Մեջբերեմ մի հատված «Իրատեսում» հրապարակված նյութից («Միով բանիվ, անցնում ենք գործի», 19.05.2017 թ.).
«Մի քանի օր առաջ, ավելի ստույգ` մայիսի 15-ին, «Իրատեսի» խմբագրություն այցելած և խիստ վրդովված քաղաքացուհին խմբագրական մեր սեղանին դրեց «բուխանկա» տեսակի սև հացը` արտադրված Սևանի հացի գործարանում։ Հացն այնքան խոնավ էր, որ միջուկը վերածվել էր «սոսնձի»։ Հացը, համապատասխան դիմումով հանդերձ, ներկայացրի ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն։ Օրեր անց ստացա պատասխանը. «Հարգելի պարոն Առաքելյան, Ձեր կողմից ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին ներկայացված «Սևանի հացի գործարան» ՓԲ ընկերության հաց` կաղապարային տարեկանի և ցորենի ալյուրի խառնուրդից արտադրատեսակին առնչվող դիմումի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ Երևան, Տիչինայի 3Ն 2/2 հասցեում գործող «Սևանի հացի գործարան» ՓԲ-ին պատկանող հացի արտադրամասում ծառայության պետի 2017 թվականի մայիսի 19-ի 201-Ա հրամանի հիման վրա ծառայության աշխատակազմի Երևանի կենտրոնի մասնագետների կողմից «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կիրականացվի դիտարկում։
Ծառայության կողմից իրականացված դիտարկման արդյունքների մասին Ձեզ կտեղեկացվի լրացուցիչ։
Հարգանքով` Ա. Միրզոյան»։
Ա. Միրզոյանը, ինչպես տեսնում եք, բավականին աչալուրջ պետծառայող է և հարգանքով է վերաբերվում թե՛ իր ծառայական պարտականություններին, թե՛ ինձ։
2017-ի հուլիսի 3-ին, այսինքն` դիմումս հանձնելուց մեկուկես ամիս անց խմբագրություն են ուղարկում գրությունների մի փաթեթ։
«Իրատես» թերթի հեղինակ Վ. Առաքելյանին (ՀՀ ք. Երևան, Զաքյան 10)։
Հարգելի պարոն Առաքելյան,
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն (այսուհետ` Ծառայություն) ներկայացված «Սևանի հացի գործարան» ՓԲ ընկերության «Հաց կաղապարային տարեկանի և ցորենի ալյուրի խառնուրդից» արտադրատեսականուն առնչվող Ձեր դիմումի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ ք. Երևան, Տիչինայի 3Ն, 2/2 հասցեում գործող «Սևանի հացի գործարան» ՓԲ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում Ծառայության պետի 2017 թվականի մայիսի 19-ի N 201-Ա հրամանի հիման վրա Ծառայության աշխատակազմի Երևանի կենտրոնի մասնագետ-տեսուչների կողմից «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացված դիտարկման ընթացքում «Սևանի հացի գործարան» ՓԲ ընկերության 2017-ի մայիսի 20-ի արտադրության 4 ապրանքատեսակներից` «Հաց կաղապարային տարեկանի և ցորենի ալյուրի խառնուրդից», «Հաց կաղապարային տարեկանի և ցորենի ալյուրից կտրատած», «Հաց կաղապարային ցորենի ալյուրից» և «Հաց կաղապարային ցորենի ալյուրից կտրատած», կատարվել է հսկիչ գնում և տրվել է անասնաբուժասանիտարական, բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ` լաբորատոր փորձաքնության։ Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։
Կից ներկայացվում են 2017 թվականի մայիսի 23-ի N 1719 փորձարկման արձանագրությունները։
Առդիր` 8 էջ։
Հարգանքով` Ա. Միրզոյան»։
Փորձարկումներն իրականացրել են տեսուչ Ա. Մելքոնյանը, պատասխանատու կատարողներ Կ. Ավտալյանը և Ց. Գզիրյանը։
Սեպտեմբերի 28-ին բարձրանում էի Արմենակյան փողոցով։ ՀԷՑ-ի շենք չհասած, փողոցի աջ հատվածում գտնվող մարկետից, որտեղից 3 ամիս առաջ քաղաքացուհին գնել էր չարաբաստիկ հացը, գնեցի այս նույն կաղապարված հացը։ Չզարմանաք, բայց հացի միջուկի «բովանդակությունը» ամենևին չէր փոխվել, նույն ցեխակոլոլ և սոսնձանման զանգվածն էր։ Սա աղետալի ենթադրությունների տեղիք է տալիս, ի մասնավորի, որ «Սևանի հացի գործարան» ՓԲ ընկերությունը և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը գաղափարական գործընկերներ են և հստակ նպատակաուղղվածությամբ պղծում են հացը մեր հանապազօր։ Սա, անկասկած, մի անմեղսունակ գործընթաց է, որը հովանավորվում է վերոհիշյալ չարաբաստիկ ծառայության վերադասի` ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից։ Հանապազօր մեր հացի որակը դիտարկվում է (ոչ թե ստուգվում կամ փորձաքննության ենթարկվում) անասնաբուժասանիտարական մեթոդով։ Դիտարկվում է հավանաբար հեռադիտակով։ Սակայն անգամ եթե մանրադիտակի տակ զննվի խնդրո առարկա սննդամթերքը, միևնույն է, չի հայտնաբերվի ոչինչ վտանգահարույց սպառողներիս առողջության համար։ Այլ կերպ ասած, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որը պետբյուջեից վիթխարի գումարներ է կլանում (գումարներ, որոնք սպառողներիս հարկերի և տուրքերի հաշվին են գոյանում), բացեիբաց ծառայում է հանրության առողջության հաշվին գերշահույթներ ապահովող տնտեսավարողներին։ Այս պարագայում` «Սևանի հացի գործարան» ՓԲ ընկերությանը։
Ի՞նչ անել։ Սպառողներն իրենք պետք է որոշեն` շարունակել գնե՞լ նշյալ «հացը», թե՞ ոչ։
Նաև հուսանք, որ ՀՀ վարչապետը գեղեցիկ մի օր ձեռք կբերի նշված հացամթերքը, կճաշակի այն և համապատասխան եզրակացության կհանգի։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. Քանի որ «Սևանի հացի գործարան» ՓԲ-ի սոսնձակոլոլ հիշյալ արտադրանքը (ի դեպ, իմ շունը` Միկին, և կատուներս ևս հրաժարվում են ուտել սույն հակահացը)` հանուն գործարանի տիրոջ գրպանի խաթարում է սպառողների առողջությունը, «Իրատեսը» ժամանակ առ ժամանակ գնելու է այս հակահացը և լուսաբանելու է նրա քիմիական բաղադրությունը։