Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Քաղաքական բանավեճերն սկսվեցին

Քաղաքական բանավեճերն սկսվեցին
19.05.2017 | 00:55

Երեկ գումարվեց նոր ձևավորված խորհրդարանի առաջին քառօրյա նիստը: Այն վարում էր ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը, որը բավականին ուրախ մթնոլորտ ապահովեց ներկաների համար` մերթընդմերթ «արդարանալով», թե, դե, առաջին անգամ է վարում: Ներկաները հայրապետական աղոթքով սկսեցին իրենց աշխատանքը, երդվեցին ու լսեցին Սերժ Սարգսյանի բավականին ծավալուն և ընդգրկուն ելույթը: Խմբակցություններից միայն «Ելքը» ո՛չ երդվեց, ո՛չ էլ լսեց նախագահին: Նրանք դահլիճ մտան Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո: Նիստին միայն կեսից միացավ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը, երբ Սերժ Սարգսյանն արդեն հեռացել էր, բայց արագ լքեց դահլիճը: Հարցին, թե ինչու ուշ եկավ, ասաց` Երևանում չէի: ՀՀԿ խմբակցությունում հետաքրքիր պատկեր էր` կեսը նախկին պաշտոնյա է, կեսն էլ` նախկին պատգամավոր:


Առաջին նիստին ներկա էր նաև Գագիկ Ծառուկյանը, որ հեռացավ նախագահին լսելուց հետո: Իսկ նրա խմբակցությունում էլ ինտրիգը դեռ շարունակվում է, պարզ չէ` «ըմբոստները» կհրաժարվե՞ն մանդատից, թե՞ ոչ: Այս մասին նրանք լրագրողներին ոչինչ չունեին ասելու, ոչինչ չուներ ասելու նաև Գագիկ Ծառուկյանը: Վերջինս ընդամենն ասաց. «Կդնեն, թե չեն դնի, կտեսնեք մի քանի օրից։ Որոշակիություն կլինի մի քանի օրից»: Ավելի ուշ պարզվեց, որ մանդատը վայր չի դնում Արարատ Զուրաբյանը: Ի դեպ, այս խմբակցության անդամներից բացակա էին նաև Իշխան Զաքարյանն ու Խաչիկ Մանուկյանը, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, հակասությունների մեջ են Գագիկ Ծառուկյանի հետ: Օրվա տրամադրությունը փորձեցինք «շոշափել» նորընտիր պատգամավորների հետ:

«ՍՊԱՍԵՆՔ ԱԺ-Ի ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ»

ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ (ՀՀԿ խմբակցության անդամ)
-ԱԺ-ն համարվում է քաղաքական մարմին, սակայն ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց քաղաքականապես ոչ ակտիվ Արա Բաբլոյանի թեկնածությունը: Ինչո՞ւ:
-Ցանկացած մարդ, որը զբաղեցնելու է ԱԺ նախագահի պաշտոնը, ինքնաբերաբար դառնում է քաղաքական գործիչ: Ցանկացած անձ, որը ԱԺ պատգամավոր է, արդեն քաղաքական գործիչ է: Սա մեր խորհրդարանի և կանոնակարգերի տրամաբանությունն է:
-Դուք ԱԺ խոսնակի համար ո՞ր առանցքային հատկանիշները կառանձնացնեիք:
-Հասկանում եմ հարցի ենթատեքստը, կարծում եմ, խորհրդարանական կառավարման մոդելի անցման ճանապարհին սա անցումային որոշակի տրամաբանություն ունի:
-Ի՞նչ եք ակնկալում խորհրդարանական կառավարումից:
-Սպասենք Ազգային ժողովի աշխատանքների արդյունավետ կառավարմանը:

«ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԱՎԵԼԻ ՈՒՇԱԴԻՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ Է ՊԱՀԱՆՋԵԼՈՒ»

ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ (ՀՀԿ խմբակցության անդամ)
-Ինչպիսի՞ն էր ԱԺ-ի առաջին օրը:
-Առաջին օրն է, ծանոթանում եմ աշխատանքներին:
-Անցում ենք կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, ի՞նչ է դա խոստանում:
-Ճիշտ կլինի խոսենք այդ մասին քիչ ավելի ուշ: Բայց ակնհայտ է, որ ԱԺ-ի դերը մեծանալու է, կարծում եմ, ավելի ուշադիր վերաբերմունք է պահանջելու նոր խորհրդարանը: Հատուկ մոտեցում, կարևորություն պետք է տալ օրենսդրական աշխատանքին:
-Խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս համակարգի առավելությունը զգացի՞ք:
-Ընտրությունների ժամանակ այդքան չէր երևում առավելությունը: Մենք էինք միշտ հանրությանը բացատրում, որ այս ընտրությունն առավել կարևոր է: Ժողովրդին հորդորում էինք, որ ճիշտ ընտրություն կատարեն, ճիշտ կողմնորոշվեն, որովհետև առաջիկա տարիներին ԱԺ-ն շատ ավելի կարևոր խնդիրներ է լուծելու, քան նախկինում էր: Մնացած հարցերին թույլ տվեք հետո անդրադառնալ, հիմա անցնենք աշխատանքի:

«ՄԻ՛ ԿԱՍԿԱԾԵՔ»

ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ (ՀՀԿ խմբակցության անդամ)
-Պատգամավորական առաջին օրն ինչպիսի՞ն էր:
-Լավ, դրական:
-ԱԺ-ի դերը կառավարման նոր համակարգում մեծանալու է, այսօրվա ներուժով խորհրդարանը կարո՞ղ է արդյունավետ աշխատել:
-Այո, իհարկե:
-Սերժ Սարգսյանը համապարփակ ելույթ ունեցավ, ասաց, որ «պետք է», «անհրաժեշտ է» մի շարք քայլեր անել: Ինչո՞ւ մինչ օրս դրանք արված չեն:
-Եթե չի եղել, այսուհետ հաստատապես լինելու է: Մի՛ կասկածեք:


«ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆՆ ԱՎԵԼԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԱԺ ԽՈՍՆԱԿ ԿԼԻՆԵՐ»

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ («Ելք» խմբակցության անդամ)
-Ինչո՞ւ նիստի սկզբում ձեր խմբակցությունը բոյկոտեց ԱԺ աշխատանքները:
-Դա «Ելք» խմբակցության վերաբերմունքն էր, որը պայմանավորված է խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ՀՀԿ-ի իրականացրած բազմաթիվ խախտումներով:
-«Ելք» խմբակցությունը ներկա չէր նաև պատգամավորների երդման արարողությանը: Առանց երդվելու կարո՞ղ եք պատգամավոր լինել:
-Կանոնակարգ-օրենքով նախատեսված է, որ յուրաքանչյուր պատգամավոր, երբ առաջին անգամ դահլիճ է մտնում, երդվում է:
-Դուք ԱԺ-ի նախագահի թեկնածու առաջադրեցիք Էդմոն Մարուքյանին, ՀՀԿ-ի թեկնածուն ձեր սրտով չէ՞ր, թե՞ այլընտրանք ապահովեցիք:
-Այո, մենք ուզում էինք այլընտրանքային թեկնածու լիներ և մտածում էինք, որ մեր թեկնածուն` Էդմոն Մարուքյանը, շատ ավելի լավ, պրոֆեսիոնալ ԱԺ նախագահ կլիներ:

«ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՇԱՏ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԵՆ»

ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ («Ծառուկյան» խմբակցության անդամ)
-Ձեր խմբակցության որոշ անդամների մանդատների հարցը, ի վերջո, ե՞րբ կհանգուցալուծվի:
-Դրանք մեր թիմի ներքին խնդիրներն են, որոնք արդեն կարգավորված են: Մեր խմբակցությունում որևէ խնդիր, հակասություն այս պահին չկա: Մենք տրամադրված ենք մեր առջև դրած ծրագրերն իրականություն դարձնելու և կենտրոնացած ենք դրա շուրջ:
-Առաջին նիստին ներկա չէին Իշխան Զաքարյանը, Խաչիկ Մանուկյանը: Նրանք նեղացա՞ծ են, խնդիրնե՞ր կան Ծառուկյանի և այդ պատգամավորների միջև:
-Նեղացած չեն, բայց ճիշտ կլինի այդ մասին նրանց հետ խոսել:
-Խոսակցություններ կան, որ լարված հարաբերություններ կան Իշխան Զաքարյանի և Ծառուկյանի միջև:
-Մեր ներքին գործընթացները շատ ներդաշնակ են, ոչ մի հակասություն չկա:
-Առաջին նիստին Գագիկ Ծառուկյանը ներկա էր: Նա կգա՞ մյուս նիստերին, թե՞ կշարունակի նախկին գործելաոճը:
-Վստահեցնում եմ, որ հինգերորդ գումարման ԱԺ-ի ժամանակ, երբ նիստերին ներկա չի եղել, նա մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել բոլոր քաղաքական գործընթացները:
-Բայց իր աշխատանքի վայրը խորհրդարանն է:
-Տարածքում չլինելով հանդերձ, նա բոլոր զարգացումներին մասնակից եղել է, ավելին, անձամբ ղեկավարել է ու առաջ է տարել քաղաքական կուրսը:


Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ