Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Արարատբանկը»՝ տարեկան կտրվածքով. See your future

«Արարատբանկը»՝ տարեկան կտրվածքով. See your future
20.06.2017 | 01:35

Հունիսի 16-ին «Արարատբանկ» ԲԲԸ-ն տարեկան ընդհանուր ժողովում ամփոփեց 2016-ի գործունեության արդյունքները, հաստատեց գործադիր մարմնի տարեկան և հաշվապահական հաշվետվությունները, շահույթի բաշխումը և նոր անդամ ընտրեց:

ՄԻԱՅՆ ԹՎԵՐ
2016-ին «Արարատբանկը» կատարել է իր բոլոր խնդիրները՝ ապահովելով շահույթը, ընդլայնելով մասնաճյուղերի ցանցը, գործարկելով էլեկտրոնային մասնաճյուղ, ներգրավվելով A TERM վճարային համակարգերում: 2016-ին բանկը ավելացրել է ընդհանուր կապիտալը, որոշում է կայացրել ձեռք բերել Հայկական զարգացման բանկը, որի արդյունքում արձանագրել է այս ցուցանիշները.
Ակտիվներ՝ 200, 456, 702 հազար ՀՀ դրամ՝ 2015-ի 132,027,472 հազար դրամի դիմաց: Աճը կազմել է 51,8 %:
Վարկեր՝ 104,879,951 հազար ՀՀ դրամ՝ 2015-ի 38,797 միլիոն դրամի դիմաց: Աճը կազմել է 58,7 %:
Արժեթղթեր՝ 32.846,022 հազար ՀՀ դրամ՝ 2015-ի 17,101 միլիոն դրամի դիմաց: Աճը կազմել է 116,8 %:
Պարտավորություններ՝ 167, 284, 531 հազար ՀՀ դրամ՝ 2015-ի 109, 555,891 հազար դրամի դիմաց: Աճը կազմել է 52,7%:
Ցպահանջ և ժամկետային ավանդներ՝ 107, 121,932 հազար դրամ:
Կապիտալ՝ 33,172,171 հազար դրամ:
Զուտ շահույթ` 1.089,5 միլիոն ՀՀ դրամ, որը, 2015-ի համեմատ, աճել է 15,7 %-ով:

2016-Ի ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Global Finance միջազգային ամսագիրը «Արարատբանկը» ճանաչեց Հայաստանի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը՝ հաշվի առնելով բանկի իրականացրած գործարքների ծավալը, աշխարհագրական ընդգրկման շրջանակը, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը, մրցակցային գնագոյացումը, բանկում ներդրված նորագույն տեխնոլոգիաները:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ի կազմակերպած «Լավագույն անդամ» տարեկան մրցանակաբաշխության ժամանակ բանկը 2015-ի գործունեության արդյունքներով չորրորդ անգամ անընդմեջ արժանացավ «Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» մրցանակին:
«Արարատբանկը» Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից Միջազգային առևտրի խթանման ծրագրի շրջանակում ճանաչվեց 2015-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում:
SWIFT համակարգով փոխանցումների բարձր՝ 100 %-ով, որակ ապահովելու համար «Արարատբանկն» արդեն չորրորդ անգամ գերմանական Commercbank AG-ի կողմից արժանացավ «Որակի գերազանցություն» մրցանակին:

«Արարատբանկի» գործադիր տնօրեն ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԸ, տարեկան ընդհանուր ժողովից առաջ, պատասխանեց լրագրողների հարցերին:


-Ինչպիսի՞ն էր անցած տարին, և ի՞նչ ակնկալիքներ ունեք այս տարի:
-Տարեկան ժողովում կներկայացնենք ցուցանիշները, կատարողականը և առաջիկա տարվա զարգացման ծրագիրը: 2016-ը մեր բանկի համար հաջող տարի էր, գրանցեցինք զուտ շահույթ` 1,089,5 միլիոն ՀՀ դրամ, որը, 2015-ի համեմատ, աճել է 15,7 %-ով, մենք բանկ ձեռք բերելու որոշում կայացրինք, ինչի արդյունքում ունենք ակտիվների աճ 50 %-ից ավելի և նույնքան էլ պարտավորությունների աճ, այսինքն՝ այդ ցուցանիշները մեզ համար երկակի նշանակություն ունեն: Մեր ռազմավարական ծրագրով «Արարատբանկը» բաղկացած է լինելու 3 մասից, ունենալու ենք Վարչական բանկ, Թվային բանկ և Ներդրումային բանկ: Երեք բանկերն էլ համապատասխան ծառայություններ կմատուցեն մեր հաճախորդներին: Մեր կարգախոսն է լինելու «See your future»՝ «Տես քո ապագան»: Երեք տարում մենք ունենալու ենք 100 %-անոց թվային բանկ, արդեն կատարվում են անհրաժեշտ քայլերը ծրագրային ապահովության համար: Ներդրումային բանկինգի ուղղությամբ «Արարատբանկը» վերջին ամիսներին պարտատոմսերի տեղաբաշխում իրականացրեց, առաջիկայում կներկայացնենք նոր պարտատոմսերի տեղաբաշխման ծրագիր նոր՝ միջազգային ընկերության համար, մշակում ենք տարբեր ծրագրեր, որոնք կբերեն ընկերությունների առքուվաճառքի նպաստմանը, խոշորացմանը:
-Ինչպիսի՞ն է Հայաստանի պարտատոմսերի շուկան, կա՞ն զարգացման ակնկալիքներ:
-Արժեթղթերի շուկան զարգացման դրական միտումներ ունի Հայաստանում, շատ ու շատ ընկերություններ սկսել են իրենց պարտքը ներգրավել պարտատոմսերով, վերջին տեղաբաշխումը մերն էր՝ 13 պարտատոմս: Ծավալի մեծացման միտումներ ունենք և կորպորատիվ պարտատոմսերի շուկայում, արժեթղթերի շուկայի զարգացման երկրորդ փուլը կլինի բաժնետոմսերի թողարկում: «Արարատբանկը» պատրաստ է օժանդակել այդ գործընթացներին:
-Ի՞նչ նոր ծառայություններ է մատուցելու «Արարատբանկը»:
-Մենք ունիվերսալ բանկ ենք և բանկային բոլոր ծառայությունները մատուցում ենք, իրականացնում ենք վարկավորման բոլոր տեսակները, քարտեր ենք թողարկում, արժեթղթերի գործառնություններ ենք կատարում, ակտիվ ենք մանրածախ բիզնեսում, կոմունալ վճարումների և այլն: Մենք լավատես ենք, որ բոլոր բանկային ծառայությունների աճ ենք ունենալու: Մեզ համար հարաբերականորեն նոր էր գյուղատնտեսության վարկավորումը, արդեն մեկ տարի է` այդ ուղղությամբ աշխատում ենք և ունենք առողջ գյուղատնտեսական վարկավորման փաթեթ:

ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
«Արարատբանկի» արդեն 10-րդ տարեկան ժողովին իրենց մաղթանքի ու գնահատանքի խոսքն ասացին Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ, Բանկերի միության նախագահ ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆԸ, ՎԶԵԲ-ի տնօրենի պաշտոնակատար ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ:


Ներսես Երիցյանը «Արարատբանկը» որակեց անցած տասնամյակներում իր կայունությունն ու նորարարությունը հաստատած, հուսալի գործընկեր հայկական ֆինանսական շուկայում, որի շնորհիվ զարգանում են բանկային ծառայությունները Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում: ԿԲ-ի փոխտնօրենը «Արարատբանկին» շնորհակալություն հայտնեց արդյունավետ կառավարման առումով մշտապես առաջատար դիրքերում մնալու կարողության համար և մաղթեց հաջողություններ: Սամվել Ճզմաչյանը «Արարատբանկը» անվանեց նորարարական բանկ, որը Հայաստանում դեռ 2007-ից է կորպորատիվ արժեթղթեր թողարկել` որպես ֆինանսական նոր գործիք և իր գործունեության բոլոր տարիներին եղել է ակտիվ գործող բանկ՝ ճանապարհ բացելով ինստիտուցիոնալ, ռազմավարական փոփոխությունների համար: Բանկը մշտապես ընդառաջ է գնացել հաճախորդների ավելացող պահանջներին՝ մատուցելով որակյալ ծառայություններ, համագործակցել է միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: 2016-ի հիմնական մարտահրավերը Կենտրոնական բանկի սահմանած նորմատիվային կապիտալի ապահովումն էր, որ «Արարատբանկը» լավագույնս իրականացրեց պարտատոմսերի թողարկումով և մեկ այլ բանկ իրեն միացնելով: Նրա գնահատականով՝ բանկի բոլոր բաժնետերերը պետք է գոհ լինեն բանկի 2016-ի գործունեությունից` բարդ պայմաններում հիմնական ցուցանիշների աճ ապահովելու և բավականին մեծ շահույթ ստանալու համար: Անժելա Սարգսյանը ՎԶԵԲ-ի անունից նշեց, որ Հայաստանի բանկային ոլորտի համար 2016-ը եղել է դժվար տարի՝ Կենտրոնական բանկի հայտնի որոշման կատարման առումով:

Նա ողջունեց «Արարատբանկի» կողմից Հայկական զարգացման բանկի ձեռքբերումը՝ որակելով համահունչ ՎԶԵԲ-ի քաղաքականությանը, որը միտված է աջակցելու բանկային համակարգի համախմբմանը: Որպես «Արարատբանկի» բաժնետեր (ՎԶԵԲ-ինն է «Արարատբանկի» բաժնետոմսերի 25 %-ը)՝ նա կարևոր համարեց, որ «Արարատբանկը» կարող է լինել էլեկտրոնային բանկային ծառայությունների ոլորտում առաջատարներից մեկը: Անժելա Սարգսյանը, շեշտելով 10-ամյա համագործակցության արդյունավետությունը, խոսեց նաև ՎԶԵԲ-ի ու «Արարատբանկի» առաջիկա համատեղ ծրագրերի մասին, ընդգծելով, որ երկու տարում նախատեսում են 10 միլիոն ԱՄՆ դոլարի շրջանակներում փոքր ու միջին բիզնեսի վարկավորում և կանանց գործարարության խթանում:


Իբրև «Արարատբանկի» գործադիր տնօրեն` Աշոտ Օսիպյանը բաժնետերերին մանրամասն ներկայացրեց 2016-ին կատարված աշխատանքները և անդրադարձավ առաջիկա երեք տարիների ծրագրերին: Դասական առևտրական բանկ, թվային բանկ, ներդրումային բանկ՝ այս երեք բաղկացուցիչներով կզարգանա «Արարատբանկը» առաջիկայում: Բանկի գործադիր տնօրենի տեղակալ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ասաց, որ զուտ շահույթը 2016-ին կազմել է 1.089,5 միլիոն ՀՀ դրամ, որից 309 միլիոնը կմնա պահուստային հիմնադրամին, մնացածը կթողնվի բանկի տրամադրության տակ: Իր հաշվետվությունը ներկայացրեց և բանկի գլխավոր հաշվապահ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ: «Գրանտ տորնտոն» անկախ աուդիտորական ընկերության ներկայացուցիչ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ներկայացրեց աուդիտորական եզրակացությունը: Նա ասաց, որ բանկի գործունեության աուդիտը կատարվել է միջազգային ստանդարտներով, համոզվելու՝ իրակա՞ն են բանկի ներկայացրած ֆինանսական վիճակն ու արդյունքները: Արմեն Հովհաննիսյանը ոչ միայն հաստատեց այդ ցուցանիշները, այլև շնորհակալություն հայտնեց ու արդյունավետ աշխատանք մաղթեց բանկի աշխատակազմին: Տարեկան ժողովի օրակարգում էր նաև բանկի խորհրդի նոր անդամի ընտրությունը: «Արարատբանկի» խորհրդի նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ներկայացրեց Կորյուն Աթոյանի թեկնածությունը: Նա միաձայն ընտրվեց խորհրդի անդամ և խոստացավ իր ուժերի ներածի չափ օգտակար լինել բանկի աշխատանքներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. «Արարատբանկի» խորհրդի նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ անցած բանկային տարին մեկ բառով բնորոշելու խնդրանքին լակոնիկ պատասխան տվեց՝ «Խառը տարի էր»: Նրա գնահատականով՝ 2016-ը վատ տարի չէր ընդհանուր առմամբ, բայց վաղ է ամբողջական գնահատական տալը: Նա կարևոր իրադարձություն համարեց Զարգացման հայկական բանկը գնելը, և նշեց, որ լուրջ ծրագրեր ու սպասելիքներ կան, որոնց արդյունքների մասին հնարավոր է խոսել եկող տարի միայն: Գյուղատնտեսության մեջ բնակլիմայական աղետների՝ պարբերական կարկուտների հետևանքների հաշվառումով՝ բանկը կարո՞ղ է փոփոխություններ անել իր գյուղատնտեսական վարկավորման ծրագրերում հարցին «Արարատբանկի» խորհրդի նախագահը պատասխանեց. «Վարչապետի հրավերով բանկերի տնօրենների խորհրդակցություն է եղել գյուղատնտեսական ծրագրերի վերաբերյալ, միանշանակ գյուղատնտեսական լուրջ ծրագրեր են մշակվելու և՛ վարկերի տոկոսի իջեցումով, և՛ ծավալի մեծացումով»:

Դիտվել է՝ 2571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ