանած, 604 հազար զբաղվածների մոտ 40 տոկոսը պետական սեկտորում է, իսկ մնացածը՝ մասնավոր։ Սա ինչ-որ առումով կարող է մեղմել իրավիճակը, բայց որևէ կերպ հնարավոր չէ աշխատավարձի բարձրացում՝ առանց արտադրողականության իրական աճի։ Նվազագույն աշխատավարձի արհեստական բարձրացումը կարող է կործանարար լինել տնտեսության համար։ Բոլոր տեսակի խոստումները, թե մենք կգանք իշխանության ու կբարձրացնենք նվազագույն աշխատավարձն այսքանով, բացասական է անդրադառնալու տնտեսության վրա, երբ չկա արտադրողականության աճ։
-Նոր կառավարությունն արդեն խոստացել է 2019-ի հունվարից բարձրացնել նվազագույն աշխատավարձը։ Սա նշանակում է՝ տնտեսական դժվարությունների առա՞ջ ենք կանգնելու։
-Մենք յուրաքանչյուր աշխատողի եկամուտների աճի խնդիր ունենք, սա ցանկացած իշխանության տրամաբանական խնդիրն է։ Որո՞նք են այս հարցի լուծման ճանապարհները։ Ներդրումներ՝ աշխատատեղերով, նոր տեխնոլոգիաներով, ինչը էական նշանակություն ունի։ Երկրորդեմ՝ այսօրվա տնտեսական աճը պայմանավորված է նախկինում կատարված ինստիտուցիոնալ բարեփոխումներով, ոչ թե ներդրումներով։ Հետևաբար, այժմ շատ կարևոր է ներդրումներ ներգրավելու հարցը։ Այստեղ ոչ միայն արտահերթ ընտրությունների հանգամանքը, այլև «հեղափոխություն» տերմինը կարող են զգուշավորություն ներշնչել պոտենցիալ ներդրողներին։ Անընդհատ ասում են՝ աշխարհում առաջին խաղաղ, անցնցում, ոչ ուժային, թավշյա «հեղափոխությունը» եղավ։ Այնինչ մարդկանց մեջ հեղափոխությունն արդեն այլ էմոցիաներ, մտապատկերներ է ստեղծում։ Նրանց քիչ է հուզում՝ թավշյա է, թե ոչ։ Հեղափոխությունը հեղափոխություն է, որն իր հետ բերում է անկանխատեսելիություն, իսկ տնտեսության համար ամենաբացասականն անկանխատեսելիությունն է։ Սրան էլ երբ գումարվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների հանգամանքը, ստացվում է՝ իրավիճակն առավել անկանխատեսելի է։ Եթե այս ամենին էլ ավելացնում ենք այն հանգամանքը, թե ինչպես են ներքին կյանքը երկփեղկել՝ սևեր, սպիտակներ, կապույտներ, դեղիններ, իրավիճակն առավել մտահոգիչ է դառնում։ Պետք է հասկանալ, որ պոտենցիալ ներդրողները ներքաղաքական իրավիճակի ուսումնասիրման համար շատ լավ խորհրդականներ ունեն, որոնք դիմում են դեսպանատներին, ստանում են այնտեղից անհրաժեշտ երաշխավորագրեր, վարձում են անգամ այս ոլորտի հատուկ խորհրդականների, որոնք էլ նախապատրաստում են նրանց որոշումը։ Հետևաբար այս պայմաններում, երբ անգամ պարզ չէ, թե նոր ընտրություններն ինչ իրավիճակի կհանգեցնեն, պոտենցիալ ներդրողը շատ զգուշավոր է։ Բնական է՝ մենք չենք խոսում 10-20 մլն դոլար ներդրումների մասին, որը մեր տնտեսության համար խնդիր չի լուծում, որովհետև մեր նպատակը մրցունակ ազգային տնտեսություն ունենալն է, այնպիսի տեխնոլոգիական արտադրական հզորություններով կառուցվածք, որոնց արտադրանքն արտաքին շուկայում կլինի մրցունակ։ Մենք պիտի ձգտենք արտաքին շուկաներում մեր ապրանքը դիվերսիֆիկացնել։ Այն ապրանքը, որն արտադրվում է Հայաստանում, կրելու է «Made in Armenia» անվանումը, պետք է մրցունակ լինի և՛ Չինաստանում, և՛ Հնդկաստանում, և՛ Ռուսաստանում, և՛ ԵՄ-ում։ Եթե մրցունակ տնտեսության ազգային կոնցեպտը չդարձնենք գերակա, անիմաստ է խոսել ներդրումներ ներգրավելու մասին։
-Փաստորեն ներդրողները սպասում են, թե ներքաղաքական իրավիճակը Հայաստանում ե՞րբ կզուլալվի։
-Դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Այնպես չէ, որ ամեն ինչ խախանդ եղավ, ներդրողները վազելով գալու են Հայաստան։ Ոչ։ Աշխարհում միլիոնավոր ներդրողներ կան, որ գլոբուսի վրա չգիտեն էլ Հայաստանի տեղը։ Հայաստանը ներկայացված չէ աշխարհին։ Այդ մեզ է թվում, թե աշխարհը մեր շուրջն է պտտվում։ Ինչ է, թե աշխարհում առաջին անգամ անցնցում հեղափոխությու՞ն է եղել։ Մեզ թվում է, թե ողջ աշխարհը հեռադիտակը վերցրած մե՞զ է նայում։ Իրականությունն այդպես չէ։ Տեսեք, Չինաստանում անցկացվում է ներդրումների էքսպո, ու՞ր ենք մենք, ինչու՞ ներկայացված չենք այնտեղ։ Այս հարցը ներկայիս կառավարությանը չի ուղղված, այլ նախորդին։ ՈՒ՞ր է մեր բիզնեսի զարգացման գործակալությունը, որի տնօրենը կարող է տասը լեզու գիտի, բայց մենք այնտեղ ներկայացված չենք։ Չէ՞ որ դա ներդրումների, ներմուծման էքսպո է, չինացիներն ուզում են մեր ապրանքները տեսնել ու գնել, ինչու՞ մենք այնտեղ չենք։ Եթե այսպիսի տեղերում չլինենք, ո՞վ պետք է մեզ ճանաչի, ո՞վ պետք է մեր մասին իմանա, միայն սփյու՞ռքը։ Մի՞թե ներդրում ասելով հասկանում ենք միայն սփյուռքահայերի ներդրումը։
-Տնտեսական իրավիճակի բարելավումը սերտորեն կապված է քաղաքական կայունության հետ, ուրեմն ի՞նչ պիտի անել, մինչ ներքաղաքական կյանքը բնականոն հուն վերադառնա։
-Կայունությունն անհրաժեշտ է, բայց, կրկնում եմ, բավարար պայման չէ։ Պետք է լինի իրական աշխատանք, յուրաքանչյուր ներդրողի հետևից պետք է վազել, յուրաքանչյուր պոտենցիալ ներդրողի։ Նախորդ կառավարության ժամանակ նոր-նոր սկիզբ էր դրվում տնտեսական դիվանագիտության։ Առաջին քայլերն էին արվում, ստեղծվել էր փոխարտգործնախարարի հաստիք։ Թող չկարծեն, որ իմ որդին է այդ պաշտոնը զբաղեցրել, դրա համար եմ ասում։ Հարցն այն է, որ դիվանագիտական ռեսուրսը սկսել էին օգտագործել ներդրումներ ներգրավելու համար։ Հաստատվել էր կոնցեպտը, իհարկե, դա դիվանագիտական ոլորտում խորթ հարցադրում էր։ Շատ դեսպաններ փոխնախարարի առաջարկներն ընդունում էին սվիններով, որովհետև դրանք իրենց ձեռնտու չէին։ Մարդիկ սովորել են, որ որևէ երկրում դեսպան աշխատելը մեկ նպատակ ունի՝ գոնե մեկ անգամ նախագահի կամ վարչապետի այցն այդ երկիր կազմակերպել ու հայտարարել՝ էս ի՜նչ լավ աշխատեցինք։ Նրանցից ոչ մեկի մտքով չի անցնում, որ իր խնդիրը միայն դա չէ, այլ այնտեղից պոտենցիալ ներդրող բերելը։ Նոր էին սկսել մարդիկ հաշտվել այս մտքի հետ, բայց այդ հաստիքը կրճատվեց, փոխնախարարն էլ հեռացվեց աշխատանքից, աշխատանքներն էլ դադարեցրին։ Բա ասում են՝ ներդրում ենք ուզում, այդ ինչպե՞ս։ Միայն վարչապետի կամ փոխվարչապետի այցելություններով ներդրում կամ ներդրող կարելի՞ է բերել։ Ինստիտուտ է պետք։ Ինչու՞ գնացիք այս ճանապարհով, չէի՞ք գիտակցում այդ ինստիտուտի կարևորությունը, եթե այո, ուրեմն վատ է, եթե գիտակցված արեցիք, շատ ավելի վատ է։ Բա այդ հզոր դիվանագիտական պոտենցիալը մի՞թե կարելի է թողնել լուսանցքում։ Մեր երկրի դեսպանները միայն միջպետական հարցերո՞վ են զբաղվում, իսկ տնտեսական բաղադրի՞չը։ Մենք հետևում ենք, թե ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանն ինչ է ասում ներդրումների մասին, բա ԱՄՆ-ի դեսպանը Հայաստանում ներդրումներով պետք է զբաղվի, իսկ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը ներդրումներով չպե՞տք է զբաղվի։ Սա ընդամենն օրինակ էր։ Նույնը վերաբերում է Ֆրանսիայում, Չինաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում Հայաստանի դեսպաններին։ Եթե մեր երկրում ամեն ինչ լինի իդեալական, հարթ, խաղաղ, դա դեռ բավարար չէ, մենք մեր ունեցած բոլոր ռեսուրսները պետք է օգտագործենք, այլապես մեզ մոտ ոչինչ էլ չի ստացվի, անընդհատ կխոսենք ներդրողներ բերելու մասին, բայց այդպես էլ ներդրումներ չեն լինի։ Ի դեպ, վերջին երեք կառավարություններն էլ ավելի շատ խոսում էին ներդրումներ մասին, քան ներդրողներ էին բերում։ Միայն վերջում գիտակցեցին, որ դիվանագիտական կորպուսը ևս այս աշխատանքում պետք է ներգրավել։
-Այս օրերի ամենառանցքային հարցը, որով ևս Նիկոլ Փաշինյանը պայմանավորեց տնտեսական զարգացումը. իշխանությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ՀՀԿ-ում դրա հիմքերը չեն տեսնում։ Ո՞րն է Ձեր տեսակետը։
-Ես հանրապետական կուսակցության անդամ չեմ և այս կարևոր հարցի առնչությամբ կուսակցության անունից խոսելու մանդատ էլ չունեմ։ Ես իմ տեսակետը կհայտնեմ։ Հասկանում եմ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը շտապում, նույնիսկ բացատրելի է դա։ Բայց եթե խնդիրը դիտարկում ենք միջնաժամկետ, առանց ցնցումների զարգացումների համատեքստում, ես որ չէի շտապի։ Պարզ պատճառով։ Ցանկացած գնով և ցանկացած պայմաններում ԱԺ ընտրություններ անցկացնելը չի նշանակում վերջնականապես միջնաժամկետ ու երկարաժամկետ կայուն զարգացման համար նախադրյալներ ստեղծել։ Այսօր իրավիճակը շատ էմոցիոնալ է։ Վերջին ընտրությունները դա ապացուցեցին։ Գիտակցված ընտրություն չի կատարվել։ Այս պայմաններում գնալ ընտրությունների, նշանակում է վտանգել վաղվա օրը։ Ընտրության անկասկած պետք է գնալ, այստեղ հարցն այն է, թե երբ կազմակերպել դա։ Կարծում եմ, այն ժամանակ, երբ հանրությունը հանդարտ, հանգիստ պայմաններում գիտակցված, ոչ էմոցիոնալ ընտրություն կկատարի։ Այսօր իրավիճակն այդպիսին չէ։ Առանց չափազանցության կարող ենք ասել, որ Երևանի ավագանու ընտրությունն ասվածի ապացույցն է։ Այդ նույն ընտրությունը կես տարի հետո բոլորովին այլ արդյունք կարող էր ունենալ։ Հանրությունը հանդարտ, առանց էմոցիայի պետք է որոշումներ կայացնի։ Սա շատ էական է։ Նախընտրական ֆոնը, միջավայրը, պարամետրերը գիտակցված ընտրություն կատարելու համատեքստում շատ կարևոր են։ Եթե իսկապես ցանկանում ենք երկարաժամկետ, դինամիկ ու անցնցում զարգացման համար նախադրյալներ ստեղծել, չպետք է շտապենք։ Հայտարարված է մեկ տարի, խնդրեմ։ Մեկ տարի հետո կարելի է քննարկել՝ այդ ժամանա՞կ է հարմար, թե՞ հետո։
-Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ մեկ տարի հետո ՀՀԿ-ն կարող է անվստահություն հայտնել վարչապետին և իր նախընտրած թեկնածուին վարչապետ ընտրել։
-Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը տեղին է, քանի որ ժամանակի ընթացքում նրա վարկանիշը կարող է ընկնել, 80 տոկոսի վրա չի կարող մնալ։ Հետևաբար, որքան շուտ լինեն ընտրությունները, այնքան լավ։ Այո, հնարավոր է, որ նրա վարկանիշը նվազի, դա նաև օբյեկտիվ է, որովհետև որևէ իշխանության վարկանիշ տևական ժամանակ այդքան բարձր չի կարող մնալ։ 1991-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվել է 85 տոկոս ձայնով, բայց 1,5 տարի հետո իրավիճակը լիովին այլ էր։ Այսօր խնդիրն այն է, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները մենք դիտում ենք որպես հանրային կյանքի զարգացման անշրջելի երաշխիքներ ստեղծելու միջո՞ց, թե՞ սոսկ հնարավորություն՝ սեփական իշխանությունն ամրապնդելու։ Սա վերաբերում է բոլորին՝ և՛ հանրապետականներին, և՛ մյուսներին, և՛ ՔՊ-ականներին։ Այն, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ պետք է անցկացնել, երկրորդ կարծիք չի կարող լինել, ողջ հարցն այն է՝ ե՞րբ։ Ավելին, եթե նույնիսկ Փաշինյանի վարկանիշն անկում ապրի, իսկ ՀՀԿ-ինը բարձրանա, դարձյալ պետք են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ նման ցնցումից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունը պարտադիր, անխուսափելի քաղաքական անհրաժեշտություն է։ Հանրությունը պետք է մեկ անգամ ևս հանգիստ վիճակում ընտրելու հնարավորություն ստանա։ Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ արտահերթ ընտրություններ պետք է անցկացնել, խնդիրը ժամկետներն են։ Հանրությունն էլ պետք է գիտակցի, որ ոչ թե էմոցիայով պետք է գնա ընտրության, այլ գիտակցված։ Որքան էմոցիոնալ, այնքան հետևանքները ծանր կլինեն, որովհետև կա սիրելու ժամանակ, և կա հիասթափվելու ժամանակ։ Պետք է ո՛չ սիրել, ո՛չ էլ հիասթափվել, այլ իմաստավորված, գիտակցված ընտրություն կատարել։

Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ