Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

«Ի՞նչ էիք ուզում, քաշքշելո՞վ մարդկանց բերեինք ընտրության»

«Ի՞նչ էիք ուզում, քաշքշելո՞վ մարդկանց բերեինք ընտրության»
17.11.2017 | 10:31

«Իրատեսն» արդեն գրել է, որ ՀՀԿ-ում բավական մեծ դժգոհություն կա կուսակցության արտաշատյան թևից, քանի որ Արտաշատի քաղաքապետի ընտրությանը մասնակցության խայտառակ ցուցանիշ է գրանցվել: Այս հարցի առնչությամբ զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Արարատի ՀՀԿ կառույցի ղեկավար ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:


-ՀՀԿ վերնախավը դժգոհությու՞ն է հայտնել Ձեր աշխատանքից Արտաշատում ընտրությունների մասնակցության չափազանց ցածր տոկոսի պատճառով:
-Ի՞մ աշխատանքից:
-Դուք էիք նաև ընտրության կազմակերպման պատասխանատուներից մեկը:
-Ես ՀՀԿ կառույցի ղեկավարն եմ, իսկ ի՞նչ էիք ուզում, առավոտից իրիկուն քաշքշելո՞վ մարդկանց բերեինք ընտրության: Ինչը բնական է, դրա հետ հաշվի պետք է նստել: Ժողովուրդն այդքան ցանկացավ, այդքան էլ մասնակցեց: Ես ոչ այդպիսի հանձնարարական եմ ունեցել, ոչ նման պահանջ է եղել ինձնից: Թողել ենք մարդիկ գան, իրենց ազատ կամքը արտահայտեն, ընտրության մասնակցեն: Հիմա թող լինի 25 տոկոս մասնակցություն, պարտադիր պետք է 75 տոկո՞ս լինի: Քիչ մասնակցության պատճառը հիմնականում այն էր, որ մրցակցություն չկար: Եթե լիներ մրցակցություն, այլ թեկնածու, թիվը երեք կամ չորս անգամ կմեծանար: Մարդիկ հանգիստ էին, երեկոյան ժամը վեցին-յոթին ակտիվություն նկատվեց, մարդիկ ասում էին` դե կգնանք, ի՞նչ կա վռազելու:
-Տարօրինակ չէ՞, որ այդքան քիչ մասնակցություն եղավ մի տարածքում, որտեղ ընտրությունների ժամանակ միշտ մեծ մասնակցություն է գրանցվել:
-Ինձ տարօրինակ չի թվում: Ընտրությունների հաճախականությունը, կարճ ասած, մարդկանց վրա լավ ազդեցություն չի թողնում, քաղաքացիական ակտիվությունը բավական նվազել է: Մտածում են` հարյուր հոգի չլինի, թող լինի հիսուն հոգի, մեկ է, ընտրվելու են:
-Նորմա՞լ է, որ 25 տոկոսով ընտրված քաղաքապետը պետք է ղեկավարի 75 տոկոսին:
-Քաղաքապետի համար շատ ցանկալի կլիներ, որ ընտրված լիներ 50 տոկոսով, բայց որ պատկերն այդպիսին է, ումի՞ց թաքցնենք: Եթե տեսնեիք Արտաշատում 80 տոկոս մասնակցություն է եղել և կա մեկ թեկնածու, Դուք կհավատայի՞ք այդ թվերին:
-Նախորդ ընտրությունների ժամանակ տեսել ենք, թե ինչպես է 80 տոկոս մասնակցություն արձանագրվել:
-Չգիտեմ ինչ է արվել ու ոնց է արվել, բայց ինձ շատ հաճելի է, որ ժողովրդին, առանց քաշքշելու, թողնում ենք իր կամքը ազատ դրսևորի: 25 տոկոսը բնական թիվ է:
-Խոսակցություններ կան, որ այսպիսի պատկերի «մեղավորը» նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է:
-Ոչ, նախկին վարչապետն այս ամենի հետ ոչ մի կապ չի ունեցել: Նրա հետ որևէ բան կապելը կամ գովելը ճիշտ չէ:
-Այդուհանդերձ, Հովիկ Աբրահամյանը ոչ մի դերակատարություն չի՞ ունեցել այս ընտրություններում:
-Նախ խնդիրը դիտարկենք բարոյական հարթությունում: Այդ մարդը քսան տարուց ավելի աշխատել է Արտաշատում` քաղաքագլուխ, մարզպետ, հետո բարձր պաշտոններ: Ի՞նչ եք կարծում, նա այդ տարածքում ընդհանրապես չպե՞տք է ճանաչվեր: Միայն այդ պաշտոնների շնորհիվ վաստակած հեղինակությունն արդեն բավարար է: Տարբեր մարդկանց հետ հարաբերվել է, բնական է, որոշ մարդկանց վրա խոսքի իրավունք էլ է ունեցել:
-Հիմա ի՞նչ հարաբերությունների մեջ եք Հովիկ Աբրահամյանի հետ:
-Թաքցնելու բան չունեմ`մեր հարաբերությունները սառն են: Տեսնելիս` բարև Ձեզ, ցտեսություն: Առաջվա հարաբերությունները չկան:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ