Անցած շաբաթ և կիրակի օրերին Հանքավանում թեև եղանակը սառն էր, սակայն ֆինանսների նախարարության կազմակերպած սեմինար-քննարկումները թեժ էին. սեղանին էին դրված 2018-2020 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի գաղափարախոսության և կառավարության պարտքի 2018-2020-ի ռազմավարության ծրագրերը, որոնց առնչվող հարցեր ուղղեցինք ֆինանսների նախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻՆ։
-Մեր խնդիրը 2015-2016 թվականներին տնտեսության անկումը կանգնեցնելն էր, դեմն առնելը։ Ռուսաստանի տնտեսական անկումն ուղղակիորեն ազդում է մեզ վրա, և մեր խնդիրն է դիմակայել դրսից ներթափանցող բացասական էֆեկտներին, հնարավորինս կանխել տնտեսության անկումը։ Այս պահին, կարծում եմ, այդ իրավիճակը հաղթահարել ենք, 2016-ի վերջին դա նկատվում էր։ Անցած տարեվերջին արձանագրեցինք 0,2 % տնտեսական աճ և հայտարարեցինք, որ 2017-ը կլինի կայունացման տարի։ Ի դեպ, 0,2 % տնտեսական աճից հետո մենք չսահմանեցինք, ասենք 7 % տնտեսական աճ։
-Դա խելքին մոտ քայլ չէր լինի, պարոն նախարար։
-Այո, նման բան հնարավոր չէ։ Ցանկացած խնդրի դեպքում առաջնայինը վիճակի կայունացումն է, որից հետո աստիճանաբար պետք է վիճակը բարելավվի։ Իհարկե, դա բարդ գործընթաց է, սակայն մենք այդ քաղաքականությունը որդեգրել ենք և դրանով գնում ենք առաջ։
-Այսինքն, այսօր մեր տնտեսությունը կայունացման միտո՞ւմ ունի։
-Կասեի այսպես՝ մենք ունենք ակնհայտ կայունացում։
-Իսկ հնարավո՞ր է, որ 2017-ի ավարտին պարզ դառնա, որ տնտեսությունը կայունացել է միայն տարեվերջին։ Ի վերջո, կայունացումը գործընթաց է, որը ժամանակ է պահանջում։
-Այո, և կայունացման այդ ժամանակահատվածը 2016-ն էր։ Ես այս կերպ կձևակերպեի հարցը՝ հնարավոր է, որ 2017-ի վերջին ունենանք նույնատիպ ցածր աճի տեմպ։
Սակայն հնարավորությունը շատ փոքր է։ Հնարավորության հավանականությունը մեծ կլինի, եթե գլոբալ աշխարհում տնտեսական ևս մեկ ցնցում լինի։
-Դե, Աստված տա, ցնցումներից հեռու լինենք և, արտաքին պարտքից բացի, խոսենք նաև այլ հարցերի շուրջ։ Պատահական չէր, որ սեմինարի ընթացքում շատ հարցեր բարձրացվեցին ՀՀ նախագահի ներկայացրած ծրագրից, ինչն այսօր տնտեսագետները որակում են ամբիցիոզ։ Ըստ Ձեզ, ներկայացված ծրագիրն ունի՞ լուրջ քաղաքական մտադրություն, թե՞ կոչված է ընդամենը թեթևացնելու սոցիալական լարվածությունը։
-Իհարկե, տարբեր որակումներ կարող են լինել, սակայն իրականությունը մեկն է` ծրագիրն ունի լուրջ քաղաքական նկատառումներ, որոնց նպատակն է ստեղծել ճկուն, գործուն համակարգ։
-Կառավարությունն այսօր ծախսերի կրճատում է իրականացնում։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Այո, ցավոք, շատերի մեջ կարծիք է ձևավորվել, թե պետությունը ծախսեր է կրճատում, դա սխալ մոտեցում է։ Մենք ծախսերի կրճատման չենք գնում։ Ֆինանսների նախարարությունը իրականացնում է ծախսերի օպտիմալացում։
-Մինչ օրս տարբեր ոլորտներում իրականացված օպտիմալացումները հանգեցրել են կրճատումների։ Ձեր նշած օպտիմալացումից ի՞նչ պետք է հասկանալ, եթե ոչ կրճատում։
-Որպեսզի ասածս պատկերավոր լինի, մեկ օրինակ բերեմ։ Ֆինանսների նախարարությունն ուներ «Էկոնոմիկա» ամսագիր, որի վրա ծախսվում էր 100 մլն դրամ։ Մենք այդ ամսագիրը փակեցինք, ինչի արդյունքում որոշակի խնայողություն եղավ։ Որոշակի, քանի որ այդ 100 մլն-ի մի մասն ուղղեցինք նոր վեբկայքի ստեղծմանը։ Այսինքն, մի կողմից` գումար խնայվեց, մյուս կողմից` ստեղծեցինք քիչ ծախսատար, սակայն տեղեկություն ապահովելու ավելի արդյունավետ համակարգ։
-Օպտիմալացման կամ վերաձևակերպման հետևանքով մեծ թվով մարդիկ գործազուրկ դարձան։ Տնտեսված գումարները և գործազուրկների թիվը համադրելի՞ են, արդարացվա՞ծ են։
-Գիտե՞ք, ինչպես կյանքը, այդպես էլ տնտեսագիտությունն իր դոկտրիններն է թելադրում։ Հեգելն ասում է. «Կյանքում ամեն բան հաստատուն է», այնպես որ, երբեք մի մտածեք, որ ինչ-որ բան ձեռք ենք բերում առանց կորստի։ Նման բան կյանքում չի լինում։ Եթե մենք ուզում ենք առաջ գնալ, պետք է հասկանանք, որ այն մարդիկ, ովքեր «բահով ասֆալտ են փռում», պետք է դառնան գործազուրկ, որովհետև ամբողջ աշխարհն այդ գործն անում է նոր տեխնոլոգիաներով։
-Դուք ամենապրիմիտիվ օրինակն եք բերում, սակայն...
-Ես կանխեմ Ձեր հարցը և ասեմ, թե ինչպես ենք փորձելու լուծել այդ մարդկանց խնդիրը. միառժամանակ գործազրկություն կլինի, որից հետո, տնտեսական աճին համընթաց, այդ մարդիկ աշխատանք կգտնեն տնտեսության ոչ արտահանելի հատվածներում։ Արտահանվող հատվածում աշխատավարձերի բարձրացումը կնպաստի ոչ արտահանվող հատվածում աշխատավարձերի բարձրացմանը։ Օրինակ, ասենք, երբ մատուցողի աշխատավարձը պերմանենտ բարձրանում է, իսկ արտադրությունում դազգահի առջև կանգնած լավ մասնագետի աշխատավարձը մնում է նույնը, դա ավելի լուրջ խնդիր է։ Ինչո՞ւ 2008-ին մենք խնդիր ունեցանք. որովհետև աշխատավարձերը հիմնականում աճում էին ոչ արտահանելի հատվածում։ Մեր նպատակն է տնտեսության արտադրողականության հաշվին զարգացնել երկիրը։
Զրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ