Համակարգչային անվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը հունիսի 9-ին Երևանում պետական և ֆինանսական կազմակերպությունների համար անցկացրել է «Հայացք ֆինանսական անվտանգությանը» թեմայով սեմինարը։
Սեմինարին մասնակցել են ՀՀ գերատեսչությունների և ֆինանսական հատվածի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները (բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդեր, բջջային կապի և ինտերնետի օպերատորներ)։
Միջոցառման բացումը կատարել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Սեմինարը վարել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար մասնագետ, նախավաճառքային աջակցության ճարտարագետ Ալեքսեյ Գորելկինը։ Օրակարգում էին «Ֆինանսական հատվածին հատուկ ժամանակակից սպառնալիքները» և «Ֆինանսական կազմակերպությունների լիարժեք պաշտպանության լուծումներ» թեմաները։ Ալեքսեյ Գորելկինն անցկացրեց նաև «Ինտերակտիվ կիբեռնմանակում» բիզնես-խաղը։
Սեմինարի մասնակիցներն ունեցան ֆինանսական կիբեռանվտանգության վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը քննարկելու և պարզաբանելու հնարավորություն։
«Վերջին տարվա կիբեռմիջադեպերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանը, որպես կիբեռհանցավոր խմբավորումների թիրախ, հետ չի մնում միջազգային միտումներից։ Անվտանգության կուռ համակարգ և արդիական գործիքակազմ ներդրած կառույցները ևս պետք է հետևեն ժամանակակից կիբեռսպառնալիքների զարգացմանը, քանի որ դրանք իրականացվում են նոր տեխնոլոգիաների կիրառումով և գնալով ավելի դժվար են հայտնաբերվում և կանխարգելվում։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն, այնուամենայնիվ, մշտապես մեկ քայլ առաջ է կիբեռհանցագործներից՝ ստեղծելով նաև դեռևս անհայտ սպառնալիքների հայտնաբերման և չեզոքացման լուծումներ, որոնք և ներկայացվեցին հայաստանցի մասնագետներին «Հայացք ֆինանսական սեմինարի» ընթացքում։ Այդ լուծումների արդյունավետության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ նախորդ տարի Երևանում անցկացված համանուն սեմինարի համեմատ այս տարվա սեմինարը հավաքել է էլ ավելի մեծ թվով մասնակիցներ, և նրանց կազմը շատ ավելի ներկայացուցչական է»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։