Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

«Քրդստանը կարող է դառնալ այն զսպաշապիկը Թուրքիայի համար, որ փորձում է ստեղծել արտաքին աշխարհը»

«Քրդստանը կարող է դառնալ այն զսպաշապիկը Թուրքիայի համար, որ փորձում է ստեղծել արտաքին աշխարհը»
12.09.2017 | 00:49

Սեպտեմբերի 25-ին տեղի է ունենալու Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն։ Տարածաշրջանային այս կարևոր իրադարձության մասին զրուցում ենք թուրք-քրդական հակամարտությունների փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։

-Պարոն Հովհաննիսյան, ԱՄՆ-ը քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիին հորդորել էր հետաձգել հանրաքվեն: Միացյալ Նահանգներն ու Արևմուտքը մտավախություն ունեն, որ այս հանրաքվեն կարող է հակամարտության նոր աղբյուր դառնալ տարածաշրջանում։ Այս մտավախությունն իրական հիմքեր ունի՞, արդյոք հնարավո՞ր է նոր հակամարտության բռնկումը։
-Իրականում ԱՄՆ-ը բանակցում է Քրդստանի իշխանության հետ հանրաքվեի հետաձգման շուրջ: Սակայն այդ բանակցությունները մինչև օգոստոսի 29-ն էին, երբ հայտնի դարձավ, որ Քիրկուկը նույնպես մասնակցելու է հանրաքվեին: Քիրկուկը կռվախնձոր է Իրաքի կենտրոնական իշխանության և Քրդստանի, ինչպես նաև, որքան էլ զարմանալի թվա, Թուրքիայի և Քրդստանի միջև: Մասուդ Բարզանին բազմիցս հայտարարել է, որ հանրաքվեն կայանալու է, որքան էլ դա չցանկանան արտաքին ուժերը: Մի պահ իսկապես ռեալ մտավախություն կար՝ տարածաշրջանում Իրանը կարող է Քրդստանի դեմ ռազմական գործողություններ սկսել: 1979-ից հետո առաջին անգամ Իրանի գլխավոր շտաբի պետն այցելեց Թուրքիա և հանդիպեց իր պաշտոնակցին ու Էրդողանին: Այդ ժամանակ քննարկման թեման Քրդստանի անկախության հանրաքվեն Իրանի ու Թուրքիայի հնարավոր համատեղ ռազմական գործողություններն էին: Սակայն երբ Իրանի ԳՇ պետը վերադարձավ Իրան, մեկ օր հետո Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը հայտարարեց, որ Իրանն իր սահմաններից դուրս չի իրականացնի ռազմական գործողություն, պաշտպանելու է միայն իր երկրի սահմանները: Հենց այս հայտարարությունից հետո Թուրքիան, կարծես, մեն-մենակ մնաց Քրդստանի դեմ և սկսեց Քրդստանի անկախության հանրաքվեի դեմ պայքարել Քիրկուկի թուրքմեններով: Դրա վառ ապացույցը Քիրկուկի թուրքմենական մանր կուսակցությունների սեպտեմբերի 9-ի համատեղ հայտարարությունն էր՝ անկախության հանրաքվեն բոյկոտելու մասին: Իրականում Քրդստանի անկախության հանրաքվեն լավ էլ համաձայնեցված է արտաքին ուժերի հետ, քանի որ մինչև հիմա դեռ ոչ մի եվրոպական պետություն, առավել ևս ԱՄՆ-ը դեմ հանդես չեն եկել, պարզապես հորդորել են հետաձգել, իսկ եթե չհետաձգեն, ինչպիսի պատժամիջոցներ կարող են կիրառել, դրա մասին էլ են լռում, այսինքն, ձևականորեն դեմ լինելով՝ իրականում կողմ են այդ պետության ստեղծմանը:
-Քրդերի հնարավոր անկախացմանը դեմ են նաև Իրաքը, Թուրքիան, Իրանը, Սիրիան, որոնք քրդական մեծ բնակչություն ունեն: Փաստորեն, քրդական հարցը միավորել է իրար հետ ոչ բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրներին։ Արտաքին աշխարհում քրդերն իրենց նախաձեռնություններում աջակցություն ունե՞ն։
-Ինչպես նշեցի, Իրանը, կարծես, այլևս վտանգ չի ներկայացնում և բարձրագույն ռազմական հրամանատարի մակարդակով հայտարարել է, որ ռազմական գործողություններ չի իրականացնի Իրանի սահմաններից դուրս: Իրաքի կենտրոնական իշխանությունը, կարծես, մեղմ քաղաքականություն է վարում, իսկ խորհրդարանը, ինչպես հայտնեց խորհրդարանի սուննի նախագահը, չեզոք դիրքորոշում ունի այս հարցում: Սիրիան մինչև այս պահը պարզապես հանդես է եկել դեմ հայտարարությամբ և վերջ: Իսկ ահա Թուրքիան, թերևս, ամենամտահոգն է, ամեն ինչ անում է, որ Քրդստանի անկախության հանրաքվեն չկայանա, ֆինանսավորում է թուրքմենական կուսակցություններին, ընդդիմադիր կուսակցություններին, նույնիսկ հոգեբանական ճնշման է ենթարկում Քրդստանի իշխանությանը, հայտարարելով, որ հանրաքվեից հետո քաղաքացիական պատերազմ կարող է սկսվել երկրի ներսում, Թուրքիան նույնիսկ հեռուն գնացող հայտարարություն արեց, ասելով, որ ինքը պատրաստ է պաշտպանելու թուրքմեններին: Սակայն չեմ կարծում, թե ԱՄՆ-ի հովանավորչությամբ ստեղծվող Քրդստանի նկատմամբ Թուրքիան ռազմական գործողություններ կսկսի, բայց և այնպես չեմ բացառում ֆորսմաժորային իրավիճակի դեպքում Թուրքիայի հարձակումը Քրդստանի վրա: Ասենք, դա հնարավոր է PKK-ի կամ ԻՊ-ի հենակետերին հարվածներ հասցնելու պատրվակով:
-Փորձագետները նշում են, որ Քրդստանի դեյուրե անկախացումը կարող է համանման գործընթացների շղթայական ռեակցիա առաջացնել և Իրաքի փլուզման պատճառ դառնալ: Նման վտանգ կա՞։
-Չեմ կարծում, թե Իրաքի փլուզման պատճառ կարող է դառնալ, սակայն կարող է մեկ այլ պատճառ դառնալ, որից էլ հենց վախենում են հարևան պետությունները, հատկապես՝ Թուրքիան: Հնարավոր է, որ տարածաշրջանի մեծ քրդական համայնքներ ունեցող երկրների քրդերը ևս ոտքի կանգնեն և սկսեն նման գործընթաց, ասել է թե՝ ինքնավարության կամ պետության ստեղծման գործընթաց: Այս ֆոնին պետք է շեշտեմ, որ ներկա պահին ամենավտանգավոր, կարելի է ասել, կարմիր գծում է գտնվում Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգը, որտեղ քրդերը սկսել են թուրքական ուժերին նահանգից դուրս մղելու գործընթացը, ճիշտ է, այժմ միայն զորամասերի վրա հարձակումներով, ինչը, սակայն, բացառիկ երևույթ է թուրք-քրդական բախումների ընթացքում:
-Սա առաջին դեպքը չէ, երբ քրդերն անկախության հանրաքվե են կազմակերպում: 2005 թվականին Իրաքյան Քրդստանում արդեն անցկացվել է նման կամարտահայտում, և հանրաքվեին մասնակցողների մոտ 98 %-ը կողմ էր քվեարկել անկախությանը: Ո՞րն է այս երկու հանրաքվեների տարբերությունը, ինչու՞ 2005-ի քվեարկության արդյունքում անկախություն ձեռք չբերվեց, և արդյոք այս հանրաքվեն նույն ճակատագիրը չի՞ ունենա։
-Նախ՝ սկսեմ նրանից, որ դեռևս 1992-ից Իրաքյան Քրդստանն ունեցավ ռեգիոնալ կառավարություն, 2005-ին Իրաքի սահմանադրությամբ Իրաքյան Քրդստանը ստացավ ինքնավար շրջանի կարգավիճակ, իր բանակով՝ փեշմերգայով, իսկ ահա 2006-ից Իրաքյան Քրդստանը սկսեց զբաղվել սեփական արտաքին քաղաքականությամբ՝ աշխարհի շուրջ 20 երկրներում ստեղծելով դիվանագիտական ներկայացուցչություններ: Սա ճանապարհ էր, որ պետք է անցներ Իրաքյան Քրդստանը, մինչև հասներ անկախության հանրաքվեին: Ի դեպ, Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվե նշանակվել է մի քանի անգամ, սակայն միշտ հետաձգվել է անորոշ ժամանակով, բայց այս դեպքում, կարծես, այն իրականություն է դառնում:
-Հանրաքվե անցկացնելուն դեմ են արտահայտվել նաև Իրաքյան Քրդստանի որոշ քաղաքական ուժեր՝ «Գորանը» և «Քրդստան» իսլամական խումբը։ Քրդստանի ներսում նման տարաձայնությունների պատճառը ո՞րն է։
-Այո, ճիշտ նկատեցիք, «Գորանը» և «Քոմելը» դեմ են անկախության հանրաքվեին՝ այն ժամանակավրեպ համարելով: Չմոռանանք, որ այս շարժումները կամ կուսակցությունները ընդդիմություն են, բացի դրանից, այս շարժումների ղեկավարները սուր հակասության մեջ են հենց Բարզանիի հետ: Եթե անկախության հանրաքվեն նշանակեր մեկ այլ քուրդ ղեկավար, չեմ կարծում, որ այս շարժման ղեկավարները դեմ կլինեին դրան: Վերջապես, պետք է փաստեմ նաև հոգեբանական այն վիճակը, որը կա քրդերի շրջանում: Նրանք երբեք չեն ունեցել պետականություն, իրենց համայնքները կառավարել են ցեղապետերով, ու դա՝ մինչև այսօր: Քրդական մի քաղաքում ցեղապետը կառավարում է իրենց օրենքներով, մեկ այլ քաղաքում մեկ այլ ցեղապետ՝ այլ օրենքներով: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ կստեղծվի այդ պետությունը, իսկ թե որքան կգոյատևի, կախված կլինի արդեն Թուրքիայի հետագա քայլերից Եվրոպայի և ԱՄՆ-ի նկատմամբ: Չմոռանանք, որ Քրդստանը կարող է դառնալ այն զսպաշապիկը Թուրքիայի համար, որը փորձում է ստեղծել արտաքին աշխարհը:

Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 5825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ