Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

ԵԱՏՄ-ն դատավճիռ չէ, ընթացք է

ԵԱՏՄ-ն դատավճիռ չէ, ընթացք է
02.06.2017 | 00:16

«Եվրասիական ինտեգրում և հեռանկարներ՝ ներուժը և հնարավորությունները ԵՄ և երրորդ երկրների համար» թեմայով փորձագետների ակումբի երկրորդ նիստն էր հրավիրվել մայիսի 30-ին՝ «եվրոպական» և «եվրասիական» շեղումով: Շեղումն ապահովում էին «Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» ղեկավար ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ու «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության ու վերլուծության հասարակական կազմակերպության ղեկավար ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ, իսկ կենտրոնում Հայաստանում Ղազախստանի դեսպան ԹԻՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎՆ էր: Գիտաժողովը կազմակերպված էր ելույթների ու ազատ բանավեճի ձևաչափով, ի պատիվ մասնակիցների՝ ստացվեց: Պաշտոնական, անգիր արած ու հավուր պատշաճի ճառեր համարյա չեղան, հնչեց անկաշկանդ ու հստակ խոսք:

Նախքան գիտաժողովը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի երրորդ փուլի մոդեռնացման ծրագրի մասին Արամ Սաֆարյանին հարցրի.
-Ձեզ չի՞ զարմացնում, որ այդքան բազմազան ու այդքան հետաքրքիր ծրագրում ոչ մի տեղ ԵԱՏՄ-ն չի հիշատակվում:
-ԵԱՏՄ-ի ընկալումը Ղազախստանում նախ և առաջ տնտեսական գործընթաց է, նախագահի ուղերձի սկզբում նշվում է, որ սա տնտեսական ու քաղաքական ծրագրերից հետո երրորդն է՝ հոգևոր-մշակութայինը: Եվրասիական ինտեգրման հայրերից մեկը Նուրսուլթան Նազարբաևն է, և ԵԱՏՄ-ն ղազախական օրակարգում եղել է ու կա: Ես ելնում եմ նաև այն փաստից, որ վերջին մեկ ամսում ղազախական լրատվամիջոցները երեք անգամ դիմել են ինձ՝ մեկնաբանություններ ստանալու եվրասիական ինտեգրման առաջնահերթությունների ու հեռանկարների մասին, այսինքն՝ հասարակության մեջ օբյեկտիվորեն կա հետաքրքրությունը:
-Մինչև 2050-ը ներկայացվում է վիթխարի ծրագիր, ու առանց ԵԱՏՄ-ի՞: Դո՞ւք էլ եք կարծում, որ կեցությունն է որոշում գիտակցությունը:
-Որպեսզի տնտեսական գործընթացները հաջողություն ունենան, անհրաժեշտ է, որ զուգակցվեն հոգևոր-մշակութային համատեղ ծրագրերի, ազգերի մերձեցման գործընթացի հետ: Կարծում եմ՝ առաջիկա մի քանի տարիներին մենք հենց դրա ականատեսն ենք լինելու: Հիմա ամենաշատ քննարկվող թեման քաղաքակրթականն է՝ կարելի՞ է եվրասիական տարածքը համարել ինքնաբավ քաղաքակրթական տարածք, թե՞ ոչ: Ի՞նչ քայլեր են պետք, որ քաղաքակրթական ընդհանրությունները համագործակցող ազգերի մեջ շատանան, ոչ թե նվազեն: Աշխարհը բազմավեկտոր է, ազդեցություններն էլ բազմավեկտոր են: Մենք տեսնում ենք և դեպի կենտրոն տանող ազդակներ, և ճիշտ այդքան էլ, հատկապես Արևմուտքից, հակառակ ազդակները, որոնք կասկածի ու քամահրանքի առարկա են դարձնում եվրասիական ինտեգրումը՝ թույլ չտալու այդ ինտեգրման զարգացումը, որ Արևմուտքի աշխարհաքաղաքական, գլոբալ շահերին չի համապատասխանում:
-Ինչո՞վ եք բացատրում Ղազախստանի անցումը լատինատառ գրության՝ այդ դեպքում:
-Նույն խոսակցությունը եղել է, երբ Ադրբեջանն է անցել լատինատառի, երբ Ղրղզստանն էր պատրաստվում նույնն անել: Կարծում եմ՝ թուրքական ընտանիքի ազգերը որոշել են անցնել միասնական հոգևոր-մշակութային դաշտ, որի համար էլ հերթով ընդունում են լատինատառ գրությունը: Դեռևս 100 տարի առաջ ռուս նշանավոր արևելագետներն ապացուցել են, որ թուրքական լեզուների գրառման համար հնչյունաբանական-քերականական առումով առավել հարմար լեզու է հայերենը, քան լատիներենը, բայց նրանք հայերենին չեն ուզում անցնել, մնում է լատինատառը դարձնել թուրքական աշխարհի միասնական գրության ձև:

Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին հարցրի.
-Ի՞նչ ուղերձ եք ուզում այս թեմատիկ գիտաժողովով հղել հասարակությանը:
-Այստեղ են մարդիկ, որ հասկանում են և՛ եվրասիական ինտեգրման, և՛ եվրաասոցացման խնդիրները, և մեծ տարածաշրջանների ինտեգրման գործընթացները: Մարդիկ, որ նաև երրորդ պետությունների խնդիրներն են դիտարկում տարածաշրջանային ենթատեքստում՝ թուրքագետներ, իրանագետներ, մարդիկ, որ Մետաքսի մեծ ճանապարհի ծրագրից են հասկանում: Ընտրել ենք այս ձևաչափը, որովհետև աշխարհում տարբեր գործընթացներ են զարգանում, որոնց պետք է համարժեք արձագանքել: Ի՞նչ են մեզ տալիս այդ տարածաշրջանային կամ գլոբալ ինտեգրման գործընթացները: Մենք հրավիրել ենք նաև տնտեսագետների, որ կասեն՝ տնտեսության զարգացման ինչ միտումներ կան, ինչպես պետք է օգտագործենք մեր շանսերը ԵԱՏՄ-ում:
-Դատելով ղազախական փորձից, չունե՞ք տպավորություն որ Ղազախստանը իր զարգացումը մինչև 2050-ը տեսնում է գլոբալ աշխարհում, ԵԱՏՄ-ն չէ գլխավորը:
-Ես համաձայն չեմ, Ղազախստանը ԵԱՏՄ-ին մեծ տեղ է տալիս: Ռուսաստանի հետ երկիրն ունի 10000 կմ սահման, պարզ է, որ պիտի աշխատեն ու աշխատում են Ռուսաստանի հետ: Եվ Ղազախստանը, և Հայաստանն ակտիվ աշխատում են Եվրոպայի հետ: 2015-ի դեկտեմբերին Աստանան ԵՄ-ի հետ փայլուն պայմանագիր ստորագրեց: Մենք ԵԱՏՄ անդամ ենք և աշխատում ենք ԵՄ-ի հետ: ՈՒրեմն՝ և Ղազախստանը, և Հայաստանը կարող են դառնալ հետաքրքիր օրինակներ, երբ երկու տարբեր համակարգեր խաչվում են, բայց մեզ մոտ դա հակասություններ չի առաջացնում:
-Այդ խաչմերուկում հնարավո՞ր է ԵՄ-ԵԱՏՄ վեկտոր առաջանա:
-Ես կարծում եմ՝ այո, կան հնարավորություններ, որ իրար չեն հակասում, և դա է ապացուցում փաստը, որ Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրել: Ինչպե՞ս օգտագործենք մեր ԵԱՏՄ անդամ լինելը Իրանի հետ աշխատելիս: Այստեղ է, որ Ղազախստանի փորձն էլ մեզ համար շատ կարևոր է, որ ԵԱՏՄ անդամ է ու կարողանում է աշխատել և՛ ԵՄ-ի, և՛ Չինաստանի հետ:

Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր ՈՒրազաևը նշեց, որ ինքը Սցիլլայի ու Խարիբդայի միջև է հայտնվել՝ նստած լինելով Ստեփան Գրիգորյանի (արևմտամետ) և «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանի (եվրասիամետ) միջև: Նա համոզված է, որ տեսակետների տարբերությունը ոչ թե խանգարում է շփումներին, այլ նպաստում համագործակցությանը: Պարոն ՈՒրազաևը հիշատակեց ԵԱՏՄ տարածքում կատարված հարցումները, որոնց տվյալներով ԵԱՏՄ-ի խնդիրներն ու առավելությունները լավ չեն բացատրվում և չեն հասնում հանրությանը: Նա չի ժխտում, որ ԵԱՏՄ-ում կա նաև բացասականը, բայց համամիտ չէ այն փորձագետների հետ, որ համագործակցության մեջ սահմանափակումներ կան: Թիմուր ՈՒրազաևը համամիտ չէ նաև ԵԱՏՄ-ում որոշ երկրների «եսասիրության» հետ, պարզապես դեռ չենք հասունացել ընդհանուր խաղի կանոններով աշխատելու համար, նրա գնահատականով՝ ավելի կարևոր է ընդհանուր կանոնների կիրառումը բոլորի համար. «Չի կարելի կես ճանապարհին կանգնել: Ցանկացած ինտեգրում ավելի լավ է, քան դրա բացակայությունը: Պետք է աշխատենք՝ համատեղ արդյունքի հասնելու համար»: Քննարկումներից էլ ակնկալում էր կառուցողական առաջարկներ` ոչ միայն ԵԱՏՄ-ին կողմ, այլև դեմ, որ հնարավոր լինի թերությունները շտկել: Թիմուր ՈՒրազաևը կարևորեց երրորդ երկրների հետ աշխատանքը՝ միշտ էլ ընդհանուր շահեր կան, պետք է գտնել: Նա վստահ է` ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն միմյանց չեն խանգարում, փոխլրացնում են: Եվրասիական շուկան ավելի մեծ է, քան եվրոպականը, եթե մի տեղում խնդիրներ կան դեռ, կարելի է մյուս շուկայում աշխատել: Դեսպանը հիշեցրեց իրենց ծավալուն աշխատանքը Չինաստանի հետ՝ ամփոփելով, որ պետք չէ կենտրոնանալ եվրասիական միջավայրում, այլ նաև խթանել հարմար ու ձեռնտու համագործակցությունն այլ երկրների հետ:
ԵԱՏՄ և ԵՄ՝ մրցակցությո՞ւն, թե՞ գործընկերություն: Բաժանարար գծեր, ինտեգրացիաների գաղափարախոսություններ, պատժամիջոցների պատերազմներ, մրցակցություն Առևտրի համաշխարհային կազմակերպությունում, Տրանսատլանտյան և Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերություն: Երկարաժամկետ հեռանկարներ՝ քննարկման այս մասը վարում էր Ստեփան Գրիգորյանը: «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը խոսեց միասնական տեղեկատվական դաշտի և տեղեկատվական համագործակցության բացակայության մասին ԵԱՏՄ տարածքում՝ նշելով, որ փափուկ ուժի կիրառման գործիքակազմը շատ թույլ է օգտագործվում: Չկան սոցիալական ծրագրավորմամբ զբաղվող ինստիտուտներ: Այս ոլորտներում ԵԱՏՄ-ն զիջում է ԵՄ-ին: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նորմալ է համարում, որ ցանկացած միության ներսում ոչ միայն համագործակցություն է, այլ մրցակցություն: Չկան միություններ՝ առանց մրցակցության: Հնարավոր չէ միայն համագործակցություն՝ տարբեր աշխարհագրական դիրքեր են, տարբեր շահեր: Պատկերացնել, որ դուք անդամակցել եք որևէ միության ու արդեն երջանիկ եք, արդարացված չէ: Միասնական տնտեսական քաղաքականություն սկզբունքորեն հնարավոր չէ: Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը տարբեր երկրներ են՝ տարբեր աշխարհագրական, տնտեսական, քաղաքական վիճակներով: Միությունը հենց այդ հակասությունները հարթելու հարթակ է, որպեսզի խոսակցություն ծավալվի հակասությունների մասին: Հայաստանը համագործակցում է Վրաստանի ու Ռուսաստանի հետ, Իրանի ու ԱՄՆ-ի հետ՝ և ամեն անգամ խնդիր ունի կողմերից յուրաքանչյուրին բացատրել, որ ինքը ուղտ չէ, որ համագործակցությունը պետության քաղաքականության բնականոն մասն է: Բելառուս-Ռուսաստան առանցքն էլ իր սյուժեներն ունի: Նա անդրադարձավ և Ղազախստան-Չինաստան համագործակցությանը՝ համարելով լիովին արդարացված: Հայաստանում պետք է ընկալվի, որ Ղազախստանն ունի իր շահերը, որ մեր շահերի հետ ոչ միշտ են համընկնում, բայց դա բխում է Ղազախստանի ու Ադրբեջանի փոխադարձ շահերից: Պետք չէ այդ իրականության դեմ պայքարել, պետք է փոխգործակցության լեզու գտնել, երբ կարող են օգտագործվել կողմերի տարբեր շահերը: Եթե մենք միմյանց չենք հասկանում, պրոբլեմներ միշտ լինելու են:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը խոսեց ինտեգրման գործընթացների ազդեցությունների մասին՝ ընդհանրությունների ու առանձնահատկությունների, և կոչ արեց խնդիրները ոչ թե շրջանցել, այլ հերթով լուծել: Իրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադարձավ Թեհրանի հետ համագործակցությանը, նշելով, որ Իրանի համար ԵԱՏՄ ձևաչափը հետաքրքիր է: Նա կարևորեց ԵԱՏՄ ներսում դերաբաժանումը և հիշեցրեց, որ մենթալիտետի ու մշակութային առումով հայերն ու իրանցիները դարավոր համագործակցության փորձ ունեն՝ հարևան լինելով: Վարդան Ոսկանյանը կարծում է, որ ԵԱՏՄ ներսում պետք է լինեն դեսպան երկրներ, որ աշխատում են որոշակի տարածաշրջանների հետ՝ Հայաստանը կարող է արդյունավետ դեսպան լինել Իրան-ԵԱՏՄ հարաբերություններում, ինչպես Ղազախստանը՝ Պեկին-ԵԱՏՄ: Հայաստանի այդ դերը ԵԱՏՄ-ում չի օգտագործվում՝ ըստ նրա: Կարեն Նահապետյանը հիշեցրեց, որ կարող ենք երազել, խոսել, ցանկալին իրականի տեղ ընդունել, բայց դեռ չենք տեսել ԵԱՏՄ ինտեգրման արդյունքները: ԵԱՏՄ յուրահատուկ միություն է, որ ԵՄ-ի հետ համեմատած՝ միանգամայն տարբեր քաղաքական ու տնտեսական դրդապատճառներ, կառույցներ ու ինստիտուտներ ունի: Այդ մոդելով ինտեգրումը արդյունքներ չի տա, քանի դեռ հարցականի տակ է տնտեսության ազատականացումը, ազատ առևտրի գոտիների ստեղծումը, անդամները երկրներ են, որտեղ տասնամյակներով չի փոխվում քաղաքական իշխանությունը: Քաղաքական ու տնտեսական կառավարման այդ մոդելը չի համապատասխանում 21-րդ դարի պահանջներին: Դժվար է հավատալ, որ այդ պայմաններում ինչ-որ երկիր կարող է Արևելքի ու Արևմուտքի միջև կամուրջ լինել: Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ կոշտ մրցակցություն կա՝ քաղաքականության, տնտեսության, գաղափարախոսության մեջ և արդի աշխարհում ծայրամաս չդառնալու համար պետք է գլոբալ գործընթացներից չմեկուսանալ: Ալեքսանդր Սաֆարյանը հիշեց փորձագիտական ակումբի առաջին նիստը մեկ տարի առաջ և պրագմատիկ արդյունքներ արձանագրեց՝ նախ քննարկումների կոնկրետությունը, ապա մասնակիցների ու նրանց տեսակետների բազմազանությունը: Նա կարևորեց, որ ԵԱՏՄ-ում հակասությունները դիմակայություն չդառնան սլավոնական ու թուրքալեզու պետությունների միջև:
Գիտաժողովի երկրորդ մասը, որ վարում էր Արամ Սաֆարյանը, առանցքում ուներ Հայաստանը և Ղազախստանը՝ ԵԱՏՄ անդամ, երկու երկրների դերը որպես կամուրջ ԵՄ-ի հետ համագործակցությունում: Հեռանկարներ, ինտեգրացիաների ինտեգրում, ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտի, ԵԱՏՄ հարաբերությունները երրորդ երկրների հետ: Մետաքսի մեծ ճանապարհը և Մեծ Եվրասիան: Այս բաժնում ելույթներ ունեցան հիմնականում տնտեսագետները՝ Էդուարդ Կիրակոսյանը, Թաթուլ Մանասերյանը, Աշոտ Թավադյանը, նաև՝ Վազգեն Սաֆարյանը, Սամվել Մանուկյանը, Խաչիկ Գալստյանը: Թաթուլ Մանասերյանն ուրախ էր, որ Հայաստանի համար «կամ-կամ»-ի հարցը լուծվել է՝ Մոսկվան ու Բրյուսելը Հայաստանի հարցում համաձայնության են եկել` մի կողմ թողնելով անիմաստ ընտրությունը: Նա կոչ արեց խուսափել մեկուսացումից, դիմակայությունից և զարկ տալ տարածաշրջանային ինտեգրմանը, որ գլոբալացման հակակշիռն է: Նա չանտեսեց Հայաստանի ու Ղազախստանի քաղաքական խութերը և հարցրեց. «Իսկ ի՞նչ է արվում Ղազախստանում` Հայաստանը ճանաչելի դարձնելու համար: Գուցե դա մեր դեսպանատան խնդիրն է, բայց Ղազախստանում երկակի ստանդարտներ ու մոտեցումներ կան Հայաստանի նկատմամբ»: Ընդունելով Ղազախստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ընդհանրությունները, Թաթուլ Մանասերյանը հիշեցրեց, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև էլ կան ընդհանրություններ, որոնք ստորադասվում են: Վազգեն Սաֆարյանը խոսեց Մետաքսի մեծ ճանապարհի, Իրան-Հայաստան ճանապարհի ու կամրջի գաղափարի մասին: Աշոտ Թավադյանը կարծում է, որ ինտեգրումը բոլոր աղետների համադարման չէ, նախ պետք է լուծվեն ներքին խնդիրները: Նա կարևորեց ինտեգրման գործնականությունը՝ կոչ անելով իսկապես համատեղ աշխատել: Սոցիոլոգ Սամվել Մանուկյանը ներկայացրեց հարցումների արդյունքները. Հայաստանի հասարակության 50 տոկոսը Ղազախստանը համարում է բարեկամ երկիր, 85 տոկոսը ՌԴ-ն և Ֆրանսիան է համարում բարեկամ, Վրաստանը բարեկամական երկրների թվում երկրորդն է: Ղազախստանը Իրանի ու ԱՄՆ-ի հետ երրորդն է: Նրա կարծիքով՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում տեղեկատվական հարթակի ստեղծումը կնպաստի այս ցուցանիշների դրական զարգացմանը: Քաղաքագետ Խաչիկ Գալստյանը նկատեց` միասին ավելի կայուն կզարգանան երկրները: Եվ այսպես՝ համարյա 4 ժամ Հայաստանի փորձագետները անկաշկանդ ու միմյանց տեսակետները վիճարկելով՝ խոսում էին ԻՆՏԵԳՐՄԱՆ մասին, չորրորդ ժամին արդեն հոգնեցուցիչ էր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Թեպետ հոգնած, բայց արձանագրեցի, որ ամբողջ քննարկման ընթացքում Ռուսաստանը սոսկ հպանցիկ հիշատակվեց, և կարողացա հասկանալ.
1. ԵԱՏՄ-ն դատավճիռ չէ, հնարավոր է և պետք է համագործակցել գլոբալ աշխարհի հետ: ԵԱՏՄ-ում բոլորն էլ այդպես են վարվում՝ ով ինչքան կարողանում է:
2. Շատ կարևոր է՝ ե՞րբ կնորմալանան ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունները, դա կլինի շահավետ՝ քաղաքական ու տնտեսական, աշխարհաքաղաքական համագործակցություն՝ քաղաքակրթությունների երկխոսություն:
3. Աշխարհը զարգանում է, ոչինչ վերջնական չէ, պետք է պատրաստ լինել փոփոխություններին, եթե հնարավոր է՝ գլխավորել: Ով ինչպես կարող է:
ՈՒ թեև այսքանը հասկացա, չհասկացա՝ ո՞ր կետն է Հայաստանին վերաբերում:

Դիտվել է՝ 5415

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ