ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Բորսաները փլուզվում են, միլիարդները` կորչում

Բորսաները փլուզվում են, միլիարդները` կորչում
10.04.2018 | 01:01

Ռուս բիզնեսմեններն ու ընկերություններն ԱՄՆ` ապրիլի 6-ին սահմանած պատժամիջոցներից հետո, միլիարդավոր դոլարներ են կորցրել: Անհատական պատժամիջոցների են ենթարկվել 7 բիզնեսմեններ, պետական մենեջերներ, պաշտոնյաներ ու մի քանի ընկերություններ: «Դա բավականաչափ նոր երևույթ է»` երեկ բնորոշեց ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը և հավելեց, որ կառավարությունն անհրաժեշտն անում է հետևանքները նվազագույնի հասցնելու համար:

Նրա խոսքով` պատժամիջոցների իրավիճակը «բավականաչափ աղաղակող է անօրինականության տեսակետից` ամենքի ու ամեն ինչի»: Հետևանքներն արդեն հաշվվում են միլիարդների կորստով: Forbes-ի, որ հաշվում է մոլորակի ամենահարուստ մարդկանց փողերը, ռուս միլիարդատերերը հայտնվել են հակավարկանիշների ամենավերևում` կորցրած կարողությունների ծավալով: Երկուշաբթի կեսօրին պատժամիջոցների նոր ցանկի անդամներն արդեն կորցրել էին 3 միլիարդ դոլար ընդհանուր գումար` ըստ վարկանիշի: Եթե հաշվենք բոլոր օլիգարխներին, նաև ցանկում չեղողներին, 54 բիզնեսմեններ կորցրին 14 միլիարդ դոլար: Մոսկվայի բորսայում փլուզում է, Լոնդոնում ռուսական բոլոր ընկերությունների գինն ընկնում է: 14.36-ին Մոսկվայի բորսայի ինդեքսը 7%-ով ընկել էր, РТС-ը` 9,57%-ով: Մոսկվայի հարթակում գինը կորցնում են Խնայբանկի, Գազպրոմի, Լուկօյլի, Ալռոսայի, Ռոսնեֆտի, Նորիլսկի նիկելի բաժնետոմսերը: 15:00-ից հետո Խնայբանկի բաժնետոմսերի անկումն անցավ 20%-ը: Լոնդոնի
բորսայում համարյա բոլոր ռուսական ընկերությունների բաժնետոմսերի գինը ընկավ` այդ թվում Լուկօյլի, Նովատեկի, НЛМК-ի, Ֆոսագրոյի, «Ոսկու բևեռի», Ռոսնեֆտի, Սուրգութնեֆտեգազի: Ռուբլու գինը ընկավ և դոլարի, և եվրոյի հարաբերությամբ: Անցած տարվա նոյեմբերի 16-ից հետո առաջին անգամ դոլարը 60 ռուբլուց թանկ է, եվրոն արժի 74 ռուբլի:


Վերլուծաբանները գտնում են, որ ներդրողները փորձում են նվազեցնել իրենց ռիսկերը: Պատժամիջոցների նոր ցանկի ընկերությունների գործընկերնեն ու ներդրողները պարտավոր են մինչև հունիսի 5-ը խզել բոլոր պայմանագրերը 12 ընկերությունների հետ, որ վերահսկում են Օլեգ Դերիպասկան, Վիկտոր Վեկսելբերգը, Իգոր Ռոտենբերգը, Կիրիլ Շամալովը: Դա վերաբերում է ոչ միայն ԱՄՆ քաղաքացիներին ու ընկերություններին, այլև երրորդ երկրների ներդրողներին ու գործընկերներին: Հակառակ դեպքում նրանք կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների ցանկում: Ներդրողները մինչև մայիսի 7-ը պետք է դադարեցնեն պարտատոմսերի ու En+, ГАЗа և Ռուսալի արժեթղթերի հետ գործողությունները: Օլեգ Դերիպասկան 23-րդն է Forbes-ի ռուսական ցանկում: Պատժամիջոցների ցուցակում նրա հայտնվելը նշանակում է մուտքի արգելք ԱՄՆ և ԱՄՆ տարածքում ակտիվների սառեցում: Forbes-ի տվյալներով` Դերիպասկան արդեն կորցրել է կարողության մեկ քառորդը և 1,3 միլիարդ դոլար: Նոր ցուցանիշները հաշվի առնելով Դերիպասկան Forbes-ի ցանկում 23-ից կարող է հայտնվել 29-րդ տեղում: Առայժմ ամենաշատ տուժել են Ռուսալ և En+ ընկերությունները, որ միավորում են միլիարդատիրոջ ակտիվները մետալուրգիայում, էներգետիկայում և լեռնահանքային արդյունաբերության մեջ: Ռուսալը Հոնկոնգի բորսային զգուշացրել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցները «կարող են հանգեցնել տեխնիկական դեֆոլտների խմբի որոշ վարկային պարտավորությունների առումով»:

Այդ հարթակում Ռուսալի բաժնետոմսերը 50% անկում գրանցեցին: Մոսկվայի բորսայում Ռուսալի բաժնետոմսերը սկսեցին 46,9% անկումով, հետո մի քիչ գինը բարձրացավ:
Ռայֆայզեն բանկի վերլուծաբանները գրում են, որ նոր պատժամիջոցները կհանգեցնեն Ռուսալի հետ դոլարով գործարքների դադարեցման, որ դեֆոլտ է նշանակում եվրոբոնդերով ու մյուս գործարքներով: Հնարավոր են ալյումինի վաճառքի ընդհատումներ, որովհետև «ամերիկյան գլոբալ տրեյդերները Ռուսալի մետաղը չեն գնի»: 2017-ին ԱՄՆ շուկային ընկերությունը մատակարարել է իր ընդհանուր վաճառքի 18%-ը, Եվրոպային` 45%: Դա իր հերթին կհանգեցնի մետաղի մատակարարումները վերահասցեագրելու անհրաժեշտությանը, հնարավոր է` Ասիայով, որ ենթադրաբար էականորեն կնվազեցնի գործողությունների մարժան և ծավալը` չեն բացառում Ռայֆայզենի վերլուծաբանները: «Ամեն ինչ հասկանալի չէ,-իր հայտարարության մեջ նշել է Ռուսալը:-Մենեջմենտն աշխատում է հնարավոր ռիսկերը նվազեցնելու վրա: Բարդ է, բայց մենք գլուխ կհանենք»: Դերիպասկայի
En+ ընկերությունը ևս պատժամիջոցների ցանկում է: Ընկերությունը հաղորդում է, որ պատժամիջոցների ներգործության նախնական գնահատականն է «էական անբարենպաստ ազդեցությունը բիզնեսի ու խմբի հեռանկարների վրա»: Ընկերության արժեթղթերը Մոսկվայի բորսայում 15% անկում են գրանցել` ուրբաթ օրվա 20% անկումից հետո: Լոնդոնի բորսայում նրանք 25% անկում են գրանցել: Բորսան արդեն հայտարարել է, որ դադարեցնում է ընկերությունների թղթերի առքուվաճառքը: Citi դեպոզիատարիան ևս դադարեցրել է թղթերի հետ գործարքները: Ընկերության անկախ տնօրեն ֆրանսիացի Դոմինիկ Ֆրեսը ապրիլի 6-ին հրաժարական տվեց, այն օրը, երբ ԱՄՆ-ը ընկերությունը ներառեց պատժամիջոցների ցանկում: ГАЗа-ի բաժնետոմսերի գինը 13.18-ից իջել է 10,5%-ի:


Վիկտոր Վեկսելբերգը 10-րդն է ռուսական Forbes-ում: Նա Forbes-ի տվյալներով արդեն կորցրել է 932 միլիոն դոլար (հանած 6,4%): «Սուալ» ընկերություններին, որի բաժնետերն է Վեկսելբերգը, պատկանում է Ռուսալի բաժնետոմսերի 26,5%-ը: Երկուշաբթի հայտնի դարձավ, որ Ռենովան կորցրել է վերահսկողությունը շվեյցարական մեքենաշինական Sulzer ընկերությունում, որը կգնի իր 5 միլիոն բաժնետոմսերը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Ռենովայի բաժինը կնվազի մինչև 48,83%:
Սուլեյման Քերիմովը 21-րդն է Forbes-ի ռուսական ցուցակում: Պատժամիջոցների հայտարարման պահից նա կորցրել է 921 միլիոն դոլար: Նրա ընտանիքին է պատկանում «Բևեռ» ոսկի արդյունահանող ընկերությունը: Լոնդոնի բորսայում ընկերության թղթերը ժամը 14:00-ին արդեն 14%-ով անկում էին գրանցել: Մոսկվայում`10%:


Հունվարի վերջին պետական ВТБ բանկի տնօրեն Անդրեյ Կոստինը Բլումբերգ գործակալությանն ասում էր, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետագա խստացումը հավասարազոր է տնտեսական պատերազմ հայտարարելուն: Ապրիլի 6-ին նա ևս ներառվեց ԱՄՆ պատժամիջոցային ցանկում: «Ես պատժամիջոցները անհատական չեմ դիտարկում, որովհետև ԱՄՆ-ի ու ԱՄՆ-ի շահերի դեմ վատ ոչինչ չեմ արել, ես միշտ ջանացել եմ գործարար լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ բանկերի ու ներդրողների հետ»` ասել է նա CNN-ին հարցազրույցում: Նրա ղեկավարած ВТБ բանկը 2014-ից պատժամիջոցների տակ է: Երկուշաբթի բանկի բաժնետոմսերը Մոսկվայի բորսայում 10%-ով անկում գրանցեցին:
Վլադիմիր Բոգդանովը 49-րդն է Forbes-ի ռուսական ցանկում: Նա Forbes-ի տվյալներով կորցրել է 58 միլիոն դոլար: ԱՄՆ-ի ֆիննախը նրան ներառել է պատժամիջոցների ցանկում, որովհետև աշխատում է էներգետիկ սեկտորում և Սուրգութնեֆտի գլխավոր տնօրենն ու բաժնետերն է: Սուրգութնեֆտը պատժամիջոցների տակ է 2014-ի սեպտեմբերից: Բոգդանովն ընկերությունը ղեկավարում է 1984-ից: Բորսաների խուճապի և ռուսական ակտիվների էժան գներով վաճառքի պատճառով կորուստներ են կրել և այն օլիգարխները, որ չկան պատժամիջոցների ցանկում: Ռոման Աբրամովիչի ու Ալեքսանդր Աբրամովի ընկերությունները կորցրել են 700 և 452 միլիոն դոլար, Վլադիմիր Պոտանինը` 1,5 միլիարդ:
BBC


Հ.Գ. Ֆինանսական ֆիասկոն ամբողջ օրն ուղեկցվեց քաղաքական ու դիվանագիտական մեղադրանքներով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրեց Ռուսաստանին ու Իրանին սիրական Դումա քաղաքում քիմիական զենքով գրոհի մեջ: Նա հայտարարեց, որ քիմիական հարձակման հետևում կանգնածները «թանկ կվճարեն»: «Թունավորման գոտին շրջապատված է սիրիական բանակով, այդ պատճառով անհասանելի է բոլոր մյուսներին: Նախագահ Պուտինը, Ռուսաստանն ու Իրանը պատասխանատվություն են կրում, որովհետև աջակցում են այդ գազանին` Ասադին»` գրեց Թրամփը իր Թվիթերում: Սկրիպալների սկանդալը կորցնում է արդիականությունը` հիմա օրակարգում քիմիական հարձակումն է Սիրիայում, որի ապացույցները ոչ ոք չունի:

ԱՄՆ նախագահի խորհրդական Թոմաս Բոսերտը ABC-ին հարցազրույցում չի բացառել, որ քիմիական զենքի օգտագործումից հետո կարող է հրթիռակոծել Ասադի զորքերը: Արևելյան Գուտայի, որտեղ Դումա քաղաքն է, ռմբակոծությունները վերսկսվել են ապրիլի 6-ին: Ապրիլի 7-ին կամավորական կազմակերպությունները հաղորդեցին, որ քաղաքի վրա քլորով ռումբ է նետվել: «Սպիտակ սաղավարտներ» կամավորական կազմակերպությունը տեղեկացրեց, որ Դումայում 40- 70 խաղաղ բնակիչ է զոհվել: «Սպիտակ սաղավարտների» զեկույցը հաստատում է սիրիաամերիկյան բժշկական ընկեությունը: Բուժօգնության միջազգային միությունը հաղորդել է, որ զոհերի թիվը կարող է հասնել 100-ի: Ռուսաստանն ու Սիրիան պնդում են, որ քիմիական զենքի օգտագործման հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում: ՌԴ ՊՆ-ում վստահ են, որ քիմիական գրոհի մասին լուրերի նպատակը զինյալների Դումայից դուրս գալու բանակցությունների ձախողումն է: Իրանը մեղադրանքներն անվանել է դավադրություն: Քիմիական զենքի օգտագործումը դատապարտել է Թուրքիան, ԱԳՆ –ն հայտարարել է` «խիստ կասկածներ կան, որ քիմիական գրոհը Ասադի վարչակարգն է իրականացրել»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ