Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Աշխարհը պետք է զսպաշապիկ հագցնի Ադրբեջանին»

«Աշխարհը պետք է զսպաշապիկ հագցնի Ադրբեջանին»
14.07.2017 | 09:17

Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին, մասնավորապես Ադրբեջանի հերթական սադրանքին, միջազգային կառույցներն արագ արձագանքեցին` ի հեճուկս Ադրբեջանի, ոչ մի խոսք չասելով Հայաստանի հասցեին, ինչին այդքան ձգտում էր պաշտոնական Բաքուն: Ավելին, հայկական կողմն այս անգամ աշխարհին փաստարկված ներկայացրեց, թե ինչպես է այդ երկիրը սեփական ժողովրդին վահան դարձրել: Համոզվելով, որ միջազգային հանրությանն ապակողմնորոշելու բոլոր հույսերը զուր են, Ալիև կրտսերն շտապեց Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման: Այս զարգացումների մասին «Իրատեսը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ:

-Ղարաբաղյան հիմնախնդիրն ի՞նչ փուլ է թևակոխել, պարոն Թորոսյան։
-Մենք պայքարի երկու դաշտ ունենք` մարտադաշտ և դիվանագիտական հարթակ: Քարոզչական դաշտն էլ կարելի է պայքարի երրորդ օղակը համարել: Մեր պարտքն է երեք դաշտում էլ չպարտվել: Իսկ ղարաբաղյան հակամարտությունը հայ ժողովրդի համար, այսպես ասած, բնական վիճակ է: Մեր հարևանությամբ դարեր շարnւնակ թշնամիներ ենք ունեցել, միշտ պետք է հաշվի առնենք այս իրավիճակը: Այնպես որ, սա մեր կյանքն է, մենք պետք է այսպես ապրենք` ամեն վայրկյան պատրաստ լինելով ցանկացած զարգացման: Որպեսզի միշտ պատրաստ լինենք, պետք է ճիշտ աշխատենք և՛ քարոզչական, և՛ մարտական, և՛ դիվանագիտական հարթակներում: Առաջին գիծը պետք է պինդ պահենք, մեր զինվորին փայփայենք, բանակն ամրացնենք, երկիրը հզորացնենք: Այսինքն, ապրենք բնականոն վիճակով:
-Այդ «բնականոն վիճակը» երբեմն-երբեմն շատ լարված երանգներ է ստանում, և ծանր կորուստներ ենք ունենում: Այս դեպքում ինչպե՞ս վարվել:
-Դա էլ պետք է կանխատեսել, որ կլինեն կրակոցներ, զոհեր, դիվերսիաներ: Սա բնական վիճակի մի մասն է: Սա մեր կյանքն է, ու պետք է այդպես էլ ընդունենք:
-Վերջին շրջանում հայկական կողմը մարտի դաշտում, կարծես, նոր մոտեցումներ է որդեգրել. մարտավարության փոփոխությո՞ւն է սա:
-Իհարկե, մարտավարության, ռազմավարության որոշակի փոփոխություններ կլինեն: Սա ընթացիկ որոշումների խնդիր է, որը տեղավորվում է մեր բնական վիճակի մեջ: Որոշում է կայացվում ավելի ակտիվ, նախահարձակ լինելու, ինչպես նաև համաչափ պատասխանելու հակառակորդի ոտնձգություններին: Եթե նստենք ու ազգովին որոշենք, թե տեսնես երբ է հանգուցալուծվելու ղարաբաղյան հիմնախնդիրը, ու ամեն ինչ կապենք դրա հետ (եթե վաղը խնդիրը լուծվի, ամեն ինչ լավ կլինի), հայտնվելու ենք պարտվողի, զիջողի կարգավիճակում: Եթե հակառակորդը վստահ լինի, որ միշտ պատրաստ ենք նրան դիմակայելու և ապրում ենք այս խնդրով, որպես մեր կյանքի անբաժան մաս, կսկսի վերանայել իր հայացքները:
-Ինչքա՞ն կարող է խնդիրը մեր կյանքի մաս համարվել, մի օր, ի վերջո, չպե՞տք է հանգուցալուծվի:
-Աշխարհում հակամարտությունները երբեք չեն ավարտվում: Հակամարտությունները սառչում են, տաքանում են, շիկանում են, ժամանակավորապես լուծվում են ու նորից թեժանում: Ինչպես կարող է հակամարտությունը լուծվել, եթե կա վեճ: Հնարավոր է այսօր Ալիևը պարտվի, քսան տարի հետո մեկն ի հայտ գա ու պարծենա, թե տեսեք` Ղարաբաղը հետ եմ բերելու: Հակամարտությունը մեր մասով լուծված է, Արցախն ազատ, անկախ, ժողովրդավարական պետություն է: Թեկուզ աշխարհի կողմից չճանաչված, բայց Արցախի Հանրապետությունը առարկայական, փաստացի իրողություն է: Աշխարհն ուզի, թե ոչ, Արցախը շատ ավելի կայացած ու ժողովրդավարական արժեքների վրա հենված պետություն է, քան Ադրբեջանը, որն օր օրի ընկղմվում է բռնապետական ճահճի մեջ: Այդ երկիրը հեռանկար չունի, այն խարսխված է նավթադոլարների վրա, իսկ քսան-երեսուն տարի հետո նավթը, կարծում եմ, որպես աշխարհաքաղաքական զարգացումների և տնտեսության գործոն, իր տեղը զիջելու է նոր տեխնոլոգիաներով էներգակիրներին: Սա փաստ է: Այսօր արդեն շատ երկրներ հայտարարում են, որ, այսինչ թվականից սկսած, իրենք դիզելային և բենզինային մեքենաների շահագործում թույլ չեն տալու:
-Մինչ այդ մենք դեռ պետք է դիմակայենք նավթադոլարների քաղաքականությանը, որը հաճախ մեզ փաստի առաջ է կանգնեցնում:
-Մենք միշտ դիմակայել ենք` սկսած 1991-ից: Դիմակայել ենք քսանվեց տարի, կդիմակայենք այնքան, որքան աշխարհը գոյություն կունենա:
-Դիմակայելու համար մենք շատ բարձր գին ենք վճարում` մեր զինվորների կյանքը: Մեզ պես երկրի համար յուրաքանչյուր զոհ մեծ կորուստ է: Ի՞նչ պետք է անել առանց կորուստների դիմակայելու համար:
-Կամ պետք է մնանք ու պաշտպանենք մեր սահմանը, կամ ազգովին մոսկվաներում ու լոսանջելեսներում աստանդականի կյանք վարենք: Մեզ համար, այո՛, ամենացավալին զոհ ունենալն է, բայց, ինչպես ասում են, կռվի մեջ փլավ չեն բաժանում: Աստված մի արասցե, եթե վաղը պատերազմ լինի, ամբողջ ազգն է գնալու առաջին գիծ: Ապրիլյան քառօրյայի ժամանակ Երևանում մարդ չմնաց, դրսից ներհոսք սկսվեց: Սա մեր ազգին բնութագրող փառահեղ գիծ է` արտակարգ, ճգնաժամային վիճակում մոռանալ ամեն ինչ ու բռունցքվել: Սա է մեզ պահում: Ճիշտ է, երկրում ունենք շատ խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, որոնց հետ ամեն օր կռիվ ենք տալիս: Չկա մի երկիր, որ խնդիր չունենա: Հարուստ և հզոր երկրներն էլ իրենց հոգսերն ունեն: Պետությունն ընտանիքի նման է, ամեն մեկն ինքը շատ լավ գիտի, թե ներսում ինչ է կատարվում, իսկ գլոբալ խնդիրը` հող պահելը, մենք ազգովին լուծում ենք ու կլուծենք: Ոչ ոք թող չկասկածի` եթե Ադրբեջանը համոզված լիներ, որ զենքով կարող է Արցախը գրավել, վաղուց այդպես էլ արել էր: Ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը կփրկեր, ո՛չ էլ ՄԱԿ-ն ու մյուսները: Բայց չեն կարող, որովհետև մենք թույլ չենք տալիս: Այս ամենում ամենամեծ ցավը զոհ ունենալն է: Մարդու կորուստն անդարձ է: ՈՒզում եմ հիշել Մուշեղ Գալշոյանի փառահեղ ձևակերպումը. «Հողի կորուստն անդարձ կորուստ չէ: Քանի հայ մարդը շնչում է, ապրում է, հողը հետ է բերելու»: Արցախը` ողջ աշխարհին օրինակ: Մարդու կորուստն է անդարձ կորուստ, բայց այդ մարդն էլ գիտակցաբար է իր կյանքը դնում հայրենիքի համար, ուստի նա հավերժանում ու հերոսանում է: Նա եղիշեական հայն է` մահ իմացյալ անմահություն: Սա է մեր ճակատագիրը: Ես չգիտեմ` վաղը, որ պատերազմ լինի, ես ո՞ղջ կմնամ, թե՞ կզոհվեմ: Այսպես է մեր կյանքը: Ով զորակոչիկ է, պետք է զորակոչվի, ով պայմանագրային զինծառայություն է ընտրում, իր կամքով է ընտրում այդ ուղին, իսկ ժողովուրդն էլ կամավորական է: Մի ողջ ժողովուրդ պահեստի բանակ է, ապրիլին տեսանք, որ ողջ ժողովուրդը պահեստազոր է: Սրանից ոչ թե պետք է փախչենք, վախենանք, ողբանք, այլ այս ամենի մեջ գտնենք մեր երջանկությունը: Ղարաբաղցիները մի լավ անեկդոտ ունեն. «Ղարաբաղցիներին առաջարկում են տեղափոխվել իրենց բնակլիմայական պայմաններով մեկ այլ ապահով տեղ, որպեսզի այս հոգսից պրծնեն, հակադարձում են, թե բա մեր անտա՞ռը, կո՞վը, թո՞ւթը: Ասում են, դրանք բոլորը կլինեն: Նրանք էլ ասում են` բա մեր թորքե՞րը»:
-Վերջին շրջանում հակամարտության առնչությամբ նկատելի է աշխարհի վերաբերմունքի փոփոխությունը: Սկսեցին հասցեական հայտարարություններ անել, վերջին դեպքի հետ կապված, երբ զոհվեց ադրբեջանցի երկամյա երեխա, միջազգային կառույցները երկու կողմերին զսպվածության կոչ արեցին, թեև Ադրբեջանը ցանկանում էր իր մեղքը փաթաթել հայկական կողմի վզին: Ի՞նչն է փոխվել, որ նման տրամադրվածություն կա:
-Աշխարհն ուզի, թե ոչ, պետք է զսպաշապիկ հագցնի Ադրբեջանին: Տևական ժամանակ Ադրբեջանը սադրանքների, դիվերսիաների, սահմանային խախտումների էր դիմում, բայց երկու կողմին էին ուղղվում զսպվածության կոչերը: Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խումբը հասցեական հայտարարություն արեց, որին հաջորդեց նաև Ռուսաստանի դատապարտող հայտարարությունը: Այո, ցավոք, երկու տարեկան աղջնակ զոհվեց, ոչ մի երեխա մեղավոր չէ իր երկրի իշխանության քաղաքականության համար: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց դեպքը եղել է, և միջազգային կառույցները երկու կողմերին զսպվածության կոչ արեցին, որովհետև հասկացան, թե ինչ է փորձում անել Ադրբեջանը: Սա ապացուցեց նաև, որ քարոզչական և դիվանագիտական հարթություններում մենք որոշակիորեն հաջողել ենք: Սա փաստում է, որ Ալիևն իր վարքագծով հոգնեցրել է աշխարհին: ՈՒժային կենտրոնները, ուզեն-չուզեն, ելնելով նաև մեր ակտիվ աշխատանքից, պետք է իրերն իրենց անուններով կոչեն: Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն, իսկ մենք այդ օրը համարժեք պատասխան ենք տվել: Կարծում եմ` ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ դիրքորոշում է ընտրել, ավելին, նույնիսկ ուշացած: Անշուշտ, իրենք ավելի լավ գիտեն ճիշտ պահը, բայց, կարծում եմ, ավելի վաղ պետք է տրվեին համարժեք պատասխաններ, որպեսզի Ադրբեջանի հանրությունն Ալիևի դեմ դուրս գա ու ասի, որ եթե դու մեկին ես սպանում, նրանք բազմակի կորուստ են պատճառում: Վերջին դեպքի հետ կապված ամենակարևորն այն էր, որ մենք դրանով ռազմական հանցագործություն բացահայտեցինք: Պատերազմի օրենքով` կողմերն իրավունք չունեն հենակետերը բնակավայրերում կամ դրանց մոտակայքում տեղակայելու: Կան հստակ չափորոշիչներ, որովհետև եթե հակառակորդը կրակում է, ես պետք է լռեցնեմ` իմ անվտանգությունն ապահովելու համար: Հակահարված տալով, կարող եմ ակամայից վնասել նաև խաղաղ բնակչի: Մինչդեռ Ադրբեջանը վայնասուն դրեց ու թաքնվեց իր երկու տարեկան երեխայի դիակի հետևում: Սա ուղղակի նողկալի է, ու սա աշխարհը հասկանում է: Պատահական չէ ամենևին, որ հայտարարությունները հասցեական էին, բոլորն էլ հասկանում են, թե ինչ զզվելի է այս մեթոդը: Հին ժամանակներում թշնամին մտնում էր երկիր ու տեղի բնակչությանը հավաքում, իր բանակի համար վահան էր դարձնում, այսինքն` առջևից բնակչությունն էր գնում, հետևից` զորքը, որ իր քաղաքացուն չսպանի երկրի իշխանությունը: Բայց Ալիևն իր իսկ բնակչին է վահան դարձնում:
-Երկամյա երեխային վահան դարձնող Ալիևից ամեն ինչ հնարավոր է սպասել: Հնարավո՞ր է սահմանային լարվածության մեծացում:
-Ոչինչ չի բացառվում: Մենք պետք է պատրաստ լինենք անգամ գլոբալ պատերազմին: Մենք մեզ լիովին ապահով կզգանք այն ժամանակ, երբ ցանկացած զարգացման պատրաստ կլինենք, պատրաստ կլինենք հակառակորդի ցանկացած ոտնձգության: Մեր բանակը, կարծում եմ, բոլոր իրավիճակների համար հաշվարկներ ունի: Ոմանք կանխատեսում են սրացում օգոստոսին, մյուսները` սեպտեմբերին, մի մասն էլ պնդում է, թե չի լինի պատերազմ: Ինձ համար այս ամենն էական նշանակություն չունի, քաղաքագետներ են, թող խոսեն, կարևորն այն է, որ պատրաստ լինենք ամեն ինչի ու ապրենք բնականոն կյանքով: Այլ կերպ ասեմ. մենք դատապարտված ենք մեր կյանքը սեփական հայրենիքում կերտելու և ապրելու: Ի՞նչ կզուգակցվի դրան` պատերա՞զմ, թե՞ խաղաղություն, արդեն տեխնիկական խնդիր է: Ենթադրենք, պատերազմ է լինելու, փախչե՞նք երկրից, հակառակը, դրան պետք է պատրաստ լինել, ընդ որում` հոգեբանորեն: Պատերազմում հաղթում են «դուխով», իսկ մենք, բարեբախտաբար, դա ունենք:
-Անդրադառնանք նաև Ալիև-Էրդողան վերջին հանդիպմանը: Անճարությունի՞ց է նորից մեծ եղբորը դիմել Ալիևը:
-Մեկը լինի Էրդողանին պաշտպանի, ինքն էլ Էրդողանի՞ց է պաշտպանություն խնդրում: Ողջ աշխարհն Էրդողանի դեմ է դուրս եկել` նրա ոչ ադեկվատ քաղաքականության պատճառով: Էրդողանը, որքան կարող էր, չափն անցել է արդեն, դիվանագիտական էթիկետը ոչնչացրել, պահանջատիրական նկրտումներ դրսևորել բոլոր հարևանների նկատմամբ` իր դեմ տրամադրելով Վրաստանին, Ռուսաստանին, Հունաստանին, Իրաքին, Սիրիային, էլ չենք խոսում Հայաստանի մասին: Անհասկանալի է, թե ինչ է շահում Էրդողանը, երբ ողջ աշխարհն իր դեմ է հանում: Նա լուրջ խնդիրներ ունի, և առաջիկայում Թուրքիան զգալու է դրանց դառնությունը: Իսկ Ալիևը, իր չստացված «խավիարային դիվանագիտությամբ», բռնություններով, ձերբակալություններով, քաղբանտարկյալներով, առաջնագծում ձախողումներով արդեն մեծ ճահճում է, այս խնդիրները, գումարվելով, մի օր մի տեղից ճաք են տալու, և Ադրբեջանը կանգնելու է փաստի առաջ: Այս երկիրը, իր վարած քաղաքականությամբ, չի կարող երկար ձգել:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 14583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ