Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Պուտինը ցանկանում է վերականգնել բարեկամական հարաբերությունները Արևմուտքի հետ

Պուտինը ցանկանում է վերականգնել բարեկամական հարաբերությունները Արևմուտքի հետ
03.05.2018 | 22:00

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկում է Արևմուտքի հետ հարաբերությունների վերականգնման հնարավորությունը, քանի որ պատժամիջոցներն ու խորացող միջազգային կոնֆլիկտը խանգարում են լճացման մեջ հայտնված տնտեսության աճին: Տեղեկացված աղբյուրների համաձայն` պաշտոնակալության արարողությունից առաջ, որ հաջորդ շաբաթ է, Պուտինը կարող է ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինին կարևոր պաշտոն տալ` նա լինելու է ՌԴ տնտեսական ռազմավարության, Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների պատասխանատուն: Ալեքսեյ Կուդրինը Պուտինը վաղեմի քաղաքական զինակիցն ու տնտեսական խորհրդատուն է, նրա նշանակումը արևմտյան մայրաքաղաքներում ազդանշան կլինի, որ իրենց հետ բոլոր ճակատներում կոնֆլիկտի մեջ գտնվող ՌԴ նախագահը պատրաստ է փոխզիջման:

«Առավել հավանական տարբերակ է, որ Կուդրինը պաշտոն կստանա նախագահի աշխատակազմում,- տեղեկացրել է կառավարության մի պաշտոնյա,- նրա պաշտոնը գուցե հնչի այսպես` նախագահի ներկայացուցիչ միջազգային ու տնտեսական համագործակցության հարցերով»: Ալեքսեյ Կուդրինն է կազմել եկող տարվա տնտեսական զարգացման ռազմավարական ծրագիրը` կոչ անելով վճռական կառուցվածքային բարեփոխումներ անել` կենսաթոշակային տարիքի մեծացումից մինչև ռուսական կառավարության ու դատական համակարգի վերակազմակերպում: Նա բազմիցս ասել է, որ քանի դեռ Ռուսաստանն իր քաղաքական համակարգն առավել ժողովրդավարական չի դարձրել և վերջ չի տվել Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ առճակատմանը, չի կարող արմատական փոփոխությունների հասնել: «Եթե Կուդրինը լինի աշխատատազմի կամ կառավարության մեջ, ուրեմն նրանք համաձայնել են փոփոխությունների որոշակի ծրագրի` ներառյալ արտաքին քաղաքականը, որովհետև առանց արտաքին քաղաքականության փոփոխությունների բարեփոխումները Ռուսաստանում պարզապես հնարավոր չեն»` ասել է Կուդրինի ստեղծած քաղաքացիական կազմակերպության քաղաքական ու տնտեսական վերլուծաբան Եվգենի Գոնտմախերը: «Դա հզոր ազդանշան կլինի, որովհետև Կուդրինը վերին էշելոնի միակ ներկայացուցիչն է, ում հետ կխոսեն Արևմուտքում և ում որոշակիորեն վստահում են»:
Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում մարտին խլացուցիչ հաղթանակ տարավ` ստանալով 76,7% ձայներ: Նա խոստացավ նշանակալից ավելացումներ առողջապահության, կրթության ու ինֆրակառույցների ծախսերին: Հասարակությունը հրճվանքով ընդունեց այդ խոստումները, որովհետև ռեցեսիայի 2 տարիներից հետո ռուսական տնտեսությունը չափազանց դանդաղ է վերականգնվում: Բայց վերլուծաբանները նախազգուշացնում են, որ Պուտինը ստիպված կլինի մեծ ջանքեր գործադրել խոստումները կատարելու համար:

«Քաղաքական նոր ցիկլը ծավալվելու է 3 անբարենպաստ գործոնների ազդեցության տակ` տնտեսության շարունակվող լճացումը, Ռուսաստանի միջազգային մեկուսացումը և 2024-ից հետո իշխանությունը պահպանելու անհրաժեշտությունը»` գրել է անկախ քաղաքական ու տնտեսական վերլուծաբան Կիրիլ Ռոգովը` մեկնաբանելով Պուտինի նախագահական հաջորդ ժամկետը: Իրոք, Պուտինի աշխատակազմը դժվարին կացության մեջ է` սկսած մարտյան ընտրություններից` ստիպված է դիմակայել Արևմուտքի մեղադրանքներին նախկին կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով Մեծ Բրիտանիայում, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցության մեջ` խաղաղ քաղաքացիների դեմ ենթադրյալ քիմիական հարձակումից հետո: ԱՄՆ-ի ղեկավարած արևմտյան կոալիցիայի զինվորականները Վլադիմիր Պուտինին ծայրահեղ անհարմար դրության մեջ են դրել` հրթիռակոծելով սիրիական օբյեկտները` չնայած պատասխան քայլերի մասին Ռուսաստանի բոլոր զգուշացումներին: Մինչդեռ ԱՄՆ-ի նոր կոշտ պատժամիջոցները ռուսական ֆինանսական շուկաներում խառնաշփոթ առաջացրին, վտանգի տակ դնելով տասնյակ հազարավոր աշխատատեղեր և ստիպեցին Օլեգ Դերիպասկային` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին, զիջել «Ռուսալ» ալյումինի ընկերության վերահսկпղությունը: Եթե չհաշվենք ՌԴ ԱԳՆ-ի ու պատգամավորների զայրացկոտ հռետորաբանությունը, Մոսկվայի արձագանքը զուսպ էր: Պուտինի մերձավոր պաշտոնյաները գտնում են, որ նա Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություններ է որոնում, որ նվազեցնի ճնշումը:

«Մեր ներքաղաքական որոշումներում մենք դեռ երբեք այդքան ուժեղ կախված չենք եղել արտաքին գործոններից, դա արմատական փոփոխություն է,-ասել է նախկին մի նախարար:-Կառավարությունը հաստատում է, որ տնտեսությունն ընտելացել է պատժամիջոցներին, բայց պարզապես անհնար է ընտելանալ նրան, ինչպես են ամերիկացիներն օգտագործում պատժամիջոցները»: Վլադիմիր Պուտինը պետք է նոր կառավարությունը նշանակի պաշտոնակալությունից հետո, որ նշանակված է մայիսի 7-ին: Սպասվում է, որ վարչապետ կմնա Դմիտրի Մեդվեդևը, որ 2012-ից է այդ պաշտոնին, սակայն նրա ազդեցությունը տնտեսական քաղաքականության վրա սահմանափակված կլինի, որ Կուդրինն ունենան ավելի մեծ լիազորություններ: Հնարավոր է, որ Կուդրինը նաև փոխվարչապետ նշանակվի` բանակցությունները շարունակվում են: «Եթե Կուդրինը հայտնվի կառավարությունում կամ նախագահի աշխատակազմում, մենք կարող ենք եզրակացնել, որ նրանք համաձայնել են փոփոխությունների որոշակի ծրագրի` ներառյալ արտաքին քաղաքականության փոփոխությունները»` գտնում է Եվգենի Գոնտմախերը:
Կատրին Հիլե, Financial Times


Հ.Գ. Կարծես թե մի քիչ մոռացել էինք Պուտինին ու Ռուսաստանը: Իսկ Ռուսաստանում հիմա շատ կարևոր շրջան է` ապագա կառավարության ձևավորման ու ռազմավարության մշակման: Եվ, իհարկե, չեն պակասում արտաքին քաղաքական մարտահրավերները: Բոլոր դեպքերում` Սանկտ Պետերբուրգի տնտեսական միջազգային համաժողովը կայանալու է և ամենակարևոր հյուրերից մեկը լինելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որ Սկրիպալների սկանդալից հետո վերահաստատեց իր մասնակցությունը համաժողովին: Մակրոն-Պուտին հանդիպումը առանցքային է ԵՄ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների վերականգնման համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3191

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ