Մինչ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, հրաժարականից հետ կանգնած աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը վստահեցնում է. «1-2 շաբաթվա ընթացքում նախարարարությունը կներկայացնի օրենքի փոփոխությունների նախագիծ, որը կդրվի հանրային քննարկման, այնուհետև կհանձնվի կառավարության դատին: Մենք պատրաստվում ենք փոփոխությունները ներկայացնելու խորհրդարանի հաստատմանը աշնանային նստաշրջանին՝ նպատակ ունենալով առաջարկվող փոփոխությունները ներդնել 2019 թ. հունվարի 1-ից»: Հավելենք, որ հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչն ամբողջովին ուժի մեջ կմտնի, համակարգին կմիանա ևս 80 հազար քաղաքացի: Ի դեպ, հուլիսի 1-ից քաղաքացիները կվճարեն իրենց աշխատավարձի 2,5 տոկոսը, իսկ պետությունը դրան կավելացնի 7,5 տոկոս: Այդուհանդերձ, նոր կառավարության համար այն փորձաքար է: Տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում մի քանի նկատառում ներկայացրեց օրինագծի առնչությամբ:
-Պարտադիր կուտակային համակարգը ներդրվեց, չնայած նոր կառավարության անդամների մեծ մասը ժամանակին դեմ էր այս նախագծին: Ստացվում է` այլընտրանք չունեի՞ն:
-Անկախ այն բանից, թե ովքեր կձևավորեին նոր կառավարությունը, ստիպված էին պարտադիր բաղադրիչը ներդնել: Ի սկզբանե պետք է քննարկվեր՝ արդյոք պե՞տք է նման համակարգ մեր երկրին, անգամ հանրաքվե անցկացնելու ճանապարհով պետք է որոշվեր դրա կիրառությունը, որովհետև մարդուն չես կարող պարտադրել, որ այսօրվա եկամուտներից կատարի կուտակումներ թոշակային տարիքում բարձր թոշակ ստանալու համար: Սա պետք է լիներ կամավորության սկզբունքով: Բայց քանի որ չորս տարի այդ ճանապարհն արդեն անցել ենք, ինչպես ասում են, գետանցման ժամանակ ձիերը չեն փոխում:
-Չկա՞ր այլ լուծում ստեղծված իրավիճակում:
-Այլ լուծում կա, բայց դա շատ թանկ կնստի մեր երկրի վրա: Պարտադիրի ներդրմամբ կատարվել է միջազգային մրցույթ, որտեղ երեք ֆոնդերի կառավարիչներ են հաղթել և ստանձնել են մեր միջոցները կառավարելու իրավունք: Դրանք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ են, որոնք երկրների հետ աշխատում են՝ ելնելով նրանց ֆինանսական կարգապահության և բարեխղճության մասին ձևավորված պատկերացումներից, որոնք նույնացվում են նաև երկրների ֆինանսական հեղինակության հետ: Պարտադիրից իմպերատիվ հրաժարվելը ուղղակի հարված էր այդ հեղինակությանը, ինչը մեր երկրի պարագայում անթույլատրելի է ու շատ մեծ ճոխություն կլիներ: Մենք հաճախ դիմում ենք միջազգային ֆինանսական տարբեր կառույցների` վարկեր ստանալու, և մեր երկրի վարկանիշը վարկերի տրամադրման, տոկոսադրույքների, ժամկետների որոշման և նմանատիպ այլ հարցերում որոշումների ընդունման հիմք է: Ճանապարհի կեսին պարտադիրից հրաժարվելով, մենք կդառնայինք անբարեխիղճ ու անվստահելի գործընկեր: Նման հեռանկարի պարագայում մեզ համար փողը կթանկանար, երկարաժամկետ փողերի ակնկալիք չէինք ունենա: Երկրորդեմ` պարտադիր բաղադրիչի կիրառման քննարկումները պետք է ծավալվեին համակարգի ներդրման սկզբնական փուլում, բայց արդեն չորս տարի է` պետական ապարատի 210 հազար ծառայողներ, աշխատողներ արդեն վճարել են և ունեն բավականին մեծ գումարներ իրենց կուտակային հաշիվների վրա, որոնք կառավարում են այդ հեղինակավոր ֆոնդերը, այլևս հետքայլ չկա: Ժողովրդական խոսքով ասած` «Էշ նստելը մի ամոթ է, իջնելը՝ երկու»:
-Որոշ տնտեսագետների կարծիքով, հարկավոր էր որոշակի փոփոխություններով այլ լուծումներ տալ օրենքին: Դա ինչպե՞ս է հնարավոր:
-Այդ կարծիքներում կա որոշակի իրատեսություն: Օրինակ, եկամուտների կապիտալացումը ոչ թե թողնել 40 տարվա պահանջով, այլ կրճատել ու դարձնել, ենթադրենք, 20 կամ 15 տարով: Այլ բան է, որ պարտադիրի հետաձգումը կրկին սահմանադրականության խնդիր է ստեղծելու: Շատ էական են նաև օրենքի կիրառման ժամանակ ճիշտ կարգավորումները, որպեսզի հանրությունը կարողանա յուրաքանչյուր 10 տարին մեկ իր եկամուտները կապիտալացնել: Միջին և բարձր աշխատավարձ ստացող մարդիկ այդ ֆոնդերում ձևավորում են բավականին լուրջ միջոցներ: Եթե յուրաքանչյուր 20 տարին մեկ նրանց հնարավորություն տրվի որոշակի ուղղվածությամբ այդ գումարները կապիտալացնելու, այսօր ոչ մեկի մեջ կասկած չի առաջանա իր գումարների հեռանկարի վերաբերյալ: Կուտակային համակարգի հիմնական խնդիրը ծագում է ֆոնդերում գումարների ներդրման երկարաժամկետության և դրանով պայմանավորված անորոշությունների պատճառով: Ցանկացած նման երկար հորիզոն անխուսափելի է դարձնում միջոցների արժեզրկման վտանգը: Այսինքն, որևէ երաշխիք չկա, եթե անգամ այն տոկոսները, որոնք կառավարման ընթացքում, որպես փոխհատուցում ստանաս, կփրկեն քո միջոցները արժեզրկումից: Համարժեք գնողունակության խնդիր կա: Իսկ եթե միջոցները կապիտալացնեն, հնարավորություն կլինի աճող ինֆլյացիայի դեպքում միջոցները փրկել արժեզրկումից:
-Նախարարն այսօր խոսում է առաջիկայում օրենքում լուրջ բարեփոխումներ անելու մասին, այսինքն, ամեն դեպքում կա՞ տարբերակ որոշակի ձևափոխումներ անելու պարտադիր բաղադրիչի հետ կապված:
-Մրցույթը հայտարարվել է հստակ պայմանով: 2014-ից կիրառվելու է պարտադիրը պետական ապարատի որոշակի թվով մարդկանց համար, հետո նաև մյուսների դեպքում է նույն օրենքը գործելու: Հաղթող ֆոնդերի կառավարիչներն այն ակնկալիքով են ստանձնել այս պարտավորությունը, որ չորս տարի ունենալու են 210 հազար շահառուների միջոցներ, 2018-ից էլ` ևս 80 հազարի: Քանի որ այս պայմանները օրենքում ամրագրել ես ու այդ կառավարիչներին էլ խոստացել ես, որ դրանք կատարելու ես, հիմա հետքայլի հնարավորություն չունես: Այդուհանդերձ, կան որոշակի տարբերակներ, որոնք պետք է կիրառվեն: Բացի միջոցների կապիտալացումից, հարկավոր է նաև այնպես անել, որ այդ միջոցների զգալի մասը երկրից դուրս չգա: Ի վերջո, այս օրենքի գերխնդիրը երկրի համար «երկար» փողեր ստեղծելն է, որոնք կաշխատեն Հայաստանի տնտեսությունում: Եթե «երկար» փողեր ստեղծել են 40 տարվա կտրվածքով, ու դրանք պետք է երկրից դուրս գան և չաշխատեն մեր տնտեսության համար, այս ամենն անիմաստ է դառնում: 120 մլրդ ներդրված է պետական արժեթղթերում, 50 մլրդ էլ դրսում է ներդրված, բայց անգամ 50 միլիարդն էլ Հայաստանի տնտեսության համար լուրջ գումար է: 120 մլրդ ներդրված է պետական արժեթղթերում, որը ինչ-որ առումով հասկանալի է, որովհետև դրանք պետական պարտք են ֆինանսավորում: Հարկավոր է ստեղծել մեխանիզմներ, ենթակառուցվածքներ, որպեսզի այդ միջոցներն էլ մնան Հայաստանում և արդյունք ստեղծեն, դրանցից հարկեր վճարվեն, որով կարելի է պետական պարտքը սպասարկել:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ