Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Այսօր մեզ արմատահան են անում, հատիկ-հատիկ ջնջում են մերը, իսկ թե ի՛նչ են սերմանում, ավելի քան տեսանելի է»

«Այսօր մեզ  արմատահան են անում, հատիկ-հատիկ ջնջում են մերը, իսկ  թե ի՛նչ են սերմանում, ավելի քան տեսանելի է»
27.10.2017 | 00:37

Զրուցակիցս հեռուստալրագրող, գրող-հրապարակախոս, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Երկու սերունդ» հաղորդաշարի հիմնադիր ԺԱՆՆԱ ՂՈՉԻԿՅԱՆՆ է:

-Տարիների հեռվից գնահատելով Ձեր անցած ճանապարհը, ինչպե՞ս կներկայացնեք այսօրը` որտեղից ու՞ր ենք հասել:
-Մենք կայուն, ապահով, որոշակի կենսակերպից անցում կատարեցինք անկայուն, անապահով, անորոշ կենսակերպի:
Մտահոգ, որ սպիտակ ջարդի ենք ենթարկվում, որ կկորցնենք մեր մայրենի լեզուն, ազգային մշակույթը, ոգևորությամբ ընդունեցինք մեզ պարտադրված անկախությունը, իսկ այսօր ենթարկվում ենք և՛ սպիտակ, և՛ կապույտ, և՛ կանաչ ջարդի, կորցնում ենք մայրենի լեզուն, արհամարհում ենք ազգային մշակույթը, ոտնահարում բարոյական գրված ու չգրված օրենքները:
Մտահոգ, որ մեզ կարող են ձուլել, խորանում էինք դեպի մեր արմատները, կարդում ու մեծարում էինք մեծերին, այսօր մեզ արմատահան են անում, հատիկ-հատիկ ջնջում են մերը, իսկ թե ի՛նչ են սերմանում, ավելի քան տեսանելի է:
Մենք պետական հաստատուն աշխատակարգը փոխարինեցինք վարձու աշխատանքով, և նվաստացնող օրավարձը գերադասեցինք արժանապատիվ ապրելու համար սահմանված աշխատավարձից:
Համեմատություններ շատ կարելի է անել, բայց դրանք այսօրվա օգտին չեն: Ընտրությունից ընտրություն խոստումներով երկիր չեն պահում, պետություն չեն հզորացնում:
Մթից լույս էինք գալիս, այնինչ ապրում ենք անորոշության մեջ, գնում ենք դեպի անհայտություն: Մեր միակ ձեռքբերումն ու սփոփանքը Արցախի հայացումն է:
-Հե՞շտ է աշխատել ներկայիս պայմաններում, հատկապես հեռուստատեսություններում:
-Ներկայի մասին միանշանակ չեմ կարող ասել, ուղղակի ինձ համար ի՛մ հեռուստատեսությունում աշխատելը հեշտ ու հաճելի էր: Ես կանոնակարգ ժամանակներում եմ աշխատել: Ամենաթողություն չկար, պահանջները հստակ ու խիստ էին, մասնագետների ընտրության նշաձողը բարձր էր. ասելիքը բովանդակություն և նպատակ պիտի ունենար, մատուցման ձևը գեղեցիկ ու գրավիչ պիտի լիներ, խոսքը` անթերի գրագետ, եթերում աշխատելու համար հատուկ չափանիշներ կային: Իմ հեռուստատեսությունն այլևս չկա:
Ներկայիս հեռուստատերերից մեկն ինձ ասաց. «Էսօր ի՜նչ հայրենիք, ի՜նչ ազգային մշակույթ, ի՜նչ բարոյագիտություն, հեռուստատեսությունը ինձ համար բիզնես է, բիզնես եմ դրել, որ փող աշխատեմ: Վաղն էլ հովանավոր գտնես, հենց վաղն էլ եթեր կմտնես»: Այս պայմանի արդյունքն ու հետևանքը բոլոր հեռուստաընկերությունների եթերն է: Մեկ-մեկ այնպիսի անբովանդակ, տարօրինակ հաղորդումներ են պատահում, որ նայելիս մտածում եմ` սրա հովանավորները վատ չե՞ն զգում:
Պայմանն ու պահանջը նույնն են: Եվ լուրջ լրագրությունը եթերում նվազում, անկում է ապրում, մայրենի լեզուն աղավաղվում, ծռմռվում է օտար հնչողությամբ: Նման պայմաններում, իհարկե, աշխատելն ավելի հեշտ է, պայմանը պայման է, մնացած ամեն ինչը երկրորդական է: Եթերներում աշխատող լրագրողները հատուկենտ են, եթերում միայն հաղորդավար աստղեր են շողշողում: Ես և իմ սերնդի լրագրողները աստղեր չենք եղել և, ներկայիս պայմաններում, հատկապես հեռուստատեսությունում, մեզ համար շատ դժվար ու վիրավորական էր աշխատելը:
-Ինչի՞ վրա է բևեռված մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձևավորում արվեստը:
-Նախ` մեր հասարակությունը միատարր չէ: Մեր հասարակությունը սոցիալապես շերտավորված, բևեռացված է: Կայացած սոցիալիզմից մենք անցում կատարեցինք դեպի կայացող կապիտալիզմի վատթարագույն տեսակը: Կապիտալի կուտակումը նույնիսկ անտառի էլ չէ, ջունգլիների օրենքներով է ընթանում: Թղթային օրենքները ապագայի տեսաբանների համար են: Իրարից ծայրահեղորեն հեռու և տարբեր խավերը տարբեր պահանջներ ունեն, տարբեր հնարավորություններ: Մի բևեռը անհագորեն կուտակում ու շռայլում է, նրան ինչքի քաղցն է կեղեքում, մյուս բևեռները հազիվ գոյատևում են, որովհետև ամենօրյա քաղցն է կեղեքում, շերտեր էլ կան, որոնց համար մահը երանություն է:
Եվ հետո, արվեստը ինքը պիտի որակ ունենա, որ կարողանա որակ ձևավորել: Դահլիճային արվեստը, եթե անգամ կա, բոլորին չէ, որ հասանելի է: Եղած արվեստի հետ շփումը հիմնականում հեռուստատեսության միջոցով կամ շնորհիվ է լինում: Իսկ թե հեռուստատեսությունը ինչ բարքեր, մարդկային հարաբերությունների ինչ անմարդկային տեսակ, ինչ երաժշտություն, ինչ բթացնող հումոր, կյանքից ու մարդուց հիասթափեցնող ինչ սերիալներ և ինչ լեզվով է մատուցում, համարժեք որակ էլ ձևավորվում է: Իսկ բուն և իրական արվեստն ինքնին ոչինչ անել չի կարող, որովհետև արվեստը մեծ ծախսեր է պահանջում, որոնք հոգացող չկա, և արվեստին էլ ոչինչ չի մնում անել, քան իր գոյատևման մասին կամ գոյատևման համար հոգալը:
-Մի հետաքրքիր դեպք պատմեք Ձեր կյանքից:
-Մի հպանցիկ հանդիպում Սիլվա Կապուտիկյանի հետ. «Ապրես, Ժաննա ջան, շա՛տ ապրես, ազգիդ լա՜վ թալանեցիր»,- ասում ու ծիծաղում է: Կարկամեցի. «Ե՞ս»: «Դու՛, դու՛, էդ դու չէի՞ր ազգիդ հորդորում, թե` բերե՛ք, բերե՛ք, փո՜ղ, ոսկի՜»: Հիմա միասին ենք ծիծաղում. «Բա որ իմանայի՜…»: Հումորը խորք ուներ: «Հայաստան» հիմնադրամի ստեղծումը մեկնարկեց Մասիսից, որտեղ կայացավ առաջին դրամահավաք մարաթոնը, որը վարում էինք ես և Ռուբինյան Հակոբը: Մենք ոգևորված էինք և ոգևորում էինք:
-Ի՞նչն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:
-Գիրք չկարդալը և դրանից բխող բոլոր հետևանքները: Անտարբերությունը և դրանից բխող բոլոր հետևանքները: Մայրենիի հանդեպ քամահրական վերաբերմունքը: Եկեղեցին աշխարհիկացնելու, վարկաբեկելու, արժեզրկելու գործընթացը, մեր քրիստոնյա բարքերի հանդեպ աններելի ծաղրական վերաբերմունքը: Օտարամոլությունը, այլասիրությունը, հային ոչ հարիր վարքագիծ ու բարքեր ընդօրինակելը:
Ինձ շատ է անհանգստացնում հատկապես երիտասարդության մեջ բույն դրած անհանդուրժողականությունը: Ա՛յն մարդիկ, որոնց կրծում է չարության ու նախանձի որդը: Մարդասիրությունն ու բարությունը քիչ են, գերագույն արժեքը փողն է:
Ամեն չարիք չէ, որ կարելի է սոցիալական վիճակին վերագրել ու արդարացնել: Սոցիալական վիճակն ուղղակի նպաստեց յուրաքանչյուրի էության դրսևորմանը:
-Ըստ Ձեզ, ո՞րն է մեր ժամանակի ամենամեծ վտանգը:
-Ամենամեծ վտանգը մեզ համար պատերազմի վտանգն է: Այս վտանգը պիտի մեզ բոլորիս միավորի, սակայն ինձ երբեմն թվում է, թե հենց երկրի ներսում պատերազմական իրավիճակ է: Աղանդներն ու կասկածելի կազմակերպությունները այն ջլատում են, քիչ չէ, դեռ տարբեր տեսանելի ու կադրից դուրս գործող ուժեր էլ իրենց հերթին են այս մի բուռ ժողովրդին մասնատում: Ղարաբաղյան շարժումը, այո, միասնական ու համազգային շարժում էր, բայց այդ միասնականությունն էլ վտանգելու փորձեր են արվում: Մենք ունենք մեկ դարավոր ու հավերժական թշնամի: Մենք բարեկամներ քիչ ունենք, և եթե իրար էլ թշնամանանք, ու՞ր կհասնենք:
Մեր առօրյան էլ լի է վտանգներով: Ոչ մեկն ապահովագրված չէ անարդարությունից, անօրենությունից, բռնություններից: Ժողովրդի մեծ հատվածը ապահով ու բարեկեցիկ չի ապրում, երեխաների ապագան մռայլ ու վտանգված է: Աշխատատեղերն ու պաշտոնները ժառանգական են դառնում, բաց տեղ չկա, հեռանկար չկա: Այս ամենից բխող ամենակործանարար վտանգը արտագաղթն է: Երկրի տերն ու մշակը ժողովուրդն է, և եթե ժողովուրդը հեռանում է երկրից, երկիրը դատարկվում է, երկիրն անտեր է մնում, որովհետև երկրի տերն ու մշակը իշխանությունները չեն: Եթե արտագաղթը առկա չափերով շարունակվի, իշխանավորները սարսափահար կդիմեն ժողովրդին. «Մենք ավերակացս ո՞նց թագավորենք»: Մեր հպարտ հայերը աշխարհի համար դարձել են էժան աշխատուժ և իրենց մտքի ու ձեռքի շնորհքը ծառայեցնում են ուրիշ երկրների շենացմանը: Իսկ այդ չարաբաստիկ երևույթը ոչ կանխվում է, ոչ կասեցվում:
-Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը: Կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով:
-Մենք մեզ մշակութային ազգ ենք համարում, որովհետև մենք ազգային մշակույթ ենք ստեղծել: Այսօր ամեն ինչ, որ ավանդական է համարվում, մերժվում է, իսկ որտե՞ղ է անկախ Հայաստանի նորաստեղծ մշակույթը, ո՞րն է այդ մշակույթը, ունե՞նք: Ես չեմ ուզում, որ մեր երեխաները կուլ գնան համաշխարհայնացման գազանին, չեմ ուզում, որ նրանք կրթվեն ու դաստիարակվեն օտար կամ օտարածին մշակույթով: Եթե մենք միայն պիտի նմանվենք կամ ընդօրինակենք` նսեմացնելով մերը, մենք կդադարենք ազգ լինելուց: Մենք կկորցնենք մեր դիմագիծը: Ցավոք, այսօր մշակույթի մարդն էլ է խոցելի, նա նույնպես հացի խնդիր ունի, և ուրեմն, հոգևորից բացի, պիտի մտածի նաև, թե ինչ գործ ստեղծի, որ կարողանա ընտանիք պահել: Եվ ուրեմն` մշակույթը մշակույթին չի ծառայում: Մշակույթն ինքն էլ վաղուց բիզնեսի տեսակ է արդեն կամ ծառայում է միայն բիզնեսի շահերին: Եվ ուրեմն` հպարտանալու քիչ բան ունենք, որովհետև ընտրյալներն ու նվիրյալներն էլ միշտ քիչ են:
-Ինչպե՞ս եք տեսնում մեր երկրի ապագան:
-Այնպիսի մի իրավիճակում ենք հայտնվել, որ թվում է, թե մեզ ոչինչ չի մնում անելու, քան նորից ազատ ու անկախ Հայաստանի մասին երազելը: Ազատ ու անկախ հռչակված Հայաստանը ողջ ժողովրդի համար չդարձավ «Երկիր դրախտավայր»: Իմ սերունդը կոմունիզմ էր կառուցում, սակայն կոմունիզմի ուրվականը այդպես էլ մարմին չառավ, և մեր այդ երազանքը փշրվեց: Անկախացումը դարերի երազանք էր, ազատությունը երկնից հորդացող մանանա թվաց, բայց ի՞նչ… ՈՒ՞ր են ոգևորությունը, բարիքները: Ժողովուրդն ինչու՞ է տառապում, ինչու՞ է լքում իր երազած երկիրը: Հիմա՞ ինչ նոր ուրվական հորինենք, ի՞նչ ապագա երազենք: Բայց քանի որ ապագան անտեսանելի, անշոշափելի, դժվարահաս մի երևույթ է, թվում է, թե այն մի հրաշք հեքիաթ է` առնվազն Թումանյանի «Ոսկի քաղաքի» նման մի բան: Ես չեմ կարող միայն ասելու համար ասել, թե իհարկե, մեզ շատ լավ, շատ պայծառ ապագա է սպասում: Ինձ թվում է, թե ես մի մութ թունելում եմ, որի ոչ մի հատվածում լույս չկա:
Կյանքս ավարտվում է, և ես չեմ ուզում ամբողջ կյանքում միայն պայծառ ապագայի հույսով ապրել: Ես ուզում եմ տեսնել, որ իմ երեխաներն ու թոռներն ապրում են բարեկեցիկ, ապահով, խաղաղ ու հանգիստ կյանքով, իրենց երազած կյանքով: Ես ուզում եմ, որ նրանք ապրեն շեն ու արդար երկրում, որ պատերազմի վտանգ չզգան, պակասություններ ու նեղություններ չունենան, որ զբաղվեն իրենց սիրած գործով և հնարավորություն ունենան վայելելու Աստծո և կյանքի պարգևած բոլոր բարիքները: Այսպիսին կուզենայի տեսնել մեր երկրի ապագան` իմ և բոլորի երեխաների համար: ՈՒզում եմ, որ իմ երկրի իշխանավորները ժողովրդասեր լինեն: Ընդամենը:
-Ձեր ամենասիրելի գործընկերը հեռուստատեսության ոլորտում` նախկինում և հիմա:
-Անկասկած, հնարավոր չէ մեկ անուն տալ, որովհետև հեռուստատեսությունը խմբային աշխատանք է: Շատ հաղորդաշարեր եմ ունեցել, ստեղծագործական մի քանի խմբերի հետ եմ աշխատել, բայց իմ հեռուստատեսային կենսագրությունը Ռոբերտ Մավիսակալյանի հետ է կապված, և մեր համատեղ աշխատանքը միշտ արդյունավետ է եղել: Շատ սիրելի գործընկերներ եմ ունեցել, որոնք վաղուց արդեն Հայաստանում չեն:
Ինչ վերաբերում է «հիմա»-ին, հիմա ես բոլոր գործընկերներիս համար «նախկին» եմ արդեն, և քանի որ հեռուստատեսությունում չեմ աշխատում, հիմա գործընկերներ չունեմ, բայց շատ ուրախ եմ, որ «Նորք» հեռուստաընկերության իմ երիտասարդ գործընկերները այսօր տարբեր հեռուստաընկերություններում առաջատար լրագրող-մեկնաբաններ են, և ես նրանց համար նույնպես «նախկին» և մոռացված գործընկեր եմ: Ցավոք:
-Դուք էլ շատ շնորհաշատ մտավորականների նման անցաք մութ ու լույս տարիների միջով: Ի՞նչ կարծիքի եք այն ժամանակների ու ներկայիս հեռուստատեսության մասին, ի՞նչ կարծիքի եք հեռուստահաղորդումների մասին, և ի՞նչ են տալիս դրանք հասարակությանը:
-Այն ժամանակների մտավորականներն էլ էին ուրիշ, հեռուստատեսությունն էլ: Նրանք իրենց դերը լիարժեք ու պատվով կատարեցին: Հեռուստատեսությունն ինքն էլ մտավորական դաշտ էր: Հիմա հեռուստատեսություններին թվում է, թե իրենց գերխնդիրը հասարակությանը զվարճացնելն է կամ, հնացած ու ծեծված արտահայտությամբ` մեզ առօրյա հոգսերից կտրելը: Անկեղծ ասած` ես սպասված հաղորդաշար չունեմ, իսկ եթերային արտադրանքը մեծ մասամբ որակում եմ որպես վիրավորանք հեռուստադիտողի նկատմամբ: Չհավանող, չհավատացող հեռուստադիտողները հայկական ալիքներ չեն էլ դիտում:
Այն ժամանակ մեկ հեռուստատեսություն կար, այսօր մրցակցային դաշտը մեծ է, գրավիչ ու հետաքրքիր դարձնելը մեծ ջանք ու միջոցներ է պահանջում, որակյալ մասնագետները քիչ են: Ի վերջո, բոլոր հեռուստաընկերություններն էլ պետության գործիք-խոսափողն են, փող վաստակելու գործիք ու միջոց են: Չէ՞ որ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը:
Այն ժամանակվա հեռուստատեսությունն էլ պետական գործիք ու գաղափարախոս էր, բայց մեծ ու կարևոր դերակատարություն ունեցավ ազգային զարթոնքի նախապատրաստման ու ընթացքի համար:
Ընդհանրապես, հասարակությունը հեռուստաեթերից կարող է վերցնել ամեն ինչ, որ մատուցվում է, որովհետև ազդեցության ուժը մեծ է: Հեռուստատեսություններն ու հասարակությունը միմյանց արտացոլանքն են:
-ՈՒնե՞ք նպատակներ, որ չեք հասցրել իրագործել:
-Ես աշխատում եմ հետ չնայել, որովհետև, մեկ է, ոչինչ հետ չեմ բերի: Ժամանակին, երբ դեռ աշխատանք էլ ունեի, պաշտոն էլ, բավականին ծավալուն ծրագիր ներկայացրի հայրենակցական մի միության` աշխարհասփյուռ հայության մասին ֆիլմաշար ստեղծելու: Ծրագիրը հավանեցին, իրագործումը ձգձգվեց այնքան, մինչև իմ ժամանակն էլ անցավ: Շատ եմ ափսոսում, բայց դե, կյանքը միշտ չէ, որ բարեհաճ է եղել իմ նկատմամբ:
Ապրեցի ոչ այնպես,
ինչպես ուզում էի,
Այլ ինչպես կարողացա,
Արեցի ոչ այնքան,
որքան ուզում էի,
Այլ` որքան կարողացա:
Իսկ ընդհանրապես, իմ ողջ կյանքը միայն պարտք ու պարտականություն է եղել, և իմ գերագույն նպատակն էլ` դրանք պատվով կատարելը: Ես հաշտվել եմ այն իրողության հետ, որ «Իմ բաժա՜ն-բաժա՜ն կյանքից ինձ բաժին չհասավ»:
Երեխաներս ինքնուրույն մարդիկ են, իրենց կյանքն ունեն: Եթե պետք եմ և կարող եմ, օգնում եմ: Թոռնիկներով եմ զբաղվում:
Ամուսնուս շուտ եմ կորցրել, շատ կարևոր բաներ ժամանակին բաց եմ թողել: Ոչ մի սեփականություն, ոչ մի անձնական գործ չունեմ: Եթե այլևս չեմ կարող գոնե բնակարան ու ամառանոց ունենալ, բայց դա արդեն ոչ թե նպատակ, այլ հեռավոր երազանք է մնում: Այնուամենայնիվ, մի մեծ նպատակ ունեմ` հասցնեմ տպագրել գրական և լրագրողական նյութերս: Եթե դա էլ չկարողանամ կատարել, ուրեմն իզուր եմ ապրել:
-Ո՞րն է Ձեր խրատը կամ խորհուրդը այսօրվա երիտասարդությանը:
-Գոնե Հովհաննես Թումանյանի քառյակներ և Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» կարդացեք, որպեսզի կարողանաք փիլիսոփայորեն ընկալել կյանքն ու մահը, աշխարհն ընդհանրապես, և հետո խորհել` ինչպե՞ս ապրել:
Մի գայթակղվեք օտարների փայլփլուն բարք ու վարքով: Մեր ապրած դարերն ավելի շատ են, և մեր ժողովրդի իմաստնությունն ավելի խոր է: Ինչու՞ ենք մենք միշտ ուրիշինը սիրում, ինչու՞ ենք թույլ տալիս, որ մեզ անանցյալ, անուս ազգի տեղ դնեն ու անընդհատ դասեր տան:
Ազատվեք փողի գերիշխանությունից:
Իհարկե, ոչ խորհուրդ եք ընդունում, ոչ խրատ եք լսում, ուղղակի սովորեք պատասխանատվություն կրել ձեր խոսքի և ձեր արարքների համար:
Ծնողների հանդեպ պահանջատեր մի մնացեք:
Մեր երկրին խելացի, հավասարակշռված, չափի զգացում ունեցող կառավարիչներ են պետք: Մեր հայրենիքը վտանգված է, տեր կանգնեք նրան` սիրելով ու արժևորելով ունեցած արժեքները, հարգանքով վերաբերվեք ժողովրդին ու յուրաքանչյուրի իրավունքներին:
-Ինչպիսի՞ն է Ժաննա Ղոչիկյանը տանը, եթե կարելի է, պատմեք Ձեր մասին:
-Արդեն տանն եմ: Միայն տանն եմ: Մաքրում եմ, եփում եմ, թխում, թոռներիս եմ ծառայում: Օրվա ուշ ժամերին համացանց, նորություններ, օնլայն հանդիպումներ: Ամսվա մեջ մեկ հանգստյան օր ունեմ` վերջին կիրակին: Հարազատներիս եմ այցելում: Անտարբեր ապրել չեմ կարող: Միտքս չի լռում: Չգրել չեմ կարող: Գրում ու գրում եմ:
-Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:
-Երևի ոչ, որովհետև ինքնարտահայտման հնարավորություն միշտ ունեցել եմ. հեռուստահաղորդումներով, հոդվածներով, գրական գործերով, իսկ Facebook-յան կարճ գրառումներով իմ վերաբերմունքն եմ արտահայտում իրադարձությունների նկատմամբ:
Այսօր գրելու էի. քանի դեռ ներքևից վերև աշխատում ենք` «էղավ, շեֆ ջան» կամ` «ոնց կասես, շեֆ ջան» սկզբունքով, և քանի դեռ առաջնային պարտականությունը շեֆին ծառայելն ու հաճոյանալն է, մեր երկրում ոչինչ չի փոխվի: Իսկ հերթական քաղաքական խաղը` իշխանափոխության պահանջը, արդյո՞ք կփոխի ժողովրդի կյանքը: Արդյո՞ք գումարելիների տեղերը փոխելով գումարը փոխվում է: Արդյո՞ք վերաբաժանումը նոր փորձություններ չի պարգևի: Արդյո՞ք արդեն ծնվել է այն կոչված անհատը, ով պիտի կոչնակը հնչեցնի:
-Արդյո՞ք Ժաննա Ղոչիկյանը հիասթափված է:
-Հիասթափված` գուցե: Հուսահատված` երբեք: Չէ՞ որ վիճակից վիճակ անցնելու համար Աստված քառասուն օր է սահմանել: ՈՒղղակի մեր քառասուն օրը շատ է երկարում: Երբ իրականությունը չի տեղավորվում քո երազանքի ու պատկերացումների շրջանակում, հիասթափություններն անխուսափելի են: Գաղտնիք չէ, չէ՞, թե ազգովին ինչ չափի ու ինչ տեսակի հիասթափություններ ապրեցինք:
Ինձ համար շատ ծանր է մարդուց հիասթափվելը: Միշտ չէ, որ ինձ շրջապատել են ազնիվ ու շիտակ մարդիկ: Ընկերների դավաճանության ցավ էլ եմ ապրել: Գրելը ինձ փրկում է փշրվելուց: Երբ զգում եմ, որ անզոր եմ չարության, նախանձի, կեղծիքի հանդեպ, գրում եմ: Երբ բախվում եմ կեղծ հարազատի ագահությանն ու շահամոլությանը ու զգում եմ, որ անզոր եմ, գրում եմ: Ես իմ կյանքը ավելի շատ թղթի վրա եմ ապրել, քան իրականության մեջ: Եվ դա ինձ փրկում է հիասթափությունից ու հուսահատությունից: Եվ քանի որ աշխատանք չունեմ, միջավայր չունեմ, ու իմ աշխարհը համացանցով է սահմանափակվում, կրկին ինձ հորդորում եմ` «նորից պահն է եկել կյանքս թղթի վրա ապրելու»: Ինչքան որ Աստված սահմանել է:

Զրույցը՝
Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 5484

Մեկնաբանություններ