ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Աֆրինը` քաղաքական, տնտեսական ու ռազմական կռվախնձոր

Աֆրինը` քաղաքական, տնտեսական ու ռազմական կռվախնձոր
21.01.2018 | 12:34

Աֆրինը Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունի: Ո՞վ կվերահսկի այդ տարածքները հարցը կարևոր է ոչ միայն անվտանգության տեսակետից: Աֆրինը կարևոր է տնտեսական տեսակետից: Առայժմ Աֆրինը, որից հարավ Իդլիբն է, արևելք` Ազազը, Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկիչների օկուպացիայի տակ է և միշտ սպառնալիք է մեր անվտանգությանը: Այդ դրության տնտեսական կողմը բխում է նրանց շահերից, ովքեր ՔԱԿ-ը տեղակայել են Աֆրինում և թիրախի տակ են վերցրել Թուրքիայի տնտեսական շահերը: Կա Հյուսիսային Իրաքից Միջերկրական ծով` Թուրքիան շրջանցելով, նավթի ու բնական գազի փոխադրման նախագիծ: Աֆրինը այդ նախագծի անքակտելի մասն է: Երբ Թուրքիան իր վերահսկողության տակ վերցրեց Ազազ ու Ջերաբլուս քաղաքների շրջակա տարածքը, խանգարեց Աֆրինի միավորմանը ՔԱԿ-ի օկուպացրած մյուս տարածքներին ու ահաբեկչական միջանցքի ստեղծմանը: Իդլիբի գործողությամբ կտրվեց Աֆրինի ելքը Միջերկրական ծով հարավից: Քանի դեռ ՔԱԿ-ը Աֆրինում է, հարձակում հարձակման հետևից է գործելու, որ վերացնի այդ երկու արգելքները: Հենց այդ պատճառով է ՔԱԿ-ը Աֆրինում:

Նպատակը ՔԱԿ-ի ելքն ապահովելն է Աֆրինից Միջերկրական ծով միջանցքով, որ Իրաքի հյուսիսից պիտի ձգվի Սիրիայի հյուսիս: Թեպետ Թուրքիան 2016-ին «Եփրատի վահան» և 2017-ին Իդլիբի գործողություններով հարվածներ հասցրեց այդ նպատակներին, խնդիրը մնաց: Եթե Աֆրինը չազատագրվի, ՔԱԿ-ը կմնա այնտեղ ու ցանկացած միջոցի կդիմի, որ երկկողմանի ելք ապահովի` հարավ ու արևելք: Այդ անելով` ՔԱԿ-ը կսպառնա Թուրքիայի և անվտանգությանը, և տնտեսությանը: Բնական գազի ու նավթի փոխադրման ժամանակ Թուրքիային շրջանցելու հավանականությունը կպահպանվի: Բացի դրանից` Թուրքիայից հարավ կլինեն ոչ թե արաբները, այլ` ՔԱԿ-ի ահաբեկիչները և դա մշտապես կխարխլի հարավում Թուրքիայի ցամաքային առևտուրը: Թեպետ ԱՄՆ-ն ասում է, որ կոալիցիան Աֆրինի շրջանում ռազմական գործողությունների չի դիմում, բոլորից լավ գիտի այդ շրջանի նշանակությունը:
Որպեսզի կանգնեցնի Թուրքիայի գործողությունը Աֆրինում, ԱՄՆ-ը նույնիսկ ձեռնպահ չմնաց զիջումների գնալու կոչերից: ԱՄՆ-ի նպատակը ոչ միայն Թուրքիան առևտրական երթուղուց դուրս բերելն է, այլև Սիրիայում իր ռազմական ուժերը պահպանելն ու մեծացնելը: Մինչև հիմա ռազմական ու զենքի մատակարարումները կատարվել են օդով: Սիրիայի հյուսիսը Միջերկրականի հետ կապող միջանցքը ազատ կարձակի ԱՄՆ-ի ձեռքերը: Այդ միջանցքի շնորհիվ կարող է օգտագործվել շատ ավելի էժան ծովային ճանապարհը: Եթե ԱՄՆ-ը կարողանա բացել ու օգտագործել ծովային ճանապարհ Սիրիայում, դա կերաշխավորի նրանց բոլոր նախագծերի կատարումը` ռազմաբազաների տեղակայման առումով և Սիրիայում, և Իրաքում: Հյուսիսային միջանցքը, որ ենթադրում է ՔԱԿ-ի ելքը Միջերկրական ծով Աֆրինի հարավի ուղղությամբ, չափազանց կարևոր է էներգառեսուրսների, նավթի ու բնական գազի տեղափոխման համար: Այդ միջանցքը արժեքավոր է ռազմական աջակցություն ցույց տալու համար ոչ միայն օդից, այլև` ծովով: Միջանցքի դերը չի ավարտվում էներգետիկ ու ռազմական նշանակությամբ: Երթուղին, որ տնօրինում է ԱՄՆ-ը, իսկ ռազմադաշտում ՔԱԿ ահաբեկչական խմբավորումն է, կօգտագործվի տարատեսակ մաքսանենգության համար` մարդկանցից մինչև թմրամիջոցներ: Եվ հիմա Թուրքիան պայքարում է այդ խմբավորման դեմ, իսկ ԱՄՆ-ը փորձում է հնարավորն անել, որ Թուրքիան Աֆրին չմտնի:
Տախա ԴԱՂԼԻ, Haber7, Թուրքիան


Հ.Գ. Փաստացի` Անկարան նոր պատերազմ է սկսում Սիրիայում քրդերի դեմ` իր վերահսկողության տակ վերցնելու հարևան երկրի տարածքը, որպեսզի ոչ թե արաբները կամ քրդերը, այլ թուրքերը տնօրինեն ելքը դեպի Միջերկրական ծով և իրենք միջանցք ունենան` գազ ու նավթ տեղափոխելու ու մաքսանենգությամբ զբաղվելու` համարելով, որ ինքն ունի բնական իրավունք` իր անվտանգությունը, իսկ Սիրիան` ոչ մի իրավունք: Այս իրավիճակում տարօրինակ ու օրինաչափ է Ռուսաստանի դիրքորոշումը` ՌԴ ՊՆ-ն իր զինծառայողների անվտանգության ապահովման միջոցառումներ է ձեռնարկել Աֆրինում, որտեղ Թուրքիան քրդերի դեմ ռազմական գործողություններ է իրականացնում` հայտարարել է ՌԴ ՊՆ-ն: Հնարավոր սադրանքները կանխելու, զինծառայողների կյանքի ու առողջության նկատմամբ սպառնալիքները բացառելու նպատակով հակամարտող կողմերի և ռազմական ոստիկանության կենտրոնի օպերատիվ խումբը վերատեղակայվել է Աֆրինից Թել Աջար: Պարզ ասած` ռուսները հեռացել են Աֆրինից: Հաշտեցման կենտրոնը շարունակելու է Թել Ռիֆատ ապաէսկալացիոն գոտու մշտադիտարկումը` օգնելու մարտական գործողությունների տարածքը լքող խաղաղ բնակչությանը: Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ «Ձիթենու ճյուղ» գործողությունը ուղղված է սիրիացի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության, ինքնապաշտպանական ուժերի (YPG) դեմ, որոնց Անկարան համարում է ՔԱԿ-ի ու ԻՊ-ի հետ կապված: Գործողության նպատակը «շրջանը ահաբեկիչներից մաքրելը և եղբայրական ժողովրդին ահաբեկչական շահագործումից ազատագրելն է»: Ոչ մի նշանակություն չունի, որ «եղբայրական ժողովրդի» նախագահ Բաշար Ասադը օգնություն չի խնդրել ու Թուրքիայի ռազմական գործողություններն իր տարածքում անվանել է օկուպացիա և պահանջել հեռանալ: Ասադի մտքով չէր անցնում հաստատ, որ մի օր ռուսներն իրեն մենակ կթողնեն թուրքերի դեմ, իսկ ԱՄՆ-ը կդառնա «դաշնակից» նրանց դեմ կռվում:
Թեպետ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Սթենֆորդի համալսարանում հայտարարեց, որ ԱՄՆ-ի զինուժը` 2000 զինծառայողներ, կմնա Սիրիայում զսպելու Իրանի ազդեցությունը և նպաստելու խաղաղության համաձայնությանը, որի համար նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2602

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ