Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

«Միջազգային հանրությունը միշտ խոսում է խաղաղությունից, բայց սիրում է պատերազմը»

«Միջազգային հանրությունը միշտ խոսում է խաղաղությունից, բայց սիրում է պատերազմը»
06.06.2017 | 03:53

Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը Հայաստանի քաղաքագետները կողմնակալ են համարում և դրանում տեսնում որոշ մտահոգիչ արձանագրումներ: Բոլորի ուշադրությունը գրավեց զեկույցի հեղինակների այն շեշտադրումը, որ «Լեռնային Ղարաբաղի գլխին պատերազմի ամպեր են կուտակվում»: Ռազմական հակամարտությունների վերլուծությամբ զբաղվող այս կառույցի գնահատականը չեն ընդունում ԼՂՀ-ում, Հայաստանում ևս խիստ վերապահումներով են խոսում դրա մասին: Ավելին, քաղաքագետներից ոմանք պնդում են, թե այս զեկույցը կազմվել է Ադրբեջանի ուղղորդմամբ: Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ կարծում է, որ այս զեկույցով միջազգային հանրությունը շանտաժ է անում:

-Կա՞ պատերազմի հավանականություն:
-Ոչ, լայնամասշտաբ պատերազմի հավանականություն չկա: Սրան զուգահեռ պետք է նկատել, որ եթե սահմանում ամեն օր լարվածություն կա, զոհեր են լինում, նշանակում է՝ պատերազմ է, այսինքն, չկա խաղաղության պայմանագիր: Բայց այն, ինչ ուզում է ճգնաժամային խումբը (այո, ուզում է), նման պատերազմ չկա:
-Զեկույցում նկատո՞ւմ եք ադրբեջանական ուղղորդում:
-Դրսի ուժերը ո՛չ մեզ, ո՛չ էլ Ադրբեջանին ուղղորդելու խնդիր չունեն, իրենք ցանկանում են իրենց հարցերը լուծել պատերազմների ձևով: Երբ միջուկային տերություններն են իրար հակադրվում, անասնական վախ ունեն պատերազմից, որովհետև դա կհանգեցնի համընդհանուր ոչնչացման: Բայց շատ հարցեր ունեն միմյանց հետ կարգավորելու, ու այդ խառնակչությունները, կոպիտ ասած, «ռազբորկան» տեղափոխում են անպիսի տարածաշրջաններ, որոնցից մեկն էլ Ղարաբաղն է: Հիմա պետք է հետևենք ու տեսնենք, թե դրանց փորացավն ինչ է: Անկախ ամեն ինչից՝ մեր խնդիրը բանակի հզորացումն է:
-Այսինքն, այս զեկույցում տեսնում եք գերտերությունների շահերի բախո՞ւմ:
-Չգիտեմ՝ այդ ճգնաժամային խմբի «տակ» ովքեր են, հավանաբար Ռուսաստանի, Թուրքիայի հետ հարցեր ունեն ու գիտեն, որ սա պայթյունավտանգ գոտի է, բայց կա նաև շանտաժ մեր հանդեպ: Մեզ անընդհատ վախեցնում են, ահա պատերազմ է սկսվելու: Մենք լավ պետք է գիտակցենք, որ դիմացը թուրքն է, որը զուրկ է մարդկային բոլոր հատկանիշներից և ընդունակ է ամեն ինչի:
-Հաշվի առնելով թուրքի Ձեր նշած «տեսակը», կարելի է ասել, որ ճգնաժամային խումբը, պատերազմի վերսկսման առումով, այդքան էլ չի սխալվել:
-Քանի որ խաղաղության պայմանագիր չկա, այդ հավանականությունը մշտապես առկա է: Բայց որ պատերազմ է սկսվելու, ես քիչ հավանական եմ համարում: Ադրբեջանն այն հարևանն է, որ նռռում է, ինչ ասես խոսում է ու խանգարում նորմալ հարևանին: Իսկ նռռում է, որովհետև ապրիլյան պատերազմում չի հաջողել, դեռ հաշիվներ ունի, չի մարսել պարտությունը: Հայ զինվորը, կադրային սպան հողմացրիվ արեցին նրանց բոլոր խարդախությունները:
-Միջազգային հանրությունը, մի կողմից, անընդհատ նշում է, թե հակամարտության խաղաղ լուծմանը այլընտրանք չկա, մյուս կողմից էլ, թե պատերազմի «ամպեր են կուտակվում»: Ինչո՞ւ է նման պահվածք որդեգրել:
-Միջազգային հանրությունը միշտ խոսում է խաղաղությունից, բայց սիրում է պատերազմը: Հիտլերին այդպես բաց չթողեցի՞ն Խորհրդային Միության վրա: Այսինքն, խաղաղության մասին խոսակցությունները ոչ մի արժեք չունեն: Խաղաղության մասին են խոսում, գործում են պատերազմի կանոններով: Հարց ունեմ այդ գերտերություններին. բանուգործ չունե՞ք, զբաղվեք ձեր խնդիրներով: Մեկը Վաշինգտոնից Ղարաբաղ է վերլուծում, էն մյուսը` Ճապոնական ծովի հատակից: Սրանք էլ մեր ներսում ունեն իրենց ծառաները, որոնց կերակրում են: Լոնդոնն արյան բաղնիք են սարքել, գիշեր-ցերեկ մեզնով են զբաղված: Ձեր երկրները կարգի բերեք:
-Այս զեկույցում Հայաստանն ու Ադրբեջանը նույն հարթության մեջ են դրվում, և ոչ մի խոսք չկա Մինսկի խմբի վերջին հասցեական հայտարարության մասին: Ինչո՞ւ:
-Նախ՝ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը կոպեկի արժեք չունի: Պահի տակ ասել են ինչ-որ մարդկանց ոգևորելու համար: Ասել է` միջազգային ոչ մի տեսակետ որոշիչ չէ, այս հարցը իմն ու քոնն է, հայ ժողովրդինը: Իսկ միջազգային հանրությունն ընդամենը նավթի, գազի, մոլիբդենի խնդիր ունի: Չե՞ք տեսնում՝ ինչպես են մեր մոլիբդենը գիշեր-ցերեկ տանում: Բոլորն ասում են, թե այս ամենը նավթի համար են անում, ես էլ ասում եմ` մոլիբդենի համար է: Այսպիսի զեկույցներն ու հայտարարությունները մի կողմ թողեք ու երկիրը զարգացրեք, տնտեսությունը ոտքի կանգնեցրեք, օլիգարխիային սանձահարեք: Պետք է էլիտա առաջանա, ոչ թե եվրոպացու տեսքով թալանող կառավարիչ:
-Այսօրվա ղեկավարները էլիտա չե՞ն կարող դառնալ:
-Ոչ, այսօրվա դեպուտատները երեկ գետինը փորում, գերեզմաններից մարդ էին հանում, բերում քվեարկության: Եթե ընտրությունները մաքուր չեն, չի կարող էլիտա լինել: Կոստյումն ու փողկապը էլիտայի նշան չեն: Իրանցիները փողկապ չեն կրում, բայց հրաշալի քաղաքական էլիտա ունեն: Իսկ մերոնք կարծում են, որ եթե օգոստոսի տապին սպիտակ վերնաշապիկ ու փողկապ կրեցին, ուրեմն էլիտա են: Հայաստանում ամենաշահավետը աթոռ ունենալն է: Տեսեք, թե ինչ կատաղի պայքար է գնում: Հետն էլ մեղադրում են ժողովրդին, թե կաշառք է վերցրել: Աբսուրդ է նման խոսակցությունը, դա տհասի մեկնաբանություն է: Եթե ընտանիքում խնդիր կա, մեղավորը երեխան չէ, այլ տան մեծը:

Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5763

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ